«Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ․ Ուրախանալ Հիսուս Քրիստոսի աստվածային ծնունդով», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ուրախանալ Հիսուս Քրիստոսի աստվածային ծնունդով
Հիսուս Քրիստոսի հրաշագործ ծնունդը փառավոր իրադարձություն էր: Երկնային սուրհանդակները փառաբանում էին Աստծուն (տես Ղուկաս 2.11–14), խոնարհ հովիվները երկրպագում էին Հիսուսին ախոռում (տես Ղուկաս 2.15–16), իսկ մոգերը պատվում էին Նրան ընծաներով (տես Մատթեոս 2.11): 3-րդ բաժնի դասերը ձեզ հնարավորություն կտան խորացնել ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության վերաբերյալ: Նրա ծնունդն ու կյանքը իսկապես ոգեշնչում են «մեծ ուրախութիւ[ան ավետիս], որ բոլոր ժողովրդին պիտի լինի» (Ղուկաս 2.10): Դիտեք «The Nativity» (2:59) տեսանյութը, որը կօգնի միջավայր ստեղծել ձեր ուսումնասիրության համար:
Բաժին 1
Հասկանալով Հիսուս Քրիստոսի ծագումնաբանությունը, ինչպե՞ս կարող եմ մեծացնել վստահությունը ինձ փրկելու Նրա զորության հանդեպ
Ինչպես դուք, որ առանձնահատուկ եք ձեր ծնողներից ժառանգած եզակի հատկություններով, Հիսուս Քրիստոսը ևս եզակի էր նրանով, ինչ Նա ստացել էր Իր ծնողներից: Մորմոնի Գրքում Ալման մարգարեացել է, որ Փրկիչը «պետք է ծնվի Մարիամից, … նա լինելով կույս, արժանավոր և ընտրյալ անոթ, … , և [նա կ]բերի մի որդի, այո, այսինքն՝ Աստծո Որդուն» (Ալմա 7.10): Մտածեք, թե Փրկչի ծագումը ինչպե՞ս է կապված բոլոր մարդկանց համար քավություն կատարելու Նրա կարողության հետ:
Մենք սկսում ենք տեսնել այս կապը Փրկչի ծագման և Նրա փրկելու զորության միջև, երբ Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին և ասում, որ նա կծնի մի որդի, որը կկոչվի Հիսուս (տես Ղուկաս 1.26–31):
Երբ հրեշտակը մոտակայքում գտնվող հովիվներին հայտարարեց Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին, նա մանուկին անվանեց «Փրկիչ, որ է Քրիստոս Տէրը» (Ղուկաս 2.11, տես նաև Ղուկաս 2.9–10): Հիսուս Քրիստոսը կարող էր լինել մեր Փրկիչը, քանի որ Նա ծնվել էր անմահ Ծնողից (Երկնային Հորից) և մահկանացու ծնողից (Մարիամից): Իր մահկանացու մոր շնորհիվ Հիսուսը կարող էր լիովին զգալ մահկանացու կյանքի ցավերը, վշտերն ու գայթակղությունները (տես Եբրայեցիս 4.15): Այս մահկանացու փորձառությունները Փրկչին թույլ տվեցին «իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12): Իր անմահ Հոր շնորհիվ Հիսուսը կարող էր տանել մահկանացու կյանքի բոլոր դժվարությունները:
Իր մահկանացու մոր շնորհիվ Հիսուսը կարող էր մահանալ: Իր անմահ Հոր շնորհիվ Նա կարող էր հաղթահարել մահը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
[Հիսուս Քրիստոսի] առաքելությունը Քավությունն էր: Այդ բացառիկ առաքելությունը միայն Նրան էր տրված: Ծնված լինելով մահկանացու մորից և անմահ Հորից՝ Նա միակն էր, ով կարող էր կամավոր կերպով «դնել» Իր կյանքը և նորից «առնել» այն (տես Հովհաննես 10.14–18): Նրա Քավության փառահեղ հետևանքները անսահման էին և հավերժական: Նա մահից հանեց խայթը և ժամանակավոր դարձրեց գերեզմանի վիշտը։ (“The Mission and Ministry of Jesus Christ,” Ensign, Apr. 2013, 34)
Բաժին 2
Հիսուս Քրիստոսի ծնունդն ու կյանքը ինչպե՞ս են իմ հանդեպ Նրա սիրո դրսևորումը հանդիսանում
Մի րոպե մտածեք, թե որքան զարմանալի է, որ Մեծ Եհովան, ով ստեղծել է երկիրը, երկիր էր գալու որպես անօգնական երեխա։ Տեսիլքում Նեփին այս արարքը տեսավ որպես սիրո արտահայտություն:
Խոսելով Հիսուս Քրիստոսի բարեհաճության մասին՝ նախագահ Թադ Ռ. Քալիսթերը՝ Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է.
Աստված Որդին իր երկնային տունը, ողջ սելեստիալ պերճանքով հանդերձ, փոխեց մահկանացու բնակավայրով՝ իր ողջ պարզունակությամբ: Նա աստծո տիրապետությունը փոխեց մանկան կախվածությամբ: … Դա իր տեսակով աննախադեպ փոխանակում էր: Մեծ Եհովան՝ անթիվ աշխարհների արարիչը, անսահման ուժով ու զորությամբ, եկավ այս աշխարհ՝ խանձարուրներով պատված և մսուրի մեջ պառկած: (The Infinite Atonement [2000], 64)
Նեփին ավելին իմացավ Քրիստոսի բարեհաճության մասին, երբ տեսիլքում տեսավ, թե ինչպես է Փրկիչը ծառայում մարդկանց և բժշկում նրանց չարչարանքներից (տես 1 Նեփի 11.26-31):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.
Երբ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, մենք համապատասխանաբար մտածում ենք այն մասին, թե ինչ էր հաջորդելու դրան: Նրա ծնունդը անսահման նշանակալից էր այն բաների պատճառով, որոնք Նա կզգար, և որոնց պատճառով կտառապեր, որպեսզի Նա ավելի լավ սատարեր մեզ, և այդ ամենը կավարտվեր Նրա Խաչելությամբ և Հարությամբ (տես Ալմա 7.11–12): Բայց Նրա առաքելությունը ներառում էր նաև Նրա ծառայության գեղեցկությունը, Նրա ծառայության հրաշքները, սփոփանքը, որը Նա բերեց տառապանքին, և ուրախությունը, որը Նա առաջարկեց, և դեռ առաջարկում է սուգին: (“Be at Peace,” Liahona, Dec. 2015, 30)
Մտածեք այն արտասովոր օրինակի մասին, որը մեզ ցույց է տալիս Փրկչի բարեհաճությունը: Նախագահող Եպիսկոպոսության նախկին անդամ եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլին բացատրել է.
Ի՞նչ է նշանակում Աստծո բարեհաճությունը մեզ համար: Քրիստոսի բարեհաճության մասին մենք պետք է հասկանանք ավելին, քան ակնածանքի և խորը երախտագիտության զգացումների մասին: Որպես Նրա Եկեղեցու անդամներ, կանչված լինելով ներկայացնելու Նրան և վկայելու Նրա մասին, մենք մեծ հնարավորություն ունենք փորձելու ընդօրինակել Նրան: …
Փրկչի նման մեր ամենամեծ բարին կարող է առաջանալ «իմ փոքր եղբայրներից մէկին» սպասավորելու միջոցով [Մատթեոս 25.40]: Մենք պետք է հիշենք, որ կյանքի ցանկացած իրավիճակում կամ որոշակի կոչման մեջ, յուրաքանչյուր մարդ Աստծո սիրելի զավակն է, և մեր պարտականությունն է ծառայել նույնիսկ ամենախոնարհներին և ծառայել նրանց այնպես, ինչպես Վարդապետը կծառայեր: (“The Condescension of God,” Ensign, Dec. 2001, 20, 21)