Հավատք, և Քահանայության երդում և ուխտ
Առաջ գնացեք` պահելով Աստծո հետ կապած ձեր ուխտերը և հայցեք խոստումը, որ Նա տվել է ձեզ երդումով:
Իմ նպատակն է այսօր օգնել ձեզ մեծացնել ձեր վստահությունը նրա հանդեպ, որ դուք կարող եք և կարժանանաք քահանայության երդման և ուխտի օրհնություններին: Այդ երդման և ուխտի հնարավոր հետևանքների նշանակալիությունն է, որի համար անհրաժեշտ է մշտապես ամրապնդել ձեր վստահությունը:
Տերն այդ հետևանքները պարզորոշ է դարձրել: Երդման և ուխտի հնարավորություններին արժանանալը պարգևում է Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը` հավերժական կյանքը: Դա է Մելքիսեդեկյան Քահանայության նպատակը: Ուխտերը պահելու շնորհիվ, երբ մենք ստանում ենք քահանայություն և նորացնում ենք դրանք տաճարային ծեսերով, մեր Երկնային Հայրը` Էլոհիմը, երդումով մեզ խոստացել է, որ մենք ձեռք կբերենք Նրա փառքի լիությունը և կապրենք, ինչպես Նա է ապրում: Մենք կունենանք հավերժ ընտանիքով կնքված լինելու օրհնությունը` հավերժական աճի խոստումով:
Ինչպես կարող եք ակնկալել, նման օրհնություն չհայցելը կբերի ողբերգական հետևանքներ: Տերը պարզորոշ խոսել է նաև այդ մասին: Այս խոսքերը հաճախ երիտասարդների համար կարդում են նրանց ղեկավարները, երբ մոտենում է Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալու նրանց ժամանակը: Հավանաբար դուք կհիշեք ձեր զգացողությունները, երբ առաջին անգամ լսեցիք այդ խոսքերը: Դրանք Փրկչի` Հիսուս Քրիստոսի խոսքերն են, որ տրվել են մեզ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:
«Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը.
Քանզի նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ.
Եվ նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը.
Եվ նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը. հետևաբար, այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան:
Եվ դա՝ երդման և ուխտի համաձայն, որը պատկանում է քահանայությանը:
Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ընդունում են քահանայությունը, ընդունում են այս երդումն ու ուխտն իմ Հորից, որը նա չի կարող դրժել, ոչ էլ այն կարող է խախտվել:
Բայց նա, ով դրժում է այս ուխտը, հետո, երբ ընդունում է այն, և ամբողջովին շրջվում է նրանից, չի ունենա մեղքերի ներում, ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում:
Եվ վա՜յ բոլոր նրանց, ովքեր չեն գալիս այս քահանայությանը, որն ընդունել եք դուք, որն այժմ ես հաստատում եմ ձեր վրա, որ ներկա եք այս օրը, իմ իսկ ձայնով, երկինքներից. և ձեզ համար ես նույնիսկ հրաման եմ տվել երկնային զորքերին ու իմ ահրեշտակներին:
Եվ այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին»:1
Արդ, եթե իմ զգացումներն եք ունեցել, երբ պատանի հասակում առաջին անգամ լսեցի այդ խոսքերը, Մելքիսեդեկյան Քահանայություն ընդունելու կոչը ահաբեկող էր: Առնվազն երկու պատճառ գոյություն ունի, թե ինչու դուք պետք է վստահ լինեք, և ոչ թե վհատվեք այն պատիժներից, որոնք կհետևեն, եթե չպահեք երդումն ու ուխտը կամ որոշեք չընդունել այն: Եթե ընդունում եք երդումն ու ուխտը և համարում այն շատ դժվար, կամ եթե չեք փորձում, պատիժը նույնն է: Հետևաբար, ակնհայտ է, որ իմ և ձեր լավագույն ուղին սուրբ քահանայությունն ընդունելն է և մեր ողջ սրտով դրա ուխտերը պահելը: Եթե ընտրում ենք չփորձել, մենք իհարկե կորցնում ենք հավերժական կյանքի հնարավորությունը: Եթե փորձում ենք, և Աստծո օգնությամբ հաջողության հասնում, մենք կունենանք հավերժական կյանք:
Թերևս կա մեկ այլ պատճառ, որպեսզի այժմ որոշեք, որ ձեր ողջ սրտով փորձեք արժանանալ այդ երդմանը և ուխտին, և վստահ լինեք, որ հաջողություն կունենաք: Աստված խոստանում է ձեզ օգնություն և զորություն, որը եթե հավատք գործադրեք, ձեզ հաջողություն կբերի:
Այժմ ձեզ կներկայացնեմ մի քանի օրհնություններ, որոնք կստանաք հավատով առաջ գնալու արդյունքում:
Առաջին, այն փաստը, որ ձեզ առաջարկվել է երդում և ուխտ, ցույց է տալիս, որ Աստված ընտրել է ձեզ, որ ըմբռնեք ձեր զորությունն ու կարողությունը: Նա գիտեր ձեզ, երբ դուք Նրա հետ հոգիների աշխարհում էիք: Նախապես իմանալով ձեր ուժի մասին, Նա հնարավորություն է տվել ձեզ գտնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին և արժանանալ քահանայությանը: Դուք կարող եք վստահություն ունենալ, որովհետև դուք ապացույց ունեք, որ Նա վստահում է ձեզ:
Երկրորդ, եթե փորձեք պահել ձեր ուխտերը, Փրկիչը խոստացել է Իր օգնությունը: Նա ասել է, որ եթե առաջ գնաք, պատվելով քահանայությունը. «Այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:2
Երբեմն դուք վերստին հավաստիանալու կարիք կունենաք, ինչպես և ես, որպեսզի ուժ ունենաք կատարելու այս սուրբ քահանայության ձեր պարտավորությունները: Տերը կանխատեսել է կրկին հավաստիանալու ձեր կարիքը: Նա ասել է. «Քանզի նրանք, ովքեր հավատարիմ են՝ այս երկու քահանայությունները ստանալու, որոնց մասին ես խոսեցի, և իրենց կոչումը մեծարելու, Հոգու կողմից սրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմնի»:3
Ես տեսել եմ այդ խոստման կատարումն իմ և ուրիշների կյանքում: Ընկերս ծառայում էր որպես միսիայի նախագահ: Նա պատմում էր ինձ, որ ծառայելիս ամեն օրվա վերջում դժվարությամբ էր բարձրանում ննջարան` մտածելով, արդյոք ուժ կունենա՞ հաջորդ օրվա համար: Ապա առավոտյան, նա տեսնում էր, որ իր ուժն ու քաջությունը վերականգնվել են: Դուք տեսել եք դա տարեց մարգարեների կյանքում, ովքեր կարծես ամեն անգամ թարմացել են, երբ կանգնել են վկայելու Տեր Հիսուս Քրիստոսի և վերականգնված ավետարանի մասին: Սա խոստում է տրված նրանց, ովքեր հավատով առաջ են գնում իրենց քահանայական ծառայության մեջ:
Նաև խոստացվել է, որ ձեզ կտրվի վկայություն բերելու զորություն և այդ ընթացքում դուք կմաքրվեք և կհարմարեցվեք ձեզ խոստացված հավերժական կյանքին:
«Քանզի ես կներեմ ձեզ ձեր մեղքերը՝ այս պատվիրանով հանդերձ,– որ դուք հաստատուն մնաք՝ ձեր մտքով, հանդիսավորությամբ և աղոթքի ոգով, վկայություն բերելով ողջ աշխարհին, այն բաների մասին, որոնք հաղորդվել են ձեզ:
Հետևաբար, գնացեք ողջ աշխարհը. իսկ այն տեղերը, որտեղ դուք չեք կարող գնալ, դուք պիտի ուղարկեք ձեր վկայությունը, որպեսզի այն ձեզանից անցնի ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի»:4
Եվ այդ խոստումով Տերը պատվել է ձեզ ասելով ձեր մասին. «Դուք նրանք եք, ում իմ Հայրը տվել է ինձ. դուք իմ բարեկամներն եք»:5
Կա մեկ այլ հրաշալի օրհնություն, որ կքաջալերի ձեզ, եթե պահեք ձեր քահանայության ուխտերը: Քահանայության ծառայությունը կպատրաստի ձեզ հավերժական ընտանիքներում ապրելուն: Այն կփոխի ձեր զգացումները, թե ինչ է նշանակում լինել ամուսին, կամ հայր, որդի կամ եղբայր: Սրտի այդ փոփոխությունը կգա, եթե զգաք ձեր հավատն աճում է, որ Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով հավերժական կյանքի խոստումը իրական է դառնում ձեզ համար:
Դա տեղի ունեցավ Փարլի Պ. Փրատի հետ, երբ Նախագահ Ջոզեֆ Սմիթը առաջին անգամ ուսուցանեց նրան հավերժական ընտանիքների մասին վարդապետությունը: Փարլի Պ. Փրատը գրել է.
«Այդ ժամանակ էր, որ ես նրանից լսեցի առաջին գաղափարը հավերժական ընտանիքի կազմակերպության, և այդպիսի աննկարագրելիորեն տոկացող հարաբերություններում սեռերի հավերժական միության մասին, որը միայն բարձր բանականությամբ, զարգացած, մաքուր սրտով մարդիկ գիտեն ինչպես գնահատել, և որը երջանկություն կոչվելու արժանի ամեն ինչի հիմքն է …
Նրանից ես իմացա, որ իմ կինը կպահվի ինձ համար ժամանակի և ողջ հավերժության համար և կատարելագործված փոխըմռնումն ու կապվածությունը, որը սեր է ներշնչում միմյանց հանդեպ, բխում է աստվածային հավերժական սիրո աղբյուրից: Նրանից ես իմացա, որ մենք կարող ենք զարգացնել այդ համակրանքը, աճել այդ ամենում ողջ հավերժության ընթացքում. մինչ մեր անվերջ միության արդյունքը կլինի այնքան անթիվ սերունդ, որքան երկնքի աստղերն են կամ ծովափի ավազները …
Ես սիրել էի նախկինում, սակայն չգիտեի` ինչու: Իսկ այժմ ես սիրեցի` մաքրությամբ, մեծ ուժգնությամբ, վեհ զգացումով … Ես զգացի, որ Աստված իսկապես իմ երկնային Հայրն էր, որ Հիսուսն իմ եղբայրն էր և իմ կինն անմահ, հավերժական կողակից է, բարի, սպասարկող հրեշտակ, տրված ինձ որպես սփոփում, և փառքի թագ հավիտյանս հավիտենից»:6
Ես անձնապես վկա եմ, որ քահանայության ծառայությունը, որը կատարվում է հավատով, փոխում է մեր սրտերն ու զգացումները: Ինձ լսող երիտասարդն այսօր կարող է վստահ լինել, որ պատվելով իր քահանայությունը, նա կպաշտպանվի սեռական մեղքի գայթակղությունից, որը իշխում է աշխարհում, որտեղ մենք ապրում ենք: Այս երեկո ինձ լսող Ահարոնյան Քահանայություն կրողի համար դա հնարավոր կլինի, եթե նրա հավատն աճի հավերժական կյանքի պարգևի հանդեպ հավերժական քահանայության շնորհիվ, որ նա զորություն կունենա Աստծո դուստրերի մեջ տեսնելու նրանց իրական արժեքը և սերունդի խոստումը, որը պատճառ է մաքուր լինելու և մնալու:
Նույն ձևով, երդման և ուխտի հանդեպ հավատը մեզ կօգնի զարգացնել գթասրտություն, որն էական է հավերժական ընտանիքի համար: Քահանայությունն ընդունելիս մեր տված խոստումներից մեկը ուրիշների մասին հոգ տանելն է:
Ես տեսել եմ քահանայություն կրողների սրտերում գթության այդպիսի աճի հրաշքը: Ձեզանից շատերը նույնպես տեսել են: Ինչպես նաև Եկեղեցուց դուրս շատ մարդիկ: Ես Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի գրասենյակում էի, երբ նրան խնդրեցին պատասխանել հեռախոսազանգին: Նա շատ հակիրճ պատասխանեց և ապա վերադարձավ մեր զրույցին: Սակայն ժամանակ տրամադրեց բացատրելու: Նա ասաց, որ զանգահարել էր Միացյալ Նահանգների նախագահը, որը Յուտայի վրայով թռնում էր դեպի Վաշինգտոն: Նախագահը զանգահարել էր շնորհակալություն հայտնելու Նախագահ Հինքլիին այն ամենի համար, ինչ արել էին քահանայություն կրողները փոթորկից հետո: Միացյալ Նահանգների նախագահը ասել էր, որ հրաշք էր այն, որ մենք կարողացել էինք այդքան արագ այդքան շատ մարդկանց հավավաքել միասին և այդքան լավ աշխատել միասին: Նա գովաբանել էր մեր մարդկանց` ասելով, որ մենք գիտենք ինչպես գործեր կատարել:
Հավանաբար, Միացյալ Նահանգների նախագահի վրա տպավորություն էր գործել իր խոսքերով մեր մեծ կազմակերպչական հմտությունները, որը հրաշքի մի մասն էր: Սակայն հրաշքի հիմնական աղբյուրն այն էր, որ հարյուրավոր, և գուցե թե հազարավոր քահանայություն կրողներ այդպիսի հավատ ունեին քահանայության երդման և ուխտի հանդեպ: Ազդեցություն էր գործել ոչ թե այն, թե որքան կազմակերպված էին նրանք, այլ քահանայության երդման և ուխտի հանդեպ հավատը, որը նրանց դրդել էր երկար ճանապարհ կտրել, երկար ժամեր անցկացնել և դժվարություններ կրել որպես Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ` հոգ տանելով մեծ կարիքի մեջ գտնվողների համար:
Նրանք քահանայական ծառայություն էին մատուցել, որը զարգացնում է զորություն և գթասրտություն, որն անհրաժեշտ է ընտանիքներում լավ ամուսիններ, հայրեր, որդիներ և եղբայրներ լինելու համար` այստեղ և հավերժության մեջ: Քահանայական ծառայության այդ օրինակները խոսում են այն մասին, որ երկրի վրա կրկին ու կրկին մենք ձեռք ենք մեկնում մարդկանց` որպես Աստծո ընտանիքի եղբայրներ և քույրեր:
Իմ աղոթքն է, որ դուք այսօր որոշեք և ապա ամեն օր հավատով առաջ գնաք, պահելով Աստծո հետ կապած ձեր ուխտերը և հայցեք խոստումը, որ Նա տվել է ձեզ երդումով: Դուք կարող եք անել դա պարզ միջոցներով: Երբ հանդիպում եք ձեր քվորումի հետ, կարող եք որոշել ընդունել նրանց որպես եղբայրներ Աստծո ընտանիքում: Ձեր քվորումում կամ քահանայության խմբում կարող է լինել մեկը, որը կարիքի մեջ է: Նա հնարավոր է դա ցույց չտա: Դուք հնարավոր է չկարողանաք տեսնել դա ձեր աչքերով: Սակայն Աստված գիտի և կոչ է անում ձեզ լինել Իր ծառան` նրան օգնելու համար:
Դուք կարող եք լինել այն քահանայություն կրողի նման, որն ամեն անգամ քահանայության մեր համատեղ ծառայության ժամանակ ինձ տեսնելիս հարցնում էր. «Ինչպե՞ս է տատիկը»: Նա չէր տեսել իմ զոքանչին, որքանով ես գիտեի: Սակայն նա ինչ-որ կերպ իմացել էր, որ նա հիվանդ է և շատ ծեր: Չեմ կարող ներկայացնել, թե ինչ էր դա ինձ համար նշանակում` տեսնել ինչպես է Աստծո ձեռքը հասնում ինձ և իմ կնոջը` սփոփելով և մխիթարելով քահանայություն կրողի միջոցով: Դուք կարող եք այդ նույնը զգալ ամեն անգամ, երբ հավաքվում եք քահանայություն կրողներով, եթե միշտ մտածեք ձեր ուխտի մասին, որ պետք է աջակցեք և օգնեք նրանց, ում ձեռքերը կախվել են և ովքեր ծանր բեռ են կրում: Այդպիսով, դուք կզարգացնեք այն հատկանիշները, որոնք կորակեն ձեզ որպես հավերժական ընտանիքի անդամ:
Կա ևս մեկ բան, որ կարող եք անել: Դուք կարող եք ուսումնասիրել Աստծո խոսքը, ոչ թե միայն ձեզ համար, այլ ողջ աշխարհի համար, լինելով Տեր Հիսուս Քրիստոսի գործակալը: Երբ ավելացնում եք ավետարանն ուսուցանելու ձեր զորությունը, դուք որակվում եք, որպեսզի օգնեք Երկնային Հորն` Իր զավակներին հավաքելիս: Այդպիսով մեկ այլ օրհնություն կգա: Եթե այս աշխարհում կամ գալիք աշխարհում ընտանեկան կյանքում կորած գառին ետ բերելու կարիք ունենաք, դուք ավելի շատ զորություն կստանաք, քան այժմ կարող եք պատկերացնել:
Տերն այդ հրաշալի օրհնությունը նկարագրում է Ալմա 13.6-ում. «Եվ այսպես, կանչված լինելով այս սուրբ կոչումով, և կարգված Աստծո սուրբ կարգի բարձրագույն քահանայությամբ՝ սովորեցնելու նրա պատվիրանները մարդկանց զավակներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան մտնել նրա հանգստի մեջ»:
Դուք կարող եք ձեր ծառայության մեջ վստահություն ունենալ հաջողության այս խոստումով.
«Արդ, նրանք Սուրբ Հոգով սրբագործված լինելուց հետո, ունենալով իրենց հագուստները դարձած ճերմակ, լինելով անարատ ու անբիծ Աստծո առջև, չէին կարող նայել մեղքի վրա, բացի դա լիներ զզվանքով. և կային շատերը, չափից դուրս հսկայական քանակությամբ, ովքեր դարձվել էին անարատ և մտել Աստծո՝ իրենց Տիրոջ հանգստի մեջ:
Եվ արդ, ի՛մ եղբայրներ, ես կկամենայի, որ դուք խոնարհեցնեք ձեզ Աստծո առաջին, և առաջ բերեք ապաշխարությանը վայել պտուղ, որպեսզի դուք նույնպես կարողանաք մտնել այդ հանգստի մեջ»:7
Ես վկայում եմ, որ Հայր Աստվածն ապրում է: Դուք ուխտեր եք կապել նրա հետ: Նա ձեզ երդում է տալիս, հավերժական կյանքի խոստում, որը Նա չի կարող դրժել: Ես վկայում եմ ձեզ, որ քահանայությունը զորություն է, որով Աստված Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով ստեղծեց աշխարհները: Ես վկայում եմ, որ Աստված ցանկանում է դուք հաջողություն ունենաք և վերադառնաք տուն` կրկին հավերժ ապրելու Նրա հետ ընտանիքներով: Ես վկայում եմ ձեզ, որ սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է, որտեղ գտնվում են քահանայության բանալիները: Դա այն քահանայությունն է, որով Աստված պատվել է ձեզ: Ես խոստանում եմ ձեզ, որ Նա գիտի ձեր կարողությունները և որ դրանք բավարար են, որ լիարժեք հավատով հավերժական կյանքի հույս տածեք ձեր և ձեր ընտանիքների համար, հավիտյան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: