Քրիստոսանման բնավորություն
2003թ. հունվարի 25-ին Այդահոյի Բրիգամ Յանգի Համալսարանում կրոնին նվիրված գիտաժողովի ելույթից
Հիսուսը, ով բոլորից շատ տանջվեց, ավելի շատ կարեկցանք ունի բոլորի հանդեպ, ովքեր շատ ավելի քիչ են տառապում:
Երեց Նիլ Ա.Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է մի սկզբունք, որն իմ մեջ խորապես տպավորվել է և եղել է իմ ուսումնասիրությունների, պատկերացումների և խորհրդածության կենտրոնը: Նա ասել է. «Քավությունը չէր կարող լինել առանց Քրիստոսի բնավորության»:1 Այս շիտակ և խորաթափանց միտքը լսելուց ի վեր ես փորձել եմ ավելի շատ բան իմանալ և ավելի լավ հասկանալ «բնավորություն» բառը: Ես խորհել եմ նաև Քրիստոսի բնավորության և Նրա Քավության միջև փոխհարաբերության մասին, և մեզանից յուրաքանչյուրի համար՝ որպես աշակերտներ, այդ փոխկապվածության հետևանքների մասին:
Տեր Հիսուս Քրիստոսի բնավորությունը
Հավանաբար բնավորության մեծագույն ցուցանիշը մյուս մարդկանց ճանաչելու և պատշաճ արձագանքելու կարողությունն է, ովքեր կրում են այդ նույն դժվարությունը կամ ձախորդությունը, որն անմիջապես և ուժգնորեն ճնշում է մեզ: Բնավորությունը բացահայտվում է նաև այլ մարդկանց տառապանքը հասկանալու ուժի մեջ, երբ մենք ինքներս ենք տառապում, ուրիշների քաղցը նկատելու ունակության մեջ, երբ մենք ենք սոված, և ւ ուրիշների հոգևոր հոգևարքի ժամանակ օգնության հասնելու և կարեկցանք ցուցաբերելու զորության մեջ, երբ մենք ենք գտնվում հոգևոր աղետի մեջ: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է ուրիշներին տեսնելով և հասնելով, այն ժամանակ, երբ բնական արձագանքը բնազդով պետք է լինի եսակենտրոն և դեպի ներս ուղղված: Եթե այդպիսի կարողությունը իսկապես բարոյական հատկանիշի բարձրագույն չափանիշն է, ապա աշխարհի Փրկիչն այդպիսի հետևողական և գթասիրտ բնավորության կատարյալ օրինակ է:
Քրիստոսի բնավորության օրինակներ
Վերնատանը վերջին ընթրիքի գիշերը, որի ժամանակ Նա կրելու էր տառապանքը, որը Նրա կողմից երբևէ ստեղծված բոլոր աշխարհներում մեծագույնն էր, Քրիստոսը խոսեց Մխիթարիչի և խաղաղության մասին:
«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք.
«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհաննես 14.25–27):
Հասկանալով, որ Նա Ինքը մոտ էր ուժգնորեն և անձնապես զգալու ինչպես հանգստության, այնպես էլ խաղաղության բացակայությունը, և այն պահին, երբ Նրա սիրտը գուցե նեղված էր ու վախեցած, Տերն օգնության հասավ և առաջարկեց մյուսներին հենց այն օրհնությունները, որոնք կարող էին և կզորացնեին Իրեն:
Միջնորդական մեծ աղոթքի ժամանակ, որը հղվեց, երբ Հիսուսն առաջ շարժվեց Իր աշակերտների հետ Կեդրոն գետակի վրայով դեպի Գեթսեմանիի Պարտեզը, Տերն աղոթեց Իր աշակերտների համար և բոլոր նրանց համար «որ նորանց խոսքովը կհավատան ինձ:
Որ ամենքը մեկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում: …
… Որ կատարյալ լինեն միութիւնումը, որպէսզի աշխարհքը գիտենայ, թե դու ուղարկէցիր ինձ. եւ սիրեցիր ինձ. եվ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր: …
Եվ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կճանաչեցնեմ, որ այն սէրն. որով ինձ սիրեցիր նորանցում լինի, եւ ես էլ նորանցում» (Հովհաննես 17.20, 21, 23, 26):
Ես ինքս ինձ հաճախ հարց եմ տալիս, երբ խորհում եմ այս և այլ իրադարձությունների շուրջ, որոնք տեղի ունեցան պարտեզում՝ տանջվելուց և դավաճանվելուց առաջ՝ Նա ինչպե՞ս կարող էր աղոթել մյուսների բարօրության և միասնության համար Իր սեփական տանջանքից անմիջապես առաջ: Ի՞նչն ունակ դարձրեց Նրան հանգստություն և խաղաղություն որոնել նրանց համար, ում կարիքը շատ ավելի քիչ էր, քան Իրենը: Նա ինչպե՞ս կարող էր ամբողջովին և միմիայն կենտրոնանալ մյուսների պայմանների և մտահոգությունների վրա, երբ Իր ստեղծած աշխարհի անկումային բնույթը ճնշում էր Նրան: Տերն ինչպե՞ս կարողացավ օգնության հասնել ուրիշներին, մինչ փոքրոգի արարածը կկենտրոնանար միայն իր վրա: Երեց Մաքսվելի հայտարարությունը պատասխանում է այս զորեղ հարցերից յուրաքանչյուրին.
«Հիսուսի բնավորությունն անշուշտ ապահովագրեց Նրա ականավոր քավությունը: Առանց Հիսուսի վսեմ բնավորության չէր կարող լինել վսեմ քավություն: Նրա բնավորությունն այնպիսին էր, որ Նա «[տարավ] ամեն տեսակի գայթակղություններ» (Ալմա 7.11), սակայն ուշք չդարձրեց դրանց (ՎևՈւ 20.22)»:2
Հիսուսը, ով բոլորից շատ տանջվեց, ավելի շատ կարեկցանք ունի բոլորի հանդեպ, ովքեր շատ ավելի քիչ են տառապում: Իսկապես, տանջանքի և կարեկցանքի խորությունը սերտորեն կապված է ծառայողի սիրո խորության հետ:
Եռանդուն ձգտել գթության
Մենք կարող ենք մահկանացու կյանքում օրհնվել և զարգացնել Քրիստոսանման բնավորություն: Իսկապես, մեզ համար, հնարավոր է, որպես մահկանացուներ, ձգտել արդարակեցությամբ ստանալ հոգևոր պարգևներ, որոնք կապված են ուրիշներին օգնության հասնելու և այլ մարդկանց պատշաճ արձագանքելու կարողության հետ, ովքեր դիմակայում են նույն դժվարությանը կամ ձախորդությանը, որն անմիջականորեն և ուժգնորեն ճնշում է մեզ: Մենք չենք կարող ձեռք բերել այդպիսի կարողություն միայն կամքի ուժով կամ անձնական վճռականությամբ: Ավելի շուտ մենք «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմածության և շնորհի» կարիքն ունենք և կախում ունենք դրանցից (2 Նեփի 2.8): Բայց «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28.30) և «ժամանակի ընթացքում» (Մովսես 7.21), մեզ հնարավորություն կտրվի օգնության հասնել ուրիշներին, երբ բնական միտումը մեզ համար մեզ վրա կենտրոնանալն է:
Թույլ տվեք առաջարկել, որ ես և դուք աղոթենք, տենչանք, ձգտենք և աշխատենք զարգացնել Քրիստոսանման բնավորություն, եթե հույս ունենք ստանալ գթության՝ Քրիստոսի մաքուր սիրո հոգևոր պարգևը: Գթությունը բնավորության գիծ կամ բնորոշ հատկանիշ չէ, որը ձեռք ենք բերում բացառապես մեր սեփական նպատակային համառությամբ և վճռականությամբ: Մենք իրոք պետք է հարգենք մեր ուխտերը, ապրենք արժանավայել և կատարենք այն ամենը, ինչ կարող ենք, որ արժանանանք այդ պարգևին, բայց գթության պարգևն է, ի վերջո, տիրապետում մեզ, ոչ թե մենք ենք տիրապետում դրան (տես Մորոնի 7.47): Տերն է որոշում, թե մենք երբ պիտի ստանանք բոլոր հոգևոր պարգևները, բայց մենք պետք է անենք ամեն բան, որ մեր զորության սահմաններում է՝ ցանկանալ, տենչալ, խնդրել և որակավորվել այդպիսի պարգևների համար: Երբ մենք ավելի ու ավելի ենք գործում Քրիստոսի բնավորությանը համընթաց, այդ ժամանակ հավանաբար, մենք ամենազորավոր ձևով երկնքին ցույց ենք տալիս գթության գերագույն պարգևի համար մեր ցանկությունը: Եվ մենք որոշակիորեն օրհնվում ենք այս սքանչելի պարգևով, երբ մշտապես օգնության ենք հասնում ուրիշներին, մինչդեռ մեր մեջ ապրող բնական մարդը սովորաբար կկենտրոնանար իր վրա:
Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Հոր Միածին Որդին: Ես գիտեմ, որ նա ապրում է: Եվ ես վկայում եմ, որ Նրա բնավորությունը մեզ համար հնարավոր դարձրեց ինչպես անմահության, այնպես էլ հավերժական կյանքի համար հնարավորությունները: Թող որ մենք օգնության հասնենք ուրիշներին, մինչ մեր բնական միտումը մեզ վրա կենտրոնանալն է: