«Իմ խոսքերը … երբեք չեն դադարում»
Մենք կոչ ենք անում բոլորին հետաքրքրվել հրաշքով, թե ինչ է Աստված ասել աստվածաշնչյան ժամանակներից սկսած և ինչ է ասում նույնիսկ այժմ:
Նախագահ Մոնսոն, անձնական արտոնության իրավունքով կարո՞ղ եմ մեկ րոպե խնդրել:
Եկեղեցուն ուղղված ձեր եզակի ուղերձից հետո, քանի որ Եղբայրներից առաջինն եմ հրավիրված խոսելու այս առավոտ, Գերագույն Իշխանավորների ձեր բոլոր Եղբայրների և փաստորեն ողջ Եկեղեցու անունից, թույլ կտա՞ք մի բան ասել:
Բազմաթիվ այն արտոնություններից, որ մենք ունեցանք այս պատմական համաժողովի ընթացքում, ներառյալ հանդիսավոր ժողովին մասնակցությունը, որի ընթացքում մենք կարողացանք կանգնել և հաստատել ձեզ որպես մարգարե, տեսանող և հայտնող, ես չեմ կարող չասել, որ իմ զգացած ամենակարևոր արտոնությունը, որ բոլորս ունեցանք, կարծես հենց իրենց՝ հրեշտակների ձեռքով, ձեր ուսերին սրբազան մարգարեական թիկնոցն իջեցնելուն անձնապես ականատես լինելն էր: Անցած գիշեր քահանյության ընդհանուր ժողովի մասնակիցները և բոլորը, ովքեր ներկա էին համաշխարհային հեռարձակմանն այս առավոտյան նիստին, ականատեսը եղան այս իրադարձության: Բոլոր մասնակիցների անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում այդպիսի պահի համար: Ես սա ասում եմ սիրով հանդեպ Նախագահ Մոնսոնը և հատկապես սիրով հանդեպ Երկնային Հայրը, ինչպես Պետրոս Առաքյալն է մի անգամ ասել, «Նրա մեծափառության ականատեսը» (Բ Պետրոս Ա.16) լինելու հնարավորության համար:
Անցած հոկտեմբերի գերագույն համաժողովին, ես ասացի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, սխալմամբ, մեղադրվում է Քրիստոնյա չլինելու մեջ երկու հիմնական պատճառներով: Այդ ժամանակ ես անդրադարձա այդ վարդապետական հարցերից մեկին՝ Աստվածայնության վերաբերյալ սուրբ գրքերի վրա հիմնված մեր տեսակետին: Այսօր ես կցանկանայի անդրադառնալ մյուս գլխավոր վարդապետությանը, որը բնորոշում է մեր հավատքը, բայց որը մտահոգություն է առաջացնում ոմանց մեջ, այսինքն՝ այն համարձակ պնդմանը, որ Աստված շարունակում է խոսել Իր խոսքը և հայտնել Իր ճշմարտությունը՝ հայտնություններ, որոնք հաստատում են կանոնական սուրբ գրությունների բաց լինելը:
Որոշ Քրիստոնյաներ մեծ մասամբ Աստվածաշնչի հանդեպ իրենց անկեղծ սիրո պատճառով, հայտարարել են, որ Աստվածաշնչից բացի այլևս չի կարող լինել վավերացված որևէ սուրբ գրություն: Այս ձևով կանոնական հայտնությունները փակված հայտարարելով, որոշ այլ հավատքի մեր ընկերները փակում են դուռը աստվածային խոսքի՝ Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի, Թանկագին Մարգարիտի և Աստծո օծյալ մարգարեների և առաքյալների կողմից ստացվող շարունակվող առաջնորդության առաջ, որոնք մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերս, թանկ ենք համարում: Առնվազն մասամբ կանոնի փակման վերաբերյալ այս հիմնական տարաձայնության պատճառով է, որ մեզ մերժվում է «Քրիստոնյա» կոչումը: Ոխ չպահելով նրանց հանդեպ, ովքեր նման դիրք են գրավել, այնուամենայնիվ մենք հարգալից, բայց վճռականորեն, ժխտում ենք ճշմարիտ Քրիստոնեության այդպիսի ոչ սուրբգրքյան բնորոշումը:
Փաստերից մեկը, որը հաճախ օգտագործվում է կանոնի փակ լինելու պաշտպանության ժամանակ, Նոր Կտակարանի հատվածն է, որը գրված է Հայտնություն ԻԲ.18 խոսքում. «Որովհետև ես վկայում եմ ամենին որ լսում է այս գրքի… . խոսքերը. եթե մեկը բան ավելացնի սրանց վրա, Աստված կավելացնե նրա վրա այն պատուհասները, որ այս գրքումը գրված են»: Սակայն գոյություն ունի մի անխախտ համաձայնություն աստվածաշնչի փաստորեն բոլոր գիտնականների միջև, որ այս հատվածը վերաբերում է միայն Հայտնության գրքին, ոչ թե ողջ Աստվածաշնչին: Մեր օրերի այդ գիտնականներն ընդունում են, որ Նոր Կտակարանի մի քանի «գրքեր», գրեթե անկասկած, գրվել են Պատմոսի կղզում Հովհաննեսի հայտնությունը ստանալուց հետո: Այդ շարքում են գտնվում առնվազն Հուդա Առաքյալի Թուղթը, Հովհաննեսի երեք թղթերը և, հավանաբար, ամբողջապես Հովհաննեսի ավետարանը: 1 Թերևս գոյություն ունեն սրանցից նույնիսկ ավելի շատերը:
Բայց կա ավելի հասարակ պատասխան, թե ինչու առկա Նոր Կտակարանի վերջին գրքի այդ հատվածը չի կարող վերաբերել ամբողջ Աստվածաշնչին: Դա այն պատճառով է, որ Աստվածաշունչը, ինչպես մենք այն գիտենք, որպես մեկ հատորի մեջ կարված տեքստերի հավաքածու, գոյություն չի ունեցել, երբ այդ հատվածը գրվել է: Օրինակ՝ Հովհաննեսի կողմից իր գրությունը գրելուց հետո, դարեր շարունակ Նոր Կտակարանի առանձին գրքեր շրջանառության մեջ էին գտնվում միայնակ կամ հավանաբար մի քանի այլ տեքստերի հետ միասին, բայց գրեթե երբեք, որպես ամբողջական հավաքածու: Հայտնի հունարեն Նոր Կտակարանի 5366 աստվածաշնչյան ձեռագրերի ողջ հավաքածուից միայն 35-ն են պարունակում ողջ Նոր Կտակարանը՝ ինչպես մենք այն գիտենք, և նրանցից 34-ը կազմվել են մ.թ.1000 թվականից հետո: 2
Բանը նրանում է, որ փաստորեն Հին և Նոր Կտակարանի յուրաքանչյուր մարգարե ավելացրել է սուրբ գրություն նրան, ինչ ստացել է իր նախորդից: Եթե Հին Կտակարանի Մովսեսի խոսքերը բավական էին, ինչպես ոմանք սխալմամբ կարող էին մտածել3, որ դա այդպես է, ուրեմն ինչո՞ւ էին պետք օրինակ Եսայիայի հետագա մարգարեությունները կամ Երեմիայի մարգարեությունները, որը նրանից հետո էին: Էլ չենք ասում Եզեկիելի և Դանիելի, Յովելի, Ամովսի և մնացած բոլորի մասին: Եթե մեկ մարգարեի մեկ հայտնությունը բավական է բոլոր ժամանակների համար, ապա ինչո՞ւ էին պետք այսքան շատերը: Այն, ինչ արդարացնում է նրանց, հստակեցվում է Իր՝ Եհովայի կողմից, երբ Նա ասաց Մովսեսին. «Իմ գործերն անվերջ են, և… . իմ խոսքերը… . երբեք չեն դադարում»: 4
Մի Բողոքական գիտնական համոզիչ հարց է տվել փակված կանոնի սխալ վարդապետության վերաբերյալ: Նա գրում է. «Ինչպիսի՞ աստվածաշնչյան կամ պատմական հիմքերի վրա է սահմանափակվում Աստծո ոգեշնչումը գրված փաստաթղթերով, որը Եկեղեցին այժմ կոչում է իր Աստվածաշունչը… . Եթե Հոգին ոգեշնչել է միայն առաջին դարի գրված փաստաթղթերը, մի՞թե դա նշանակում է, որ նույն Հոգին այսօր Եկեղեցում չի խոսում մտահոգիչ կարևոր հարցերի մասին»: 5 Մենք խոնարհաբար տալիս ենք նույն հարցերը:
Շարունակվող հայտնությունը չի նսեմացնում կամ կասկածի տակ դնում գոյություն ունեցող հայտնությունը: Հին Կտակարանը չի կորցնում իր արժեքը մեր աչքում, երբ մենք ծանոթանում ենք Նոր Կտակարանին և Նոր Կտակարանը միայն ուժեղանում է, երբ կարդում ենք Մորմոնի Գիրքը՝ «Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: Մտածելով լրացուցիչ սուրբ գրությունների մասին, որոնք ընդունվել են Վերջին Օրերի Սրբերի կողմից, մենք գուցե հարցնենք. «Այն առաջին Քրիստոնյաները, ում համար տասնամյակներ շարունակ մատչելի էր միայն Մարկոսի պարզ ավետարանը (որն ընդհանրապես համարվում է Նոր Կտակարանի գրված Ավետարաններից առաջինը) արդյոք վիրավորվո՞ւմ էին ստանալով Մատթեոսի և Ղուկասի կողմից գրված ավելի մանրամասն պատմությունները, էլ չենք ասում հայտնության շեշտադրմամբ ավելի ուշ Հովհաննեսի կողմից ներկայացված անզուգական հատվածների մասին: Անկասկած նրանք պետք է որ ուրախանային, որ էլ ավելի համոզիչ փաստեր էին շարունակում գալ Քրիստոսի աստվածայնության մասին: Եվ այդպես էլ մենք ենք ուրախանում:
Սխալ մի հասկացեք խնդրում եմ: Մենք սիրում ենք և հարգում Աստվածաշունչը, ինչպես Երեց Ռասել Մ. Բալլարդն այնպես հստակորեն սովորեցրեց այս ամբիոնից ճիշտ մեկ տարի առաջ6: Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Այն միշտ առաջինն է նշվում կանոնական գրքերում՝ մեր «կանոնիկ աշխատությունների» շարքում: Արդարև, Աստվածաշնչի Հակոբոսի գրքի առաջին գլխի հինգերորդ հատվածի աստվածայնորեն նախատեսված ընթերցումն էր, որ առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին դեպի Հոր և Որդու իր տեսիլքը, որը ծնունդ տվեց Հիսուս Քրիսոտոսի ավետարանի վերականգմանը մեր օրերում: Բայց, նույնիսկ այդ ժամանակ, Ջոզեֆը գիտեր, որ միայն Աստվածաշունչը չէր կարող պատասխանել բոլոր կրոնական հարցերին, որոնք ունեին ինքը և իր նման ուրիշները: Ինչպես ասել է նա իր խոսքերով, իր համայնքի սպասավորները վիճաբանում էին, երբեմն բարկացած, իրենց վարդապետությունների առթիվ: «Քահանան վիճաբանում [էր] քահանայի հետ և նորադարձը [վիճաբանում էր] նորադարձի հետ … . խոսքակռվով և կարծիքների վերաբերյալ մրցակցելով»,– ասել է նա: Միակ ընդհանուր բանը, որ այս վիճաբանող կրոններն ունեին, հեգնականորեն, հավատքն էր Աստվածաշնչի հանդեպ, բայց ինչպես գրել է Ջոզեֆը. «քանի որ կրոնական տարբեր աղանդների ուսուցիչները սուրբ գրքի միևնույն հատվածներն այնքան տարբեր էին հասկանում, որ կոտրում էին Աստվածաշնչին դիմելով հարցը լուծելու ողջ վստահությունը»:7 Պարզապես Աստվածաշունչը, որն այնքան հաճախ նկարագրվում էր այդ ժամանակ որպես «ընդհանուր հիմք», ոչ էլ նման մի բան էր. դժբախտաբար, այն կռվի հիմք էր:
Այսպիսով, կենդանի մարգարեների միջոցով շարունակվող հայտնության մեծ նպատակներից մեկը՝ աշխարհին լրացոււցիչ վկաների միջոցով հայտարարելն է, որ Աստվածաշունչը ճշմարիտ է: «Սա գրվում է»,– ասել է մի հնադարյան մարգարե, խոսելով Մորմոնի Գրքի մասին,– «այն նպատակով, որ դուք հավատաք դրան»,– խոսելով Աստվածաշնչի մասին: 8 Ջոզեֆ Սմիթի կողմից ստացված ամենաառաջին հայտնություններից մեկում Տերն ասել է. «Ահա, ես [Մորմոնի Գիրքը ի հայտ] չեմ բերում՝ կործանելու [Աստվածաշունչը], այլ՝ ամրացնելու այն»:9
Պետք է ուշադրություն դարձվի ևս մեկ հարցի: Քանի որ պարզ է, որ Քրիստոնյաներ կային Նոր Կտակարանի լինելուց կամ նույնիսկ Հիսուսի ասածները ի մի հավաքելուց շատ առաջ, ուստի չի կարելի պնդել, որ Աստվածաշունչն է, որ մարդուն Քրիստոնյա է դարձնում: Նոր Կտակարանի նշանավոր գիտնական Ն.Թ. Ռայթի խոսքերով ասած. «Հարություն առած Հիսուսը Մատթեոսի ավետարանի վերջում չի ասում. «Ամեն իշխանությունը երկնքումն ու երկրիս վրա տրվեց գրքերին, որ դուք պատրաստվում եք գրել», այլ ավելի շուտ. «Ամեն իշխանությունն ինձ տրվեցավ երկնքումն և երկրումս»:10 Այլ խոսքով ասած «Սուրբ գրությունն ինքն է մատնանշում… . իրենից դուրս և այն փաստը, որ վերջնական և ճշմարիտ իշխանությունը պատկանում է իրեն՝ Աստծուն»:11Այսպիսով, սուրբ գրությունները՝ մեր «ստանդարտ աշխատությունները», Վերջին Օրերի Սրբերի համար գիտելիքի վերջնական աղբյուրը չեն: Դրանք վերջնական աղբյուրի դրսևորումներն են: Վերջին Օրերի Սրբերի համար գիտելիքի և իշխանության վերջնական աղբյուրը կենդանի Աստվածն է: Այդ պարգևների հաղորդումը գալիս է Աստծուց, որպես կենդանի, բաբախող, աստվածային հայտնություն:12
Այս վարդապետությունն ընկած է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և աշխարհին ուղղված մեր ուղերձի հենց սրտում: Դա ներկայացնում է երեկվա հանդիսավոր ժողովի կարևորությունը, որի ժամանակ մենք հաստատեցինք Թոմաս Ս. Մոնսոնին որպես մարգարե, տեսանող և հայտնող: Մենք հավատում ենք Աստծուն, որը զբաղվում է մեր կյանքով, որը լուռ չէ, բացակա չէ, ոչ էլ ինչպես Եղիան է ասել Բահաղի քահանաների աստծո մասին, գուցե նա «ճանապարհորդություն է անում, գուցե նա քնած է և զարթնանա»:13 Այս Եկեղեցում նույնիսկ մեր Երեխաների Միության փոքրիկներն են արտասանում. «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին ինչ հայտնում է և հավատում ենք, որ դեռ շատ մեծ ու կարևոր բաներ Նա ունի մեզ հայտնելու Աստծո արքայության մասին»:14
Նոր սուրբ գրության և շարունակվող հայտնության մասին հայտարարելիս, մենք աղոթում ենք, որ երբեք գոռոզ կամ աննրբանկատ չլինենք: Բայց սուրբ տեսիլքից հետո, մի պուրակում, որն այժմ սրբազան է «Գոյություն ու՞նի Աստված» հարցին տրված դրական պատասխանից հետո, այն ինչ Ջոզեֆ Սմիթը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է մեզ ստիպում դեմ առ դեմ կանգնել, հաջորդ հարցն է, որն անխուսափելիորեն հետևում է դրան. «Արդյոք Նա խոսու՞մ է»: Մենք բարի լուր ենք բերում, որ Նա խոսում է և որ Նա խոսել է: Մեր Քրիստոնեությունից ծնված սիրով և բարյացակամությամբ մենք հրավիրում ենք բոլորին հետաքրքրվել այդ հրաշքով, թե Աստված ի՞նչ է ասել սկսած աստվածաշնչյան ժամանակներից և ի՞նչ է ասում հենց այժմ:
Ինչ-որ իմաստով՝ Ջոզեֆ Սմիթը և այս Եկեղեցում նրան հաջորդող մարգարեները պատասխանում են Հարվարդի Աստվածաբանական Դպրոցի ուսանողներին ուղղած Ռալֆ Վալդո Էմերսոնի այս ամառ 170 տարին լրացող մարտահրավերին: Այդ խմբին Կոնկորդի Բողոքական լավագույն և ամենափայլուն մեծ իմաստունը խնդրում էր, որ նրանք սովորեցնեն «որ Աստված է՛, ոչ թե էր, որ Նա խոսում է՛, ոչ թե խոսեց»:15
Ես վկայում եմ, որ երկինքները բաց են: Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր և է, որ Մորմոնի Գիրքն իսկապես «Եվս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին», որ Թոմաս Ս. Մոնսոնը Աստծո մարգարեն է՝ արքայության բանալիներն իր ձեռքում ժամանակակից առաքյալ՝ մի մարդ, որի վրա ես անձամբ եմ տեսել թիկնոցն իջնելիս: Ես վկայում եմ , որ այսպիսի լիազորված, մարգարեական ձայները և շարունակվող կանոնական հայտնությունները եղել են Քրիստոնեական ուղերձի սրտում, երբ էլ որ Քրիստոսի լիազորված ծառայությունը եղել է երկրի վրա: Ես վկայում եմ, որ կրկին այդպիսի ծառայություն կա երկրի վրա և այն գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի այս Եկեղեցում: Նազովրեցի Հիսուսի՝ որպես Աստծո իսկական Որդու՝ աշխարհի Փրկչի հանդեպ մեր սրտաբուխ նվիրվածությամբ մենք հրավիրում ենք բոլորին քննել, թե ինչ ենք մենք ստացել Նրանից, միանալ մեզ, առատորեն խմելով «ջրհորի ջրից, որը վեր է բխում դեպի հավիտենական կյանք»,16 այդ անընդհատ հոսքը հիշեցնելով, որ Աստված ապրում է, որ Նա սիրում է մեզ, և որ Նա խոսում է: Ես արտահայտում եմ իմ անձնական շնորհակալությունը, որ Նրա գործերը երբեք չեն վերջանում, և Նրա «խոսքերը երբեք չեն դադարում»: Ես վկայություն եմ բերում այդպիսի աստվածային սիրառատ ուշադրության և այն արձանագրելու մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: