Բացեք երկինքները տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով
Ելույթ 2017 թվականի փետրվարի 11-ին ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած «RootsTech» Ընտանեկան պատմության համաժողովից: Ելույթի ձայնագրությունն անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով դիտելու համար այցելեք lds.org/go/1017Nelson կայքը։
2017 թվականի «RootsTech»-ի ելույթի ժամանակ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը և նրա կինը՝ Վենդին, հրավիրեցին Վերջին Օրերի Սրբերին աղոթքով խորհել, թե նրանք ինչպիսի զոհաբերություններ կարող են անել՝ ավելի շատ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներ կատարելու համար։
Նախագահ Նելսոն․ Երբ իմ պապը՝ Ա․ Ս․ Նելսոնը, երիտասարդ հայր ու ամուսին էր, ընդամենը 27 տարեկան, նրա հայրը մահացավ։ Մոտ երեք ամիս անց նրա հանգուցյալ հայրը՝ իմ նախապապը, այցելեց նրան։ Այդ այցը տեղի ունեցավ 1891 թվականի ապրիլի 6-ի գիշերը։ Նելսոն պապիկն այնքան տպավորված էր իր հոր այցելությունից, որ գրի առավ այդ փորձառությունն օրագրում՝ իր ընտանիքի և ընկերների համար։
«Ես պառկած էի անկողնում, երբ հայրս սենյակ մտավ»,- գրել է Նելսոն պապիկը։ «Նա եկավ ու նստեց անկողնու կողքին։ Նա ասաց․ «Որդի՛ս, քանի որ ես մի քանի ազատ րոպեներ ունեի, ես թույլտվություն ստացա գալ ու տեսնել քեզ մի քանի րոպեով։ Ես ինձ լավ եմ զգում, որդի՛ս, և շատ բան ունեի անելու սկսած այն պահից, երբ ես մահացա»։
Երբ Նելսոն պապիկը հարցրեց նրան, թե ինչ էր նա անում, նրա հայրը պատասխանեց, որ նա զբաղված էր քարոզելով Հիսուս Քրիստոսի ավետարանը հոգիների աշխարհում։
«Դու չես կարող պատկերացնել, որդի՛ս, թե որքան շատ հոգիներ կան հոգիների աշխարհում, ովքեր դեռ չեն ընդունել ավետարանը»,- ասաց նա։ «Սակայն շատերն ընդունում են այն, և մեծ աշխատանք է կատարվում։ «Շատերն անհամբեր սպասում են իրենց ընկերներին, ովքեր դեռ ապրում են, որպեսզի ծառայություն մատուցեն նրանց համար տաճարներում»։
Նելսոն պապիկն ասաց իր հորը․ «Մենք մտադիր ենք գնալու տաճար և կնքվելու քո հետ, հայրիկ, որքան հնարավոր է շուտ»։
Իմ նախապապը պատասխանեց․ «Դա, որդիս, մասամբ այն է, ինչի համար ես եկա քեզ տեսնելու։ Մենք դեռ մի ընտանիք կկազմենք և միասին հավերժ կապրենք»։
Ապա Նելսոն պապիկը հարցրեց․ «Հայր, արդյո՞ք ճշմարիտ է այն ավետարանը, որը քարոզվում է այս Եկեղեցու կողմից»։
Նրա հայրը մատնացույց արեց ննջասենյակի պատից կախված Առաջին Նախագահության նկարը։
«Որդի՛ս, որքան ճշմարիտ է այն, որ դու տեսնում ես այդ նկարը, նույնքան ճշմարիտ է ավետարանը։ Հիսուս Քրիստոսի ավետարանը զորություն ունի փրկելու յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ով կհնազանդվի դրան, և չկա ուրիշ ճանապարհ, որով նրանք երբևէ կկարողանան ձեռք բերել փրկություն Աստծո արքայությունում։ Որդի՛ս, միշտ կառչած մնա ավետարանից։ Եղի՛ր խոնարհ, եղի՛ր աղոթասեր, եղի՛ր հնազանդ քահանայությանը, եղի՛ր ճշմարիտ, եղի՛ր հավատարիմ ուխտերին, որոնք կապել ես Աստծո հետ։ Երբեք մի արա որևէ բան, ինչը հաճելի չի լինի Աստծուն։ Օ՜հ, ինչպիսի օրհնություն է ավետարանը։ Որդի՛ս, եղի՛ր լավ տղա»:
Քույր Նելսոն․ Ես պարզապես սիրում եմ այդ բոլոր «Եղիր»-ները։ «Եղի՛ր խոնարհ, եղի՛ր աղոթասեր, եղի՛ր հնազանդ քահանայությանը, եղի՛ր ճշմարիտ, եղի՛ր հավատարիմ ուխտերին, որոնք կապել ես Աստծո հետ։ … Եղի՛ր լավ տղա»: Վեց «Եղիր»-ներ, որոնք փոխանցվել են քեզ քո մահացած նախապապից։ Նրա խոսքերն անշուշտ հնչում են Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) վեց «Եղիր»-ների նման։1
Նախագահ Նելսոն․ Այո, դա իսկապես այդպես է։ Այնքան թանկ են ինձ համար իմ պապի թողած գրառումները։ Մենք գիտենք, որ նրա հոր երեխաները հետագայում կնքվեցին նրա հետ։ Այսպիսով, իրականացվեց նրա այցի նպատակը։
Եղիայի Հոգին
Նախագահ Նելսոն․ Մեծ նշանակություն ունեցող մի անուն կա սուրբ գրություններում, որը բացատրում է, թե ինչու է ընտանիքն այդքան կարևոր։ Այդ անունը Եղիան է։ Եղ-ի-ա եբրայերեն տառացիորեն նշանակում է «Եհովան իմ Աստվածն է»։2 Մտածեք այդ մասին: Եղիա անվան հետ սերտ կապ ունեն եբրայերեն Հայր և Որդի եզրույթները։
Քույր Նելսոն․ Եղիան վերջին մարգարեն էր, ով կրում էր Մելքիսեդեկյան Քահանայության կնքման զորությունը՝ նախքան Հիսուս Քրիստոսի ժամանակները: Եղիայի առաքելությունն էր՝ դարձնել զավակների սրտերը դեպի իրենց հայրերը, և հայրերի սրտերը՝ դեպի որդիները, որպեսզի նրանք կարողանային կնքվել, այլապես «ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․39, շեշտադրումն ավելացված է): Բավականին խիստ է ասված։
Նախագահ Նելսոն․ Ես սիրում եմ մտածել Եղիայի հոգու մասին՝ որպես «Սուրբ Հոգու հաստատում, որ վկայում է ընտանիքի աստվածային բնույթի մասին»:3 Համաձայն Աստվածաշնչի բառարանի․ «Եղիայի զորությունը քահանայության կնքման զորությունն է, որով երկրի վրա կապված կամ արձակված բաները կապվում կամ արձակվում են երկնքում» («Եղիա»)։
Քույր Նելսոն․ Ուստի, երբ մենք ասում ենք, որ Եղիայի հոգին տարածվում է մարդկանց վրա, խրախուսելով նրանց գտնել իրենց մահացած ազգականներին, մենք իրականում ասում ենք, որ Սուրբ Հոգին ոգեշնչում է մեզ անել այն բաները, որոնք թույլ կտան ընտանիքներին կնքվել հավերժորեն։
Նախագահ Նելսոն․ Հրաշալի է դարձնել զավակների սրտերը դեպի իրենց հայրերը՝ պատմելով ընտանեկան կարևոր պատմություններ մատչելի և հիշարժան ձևով։ Հավանաբար ընտանեկան պատմության վերաբերյալ փաստաթղթերը, պատմությունները, լուսանկարները և հիշատակ մնացած իրերը մշտապես ունենալով մեր աչքի առաջ, կարող ենք ամրացնել մեր վկայությունները (տես Մոսիա 1․5)։ Եթե մենք տեսնենք դրանք մեր պատերի, սեղանների, մեր համակարգիչների, մեր iPad-ների և նույնիսկ մեր բջջային հեռախոսների վրա, գուցե մենք ոգեշնչվենք՝ կատարելու ավելի լավ ընտրություններ և ավելի մոտենանք Տիրոջը և մեր ընտանիքներին։
Եթե մենք հենց այդպես էլ անում ենք, այնուամենայնիվ, դա դեռ բավական չէ։ Որպես Եկեղեցու անդամներ, ընտանեկան պատմության աշխատանքի հանդեպ մեր հետաքրքրության շարժառիթ է հանդիսացել Տիրոջ հրահանգը, որ մեր նախնիներն առանց մեզ չեն կարող կատարյալ դառնալ, և ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց նրանց (տես ՎևՈւ 128․15)։ Դա նշանակում է, որ մենք պետք է կապվենք միասին տաճարային սուրբ կնքման արարողություններով: Մենք պետք է ամուր օղակներ լինենք մեր նախնիների և մեր սերունդների շղթայում։ Եթե մեր հավաքած պատմությունները և լուսանկարները երբևէ դառնան վերջնակետ, եթե մենք գիտենք, թե ովքեր են մեր նախնիները և հրաշալի բաներ գիտենք նրանց մասին, սակայն առանց արարողությունների մենք անելանելի դրության մեջ ենք թողնում նրանց վարագույրի մյուս կողմում, նման թերացման արդյունքում մենք չենք կարող որևէ կերպ օգտակար լինել մեր նախնիներին, ովքեր բանտարկված կմնան հոգիների աշխարհում։
Քույր Նելսոն․ Մեր նախնիների պատմության պահպանումը կարևոր է, սակայն դա երբեք չպիտի արվի մեր նախնիների արարողությունների աշխատանքը կատարելու հաշվին։ Մենք պետք է ժամանակ տրամադրենք մեր նախնիների արարողությունները հնարավոր դարձնող տեղեկություններ ձեռք բերելու համար։
Նախագահ Նելսոն․ Եվ դա նշանակում է զոհաբերել ժամանակ, որը մենք սովորաբար ծախսում ենք այլ միջոցառումների համար։ Մենք պետք է ավելի շատ ժամանակ անցկացնենք տաճարում և կատարենք ընտանեկան պատմության հետազոտություն, որը ներառում է ցանկավորումը։
Քույր Նելսոն․ Զոհաբերությունն իրոք առաջ է բերում երկնքի օրհնությունները։4 Ես օրհնվել եմ՝ գտնելով շատ նախնիների, և զգացել եմ, որ նրանք պատրաստ են եղել ուխտեր կապելու Աստծո հետ և ստանալու իրենց կարևորագույն արարողությունները։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ եթե աշխատում էի դժվար նախագծի վրա և չունեի ժամանակ, եռանդ և գաղափարներ, բայց եթե ես ժամանակ զոհաբերեի, գտնելով արարողությունների համար բավարար տեղեկություններ որոշ նախնիների վերաբերյալ կամ տաճար գնալով նրանց համար փոխանորդ լինեի, երկինքները կբացվեին և եռանդն ու գաղափարները կսկսեին հորդել։ Ինչ-որ կերպ ես բավարար ժամանակ էի գտնում իմ գործն ավարտելու համար։ Չնայած միանգամայն անհնար էր, սակայն դա տեղի էր ունենում ամեն անգամ։ Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներն ինձ ուրախություն են պարգևում, որն իսկապես այս աշխարհից չէ։
Ընտանեկան պատմության և միսիոներական աշխատանքներ
Նախագահ Նելսոն․ Եթե այսօր ես միսիոներ լինեի, իմ երկու լավագույն ընկերները ծխում կամ ճյուղում, որտեղ ես ծառայում էի, կլինեին ծխի միսիայի ղեկավարը և ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուն։
Մարդիկ բնածին ցանկություն ունեն ինչ-որ բան իմանալու իրենց նախնիների մասին։ Դա ինքնաբերաբար հնարավորություն է դառնում մեր միսիոներների համար։ Երբ միսիոներները սովորեն սիրել մարդկանց, ում ուսուցանում են, նրանք ինքնաբերաբար կհարցնեն նրանց ընտանիքների մասին։ «Ձեր ծնողները ո՞ղջ են։ Ձեր պապիկներն ու տատիկները ո՞ղջ են։ Ի՞նչ գիտեք ձեր նախապապերի մասին»: Խոսակցությունը հեշտ ընթացք է ստանում, երբ միսիոներների հետ զրուցողները հրավիրվում են խոսելու այն մարդկանց մասին, ում նրանք սիրում են։
Այդ պահին բնական կարող է լինել, երբ միսիոներները և անդամ միսիոներները հարցնեն․ «Դուք որևէ բան գիտե՞ք ձեր նախապապերի մասին։ Դուք գիտե՞ք նրանց անունները: Հավանական է, որ նրանք չիմանան իրենց բոլոր ութ նախապապերի անունները։
Ուրեմն միսիոներները կարող են տալ հետևյալ խորհուրդը․ «Ես մի ընկեր ունեմ եկեղեցում, ով կարող է օգնել։ Եթե մենք կարողանանք գտնել նրանցից մի քանիսի կամ նույնիսկ բոլորի անունները, արդյո՞ք հարմար կգտնեք տրամադրել մի քանի ժամ, պարզելու համար, թե ովքեր են ձեր նախնիները»։ Եկեղեցու այդ ընկերն իհարկե ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուն է։
Քույր Նելսոն․ Կարծում եմ, որ միսիոներների համար մխիթարական կարող է լինել այն, որ իրենք երբեք միայնակ չեն, երբ գտնում և ուսուցանում են նրանց, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտությունները։ Նախագահ Ջորջ Ք․ Քենոնը (1827–1901), ով ծառայել է որպես Եկեղեցու չորս Նախագահների խորհրդական, ուսուցանել է, որ նրանք, ովքեր միանում են Եկեղեցուն այս վերջին օրերին, միանում են հենց այն պատճառով, որ իրենց նախնիներն աղոթում են, որ իրենց սերունդներից մեկը միանա Եկեղեցուն, որպեսզի իրենք՝ նախնիները, կարողանան ստանալ իրենց կարևորագույն արարողությունները փոխանորդի միջոցով։5
Վեհացում՝ ընտանեկան գործ
Նախագահ Նելսոն․ Վեհացումն ընտանեկան գործ է։ Միայն Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկարար արարողությունների միջոցով կարող են ընտանիքները վեհացվել։ Վերջնակետը, որին մենք ձգտում ենք, այն է, որ մենք դառնանք երջանիկ ընտանիք՝ օժտված, կնքված և պատրաստ Աստծո ներկայությունում հավերժական կյանքի համար»:
Քույր Նելսոն․ Եկեղեցու յուրաքանչյուր դաս, որին մենք հաճախում ենք, յուրաքանչյուր ծառայություն, Աստծո հետ կապած յուրաքանչյուր ուխտ, մեր ստացած յուրաքանչյուր արարողություն, ամեն բան, որ անում ենք Եկեղեցում, տանում է մեզ դեպի սուրբ տաճար՝ Տիրոջ տուն։ Մեծ զորություն կարող է տրվել զույգին և նրանց երեխաներին կնքման արարողության շնորհիվ, եթե նրանք պահեն իրենց ուխտերը։
Նախագահ Նելսոն․ Ամեն օր մենք ընտրում ենք, թե որտեղ ենք ուզում հավերժ ապրել՝ կախված նրանից, թե ինչ ենք մտածում, զգում, խոսում և անում։ Մեր Երկնային Հայրը հայտարարել է, որ Իր գործը և փառքն է՝ իրականացնել Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը (տես Մովսես 1․39)։ Սակայն Նա ցանկանում է, որ մենք ընտրենք վերադառնալ Նրա մոտ։ Նա մեզ ոչ մի կերպ չի ստիպի։ Ճշգրտությունը, որով մենք պահում ենք մեր ուխտերը, ցույց է տալիս Նրան, թե մենք ինչքան ենք ցանկանում վերադառնալ ու ապրել Նրա հետ։ Յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում կամ հեռացնում է հավերժական կյանքի փառահեղ հնարավորությունից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է պահի իր ուխտերը, ամեն օր ապաշխարի և ձգտի ավելի նմանվել մեր Փրկիչին։ Այդ ժամանակ և միայն այդ ժամանակ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել։
Քույր Նելսոն․ ես վկայում եմ, որ որքան էլ հրաշալի լինի ձեր կյանքը հենց հիմա կամ որքան էլ հուսահատեցնող և թախծալի լինի այն, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում ձեր ներգրավումն այն ավելի լավը կդարձնի։ Այս պահին ի՞նչ է անհրաժեշտ ձեզ կյանքում։ Ավելի շատ սե՞ր։ Ավելի շատ ուրախությո՞ւն։ Ավելի շատ ինքնատիրապետո՞ւմ։ Ավելի շատ խաղաղությո՞ւն։ Ավելի շատ նշանակալից պահե՞ր։ Ավելի մեծ զգացողություն, որ դուք ինչ-որ բա՞ն եք փոխում։ Ավելի շատ զվարճությո՞ւն։ Ավելի շատ պատասխաններ ինքնաքննող հարցերի՞ն։ Ավելի շատ մտերմական կապեր ուրիշների հե՞տ։ Ավելի շատ հասկացողություն այն ամենի վերաբերյալ, ինչը դուք կարդում եք սուրբ գրություններո՞ւմ։ Ավելի մեծ ունակություն սիրելու և ներելո՞ւ։ Ավելի մեծ ունակություն զորությամբ աղոթելո՞ւ։ Ավելի շատ ոգեշնչում և ստեղծագործական մտքեր ձեր աշխատանքում և այլ ծրագրերո՞ւմ։ Ավելի շատ ժամանակ իսկապես կարևոր բաների համա՞ր։
Ես խնդրում եմ ձեզ զոհաբերել ձեր ժամանակը Տիրոջը՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին և ապա հետևել, թե ինչ տեղի կունենա։ Ես վկայում եմ, որ երբ մենք ցույց տանք Տիրոջը, որ մենք լրջորեն տրամադրված ենք օգնելու մեր նախնիներին, երկինքները կբացվեն և մենք կստանանք այն ամենը, ինչի կարիքն ունենք։
Նախագահ Նելսոն․ Մենք կարող ենք ողջ օրվա ընթացքում ոգեշնչում ստանալ տաճարի և ընտանեկան պատմության փորձառությունների մասին, որ ուրիշներն են ունեցել։ Սակայն մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի իրականում ինքներս զգանք այդ ուրախությունը։ Ես ուզում եմ կոչ անել մեզանից յուրաքանչյուրին, որ այս աշխատանքի հրաշալի զգացողությունը շարունակվի և նույնիսկ՝ ավելի մեծանա։ Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչպիսի զոհաբերություն, և ցանկալի է ժամանակի զոհաբերություն, դուք կարող եք անել այս տարի, որպեսզի ավելի շատ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք կատարեք:
Մենք նվիրված ենք Ամենազոր Աստծո գործին: Նա ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Մենք Նրա ուխտյալ զավակներն ենք: Նա կարող է հույս դնել մեզ վրա։