Աստծո դուստրերը
Կյանքում չկա ավելի կարևոր դեր, քան մայրությունը:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, վերջերս, կինս` Բարբարան ողնաշարի վիրահատություն տարավ և չէր կարողանում բարձրանալ, պտտվել և կռանալ: Ուստի, ես ավելի շատ եմ բարձրացրել, պտտվել և կռացել, քան երբևէ նախկինում, և դա ինձ օգնել է ավելի շատ գնահատել այն բաները, որոնք կանայք, և հատկապես, մայրերն անում են ամեն օր մեր տներում:
Չնայած կանայք ապրում են տներում խիստ տարբեր հանգամանքներում` ամուսնացած, միայնակ, այրիացած կամ բաժանված՝ ոմանք երեխաների հետ և ոմանք՝ առանց երեխաների, բոլորն Աստծո սիրելիներն են և Նա ծրագիր ունի Իր արդար դուստրերի համար, որ նրանք ստանան հավերժության բարձրագույն օրհնությունները:
Այսօր ես ցանականում եմ կենտրոնացնել իմ խոսքը հիմնականում մայրերի, հատկապես երիտասարդ մայրերի վրա:
Երբ երիտասարդ հայր էի, ես հասկացա մայրության պատասխանատու դերը: Ես ծառայեցի որպես խորհրդական, իսկ հետո եպիսկոպոս 10 տարիների ընթացքում: Այդ ժամանակաընթացքում մենք օրհնվեցինք մեր յոթ երեխաներից վեցով: Բարբարան հաճախ հալից ընկած էր լինում, մինչև ես տուն էի հասնում կիրակի երեկոյան: Նա փորձում էր բացատրել, թե ինչ էր նշանակում հաղորդության ժողովի ժամանակ հետևի շարքում նստել մեր երիտասարդ ընտանիքի հետ: Այնուհետև եկավ օրը, երբ ես կոչումից ազատվեցի: Ամբիոնում 10 տարի նստելուց հետո, այժմ ես նստած էի իմ ընտանիքի հետ, հետևի այդ շարքում:
Երգող մայրերի ծխի երգչախումբը կատարում էր երգը, և ես մեր վեց երեխաների հետ հայտնվեցի մենակ նստած: Ես երբեք այդքան զբաղված չէի եղել իմ ողջ կյանքում: Ես աշխատում էի զբաղեցնել տիկնիկներով երկու ձեռքով: Դա այնքան էլ լավ չէր ստացվում: Ուտելիքը թափվեց հատակին, և ես նեղվեցի: Թվում էր գունավոր գրքերն ինչպես պետք էր չէին զբաղեցնում:
Մինչ ես ժողովի ընթացքում մաքառում էի երեխաների հետ ես նայեցի Բարբարային և տեսա, որ նա նայում էր ինձ և ժպտում: Ես ինքս հասկացա՝ ավելի լիովին գնահատելով այն, ինչ դուք բոլորդ՝ սիրելի մայրեր, այնքան լավ և հավատարմորեն անում եք:
Մի սերունդ անց, որպես պապիկ՝ ես տեսել եմ այն զոհողությունները, որ արել են իմ դուստրերը, իրենց երեխաներին մեծացնելիս: Եվ այժմ, ևս մեկ սերունդ անց, ես երկյուղածությամբ տեսնում եմ այն դժվարությունները, որ իմ թոռնուհիներն են տանում՝ առաջնորդելով իրենց երեխաներին այս զբաղված և պահանջկոտ աշխարհում:
Երեք սերունդների մայրերի հետևելուց և նրանց վիճակի մեջ մտնելուց և նաև իմ իսկ սիրելի մոր մասին մտածելուց հետո, ես անկասկած գիտեմ, որ կյանքում չկա ավելի կարևոր և ավելի հավերժական դեր, քան մայրության դերը:
Չկա լավ մայր լինելու մեկ կատարյալ ուղի: Յուրաքանչյուր իրավիճակ եզակի է: Յուրաքանչյուր մայր ունի տարբեր մարտահրավերներ, տարբեր հմտություններ և ունակություններ և, իհարկե, տարբեր երեխաներ: Ընտրությունը տարբեր է և եզակի յուրաքանչյուր մոր և ընտանիքի համար: Շատերն ի վիճակի են լինում «լիաժամկետ մայրեր» լինել առնվազն իրենց երեխաների կյանքի ձևավորման ամենակարևոր տարիների ընթացքում և շատ ուրիշներ կցանկանային ի վիճակի լինել անելու դա: Ոմանք, հավանաբար, ստիպված էին աշխատել մասնակի կամ լիաժամկետ, ոմանք կարող էին աշխատել տանը, ոմանք բաժանել իրենց կյանքը` ժամանակահատվածների՝ տան և ընտանիքի ու աշխատանքի միջև: Կարևորն այն է, որ մայրը խորապես սիրում է իր երեխաներին և պահպանում նվիրվածությունը, որ նա ունի Աստծո և իր ամուսնու հանդեպ, որը և առաջնահերթ է դարձնում նրանց ամեն ինչից վեր:
Ես մեծ տպավորություն եմ ստացել անթիվ մայրերից, ովքեր հասկացել են, թե որքան կարևոր է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք կարող են արվել կյանքի որոշակի մի ժամանակահատվածում: Եթե երեխան ապրում է իր ծնողների հետ 18 կամ 19 տարի, այդ ժամանակահատվածը ծնողական կյանքի միայն մեկ չորրորդն է: Եվ երեխայի վաղ տարիների կյանքի առավելապես ձևավորող ժամանակը կազմում է ծնողների նորմալ կյանքի մեկ տասներորդից պակաս ժամանակահատված: Խիստ կարևոր է կենտրոնանանալ մեր երեխաների վրա այն կարճ ժամանակաընթացքում, որ նրանք մեզ հետ են և ձգտել ստանալ Տիրոջ օգնությունը, սովորեցնելու նրանց այն ամենը, ինչ կարող ենք, նախքան նրանք կթողնեն մեր տները: Այս հավերժորեն կարևոր աշխատանքն ընկնում է մայրերի և հայրերի վրա, որպես ամուսնական հավասար զույգի: Ես ուրախ եմ, որ բազմաթիվ հայրեր ավելի շատ են ներգրավվում իրենց երեխաների կյանքում: Բայց ես հավատում եմ, որ մայրերի բնազդներն ու իրենց երեխաների հանդեպ խիստ հոգացությանբ մասնակցությունը միշտ կլինի նրանց բարօրության հիմնական բանալին: Ինչպես ասվում է ընտանիքի մասին հայտարարությունում՝ «Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակության համար» (Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին, Լիահոնա, հոկտ.. 2004, 49):
Մենք պետք է հիշենք, որ մայրությանը լիովին նվիրվելն ու երեխաներին առաջինը դնելը կարող է դժվար լինել: Մեր ընտանիքում մեր չորս սերունդների իմ իսկ փորձից և Եկեղեցում փոքր երեխաներ ունեցող մայրերի հետ քննարկումների միջոցով ես որոշ բան գիտեմ մայրերի զգացմունքների մասին, որոնք ուղեկցում են տանը երեխաների հետ լինելու նրանց պարտականությանը: Կան մեծ ուրախության և բավարարվածության զգացման անհավատալի պահեր, բայց կան նաև անհամապատասխանության, միօրինակության և հուսախաբության պահեր: Մայրերը գուցեև զգան, որ իրենք քիչ են գնահատվում կամ չեն գնահատվում այն ընտրության համար, որ իրենք են կատարել: Երբեմն թվում է, թե ամուսինները նույնիսկ գաղափար չունեն իրենց կանանց պահանջների մասին:
Որպես Եկեղեցի մենք վիթխարի հարգանք և երախտագիտություն ունենք ձեր հանդեպ՝ փոքր երեխաների մայրեր: Մենք ուզում ենք, որ դուք լինեք երջանիկ և հաջողակ ձեր ընտանիքներում և ունենաք այն հավանությունն ու օգնությունը, որի կարիքն ունեք և արժանի եք: Այսպիսով, թույլ տվեք այսօր հարցնել և համառոտ պատասխանել չորս հարցերի: Չնայած իմ հարցերը կարող են խիստ հասարակ թվալ, եթե հասարակ բաների մասին հոգ տարվի, մոր կյանքը կարող է ամենապարգևատրվածը լինել:
Առաջին հարց. Ի՞նչ կարող եք դուք անել որպես երիտասարդ մայր՝ լարվածությունը թուլացնելու և ձեր ընտանիքից ավելի մեծ բավականություն ստանալու համար:
Առաջինը՝ ընդունեք, որ մայրության ուրախությունները գալիս են որոշակի պահերի: Կլինեն դժվարին ժամանակներ և հուսախաբության պահեր: Բայց դժվարությունների մեջ կլինեն ուրախության և բավարարվածության առկայծող պահեր:
Գրող Աննա Քուիդլենը հիշեցնում է մեզ՝ շտապողականությամբ չանցնել այս արագասահ պահերի վրայով: Նա ասել է. «Մեծագույն սխալը, որ ես արել եմ (որպես ծնող) մի բան է, որն անում են մեզանից մեծ մասը… . Ես բավականաչափ չէի ապրում տվյալ պահով: Դա հատկապես պարզ է այժմ, երբ պահն անցել է, որը միայն լուսանկարներում է պահպանված: Կա իմ երեխաների մի լուսանկար… . ամռան մի օր նստած ծածկոցի վրա՝ խոտերի մեջ, ճոճանակի ստվերում՝ վեց, չորս և մեկ տարեկան հասակում: Եվ ես ուզում էի հիշել, թե ինչ կերանք և ինչի մասին խոսեցինք և թե ինչպես էին նրանք խոսում և ինչ տեսք ունեին, երբ այդ գիշեր քնած էին: Ես կուզեի, որ այնպիսի շտապողականության մեջ եղած չլինեի, անցնելով հաջորդ բաներին՝ ճաշին, լոգանքին, գրքին, քնելուն: Կուզեի, որ մի քիչ ավելի շատ հոգ տարած լինեի գործի ընթացքին, և մի փոքր ավելի քիչ՝ գործը վերջացնելուն» (Loud and Clear [2004], 10–11):
Երկրորդ. մի գերհագեցրեք ձեր կամ ձեր երեխաների օրվա ռեժիմը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը լցված է տարբերակներով: Եթե ուշադիր չլինենք, մենք մեր յուրաքանչյուր րոպեն զբաղված կգտնենք ընկերական հանդիպումներով, դասերով, վարժություններով, գրքերի ակումբով, ալբոմներ ստեղծելով, եկեղեցական կոչումներով, երաժշտությամբ, սպորտով, ինտերնետով և մեր սիրելի հեռուստաներկայացումներով: Մի մայր ինձ պատմեց մի ժամանակաշրջանի մասին, երբ նրա երեխաները 29 ծրագրված պարտավորություններ ունեին ամեն շաբաթ՝ երաժշտության դասեր, սկաութներ, պարեր, բասկետբոլ, ցերեկային ճամբար, ֆուտբոլ և այլն: Նա իրեն տաքսու վարորդի պես էր զգում: Ի վերջո, նա հրավիրեց ընտանեկան ժողով և հայտարարեց. «Մենք պետք է մի բան անենք. մենք ժամանակ չունենք մեզ համար և չկա ժամանակ միմյանց համար»: Ընտանիքները կարիք ունեն չծրագրված ժամանակի, երբ հարաբերությունները կարող են խորանալ և կարող է տրվել իսկական ծնողական դաստիարակություն: Ժամանակ հատկացրեք լսելուն, ծիծաղելուն և միասին խաղալուն:
Երրորդ. եթե դուք նույնիսկ փորձում եք կրճատել ավելորդ պարտավորությունները, քույրե՛ր, գտեք ձեզ համար որոշ ժամանակ, զարգացնելու ձեր պարգևներն ու hետաքրքրությունները: Ընտրեք մեկ կամ երկու բան, որոնք դուք կցանկանայիք սովորել կամ անել, որը կհարստացներ ձեր կյանքը և ժամանակ հատկացրեք դրանց: Ջուր չի կարելի քաշել դատարկ ջրհորից, և եթե դուք չեք հատկացնում մի փոքր ժամանակ ձեզ հարստացնող ինչ-որ բանով, դուք ուրիշներին տալու ավելի ու ավելի քիչ բան կունենաք, նույնիսկ ձեր երեխաներին: Խուսափեք որևէ թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահումից՝ սխալմամբ մտածելով, որ այն կօգնի ձեզ ավելի շատ բան իրականացնել: Թույլ մի տվեք ձեզ տարվել ժամանակ վատնող, միտքը բթացնող բաների վրա, ինչպես օրինակ` հեռուստասերիալների կամ ինտերնետ նայելու վրա: Դիմեք Տիրոջը հավատքով, և դուք կիմանաք ինչ անել, և ինչպես անել:
Չորրորդ` աղոթեք, ուսումնասիրեք և ուսուցանեք ավետարանը: Խորապես աղոթեք ձեր երեխաների և որպես մայր ձեր դերի մասին: Ծնողները կարող են աղոթել առանձնահատուկ և սքանչելի ձևով, որովհետև նրանք աղոթում են մեր բոլորի Հավերժական Ծնողին: Մեծ զորություն կա աղոթքի մեջ, որը հիմնականում ասում է. «Մենք խնամակալ ծնողներ ենք Քո զավակների համար, Հայր, խնդրում ենք օգնիր մեզ մեծացնել նրանց այնպես, ինչպես որ Դու կկամենայիր, որ մենք նրանց մեծացնենք»:
Երկրորդ հարց. Ուրիշ ի՞նչ կարող է անել ամուսինն իր կնոջը՝ իրենց երեխաների մորը օգնելու համար:
Առաջինը` լրացուցիչ անգամ գնահատեք և ավելի շատ հավանություն տվեք այն բաների համար, որ ձեր կինն անում է ամեն օր: Նկատեք արված բաները և հաճախ ասեք շնորհակալություն: Ծրագրեք մի քանի երեկոներ միասին անցկացնել, միայն դուք երկուսով:
Երկրորդ` կանոնավոր ժամանակ տրամադրեք խոսելու ձեր կնոջ հետ՝ յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին և ինչ կարող եք անել նրանց օգնելու համար:
Երրորդ՝ ժամանակ առ ժամանակ ձեր կնոջը «հանգստյան օր» տվեք: Ձեր վրա վերցրեք տան հոգսը և արձակուրդ տվեք նրան իր ամենօրյա պարտականություններից: Տան հոգսը ձեր վրա վերցնելը մեծապես կօգնի ավելի շատ գնահատել այն ամենը, ինչ ձեր կինն անում է: Դուք կարող եք շատ կռանալ, բարձրանալ և պտտվել:
Չորրորդ. տուն գալով աշխատանքից ակտիվ դեր ստանձնեք ձեր ընտանիքներում: Մի դրեք աշխատանքը, ընկերներին կամ սպորտը ձեր երեխաներին լսելուց, նրանց հետ խաղալուց և նրանց սովորեցնելուց վեր:
Երրորդ հարց: Ի՞նչ կարող են երեխաները, նույնիսկ փոքր երեխաներն անել: Այժմ դո՛ւք, երեխաներ, խնդրում եմ լսեք այս հասարակ բաները, որոնք դուք կարող եք անել՝ ձեր մայրիկին օգնելու համար:
Դուք կարող եք հավաքել ձեր խաղալիքները, երբ վերջացնեք դրանցով խաղալը, և երբ դուք մի քիչ մեծանաք, դուք կարող եք հավաքել ձեր անկողինը, օգնել լվանալ ամանները և անել այլ ամենօրյա գործեր, առանց սպասելու որ խնդրեն:
Դուք կարող եք ավելի հաճախ ասել «շնորհակալություն», երբ համեղ ճաշ ուտեք, երբ քնելիս պատմություն պատմեն ձեզ կամ երբ մաքուր շորեր դրվեն ձեր դարակներում:
Ամենից առավել, դուք կարող եք հաճախ գրկել ձեր մայրիկին և ասել, որ սիրում եք նրան:
Վերջին հարցը. Ի՞նչ կարող է անել Եկեղեցին:
Կան շատ բաներ, որ Եկեղեցին առաջարկում է մայրերին և ընտանիքներին, բայց իմ նպատակի համար կարո՞ղ եմ այսօր առաջարկել, որ եպիսկոպոսությունը և ծխի խորհրդի անդամները լինեն հատկապես ուշադիր և նրբանկատ երիտասարդ մայրերի և նրանց ընտանիքների ժամանակի և միջոցների պահանջարկի հարցում: Ճանաչեք նրանց և իմաստուն եղեք, թե ինչ եք խնդրում նրանց անել իրենց կյանքի այս ժամանակահատվածում: Իր որդի Հելամանին Ալմայի խորհուրդը վերաբերվում է մեզ այսօր. «Ահա, ես ասում եմ քեզ, որ փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները» (Ալմա 37.6):
Հուսով եմ, դուք բոլորդ, սիրելի քույրեր՝ ամուսնացած, թե միայնակ, երբեք չեք կասկածում, թե ինչ արժեք եք ներկայացնում Տիրոջ և Եկեղեցու առաջնորդների աչքում: Մենք սիրում ենք ձեզ: Մենք հարգում ենք ձեզ և գնահատում ձեր ազդեցությունը ընտանիքը պահապանելիս և Եկեղեցու հոգևոր կենսունակությանն ու աճին օգնելիս: Եկեք հիշենք, որ «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում Իր զավակների հավերժական ճակատագրի համար» (Ընտանիք Հայտարարություն Աշխարհին): Սուրբ գրքերն ու մարգարեների և առաքյալների ուսմունքներն օգնում են բոլոր ընտանիքի անդամներին պատրաստվել միասին լինել այժմ և ողջ հավերժությունում: Աղոթում եմ, որ Աստված շարունակի օրհնել Եկեղեցու կանանց՝ որպես Աստծո դուստրեր իրենց սրբազան դերում՝ գտնելու ուրախություն և երջանկություն:
Այժմ, եզրափակելով, ցանկանում եմ ավելացնել իմ վկայությունը Նախագահ Մոնսոնի մարգարեական կոչման վերաբերյալ: Ես ճանաչել եմ նրան այն ժամանակից սկսած, երբ նա 22 տարեկան էր, իսկ ես՝ 21 տարեկան: 58 տարի ես տեսել եմ Տիրոջ ձեռքը նրա համար այս օրվան պատրաստելիս՝ նախագահելու Եկեղեցու վրա, որպես մեր մարգարե և Նախագահ: Եվ ես ավելացնում եմ իմ վկայությունը բոլոր մյուսներին, որոնք տրվեցին այս համաժողովի ընթացքում, որպես Եկեղեցու Նախագահի նրա հատուկ կոչման վերաբերյալ և ավելացնում իմ վկայությունը բոլոր մյուսներին, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ սա Նրա Եկեղեցին է: Մենք կատարում ենք Նրա աշխատանքը, որի մասին ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: