Ուշք դարձրեք Մարգարեների խոսքերին
Որպես Եկեղեցու քահանայություն կրողներ, մեր լուրջ պատասխանատվությունն է հետևել մեր մարգարեին:
Քահանայության իմ սիրելի եղբայրնե՛ր, ես շնորհակալ եմ ձեզ հետ լինելու այս պատմական օրը` գերագույն համաժողովի այս նիստին:
Մենք բոլորս հիանում ենք նրանցով, ովքեր վտանգում են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար:1 Երբ ես անցյալ տարի այցելում էի Հարավային Կալիֆորնիա Սանտա Անա քամուց կործանարար հրդեհների ժամանակ, ես հետ եկա երկու տպավորություններով: Առաջինը կապված էր նրա հետ, թե ինչպես էին Եկեղեցու անդամները օգնության հասել կարիքի մեջ գտնվողներին: Երկրորդը, որքան շնորհակալ էին մարդիկ կրակը մարողներից: Մի տանտեր նկարագրում է, թե ինչ արեց մի հրշեջ: Նա շեշտեց, որ Սանտա Անա քամիները փչում էին տաք անապատից դեպի օվկիանոս: Երբ հրդեհ բռնկվեց, անապատի այդ տաք քամիները քշում էին կրակը 60–70 մղոն/ժամ արագությամբ: Այդ տանտերը արտահայտում էր իր երախտագիտությունն ու հիացմունքը, պատմելով, թե ինչպես էին հրշեջները իրենց խողովակներով կանգնած մաքրված տարածքում կրակի պատի դիմաց, որը բարձրանում էր մինչև 3 կմ և իջնում իրենց վրա ահռելի արագությամբ: Այդ խիզախ տղամարդիկ և կանայք կարողացան փրկել և մարդկանց, և տները, գտնվելով անդադար վտանգի մեջ:
Ժամանակ առ ժամանակ, որպես անհատներ և որպես եկեղեցու անդամներ, մենք անցնում ենք ճգնաժամի և վտանգի միջով: Որոշ խնդիրներ ի հայտ են գալիս արագ, ինչպես կրակը: Մյուսները դանդաղ են և երբեմն աննկատելիորեն են մոտենում, մինչև որ թափվում են մեզ վրա: Որոշները հերոսական ջանքեր են պահանջում, սակայն հիմնականում դրանք այնքան էլ տպավորիչ չեն: Մեր արձագանքելու եղանակը որոշիչ է: Իմ նպատակն է այս երեկո քահանայություն կրողներին կրկին շեշտել մարգարեների խոսքերին ուշք դարձնելու կարևորությունը: Սա մեկ հաստատուն եղանակ է ցանկացած տեսակի ֆիզիկական և հոգևոր վտանգի դեպքում գործելու համար: Որոշ օրինակներ օգտակար կլինեն:
Ձեզանից շատերը ճանապարհորդել են ճանապարհներով, որոնք թույլ են տալիս զգալ և գնահատել Վիլի և Մարտին ձեռնասայլակների ընկերությունների զարմանալի փրկության պատմությունը: Առաջին անգամ ես լսեցի փրկության այդ պատմությունը դեռահաս տարիքում: Մայրս ինձ մի գիրք տվեց, որը գրել էր Օրսոն Ֆ. Վիթնին, որը հետագայում Առաքյալ դարձավ:2 Երեց Վիթնիի գիրքը ինձ ծանոթացրեց հերսական այն ջանքերին, որ ձեռնարկեց Բրիգամ Յանգը ձեռնասայլակների ընկերությունները փրկելու համար: Ձմեռային փոթորիկները վրա էին հասել Վայոմինգի բարձրունքներում: Ոմանք մահացան, շատերը մահվան շեմին էին: Բրիգամ Յանգը լսեց նրանց դժվարությունների մասին և 1856թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Սրբերին պատվիրեց թողնել ամեն ինչ և գնալ փրկել նրանց, ովքեր մնացել են դաշտերում:3
Արձագանքն աննախադեպ էր: Երեց Վիթնին հաղորդում է. «Քաջ տղամարդիկ իրենց հերոսությամբ, քանզի իրենց սեփական կյանքի գնով նրանք մաքառում էին տափաստանների ցրտաշունչ փոթորիկների դեմ, անմահացրին իրենց, և արժանացան հարյուրավոր մարդկանց հավերժ երախտագիտությանը, ովքեր անկասկած փրկվեցին մահից ժամանակին ձեռնարկած նրանց գործողության շնորհիվ»:4
Պատճառներից մեկը, որ մայրս տվեց այդ գիրքը, այն էր, որ Երեց Վիթնին հատուկ հիշատակում էր այնտեղ իմ նախապապին` Դեյվիդ Փաթեն Քիմբալին, որը 17 տարեկանում մասնակցեց փրկարար աշխատանքներին: Բոլոր փրկարարները մարտնչում էին առատ ձյան և սառը ջերմաստիճանի դեմ: Անձնական մեծ զոհաբերությամբ Դեյվիդն ու նրա գործընկերները օգնեցին պիոներներից շատերին հանել սառցակալած Սվիթվոթերից:5 Այս իրական պատմությունը մեծապես տպավորեց ինձ: Ես ցանկացա ապացուցել իմ նվիրումը Տիրոջը որևէ նշանակալից գործի միջոցով: Ինչևէ, երբ այցելեցի պապիս, նա բացատրեց, որ երբ Նախագահ Բրիգամ Յանգը ուղարկեց նրա հորը` Դեյվիդին, ու այլ երիտասարդների այդ փրկրարար միսիային, նա նրանց հրահանգեց անել հնարավոր ամեն ինչ ձեռնասայլակների ընկերությունները փրկելու համար, անգամ իրենց կյանքի գնով:6 Նրանց քաջությունը պետք է արտահայտվեր «մարգարե Բրիգամ Յանգին հետևելու» մեջ, ինչով նրանք կապացուցեին Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը: Պապս ասաց, որ հետևողական, հավատարիմ նվիրումը մարգարեի խորհրդին այն իրական դասն էր, որը ես պետք է սովորեմ իմ նախապապի ծառայությունից: Որքան որ հերոսական էր դա Դեյվիդի ու նրա ընկերների համար` օգնել փրկել պիոներներին, այնքան խիզախություն է այսօր պահանջվում հետևելու մեր մարգարեի խորհրդին:
Հաճախ պատմած պատմությունը Հին Կտակարանից ցուցադրում է այս սկզբունքը: Նէեմանը, հայտնի մի առաջնորդ Սիրիայից, տառապում էր բորոտությամբ: Նա լսել էր Իսրայելում մարգարե Եղիայի մասին, որը կարող էր բուժել իրեն: Եղիան սուրհանդակի հետ լուր ուղարկեց, որ Նէեմանը լվացվի Հորդանան գետում յոթ անգամ: Սկզբից Նէեմանը զայրացավ, լսելով այդ խորհուրդը: Սակայն նրա ծառաներն ասացին. «Եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէ՞իր անի»:Եվ Նէեմանը հետևեց մարգարե Եղիայի խորհրդին և մաքրվեց:7
Նէեմանի նման, դուք` երիտասարդ քահանայություն կրողներդ, կարող եք երազել մեծ բաներ կատարել կամ մասնակցել մի նշանակալից գործի, ինչպիսին էր ձեռնասայլակների փրկությունը: Սակայն, դուք պետք է վճռական լինեք հետևելու մարգարեի խորհրդին: Առաջին Նախագահությունը վերահաստատել է իր պարտավորվածությունը երիտասարդների արժանավորությունը բարձրացնելու գործում, որոնք երաշխավորվում են միսիոներական ծառայության: Աշխարհի մեղքերից ձեզ մաքուր պահելը և միսիոներական ծառայության բարձր չափանիշներին հետևելը պետք է լինի մեկ նպատակ: Պատրաստվել ստանալու ավետարանը քարոզելու մարգարեի կանչը և Երկնային Հոր զավակներին հոգևոր փրկություն ապահովելը կլինեն և նշանակալից, և հերոսական դրսևորումներ: Դուք կարող եք ընդունել այդ մարտահրավերը:
Պատմության ընթացքում սիրող Երկնային Հայրը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, որը Եկեղեցու գլուխն է, օրհնել են մեզ մարգարեներով, որոնք խորհուրդ են տվել և նախազգուշացրել մեզ ապագա վտանգներից:8 Վարդապետություն և Ուխտերի բաժին 21-ում, հատուկ մարգարեի մասին խոսելիս Տերը հայտարարում է.
« Դու պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին և պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք` ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.
Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով»:9
Այս առավոտ մենք մեծ պատիվ ունեցանք հանդիսավոր ժողովով հաստատել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին որպես մեր մարգարե, տեսանող և հայտնող և այս տնտեսության Եկեղեցու 16-րդ նախագահ: Այս քահանայության նիստին ավելի ուշ մենք օրհնություն կունենանք լսելու նրա առաջին ելույթը գերագույն համաժողովին` որպես Եկեղեցու Նախագահ: Մենք կաջակցենք նրան մեր ողջ սրտով և մեր գործերով, երբ մեծ ուշադրությամբ լսենք այն, ինչ նա սովորեցնում է, և զգանք այն:
Մեր նախորդ մարգարե` Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հանդեպ իմ սերն ու գնահատանքը խորը տեղ ունի իմ սրտում և ինձ հետ կմնա հավերժությունների ընթացքում: Սակայն ինչպես մեր սրտերում տեղ կա բոլոր երեխաների համար, ովքեր մտնում են մեր ընտանիք, այնպես էլ տեղ կա նույն սիրո և նվիրվածության համար յուրաքանչյուր մարգարեի համար, որին Տերը կանչում է Իր Եկեղեցին ղեկավարելու:
Մարգարեները ոգեշնչվում են մեզ ապահովելու մարգարեական առաջնահերթություններով, որպեսզի պաշտպանեն վտանգներից: Որպես օրինակ, Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը, 1918–1945թթ. մարգարեն, ոգեշնչվեց շեշտելու Իմաստության Խոսքը պահելու կարևորությունը,10 խոստումով մի սկզբունք, որը բացվեց Ջոզեֆ Սմիթին Տիրոջ կողմից:11 Նա շեշտեց չը-ծխելու և ալկոհոլ չօգտագործելու կարևորությունը և եպիսկոպոսներին պատվիրեց վերանայել այդ սկզբունքները տաճարի երաշխավորագրի հարցազրույցներում:
Այդ ժամանակ ծխելն ընդունված էր հասարակության կողմից որպես պատշաճ, անգամ հմայք վայելող, պահվածք: Բժշկությունը ծխելուն քիչ ուշադրություն էր դարձնում, քանի որ գիտական ուսումնասիրությունները, որոնք կարող էին ծխախոտ ծխելու և քաղցքեղի որոշ տեսակների միջև կապ հաստատել, դեռ ապագայում էին: Նախագահ Գրանտի խորհուրդը շատ եռանդուն էր, և մենք հայտնի դարձանք որպես ժողովուրդ, որը զերծ է մնում ալկոհոլ խմելուց և ծխելուց:
Սկսած 1960-ականների վերջից թմրանյութերի անօրինական օգտագործումը ողջ աշխարհում համաճարակային չափերի հասավ: Թեև որոշ անդամներ ըմբոստացան, ՎՕՍ-ի երիտասարդության հիմնական մասը կարողանում է խուսափել թմրանյութերի կործանարար օգտագործումից:
Իմաստության Խոսքը պահելը մեր անդամների, հատկապես մեր երիտասարդների համար, կանխարգելիչ պատվաստում է թմրանյութերի օգտագործման և առողջական խնդիրների ու բարոյական վտանգների դեմ: Իմաստության Խոսքով այսօր ապրելը կազատի ձեզ առավել լուրջ վտանգներից, որոնք կարող են պատահել ձեր կյանքում:
Երբեմն մարգարեները մեզ ուսուցանում են մարգարեական առաջնահերթությունները, որոնք մեզ պաշտպանություն կտան այժմ և ապագայում: Որպես օրինակ, Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը մարգարե էր 1951-ից մինչև 1970 թիվը: Նրա կարևորագույն թեմաներից էր ընտանիքի կարևորությունը: Նա սովորեցնում էր, որ կյանքում ոչ մի հաջողություն չի կարող փոխարինել ընտանիքում ձախողություն ապրելը:12 Նա անդամներին խրախուսում էր ամրացնել ընտանիքները, մեծացնելով կրոնական գործունեությունը: Նրա ուսմունքները պաշտպանություն էին տալիս ամուսնության ինստիտուտի փլուզումից, որը տեղի ունեցավ նրա մահից հետո:13 Նախագահ Մակքեյի ուսմունքի շնորհիվ Վերջին Օրերի Սրբերը ամրացրեցին իրենց նվիրվածությունը ընտանիքին և հավերժական ամուսնությանը:
Որպես Եկեղեցու քահանայություն կրողները, մեր լուրջ պատասխանատվությունն է հետևել մեր մարգարեին: Մենք հաստատում ենք Նախագահ Մոնսոնին և նրա խորհրդականներ` Նախագահ Այրինգին և Նախագահ Ուխդորֆին:
Մենք ուզում ենք, որ դուք` երիտասարդներ, իմանաք, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը դեռ երիտասարդ տարիքից պատրաստվել է Տիրոջ կողմից լինելու մարգարե:14 Նավատորմում ծառայելուց հետո Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վերջում, նա կարգվեց որպես եպիսկոպոս 22 տարեկան հասակում, ապա ծառայեց ցցի նախագահությունում: 32 տարեկան հասակում նա ծառայում էր որպես միսիայի նախագահ Կանադայում իր սիրելի կողակցի` Ֆրենսիս Մոնսոնի հետ: Նա կանչվեց առաքյալ Նախագահ Մակքեյի կողմից, երբ միայն 36 տարեկան էր: Նա ամենաերիտասարդ տղամարդն էր, որ կանչվեց որպես Առաքյալ վերջին 98 տարիների ընթացքում, և նա ծառայեց ավելի քան 44 տարի: Վերջին 22 տարիների ընթացքում նա ծառայեց որպես Նախագահներ Էզրա Թավտ Բենսոնի, Հովարդ Վ. Հանթերի և Գորդոն Բ. Հինքլիի խորհրդական:15
Վարդապետություն և Ուխտերի բաժին 81-ը նկարագրում է Առաջին Նախագահության խորհրդականի համար հրահանգները: Այն պարունակում է քահանայության կարևոր սկզբունքներ: Առաջին հրահանգն է «լինել հավատարիմ խորհրդի մեջ»: Նախագահ Մոնսոնը հավատարմորեն խորհրդակցում էր բոլոր երեք մարգարեների հետ, ում ղեկավարությամբ ծառայում էր: Բոլոր կարևոր որոշումների ժամանակ Առաջին Նախագահության միասնությունը օրինակ է եղել մեզ բոլորիս համար, որը ցույց է տվել ինչպես քահանայություն կրողները պետք է գործեն Եկեղեցու կառավարման մեջ:
Երկրորդ հրահանգն է` «ավետարանը քարոզելը»: Նախագահ Մոնսոնը մեծ միսիոներ է եղել իր ողջ կյանքում: Նրա անձնական միսիոներական ջանքերը, Միսիոներական Բաժանմունքի նրա ղեկավար աշխատանքը և միսիայի նախագահներին կանչելու և ուսուցանելու նրա ջանքերը մեծ խանդավառությամբ էին իրականացվում: Նա նշանակալից ներդրում է կատարել միսիոներական նոր ուղեցույցի մեջ, որն է` Քարոզիր Իմ Ավետարանը: Ի լրումն բովանդակային արժեքավոր ներդրումի, նա ոգեշնչվել է ընդգրկելու իրական պատմություններ, որոնք ուղեցույցը կենդանի են դարձրել: Իր տպագրողի աչքով նա բարելավել է կառուցվածքն ու տեսքը: Նա իսկապես մեծ միսիոներ է:
Երրորդ հրահանգն ասում է. «Եղիր հավատարիմ. Կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. Սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»:16 Մեր եղբայրներից և քույրերից շատերը իրենց կյանքում ահռելի խնդիրներ են ունենում: Մեր Եկեղեցական օգնության միջոցով մենք, որպես քահանություն կրողներ, ծնողներ, ընկերներ և տնային ուսուցիչներ, կարող ենք նմանվել ձեռնասայլակների ընկերությունների փրկարարներին:
Նախագահ Մոնսոնի փրկարար ջանքերն այս առումով հատկապես օրինակելի են եղել: Լինելով եպիսկոպոս նա սովորել է ծառայել իր ծխի անդամներին: Նա կապի մեջ էր բոլորի հետ և ծառայեց նրանց երեխաներին և թոռներին: Չնայած զբաղված ժամանակացույցին, նա կարողացավ ելույթ ունենալ բոլոր 84 այրիների թաղման արարողություններին, որոնք ապրում էին իր ծխում, երբ նա եպիսկոպոս էր:
Մարդասիրական աշխատանքների վերահսկման նրա երկարատև տարիները օրհնել են մարդկանց ամբողջ աշխարհում, ինչպես անդամներին, այնպես էլ ոչ մեր հավատքի մարդկանց: Նրա անձնական ծառայությունը Քրիստոսանման է և մխիթարություն ու խաղաղություն է պարգևում անթիվ մարդկանց: Իմ ընկերներից մեկը, որը կորցրել էր թոռանը ողբերգական վթարի արդյունքում, ասաց ինձ, որ իր վիշտը աննկարագրելի էր: Նախագահ Մոնսոնի ծառայությունը նրա անտանելի վիշտը վերածեց հասկացողությունից վեր տարածվող խաղաղության: Հիվանդներին և տառապյալներին անձամբ ծառայելու նրա ջանքերը անզուգական էին:
Նախագահ Մոնսոնն արել է ինչ կարողացել է, որպեսզի «սատարի թույլերին, բարձրացնի ընկած ձեռքերը և ամրացնի տկար ծնկները»: Նա առանձնահատուկ ճանապարհով մեծարել է իր կոչումը որպես Առաջին Նախագահության խորհրդական: Նա համարձակորեն վկայել է Հիսուս Քրիստոսի անունով ողջ աշխարհում, ինչը բոլոր Առաքյալների առաջնային պարտականությունն է:
Լինելով Տասներկուսի կրտսեր անդամ, մասնակցելով Առաջին Նախագահության իմ առաջին վերակազմավորմանը Սոլթ Լեյք Տաճարի վերնահարկում այս անցած փետրվարին , ես զգացի Հոգու հաստատումը, երբ Տասներկուսը անհատապես և անանուն հաստատեցին Նախագահ Մոնսոնին որպես Տիրոջ մարգարե և Եկեղեցու Նախագահ:
Ես շնորհակալ եմ մեր Երկնային Հորը, որը սիրում է մեզ, և Նրա Որդի` Հիսուս Քրիստոսին, որը մեր Փրկիչն է, և Քավության միջոցով, Նա մեր վերջնական փրկարարն է կյանքի ֆիզիկական և հոգևոր վտանգներից: Նա մեր դատապաշտպանն է Հոր առաջ: Սրա մասին ես բերում եմ վկայություն Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: