«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ամրապնդել մեր վկայությունը կենդանի Քրիստոսի մասին
Պատկերացրեք Հիսուս Քրիստոսի հետևորդների վիշտն ու ցավը, երբ տեսան, թե Նա ինչպես է տառապում և մահանում խաչի վրա: Լիովին չհասկանալով Նրա առաքելությունը, հավանաբար, նրանք շփոթված և միայնակ էին զգում, երբ Նրա մարմինը դնում էին գերեզման: Դուք կարող եք պատկերացնել նրանց ուրախությունն ու զարմանքը, երբ միայն օրեր անց Նրան ողջ տեսան: Նրանք այժմ կարող էին վկայել, որ Նա կենդանի Քրիստո՛սն է: Այս նյութն ուսումնասիրելիս մտածեք կենդանի Քրիստոսի մասին ձեր վկայության և այն մասին, թե ով է Նա ձեզ համար:
Բաժին 1
Ի՞նչն է նշանակալից «Հիսուսը Քրիստոսն է» բառերի մեջ
Նրա մահկանացու ծառայության սկզբում Հովհաննես Մկրտչի երկու աշակերտներ լսեցին, որ Հովհաննեսն ասում է Հիսուսի մասին. «Ահա Աստծո Գառը»: (Հովհաննես 1.36) Երբ նրանք լսեցին դա, գնացին Հիսուսի հետևից: Նրանցից մեկը՝ Անդրեասը, գտավ իր եղբորը՝ Սիմոն Պետրոսին և ասաց. «Քրիստոսին ․․․ գտել ենք» (Հովհաննես 1.41):
Անդրեասի հայտարարությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, նշանակալից է: Քրիստոս հունարեն բառը նշանակում է «օծյալը» և համարժեք է եբրայերեն Մեսիա բառին։ «Օգտագործված որպես պաշտոնի տիտղոս՝ [Քրիստոսը կամ Մեսիան] վերաբերում է Թագավորին և Ազատարարին, որի գալուստին հրեաներն անհամբեր սպասում էին» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա»):
Ավելի ուշ՝ Իր ծառայության ընթացքում, Հիսուսը հարցրեց Իր աշակերտներին, թե ով է ինքը մարդկանց կարծիքով: Նրանք պատասխանեցին մի քանի մարգարեների անուններով. Այնուհետև Հիսուսը հարցրեց. «Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ» (Մատթեոս 16․15):
Որպես Քրիստոս՝ Հիսուսը «Հոր օծյալն է, որ լինի նրա անձնական ներկայացուցիչը բոլոր բաներում, որոնք վերաբերում են մարդկության փրկությանը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Օծյալը»): Քանի որ Հիսուսը Քրիստոսն է, Նա է միակ ճանապարհը, և Նրա միակ անունով մենք կարող ենք ազատվել մեղքի և մահվան հետևանքներից (տես Գործք առաքելոց 4.12, Մոսիա 3.17):
Դուք կարող եք նաև կարդալ կամ լսել «This Is the Christ» երգը, որը գրվել է նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի կողմից, ով ծառայել է Առաջին Նախագահությունում: Մտածեք, թե դասարանում ինչ տպավորություններով և զգացումներով կկիսվեք երգի մասին։
Բաժին 2
Ինչպե՞ս կարող են Տիրոջ առաքյալները ազդել իմ վկայության վրա, որ Հիսուսը Քրիստոսն է
Աշխարհի շատ մասերում Հիսուս Քրիստոսի աստվածության հանդեպ հավատը նվազում է (տես Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 88): Հավանաբար, դուք տեսել եք, որ ձեր շրջապատի մարդկանց հավատը թուլանում է, տեսել եք, թե ինչպես են ձեր հարազատները հեռանում Փրկչից և Նրա Եկեղեցուց, կամ զգացել եք ձեր սեփական պայքարը անհավատության դեմ:
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի բացակայությունը միայն մեր օրերի առանձնահատկությունը չէ: Օրինակ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ լամանացիներն ու նեփիացիները տեսան Փրկչի ծննդյան ուշագրավ «նշաններն ու հրաշքները», ժողովուրդը շուտով «սկսեց ավելի ու ավելի քիչ ապշել ․․․ և սկսեցին չհավատալ այն ամենին, ինչ լսել էին ու տեսել» (3 Նեփի 2.1):
Որպեսզի օգնի մեզ բոլորիս Իր հանդեպ հավատք դրսևորել, Տերը կանչել է առաքյալներին՝ լինելու Իր հատուկ վկաները բոլոր մարդկանց համար (տես Մատթեոս 28.19–20, 3 Նեփի 12.1, Վարդապետություն և Ուխտեր 107.23):
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.
Նրանց կոչումը շատ յուրահատուկ է․ նրանք Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներն են՝ ընտրված և լիազորված Նրա կողմից։ Նրանց պատվիրված է վկայել Նրա կենդանության իրականության մասին՝ սուրբ առաքելության զորությամբ ու իշխանությամբ։ (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 4)
Բաժին 3
Ինչպե՞ս կարող է իմ կյանքը փոխվել՝ ուսումնասիրելով «Կենդանի Քրիստոսը»
2000 թվականի հունվարի 1-ին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Փրկչի մասին իրենց վկայությունը հրատարակեցին մի փաստաթղթում, որը կոչվում է «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը հետևյալն է ասել այդ պատմական փաստաթղթի մասին.
«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» պատրաստ էր արդեն այն ժամանակ, երբ մենք առավել շատ ունեինք դրա կարիքը: («Գերագույն համաժողով. Զորացնել հավատք և վկայություն», Լիահոնա, նոյեմբեր 2013, 7)
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նույնպես նկատել է․
Շատ անդամներ մտապահել են այդ ճշմարտությունները։ Մյուսները քիչ բան գիտեն այդ վկայության մասին։ Երբ դուք ձգտեք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, ես հորդորում եմ ձեզ ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը»: («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40)