Սառայի ՄՌՏ հետազոտությունը
Հեղինակն ապրում է Կոլորադոյում (ԱՄՆ):
Գուցե Սուրբ Հոգին օգնի Սառային այդքան չվախենալ:
«Երբ Քրիստոսը երկրի վրա էր, Նա խոստացավ, որ կուղարկի Սուրբ Հոգուն՝ մեր ճշմարիտ, հավերժական բարեկամին, մխիթարելու մեզ» (Children’s Songbook, 105)
«Կարծում եմ Սառան կարիք ունի անցնելու ողնաշարի ՄՌՏ հետազոտություն»,- ասաց բժիշկ Ֆրանկը: Նա ժպտաց Սառային: «Ես կգրանցեմ դա վաղվա համար։ Մի քանի րոպեից կվերադառնամ»:
Սառայի ողնաշարը տևական ժամանակ ցավում էր: Երբ նա վեր կացավ այդ առավոտ, մեջքի ցավից չէր կարողանում ուղիղ կանգնել և հազիվ էր կարողանում քայլել: Սառան ու նրա մայրն այցելեցին բժիշկ Ֆրանկին՝ խնդիրը պարզելու համար:
«Էլի՞ ՄՌՏ»,- հարցրեց Սառան, նայելով մայրիկին: Նա մի անգամ արդեն անցել էր այդ հետազոտությունը: Նա հիշեց, թե ինչպես էր վախենում, պառկած մեծ խողովակի մեջ, որը լուսանկարում էր նրա ներքին օրգանները:
«Հասկանում եմ»,- ասաց մայրիկը: «Բայց նկարները կօգնեն բժիշկ Ֆրանկին հասկանալ, թե ինչ խնդիր կա քո ողնաշարի հետ կապված: Ես գիտեմ, որ դու կարող ես դա անել: Ես այնտեղ կլինեմ, քեզ հետ»: Մայրը սեղմեց Սառայի ձեռքը:
«Բայց դու չես կարող ինձ հետ ներս մտնել»,- ասաց Սառան: Նա գլուխը կախեց և արցունք հոսեց նրա այտի վրայով: Մայրը նրա հետ կլիներ սենյակում, սակայն երբ Սառան մտներ սարքի մեջ՝ մենակ էր լինելու:
Մայրը փաթաթվեց Սառային: «Ճիշտ է, բայց գիտե՞ս, թե ով կարող է լինել այնտեղ և մխիթարել քեզ»:
Սառան հիշեց, որ լսել էր Սուրբ Հոգու անուններից մեկը. Մխիթարիչ: Գուցե Սուրբ Հոգին կօգներ նրան այդքան չվախենալ:
«Սուրբ Հոգի՞ն»,- հարցրեց Սառան:
Մայրը գլխով արեց: «Ճիշտ է: Դու կարող ես աղոթել, որ Սուրբ Հոգին օգնի քեզ: Ես ու հայրիկը նույնպես կաղոթենք քեզ համար»:
Դա Սառային լավ միտք տվեց: «Կարո՞ղ եմ հայրիկին խնդրել, որ ինձ օրհնություն տա»:
Մայրը ժպտաց: «Իհարկե։ Ես գիտեմ, որ նա սիրով դա կանի»:
Այդ երեկո հայրը դրեց իր ձեռքերը Սառայի գլխին և նրան քահանայության օրհնություն տվեց: Երբ նա օրհնեց դստերը, որպեսզի մխիթարվեր Սուրբ Հոգու կողմից, մի ջերմ զգացում պատեց Սառային: Այդ զգացումը նրա հետ մնաց ամբողջ գիշեր:
Հաջորդ օրը Սառան պառկեց պատգարակին, որը պետք է սահուն տաներ նրան ՄՌՏ սարքի խողովակի մեջ: Նա մտովի կրկնում էր այն խոսքերը, որոնք հայրն ասել էր օրհնության ժամանակ. Սուրբ Հոգին այնտեղ կլինի և կմխիթարի քեզ: Սառան ամուր սեղմեց մոր ձեռքը: Այնուհետև բուժքույրն ուղարկեց պատգարակը խողովակի մեջ:
ՄՌՏ սարքը, տարօրինակ ձայներ հանելով, նկարեց նրա ողնաշարը: Սառան պետք է անշարժ պառկեր, որպեսզի նկարները պարզ լինեին: Նա մի պահ տագնապեց, սակայն նորից զգաց այն ջերմ զգացումը: Դա նման էր մայրիկի գրկախառնությանը, կամ փափուկ վերմակի հպումին: Նա գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի: Մինչ նա կգիտակցեր դա, ՄՌՏ-ն ավարտվեց:
Գրասենյակում բժիշկ Ֆրանկը ցույց տվեց ողնաշարի նկարները Սառային ու նրա մորը: «Շատ ապրե՜ս, որ անշարժ էիր պառկել»,- ասաց բժիշկ Ֆրանկը Սառային, ծնկի իջնելով նրա կողքին: «Քո ողնաշարի այս նկարները ցույց տվեցին, որ դու պետք է վիրահատվես, որպեսզի կարողանաս լավ քայլել»:
Սառան կարկամեց:
«Լավ կլիներ, որ վիրահատությունը շուտ անեինք»,- ասաց բժիշկ Ֆրանկը, նայելով Սառայի մորը: Ապա նա շրջվեց Սառայի կողմը: «Դրանից հետո կպահանջվի մի քանի շաբաթ, որ դու քեզ նախկինի պես առողջ զգաս, բայց այսօր, տեսնելով քեզ, կարող եմ ասել, որ ամեն ինչ լավ կլինի»:
Սառան մտածեց բոլոր այն գործողությունների մասին, որոնք նա կկարողանա կատարել, երբ բժիշկ Ֆրանկը բուժի իր ողնաշարը: Ես կկարողանամ վազել, լողալ և ցատկել տերևակույտի մեջ: Նա կարոտել էր բոլոր այդ բաները: Սակայն վիրահատությունն ավելի վախեցնող էր, քան ՄՌՏ-ն: Ապա Սառան հիշեց իր աղոթքները և իր հատուկ օրհնությունը: Երկնային Հայրն ուղարկել էր Մխիթարիչին իր մոտ: Նա նորից կօգնի իրեն:
Նա նայեց բժիշկ Ֆրանկին և հարցրեց. «Հետո ես կարո՞ղ եմ ցատկել տերևների մի մեծ կույտի մեջ»:
Բժիշկը լայն ժպտաց: «Հետո դու կարող ես ցատկել մեծ տերևակույտի մեջ»: