Լավագույն ներդրումը
Եթե դուք միշտ վճարեք ձեր ազնիվ տասանորդը, Տերը կօրհնի ձեզ: Դա կլինի ձեր լավագույն ներդրումը:
Երբ ես երիտասարդ տղա էի, մեր հարևանը կաթնատու կովեր էր պահում: Նրա կովերից մեկը սատկեց և հարևանս նրա նորածին հորթին նվիրեց ինձ: Ես խնամում էի հորթին, կերակրում ու մեծացնում նրան: Այն օրը, երբ հայրս տարավ նրան շուկա վաճառելու, ես խառը զգացումներ ունեի. ես ընտելացել էի իմ հորթին, սակայն միևնույն ժամանակ անհամբեր սպասում էի իմ աշխատանքի վարձատրությանը: Ես միայն խնդրել էի, որ վաճառված հորթից ստացված փողը արծաթե դոլարներով լիներ: Ես հիշում եմ, ինչպես հայրս այդ օրը տուն վերադարձավ և 20 արծաթե դոլար դրեց ձեռքս: Փողը դժվար էր գալիս, և ինձ համար դրանք ողջ աշխարհի փողն էին: Ես հաշվեցի, հիացա և խնամքով փայլացրեցի ամեն մի դրամը: Երբ եկավ Կիրակին, ես դժվարությամբ դրեցի դրամներից երկուսը գրպանս` տասանորդս վճարելու համար: Որքան էլ որ դժվար էր հանձնել իմ թանկարժեք արծաթե դրամները եպիսկոպոսին, ես այժմ դեռ հիշում եմ, թե ինչ լավ ինձ զգացի, որ հնազանդ եղա Տիրոջը:
Կիրակնօրյա դպրոցից հետո մայրս ինձ սպասում էր եպիսկոպոսի գրասենյակում: Կարծում եմ, նա ուզում էր համոզվել, որ ես իսկապես վճարել էի իմ տասանորդը: Նա ասաց. «Ձեր պապիկը միշտ ասել է մեզ` երեխաներիս, որ եթե մենք հավատքով վճարենք մեր ազնիվ տասանորդը, Տերը կօրհնի մեզ և դա կլինի լավագույն ներդրումը, որը մենք կարող ենք երբևէ կատարել»:
Պապիկս հասկանում էր, որ «կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները, - Եվ եթե մենք ինչ-որ օրհնություններ ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»:1 Տասանորդը Աստծո պատվիրան է, և երբ մենք հնազանդվում ենք Նրա օրենքին, Նա պարտավորվում է օրհնել մեզ: Անգամ լինելով յոթ տարեկան տղա ես ընդունակ էի հասկանալ դա: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, խոսելով Աստծո օրենքների մասին, ասել է. «Խախտելով դրանք մենք տառապում ենք երկարատև հետևանքներից: Հնազանդվելով, մենք ստանում ենք հավերժական ուրախություն»:2
Դուք կհիշեք, որ Իսրայելը անիծվեց Աստծուն թալանելու համար և մարդիկ հարցրեցին. «Ինչ բանում ենք քեզ խաբում»: Պատասխանն էր. «Տասանորդումը և ընծայումը»: Եվ հետո Իսրայելացիները խոստում ստացան, որ, եթե հնազանդվեն տասանորդի Նրա օրենքին, ապա կկարողանան ստանալ Նրա օրհնությունները: Տերն ասել է. «Բոլոր տասանորդը տարեք գանձատունը,… և ինձ մեկ փորձեցեք սորանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չեմ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար` մինչև որ նորա համար տեղ չլինի»:3
Տերը Իսրայելին խնդրեց ապացուցել Իրեն, փորձել Իրեն, հավատք ունենալ Իր հանդեպ, որպեսզի Նա կարողանա պահել նրանց տրված Իր խոստումը: Այդ նույն պատվիրանը և այդ նույն խոստումը գործում է նաև այսօր: Երբ մենք պահում ենք տասանորդի օրենքը, Տիրոջ խոստումը հաստատուն է. Օրհնությունները կտրվեն մեզ և ֆիզիկական և հոգևոր առումներով, ըստ Տիրոջ իմաստության և ժամանակի:
Իմ կինը` Ջոանը, և ես հնարավորություն ենք ունեցել ապրելու աշխարհի տարբեր վայրերում, հրաշալի մարդկանց մեջ, որոնք ամեն օր ապավինում են Տիրոջը իրենց ամենահիմնական կարիքների համար: Նրանք, ում հավատքը բավականացնում է վճարելու իրենց տասանորդը, վկայում են, որ երկնքի պատուհանները բացվում են իրենց առաջ: Ես հիշում եմ, ինչպես Ֆիլիպիններում մի հավատարիմ հայր պատմում էր, թե ինչպես մի կիրակի եպիսկոպոսին վճարեց իր չնչին տասանորդը, ապա տարավ իր երեխաներին եկեղեցուց տուն, լավ իմանալով, որ տանը ուտելիք չկար: Ճանապարհին մի հացենու մի հսկա պտուղ ծառից ընկավ ուղիղ նրանց առաջ: Նա անմիջապես նայեց վերև և շնորհակալություն հայտեց Աստծուն երկնքի պատուհանները բացելու և երեխաներին որպես կերակուր իրեն այդ պտուղը ուղարկելու համար:
Մենք ապրում ենք տնտեսական դժվար ժամանակներում: Սակայն, եթե նայենք հետ, անցած տարիներին, կտեսնենք, որ եղել են և կլինեն համեմատաբար բարգավաճ տարիներ, ինչպես նաև ֆինանսական անորոշության տարիներ: Սակայն, անկախ հանգամանքներից, որոնցում մենք գտնվում ենք, եթե մենք նախ վճարենք մեր պարտքը Տիրոջը, ապա կիրառենք իմաստություն և ճիշտ դատողություն, ապա Տերը կօգնի մեզ օգտվել այն միջոցներից, որոնք Նա տվել է մեզ:
Նախագահ Հեբեր Ջ. Գրանտն ասել է. «Ես ուզում եմ ձեզ ասել, որ եթե դուք ազնիվ լինեք Տիրոջ հետ, վճարելով ձեր տասանորդը և պահելով Նրա պատվիրանները, Նա ոչ միայն կօրհնի ձեզ լույսով և Իր Սուրբ Հոգու ոգեշնչմամբ, այլ դուք կօրհնվեք դոլարներով և ցենտերով, դուք կկարողանաք վճարել ձեր պարտքերը, և Տերը նյութական օրհնություններ կթափի ձեզ վրա մեծ առատությամբ»:4
1936 թվին Մեծ Ճգնաժամի կիզակետին Միացյալ Նահանգներում, երբ մարդիկ ջանում էին ծայրը ծայրին հասցնել, Երեց Ջոն Ա. Վիդսթոուն հորդորեց Սրբերին վճարել իրենց տասանորդները, որ նրանք ստանային իրենց հոգևոր օրհնությունները: Նա ասում էր. «Տասանորդի օրենքին հնազանդվելը … պարգևում է խորը, ներքին ուրախություն, … որը հնարավոր չէ ձեռք բերել որևէ այլ ճանապարհով: Ճշմարտության սկզբունքները դառնում են ավելի հստակ: … Աղոթքը դառնում է ավելի հեշտ: … Հոգևոր զգացողությունը սրանում է, [և] … մարդը դառնում է ավելի նման իր Երկնային Հորը»:5
Արևմտյան Աֆրիկայում մի մայր կիսվեց տասանորդի մասին իր վկայությամբ: Նա շուկայում վաճառող էր աշխատում: Ամեն օր նա գալիս էր տուն, հաշվում իր տասանորդը և առանձնացնում մի հատուկ տեղում: Ապա կիրակի նա հավատարմորեն տանում էր այն իր եպիսկոպոսին: Նա պատմեց, թե ինչպես աճեց իր բիզնեսը, և ինչպես իր ընտանիքը օրհնվեց առողջությամբ, ուժով և բավարար ուտելիքով: Ապա արցունքները աչքերին նա ասաց. «Բայց ամենամեծ օրհնություններն այն էին, որ իմ երեխաները սիրում էին Տիրոջը և որ մենք հավերժական ընտանիք էինք»:
Այս խոնարհ մայրը հասկանում էր, որ լրիվ տասանորդ վճարող լինելու ամենամեծ օրհնություններից մեկը Տիրոջ տուն մտնելու արտոնությունն էր և սուրբ արարողություններին մասնակցելը, ինչը ընտանիքներին հնարավորություն էր տալիս ընդմիշտ միասին լինել:
Եթե մենք հավատարիմ ձևով վճարում ենք մեր տասանորդը, Տերը իսկապես կբացի երկնքի պատուհանները և օրհնություն կթափի, մինչև որ նրա համար բավականաչափ տեղ չլինի: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, և հատկապես իմ երեխաները և թոռները, իմանան, որ ես գիտեմ, ինչպես գիտեր իմ պապը, որ, եթե դուք միշտ վճարեք ձեր ազնիվ տասանորդը, Տերը կօրհնի ձեզ: Դա կլինի ձեր լավագույն ներդրումը: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: