«Դաս 14. Դասարանի նախապատրաստական նյութ. Ճանաչել Փրկչի հրաշքները», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 14․ Դասի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ճանաչել Փրկչի հրաշքները
Երբ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի հրաշքների մասին, մենք հակված ենք կենտրոնանալ Նոր Կտակարանի ոգեշնչող պատմությունների վրա: Թեև շատ բան կարող ենք և պետք է սովորենք սուրբ գրությունների այս պատմություններից, դուք նկատե՞լ եք այն հրաշքները, որոնք Տերը գործում է մեր օրերում և ձեր կյանքում: Երբ ուսումնասիրեք, ձգտեք խորացնել ձեր հավատքը Տիրոջ զորության, նաև ձեր և ուրիշների համար հրաշքներ գործելու պատրաստակամության հանդեպ:
Բաժին 1
Փրկչի կատարած հրաշքներից ի՞նչ կարող եմ սովորել Նրա մասին
Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը «քայլեց Պաղեստինի ճանապարհներով՝ բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին, կենդանացնելով մահացածներին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org): Այս հրաշքները «Աստծո զորությամբ առաջացած արտասովոր իրադարձություններ» էին և «Հիսուս Քրիստոսի ավետարանի մի մասն են» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հրաշք», scriptures.ChurchofJesusChrist.org): Դրանք հրեաների համար մեկ ապացույց էին, որ Հիսուսը խոստացված Մեսիան էր (տես Մատթեոս 11.4–5, Հովհաննես 20.30–31):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը նկատել է. «[Հիսուս Քրիստոսի] Քավությունը, որն իր գագաթնակետին հասավ Իր Հարությամբ՝ երեք օր վարձու գերեզմանում մնալուց հետո, հանդիսանում է մարդկության պատմության ամենամեծ հրաշքը» («Ահա, Ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 109)
Երեց Ռասբանդը նաև բացատրել է, որ մինչ Հիսուսի հրաշքները վկայում են Նրա աստվածության մասին, դրանք նաև «հիշեցնում են մեզ Նրա զորության, մեր հանդեպ Նրա սիրո մասին, երկնքից մեր մահկանացու փորձառությանը հասնելու և Նրա ցանկության մասին՝ ուսուցանելու այն, ինչն ամենաարժեքավորն է» («Ահա, «Ես հրաշքների աստված եմ», 111):
Մտածեք, թե ինչ կարող ենք սովորել Փրկչի մասին, երբ Նա բժշկում էր անդամալույծ մարդուն: Չորս մարդ ձեռքերի վրա տանում էին այդ մարդուն այն տունը, որտեղ Հիսուսն ուսուցանում էր: Երբ նրանք գտան այդ տունը, այնքան շատ մարդ կար այնտեղ, որ չկարողացան ներս մտնել. նրանք քանդեցին տան ծածկը և անդամալույծին իջեցրին Հիսուսի մոտ (տես Մարկոս 2.1–4):
Ուշադրություն դարձրեք, որ Փրկչի հրաշքը վերաբերում էր և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր կարիքներին: Ե՛վ մարմինը, և՛ հոգին բժշկելու Փրկչի կարողության վերաբերյալ Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ․ Օուքսը ուսուցանել է.
Ամենամեծ հրաշքը կույրերի տեսողությունը վերականգնելը, հիվանդությունը բուժելը կամ նույնիսկ մահացածներին հարություն տալը չէ:
… Նույնիսկ ավելի մեծ հրաշք է Աստծո որդու կամ դստեր կողմից սրտի հզոր փոփոխությունը (տես Մոսիա 5.2): Սրտի փոփոխությունը, ներառյալ՝ նոր վերաբերմունքը, առաջնահերթություններն ու ցանկությունները, ավելի մեծ և կարևոր են, քան մարմնի հետ կապված ցանկացած հրաշք: (“Miracles,” Ensign, June 2001, 17)
Բաժին 2
Իմ հավատքը և Տիրոջ կամքը ինչպե՞ս են ազդում հրաշքների վրա
Փրկչի մահկանացու ծառայության սկզբում բորոտությամբ տառապող մի մարդ մոտեցավ Հիսուսին՝ բժշկվելու: Ինչպես օգտագործված է ավետարանում, բորոտություն բառը կարող է վերաբերել մի շարք մաշկային հիվանդությունների, որոնք կարող են վնասել մաշկը, նյարդերը, աչքերն ու ոսկորները: Առանց բժշկական միջամտության, այն կարող է հանգեցնել նյարդերի վնասման, կուրության, մարմնի փոփոխությունների և ցավոտ մահվան: Փրկչի օրոք մարդը, որը մոտեցավ Փրկչին, համարվում էր «անմաքուր» և ապրում էր իր ընտանիքից ու հասարակությունից առանձին (տես Ղևտացոց 13.45–46):
Յոթանասունից երեց Խորխե Ֆ. Զեբալոսը նկատել է.
Բորոտը ոչ մի բան չպահանջեց, թեև նրա ցանկությունները կարող էին արդար լինել. նա պարզապես պատրաստ էր ընդունել Տիրոջ կամքը։ («Եթե լինեք պատասխանատու», Լիահոնա, մայիս 2015, 125)
Երբ մենք իսկապես ցանկանում ենք ընդունել Տիրոջ կամքը, մենք պետք է նաև հավատք ունենանք չբուժվելու համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են՝ բժշկելու հիվանդներին, խուլերին, և կաղերին, եթե այդ բժշկումն իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Այսպիսով, նույնիսկ, եթե մենք ամուր հավատք ունենանք, … ոչ բոլոր հիվանդներն ու հաշմանդամները կբժշկվեն: Եթե բոլոր հակադրությունները կրճատվեին, եթե բոլոր տկարությունները հեռացվեին, ապա Հոր ծրագրի հիմնական նպատակները ձախողված կլինեին: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Ընդունեք Տիրոջ կամքը և ժամանակը», Ensign, օգոստոս 2016, 34)
Երբ խորհեք այն հրաշքների մասին, որոնք կարող եք ցանկանալ ձեր կյանքում, նկատի ունեցեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ խորհուրդը.
Հրաշքները կարող են լինել աղոթքի պատասխանը: Միշտ չէ, որ դրանք այն են, ինչ մենք խնդրում կամ ակնկալում ենք, բայց երբ մենք ապավինենք Տիրոջը, Նա կլսի մեզ և ճիշտ ձևով ամեն ինչ կանի: Նա կհամապատասխանեցնի հրաշքը այն պահի հետ, որը մեզ անհրաժեշտ է:
․․․Կան ժամանակներ, երբ մենք հրաշքի հույս ունենք՝ սիրելի մարդուն բուժելու, անարդար արարքը հետ շրջելու կամ դառնացած ու հիասթափված հոգու սիրտը մեղմելու համար: Երևույթներին նայելով մահկանացու աչքերով՝ մենք ցանկանում ենք, որ Տերը միջամտի, շտկի կատարվածը: Հավատքի միջոցով հրաշքը տեղի կունենա, թեև պարտադիր չէ, որ լինի մեր ժամանակացույցով կամ մեզ ցանկալի որոշմամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պակաս հավատարիմ ենք, կամ արժանի չենք նրա միջամտությանը: Ոչ: Տերը սիրում է մեզ: («Ահա, ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 111)
Բաժին 3
Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ճանաչել Տիրոջ հրաշքները իմ կյանքում
Նախագահ Օուքսը նկատել է. «Ամեն օր շատ հրաշքներ են տեղի ունենում մեր Եկեղեցու աշխատանքում և մեր անդամների կյանքում»: (“Miracles,” Ensign, June 2001, 17): Երբեմն մենք կարող ենք հրաշքներ տեսնել ուրիշների կյանքում, բայց չենք կարողանում տեսնել դրանք մեր կյանքում:
Երեց Ռասբանդը նաև ուսուցանել է.
Ձեզանից շատերն ականատես են եղել ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են: Դրանք կարող են փոքր թվալ այն բանի համեմատ, որ Հիսուսը մեռելներին հարություն էր տալիս: Բայց մեծությունը չէ, որ հրաշքը հրաշք է դարձնում, այլ այն, որ այդ հրաշքը Աստծուց է եկել: («Ահա, ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 110)