Մեկը` ամբոխի մեջ
Թող որ մենք հանգիստ և վճռականորեն առաջ մղվենք դեպի Փրկիչը, ունենալով հավատ, որ Նա հոգ է տանում մեզ համար և մեզ բժշկելու ու փրկելու զորություն ունի:
Ղուկասի ավետարանում մենք կարդում ենք մի կնոջ մասին, որը 12 երկար տարիներ տառապում էր արյունահոսությունից: Նա իր բոլոր միջոցները ծախսել էր բուժում գտնելու համար, սակայն ապարդյուն: Մարդկանց բազմության մեջ այդ կինը մոտեցավ Փրկչին` ետևից և դիպչեց Նրա հանդերձի փեշին: Հիսուսը ցանկացավ իմանալ, թե ով դիպչեց Իրեն, քանի որ զգաց, որ Իրենից զորություն գնաց: Առաքյալները չհասկացան այդ հարցը և հարցրեցին. «Վարդապետ, ժողովուրդները սեղմում են քեզ ու նեղում, և դու ասում ես, Ո՞վ է որ ինձ դպավ»:1 Այնուհետև այդ կինը մեծ երկյուղով և դողալով խոստովանեց, որ ինքն էր մոտեցել Նրան և իսկույն բժշկվել: Փրկիչը նրան խաղաղությամբ արձակեց, ասելով, որ իր հավատքն իրեն բժշկեց:
Այս հետաքրքիր փոքր պատմության շուրջ խորհրդածելու և դրանից սովորելու շատ բան կա:
Ես պատկերացնում եմ այդ բազմությունը: Այն պետք է որ բավականին մարդաշատ լիներ, քանի որ մարդիկ սեղմում էին Հիսուսին: Հնարավոր է այն աղմկոտ բազմություն էր, քանի որ մարդիկ հրմշտում էին, փորձելով ավելի լավ տեսնել Նրան: Ես մտածում եմ` ինչո՞ւ էին նրանք այնտեղ: Իմ կարծիքով, շատերը եկել էին հետաքրքրությունից դրդված: Ուր էլ որ Նա գնում էր, Նրա գալու մասին լուրը և Նրա գործած հրաշքների մասին պատմությունները Իրենից առաջ էին տեղ հասնում: Մի գուցե նրանք ակնկալում էին տեսնել ինչ-որ արտասովոր բան, չկորցնելու իրադարձության ականատեսը լինելու պահը: Թեպետ չի նշվում, սակայն հավանաբար, Փարիսեցիներ կային ամբոխի մեջ, որոնք միշտ մոտակայքում էին, որպեսզի հնարավորությունը բաց չթողնեին ծուղակը գցելու, շփոթեցնելու կամ գտնելու Հիսուսին մեղադրելու որևէ առիթ: Հնարավոր է, որ ոմանք եկել էին անգամ ծաղրելու:
Այդ բազմության մեջ մի կին կար: Ես տեսնում եմ մի խոնարհ կնոջ, հավանաբար նույնիսկ ամաչկոտ մի կնոջ, որը մոտենում է Փրկչին` ետևից, իսկ հետո շփոթված խոստովանում, որ ինքն է դիպչել Նրա հանդերձի փեշին: Նա ուժասպառ եղած կին էր, որն իր հինադության պատճառով դարձել էր չքավոր: Նա օգնության կարոտ էր: Արտաքուստ, գրեթե անհնար էր նրան տարբերել ամբոխի ցանկացած մարդուց: Ոչ ոք չէր խանգարում նրան մոտենալ Հիսուսին: Իհարկե, առաքյալները չտեսան նրան, ոչ էլ փորձեցին կանգնեցնել նրան: Սակայն այդ օրը կար մի բան, որը նրան առանձնացնում էր մյուսներից: Խառնվելով ամբոխին, նա վճռականորեն և հանգիստ առաջ էր գնում, մտքում ունենալով մեկ նպատակ` գալ Փրկչի մոտ, հավատալով, որ Նա իրեն բուժելու զորություն ուներ, որ Նա հոգ էր տանում իր համար, և կարձագանքեր իր կարիքներին: Այս մեկ բանով նա իրեն առանձնացրել էր ամբխից: Ամբոխը եկել էր տեսնելու, իսկ այդ կինը եկել էր բժշկվելու:
Ամբոխի մեջ մեկ հավատարիմ մարդ լինելու մասին հետաքրքիր այլ պատմություններ էլ կան սուրբ գրքերում: Ալման Նոյ թագավորի ամբարիշտ քահանաների մեջ էր: Այդ մարդիկ նկարագրվում են որպես իրենց սրտերի հպարտությունից բարձրամտացած, ծույլ և կռապաշտ, որոնք խոսում էին կեղծավոր ու սին խոսքեր ժողովրդին:2 Նրանք խեղաթյուրել էին Տիրոջ ուղիները, քանի որ չէին նվիրել իրենց սրտերը հասկանալուն:3 Երբ Աբինադին ապաշխարության կոչ էր անում, նրանք ծաղրում էին և, ի վերջո, մահվան դատապարտեցին նրան: Դա իսկապես չար ամբոխ էր: Սակայն, ինչպես սուրբ գրություններն են մատնանշում, «նրանց մեջ կար մեկը»,4 որը հավատաց: Ալման սրտանց ընդունեց այն, ինչ Աբինադին ուսուցանում էր: Արիաբար, նա հեռացավ ամբոխից, որպեսզի Տիրոջը հետևեր: Ամբոխի միջից այդ մեկ մարդն անչափ մեծ ազդեցություն է թողել Նեփիացիների պատմության ընթացքի վրա:
Մորմոնի Գրքում մեծապես հայտնի ամբոխներից է Լեքիի կյանքի ծառի տեսիլքում մեծ ու շքեղ շենքում գտնվող ամբոխը: Այդ շենքը լեփլեցուն էր մարդկանցով` ջահել ու ահել, տղամարդ և կին, որոնք ծաղրում էին և մատնացույց անում նրանց, ովքեր ճաշակում էին ծառի պտղից:5 Ցավոք սրտի, այդ պտղից ճաշակած մարդկանցից ոմանք լսեցին ամբոխին և «հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան»:6 Ինչևէ, կային նաև այնպիսիք, որ ճաշակում էին պտղից և ուշադրություն չէին դարձնում ամբոխին:7 Կային մարդիկ, որ լիուլի վայելում էին կյանքի ծառի օրհնությունները:
Իրականում այս պատմությունները ոչ թե ամբոխների, այլ ամբոխների մեջ գտնվող անհատների մասին են: Դրանք իսկապես իմ և ձեր մասին են: Մենք բոլորս այս աշխարհի ամբոխների մեջ ենք: Գրեթե բոլորս նման ենք այն կնոջը, որը չնայած ամբոխին, եկել էր Փրկչի մոտ: Մենք բոլորս հավատում ենք, որ սոսկ մեկ անգամ դիպչելը կարող է ապաքինել ցավող հոգին և սփոփել մեր ամենախոր ցավերը:8 Շատ երկրներում Եկեղեցու նոր անդամները հաճախ նման են Ալմային: Նրանք լսում են կյանքի խոսքերը, երբ իրենց ընտանիքից կամ ընկերական շրջապատից ոչ ոք չի լսում դրանք: Սակայն, նրանք դեռևս քաջություն են ունենում ընդունելու ավետարանը և ամբոխի միջից դուրս գալու եղանակ գտնում: Կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է նշանակում ճաշակել կյանքի ծառից նրանց ներկայությամբ, ովքեր ծաղրում են, և ինչ է նշանակում խիզախ ջանքեր գործադրել` նրանց ուշադրություն չդարձնելու համար:
Աշխարհի ամբոխների մեջ պայքար մղելը կարող է լինել միայնակ և դժվար: Նրանց ազդեցությունը անհատի վրա, որը ցանկանում է քայլ անել դեպի ավելի լավը, կարող է լինել ավելի ուժեղ և հաղթահարելու համար ավելի դժվար:
Ո՞վ կարող է հասնել, օգնել և, ի վերջո, փրկել ամբոխի միջից մեկին ավելի լավ, քան Փրկիչը: Նա հասկանում է, թե ինչ է նշանակում պահպանվել անհարգալից ամբոխի մեջ և միևնույն ժամանակ մնալ շիտակ մարդ: Աշխարհիկ ամբոխները չեն ընդունում Նրան, ասելով, որ «նա ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն» և որ «մի տեսք չկար, որ նրան ախորժեինք»:9 Բենյամին թագավորն ասում է, որ աշխարհը «մարդ կհամարի նրան»:10 Այնուհետև Եսայիան հետևյալ խոսքերով է նկարագրում Քրիստոսի տեղը աշխարհի ամբոխների մեջ.
«Նա անարգված և մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ… անարգված էր և մենք նորան ոչինչ էինք համարում:
Հիրավի նա մեր ցավերը վեր առավ, և մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած և նկուն եղած»:11
Նեփին գրում է, որ «աշխարհը, իր անօրինությունների պատճառով, կդատի նրան որպես ոչ պիտանի մի բանի»:12
Ի վերջո, Աստծո այս Անդրանիկ Որդին, որին շատ հաճախ սխալ են դատել և սխալ հասկացել, առաջ կգա լինելով մեկը ամբոխի մեջ` «Միակ Օծյալը», Փրկիչն ու Քավիչն աշխարհի: Այդպիսի հայտնվելը համեստորեն կանխատեսվել էր Փրկչի կողմից, երբ քահանայապետերին և երեցներին ասել էր, որ «այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ»:13
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարողանա ապահով անցնել այս աշխարհի ամբոխների միջով: Կյանքի բոլոր պայմաններում թող որ մենք հանգիստ և վճռականորեն առաջ մղվենք դեպի Փրկիչը, ունենալով հավատ, որ Նա հոգ է տանում մեզ համար և մեզ բժշկելու ու փրկելու զորություն ունի: Եկեք ականջ դնենք Նրա կյանքի խոսքերին և լիովին, մշտապես և արիաբար ճաշակենք դրա պտուղը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: