Փրկություն և վեհացում
Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անհատական, իսկ վեհացումը` ընտանեկան գործ է:
Ուրախությամբ, մենք ողջունում ենք Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնին Տասներկու Առաքյալների Քվորում: Ողջ սրտով մենք հաստատում ենք այս հրաշալի Առաջին Նախագահությունը և բոլոր նրանց, ովքեր կանչվեցին:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբ մենք լսեցինք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի մահվան լուրը, մեզանից յուրաքանչյուրն անմիջապես կորստի խորը զգացում ապրեց: Ինչևէ, իմանալով, որ նրա ճակատագիրը Տիրոջ ձեռքերում է, մեր միտքը վշտից դարձավ դեպի երախտագիտություն: Մենք անչափ երախտաարտ ենք այն ամենի համար, ինչ սովորել ենք Աստծո այս մեծ մարգարեից:
Այսօր, այս հանդիսավոր ժողովին, մենք ընդունում ենք Տիրոջ կամքը, որն ասել է, որ «ոչ ոքի չպետք է տրվի առաջ գնալ՝ քարոզելու իմ ավետարանը կամ կառուցելու իմ եկեղեցին, մինչև որ նա չկարգվի մեկի կողմից, որն ունի իշխանություն, և եկեղեցուն հայտնի չլինի, որ նա ունի իշխանություն և կանոնավոր կերպով կարգված է եկեղեցու ղեկավարների կողմից»:1 Այս ընդհանուր համաձայնության2 օրենքը տրվել է, և Եկեղեցին առաջ կգնա իր համար նշված ուղով:
Ամբողջ աշխարհի անդամները հաստատում են Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և նրա ունակ խորհրդականներին: Մենք «այսուհետև այլևս օտար և պանդուխտ չենք, այլ սուրբերի հետ համաքաղաքացիներ և Աստուծոյ ընտանիքներ,
Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինուած. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է»:3
Տերը հայտնել է, թե ինչու «նա մի քանիսին տուավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ»: Դա «սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար.
Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստուծոյ Որդին ճանաչելու միությանը»:4
Ուստի, Առաքյալների` Առաջին Նախագահության և Տասներկուսի, ծառայությունն է` իրականացնել հավատի այդ միասնությունը և հռչակել Վարդապետի մասին մեր գիտելիքը: Մեր ծառայությունն է` օրհնել բոլորի կյանքը, ովքեր կսովորեն և կհետևեն Տիրոջ «ավելի գերազանց ճանապարհին»:5 Եվ մենք պետք է օգնենք մարդկանց պատրաստվել իրենց հնարավոր փրկությանն ու վեհացմանը:
Հավատո երրորդ հանգանակը հայտարարում է, որ «Քրիստոսի քավությամբ, ողջ մարդկությւոնը կարող է փրկվել` Ավետարանի օրենքներին և աարողություններին հնազանդվելով»:
Փրկվել կամ փրկություն ստանալ նշանակում է փրկվել ֆիզիկական և հոգևոր մահից: Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն և կփրկվեն ֆիզիկական մահից: Մարդիկ կարող են նաև անհատապես փրկվել հոգևոր մահից Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ` Նրա հանդեպ իրենց հավատով, Նրա ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդ ապրելով, և Նրան ծառայելով:
Վեհացում ստանալը վերաբերում է սելեստիալ թագավորությունում երջանկության և փառքի բարձրագույն վիճակին: Այդ օրհնությունները կարող ենք ստանալ, երբ հեռանում ենք այս անցողիկ մահկանացու գոյությունից: Մեր վերջնական փրկության և վեհացման համար այժմ պետք է պատրաստվենք:6
Որպես այդ պատրաստության մաս, մարդը նախ պետք է լսի և հասկանա ավետարանը: Այդ պատճառով Հիսուս Քրիստոսի ավետարանը հռչակվում է «ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի»:7
Անհատական պատասխանատվություն
Մի քանի տարի առաջ ես հանդիպեցի աֆրիկյան մի ցեղի թագավորի հետ: Երբ նա իմացավ, որ իրեն Տիրոջ Առաքյալն է ուսուցանում, խորապես հուզվեց: Նա ասաց, որ իր ժողովուրդը կմկրտվի, եթե նա նրանց այդպիսի հրաման տա: Ես նրան շնորհակալություն հայտնեցի իր բարության համար, սակայն բացատրեցի, որ Տերը չի աշխատում այդպես:
Տիրոջ հանդեպ հավատ զարգացնելը անհատական գործ է: Ապաշխարությունը նույնպես անհատական գործ է: Մարդը միայն որպես անհատ կարող է մկրտվել և Սուրբ Հոգին ստանալ: Մեզանից յուրաքանչյուրն անհատապես է ծնվել, ինչպես մեզանից յուրաքանչյուրը «վերստին ծնվում է»8 անհատապես: Փրկությունը անհատական գործ է:
Ընտանեկան պատասխանատվություններ
Անհատական առաջընթացը խթանվում է ընտանիքում, որը «Արարչի ծրագրում առանցքային դեր ունի Նրա զավակների հավերժական ճակատագրի համար»:9 Տունը պետք է լինի սիրո և ծառայության Աստծո լաբորատորիա: Ամուսինը պետք է սիրի իր կնոջը, իսկ կինը պետք է սիրի իր ամուսնուն, ծնողները և երեխանները պետք է սիրեն միմյանց:
Ամբողջ աշխարհում ընտանիքը ուժգնացող հարձակման տակ է: Եթե ընտանիքները ձախողում են կրում, ապա ձախողվում են նաև մեր շատ քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգեր: Իսկ եթե ընտանիքները ձախողվում են, նրանց հավերժական փառահեղ ներուժը չի կարող իրացվել:
Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ ամուսիներն ու կանայք հավատարիմ լինեն միմյանց, և գնահատեն իրենց երեխաներին և նրանց վերաբերվեն որպես Տիրոջ կողմից տրված ժառանգություն:10 Նման ընտանիքում մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և միասին աղոթում: Եվ մեր հայացքն ուղղում ենք դեպի տաճար: Այնտեղ մենք ստանում ենք բարձրագույն օրհնությունները, որոնք Աստված պահել է Իր հավատարիմ զավակների համար:
Աստծո երջանկության մեծ ծրագրի շնորհիվ11 ընտանիքները կարող են հավերժ միասին լինել` որպես վեհացած էակներ: Մեր Երկնային Հայրը հայտարարել է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:12 Նրա այդ երկու նպատակները հնարավոր դարձան Նրա Սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Նրա Քավությունը իրականություն դարձրեց հարությունը և հնարավոր դարձրեց հավերժական կյանքը բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կապրեն:
Հարությունը կամ անմահությունը հասու է ամեն տղամարդու և կնոջ` որպես ոչ պայմանական պարգև:
Հավերժական կյանքը կամ սելեստիալ փառքը, կամ վեհացումը պայմանական պարգև է: Այս պարգևի պայմանները հաստատվել են Տիրոջ կողմից, որն ասել է. «Եթե պահես իմ պատվիրանները և համբերես մինչև վերջ, դու կունենաս հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:13 Այս արժանավորության պայմանները ներառում են հավատն առ Տերը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգին ստանալը, և տաճարային արարողություններին և ուխտերին հավատարիմ մնալը:
Այս Եկեղեցում ոչ մի տղամարդ չի կարող ստանալ սելեստիալ փառքի բարձրագույն աստիճանը առանց արժանի կնոջ, որը կնքված է իրեն:14 Տաճարային այս արարողությունը նրանց երկուսի համար, ի վերջո, հնարավոր է դարձնում վեհացումը:
Եկեղեցու կոչումներից մենք ազատվում ենք: Սակայն մենք չենք կարող ազատվել ծնողներ լինելուց: Մարդկության պատմության առաջին իսկ օրերից, Տերը պատվիրել է ծնողներին` իրենց երեխաներին ուսուցանել ավետարանը:15 Մովսեսը գրել է. «Ջանասիրաբար … սովորեցրու … քո զավակներին, և խոսիր [Աստծո խոսքերը] քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ, և պառկելիս և վեր կենալիս»:16
Մեր օրերում, Տերն ավելացրել է. «Մեծացրեք ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ»:17 Եկեղեցին պետք է աջակցի, սակայն չփոխարինի ծնողներին իրենց զավակներին ուսուցանելու իրենց պարտականության մեջ:
Մոլեգնող անբարոյականության և հակում առաջացնող պոռնոգրաֆիայի այս օրերին, ծնողները սուրբ պատասխանատվություն են կրում` ուսուցանել իրենց զավակներին իրենց կյանքում Աստծո կարևորության մասին:18 Աստծո զավակներին պետք է խստորեն զգուշացնել` խույս տալ աստվածային ներուժը կործանող չարիքներից:
Մենք նաև պետք է ուսուցանենք մեր երեխաներին` պատվել իրենց ծնողներին: Հինգերորդ պատվիրանն ասում է. «Պատուիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա` որ քո Եհովա Աստուածը կտա քեզ»:19
Ինչպե՞ս կարող ենք լավագույն ձևով սովորեցնել մեր երեխաներին: Տերը հատուկ հրահանգ է տվել մեզ.
«Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.
Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,–
Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի»:20
Երբ երեխային պետք է խրատել, կարող եք հարցնել ինքներդ ձեզ. «Ի՞նչ կարող եմ ասել կամ անել, որպեսզի համոզեմ նրան ավելի լավ ճանապարհ ընտրել»: Անհրաժեշտ խրատը տվեք հանգիստ, առանձին, սիրով և ոչ հրապարակավ: Եթե հանդիմանելու կարիք կա, անմիջապես ցույց տվեք, որ շատ եք նրան սիրում, որպեսզի վիրավորանքի նշույլ անգամ չմնա: Համոզիչ լինելու համար, ձեր սերը պետք է լինի անկեղծ, իսկ ուսուցումը հիմնված լինի աստվածային վարդապետության և ճիշտ սկզբունքների վրա:
Մի փորձեք ղեկավարել ձեր երեխաներին: Փոխարենը, լսեք նրանց, օգնեք նրանց սովորել ավետարանը, ոգեշնչեք նրանց և ուղղորդեք դեպի հավերժական կյանքը: Դուք Աստծո վստահված գործակալներն եք երեխաների համար հոգ տանելու գործում: Թող որ Նրա աստվածային ազդեցությունը մնա ձեր սրտում, երբ դուք ուսուցանեք և համոզեք:
Նախնիներ
Վեհացմանը պատրաստվելու հարցում ընտանիքի պատասխանատվության մասին որևէ քննարկում լիարժեք չի լինի, եթե ընդգրկենք միայն մայրերին, հայրերին և երեխաներին: Իսկ տատիկներն ու պապիկնե՞րը, և մյուս նախնինե՞րը: Տերը հայտնել է, որ մենք չենք կարող կատարյալ լինել առանց նրանց, ոչ էլ նրանք կարող են կատարյալ դառնալ առանց մեզ:21 Վեհացման համար էական նշանակություն ունեն կնքող արարողությունները: Կինը պետք է կնքվի իր ամուսնուն, երեխաները պետք է կնքվեն իրենց ծնողներին, իսկ մենք պետք է կապվենք մեր նախնիներին: 22
Իսկ նրա՞նք, ովքեր չեն կարողացել ամուսնանալ այս կյանքում, կամ նրա՞նք, որ չեն կարող կնքվել իրենց ծնողներին այս կյանքում: Մենք գիտենք, որ Տերը կդատի մեզ ըստ մեր սրտերի ցանկությունների, ինչպես նաև մեր գործերի,23 և վեհացման օրհնությունները կտրվեն բոլոր նրանց, ովքեր արժանի են:24
Որպես ուխտի զավակներ մենք մեծապես արտոնյալ ենք: Մեր սրտերում արմատներ են գցել Հայր Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները: Տերն ասել է.
«Դուք օրինական ժառանգներ եք՝ ըստ մարմնի, և աշխարհից թաքցվել եք Քրիստոսի հետ Աստծո մեջ… .
Հետևաբար, օրհնված եք դուք, եթե շարունակեք իմ բարության մեջ, որպես լույս՝ հեթանոսների համար և փրկիչ՝ իմ Իսրայել ժողովրդի համար, այս քահանայության միջոցով»:25
Այս կյանքն է փրկության և վեհացման համար պատրաստվելու ժամանակը:26 Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անհատական գործ է, իսկ վեհացումը` ընտանեկան գործ:
Որպես ուխտի զավակներ, այս առավոտ մենք հանդիպել ենք հանդիսավոր ժողովում: Մեր ուշադրությունը ուղղվել է դեպի մարգարեների և առաքյալների սուրբ կոչումները: Սակայն փրկության և, ի վերջո, վեհացման պատրաստվելու վերջնական պատրաստվածությունը ընկած է յուրաքանչյուր անհատի վրա, որը հաշվետու է իր ազատ ընտրության համար, գործում է իր ընտանիքում, կրելով իր մյուս սուրբ կոչումը` որպես մայր կամ հայր, որդի, թոռ, պապիկ կամ տատիկ:
Թող որ այդ պատասխանատու դերերում մենք հավատով առաջ գնանք, առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի կողմից, որի Եկեղեցին է սա, և Նրա մարգարեի կողմից, որի միջոցով Նա խոսում է: Ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: