Առանձնահատուկ փորձառություններ
Կյանքի ընթացքում մեր անձնական ճամփորդությունը մեզ տալիս է հատուկ փորձառություններ, որոնք դառնում են հավատքի և վկայության շինարարական քարեր:
Ես կցանկանայի այս առանձնահատուկ օրը իմ վկայությունն ավելացնել, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է երկրի վրա: Ես երախտապարտ եմ գերագույն համաժողովում իմ խոսքը հղելու հնարավորության համար:
Ձեզ պես ես էլ եմ երախտապարտ, այս պատմական համաժողովի համար, երբ մենք սահմանված և ըստ կարգի հաստատեցինք մեր նոր Մարգարեին, Առաջին Նախագահությանը և Եկեղեցու մյուս ղեկավարներին:
Այսպիսի փորձառությունն ամրացնում է մեր վկայությունները և մեծացնում մեր հավատքը՝ այն գիտելիքով, որ սա իսկապես Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցին է:
Կյանքի ընթացքում մեր անձնական ճամփորդությունը մեզ տալիս է հատուկ փորձառություններ, որոնք դառնում են հավատքի և վկայության շինարարական քարեր: Այս փորձառությունները տրվում են մեզ խիստ տարբեր ուղիներով և անսպասելի պահերի: Դրանք կարող են լինել զորավոր հոգևոր իրադարձություններ կամ փոքրիկ լուսավորող ակնթարթներ: Որոշ փորձառություններ կգան որպես լուրջ դժվարություններ և ծանր փորձություններ, որոնք ստուգում են դրանք հաղթահարելու մեր ունակությունը: Անկախ նրանից, թե դա ինչ փորձառություն կլինի, յուրաքանչյուրը մեզ անձնական աճի հնարավորություն է տալիս, ավելի մեծ իմաստության և շատ դեպքերում ուրիշներին ավելի մեծ կարեկցանքով և սիրով ծառայելու ունակություն: Ինչպես Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին իր ամենանշանակալից փորձություններից մեկի ժամանակ հորդորեց Լիբերթիի բանտում. «Այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (ՎևՈւ 122.7):
Երբ փորձառությունները կուտակվում են մեր կյանքում, դրանք միմյանց վրա ավելացնում են ուժ և աջակցություն: Ճիշտ ինչպես մեր տների քարերը պահում են մնացած կառուցվածքը, այդպես էլ մեր անձնական կյանքի փորձառություններն են դառնում մեր վկայությունների համար քարեր և ավելացնում մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Հենց այս համաժողովի նիստը ցույց է տալիս փորձառություններով լի կյանքի արժեքը: Երբ հետևում ենք մեր ղեկավարների խորհրդին և հիանում նրանց ուսմունքներով և հոգով, զարմանալի չէ, որ տարիներ շարունակ նախապատրաստելուց հետո, Տերն ընտրում է Իր ավագ Առաքյալին, դառնալու Իր ընտրյալ մարգարեն:
Իմ հայրապետական օրհնությունն ասում է, որ ինձ կտրվեն հատուկ փորձառություններ, որոնք կուժեղացնեն իմ վկայությունը: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մտածեք այն հատուկ փորձառությունների մասին, որոնցով դուք եք օրհնվել ձեր կյանքում, որոնք շնորհել են համոզվածություն և ուրախություն ձեր սրտին: Հիշեք, ե՞րբ դուք առաջին անգամ իմացաք, որ Ջոզեֆ Սմիթը վերականգման Աստծո մարգարեն էր: Հիշեք, ե՞րբ դուք ընդունեցիք Մորոնիի կոչը և իմացաք, որ Մորմոնի Գիրքն իսկապես ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Հիշեք, ե՞րբ դուք ձեր ջերմեռանդ աղոթքին պատասխան ստացաք և հասկացաք, որ ձեր Երկնային Հայրը գիտի և անհատապես սիրում է ձեզ: Երբ դուք խորհրդածում եք այդպիսի հատուկ փորձառությունների մասին, մի՞թե դրանք չեն տալիս ձեզ երախտագիտության զգացում և հաստատակամություն՝ նորոգված հավատքով և վճռականությամբ առաջ գնալու համար:
Ոչ շատ առաջ, Քույր Ռասբանդն ու ես ունեցանք մի փորձառություն, որը երբեք չենք մոռանա: Ինձ հանձնարարվեց նախագահել Պերուում երկու ցցի համաժողովների ժամանակ: Երբ այնտեղ էինք, գնացինք Պունո քաղաքը, որը գտնվում է բարձր Անդերի լեռներում՝ Տիտիկակա լճի վրա: Գտնվելով 3660 մետր ծովից բարձր, մենք հիացանք Անդերի բարձր լճի վրա գտնվող այդ պարզ և գեղեցիկ քաղաքով: Մենք հանդիպեցինք այդ տարածքի ցցի նախագահների հետ և անցկացրեցինք հիանալի երիտասարդական հավաք Պունոյի տարածքի հարյուրավոր երիտասարդների հետ:
Մի առավոտ, մեզ հրավիրեցին այցելել տեղի անդամների մի փոքրիկ խմբի, ովքեր ապրում էին Տիտիկակա լճի մակերեսին՝ եղեգյա լողացող կղզյակների վրա: Մարդիկ, ովքեր ապրում էին այնտեղ, հայտնի են որպես Բոլիվիայի և Պերուի Ուրոս ցեղի հնդկացիներ:
Մեզ ասացին, որ մի քանի Վերջին Օրերի Սրբերի ընտանիքներ միացել են և կառուցել իրենց սեփական փոքր, նոր լողացող կղզին: Մենք հուզված նավակ նստեցինք և գնացինք կղզի, և այնտեղի հրաշալի անդամները ջերմորեն դիմավորեցին մեզ:
Մենք գրկեցինք նրանց մանկիկներին, որոնք փաթաթված էին շատ գեղեցիկ, ձեռագործ, գույնզգույն վերմակներով: Մենք ճաշակեցինք ձուկ, որը հենց այդ օրը լճից իրենք էին որսացել, որը խնամքով պատրաստել էին և առատությամբ հյուրասիրեցին մեզ: Մենք տեսանք նրանց պատրաստած իրերը և ձեռքի աշխատանքները ու նվերներ փոխանակեցինք միմյանց հետ:
Հանդիպման ժամանակ մենք իմացանք, որ նրանց երեխաներն ամեն օր մակույկով թիավարում էին 45 րոպե՝ դեպի Պունո և ետ, սեմինարիայի և դպրոցի դասերին մասնակցելու համար: Մենք նաև գոհ էինք, որ այդ անդամները լավ գիտեին սուրբ գրությունները, հասկանում և սիրում էին դրանք: Նրանք պատրաստակամորեն ցույց տվեցին իրենց ընթացիկ տաճարային երաշխավորագրերը, օժտված և կնքված լինելով Բոլիվիայի Կոչաբամբա Տաճարում:
Մեր մեկնելուց առաջ, մայրերից մեկը խնդրեց, որ ծնկի իջնեինք նրանց հետ և ընտանեկան աղոթք ասեինք: Ես հիշում եմ, թե ինչպես հավատարիմ այդ Սրբերի հետ ծնկի իջա ծակոտկեն այդ եղեգի վրա: Երբ ծնկի իջանք նա խնդրեց, որ ես ասեմ աղոթքը և օգտագործելով Մելքիսեդեկյան Քահանայությունը, նվիրագործեմ իրենց նոր կղզին և տունը:
Ես խորապես զգացված էի, որ այնտեղ՝ Տիտիկակա լճի լողացող կղզիների վրա, հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի այդ ընտանիքները խնդրեցին ինձ աղոթել Ափու Ինթի փոքրիկ կղզու համար և Տիրոջից խնդրել օրհնել Լոուհանոյի և Հայաուիի տներն ու ընտանիքները:
Երբ մտածում եմ այս հատուկ փորձառության մասին, որով Տերն օրհնեց մեզ, գիտեմ, որ նոր քար ավելացավ իմ հավատքի տան վրա: Ես հաճախ եմ մտածում Պունոյի այդ փորձառության մասին, որպես ևս մեկ հիշեցում իմ հայրապետական օրհնության իրականացման մասին:
1831 թվականին գրված Վարդապետեւթյուն և Ուխտերի նախաբանից, որը կանխագուշակում է մեր օրերում Տիրոջ աշխատանքի ծավալման մասին, Տերը հայտնել է.
«Այլ, որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով.
Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա.
Որ իմ հավիտենական ուխտը հաստատվի.
Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ» (ՎևՈւ 1.20–23):
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, իմ և ձեզ նման, Եկեղեցու թույլ ու պարզամիտ անդամները տանում են ավետարանը երկրի ծայրերին՝ Պունո, Պերու և այլ հեռավոր վայրեր: Հավատքն ուժեղանում է Աստծո ուխտյալ ժողովրդի մեջ, և ես հավատում եմ՝այսպիսի թանկարժեք փորձառությունների անձնական գանձարանի միջոցով է, որ հավատքի աճ է տեղի ունենում մեզանից յուրաքանչյուրի հետ:
Նախագահ Մոնսոնն ասել է. «Տերը պատվիրում է: Եվ նրանք, ովքեր հնազանդվում են Իրեն, լինեն նրանք իմաստուն, թե պարզամիտ, Նա Իրեն հայտնի կդարձնի տքնաջան գործերի, հակամարտությունների, տառապանքների մեջ, որոնցով նրանք պիտի անցնեն Իր հետևորդը լինելու ընթացքում, և … նրանք կսովորեն իրենց իսկ փորձառությամբ, թե Ով է Նա» (In “The Way of the Master,” Liahona, Jan. 2003, 7; quoting Albert Schweitzer, The Quest of the Historical Jesus [1948], 401; շեղագրումն ավելացված է):
Այս օրերին, երբ աշխարհիկը ներխուժում է մեր կյանք, երբ փորձություններն ու դժվարությունները թվում է թե կլանում են մեզ, եկեք հիշենք մեր սեփական հատուկ հոգևոր փորձառությունները: Հավատքի այս քարերը կբերեն մեզ համոզվածություն՝ հոգատար, սիրառատ Երկնային Հոր, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրանց ճշմարիտ և կենդանի Եկեղեցու մասին: Սա իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: