«Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ. Վայելել Տիրոջ Եկեղեցու օրհնությունները», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը. Ուսուցչի նյութ
Դաս 11․ Դասարանի նախապատրաստական նյութ
Վայելել Տիրոջ Եկեղեցու օրհնությունները
Այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր ուղղություններով եկեղեցիների հաճախելիությունը նվազում է, կարող է հատկապես կարևոր լինել ավելի խորը հասկանալ, թե Հիսուս Քրիստոսը ինչու եկեղեցի հիմնեց Իր մահկանացու ծառայության ընթացքում և այն վերականգնեց վերջին օրերում: Երբ ուսումնասիրեք, մտածեք, թե Տիրոջ վերականգնված Եկեղեցին ինչպես կարող է լրացուցիչ նպատակ, ուժ և ուրախություն բերել ձեր կյանք:
Բաժին 1
Ի՞նչ եզակի օրհնություններ կարելի է ձեռք բերել միայն Տիրոջ Եկեղեցու անդամակցության միջոցով
Պողոս առաքյալն ուսուցանել է, որ Տիրոջ Եկեղեցին «առաքյալների և մարգարեների հիմքի վրա [է] շինուած. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս 2.20): Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսն ընտրեց տասներկու տղամարդու և նրանց կարգեց լինոլու Իր առաքյալները: Նա նրանց տվեց քահանայության իշխանությունն ու բանալիները, որպեսզի նրանք կարողանան առաջնորդել Իր Եկեղեցին, ուսուցանել Իր ավետարանը, վկայել Իր իրականության մասին և գործել Իր անունով (տես Մատթեոս 10.1, 7–8, 16.19, Գործք Առաքելոց 1.21–22, Վարդապետություն և Ուխտեր 107.23): Ավելին իմանալու համար կարող եք դիտել «Jesus Calls Twelve Apostles to Preach and Bless Others» (1:30) տեսանյութը:
Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը շարունակեց ղեկավարել Իր Եկեղեցին Իր առաքյալների միջոցով, որոնք կրում էին քահանայության բանալիները՝ ղեկավարելու համար փրկության աշխատանքը: Այնուամենայնիվ, շատերը հակառակվեցին Նրա կանչված ծառաներին, և Եկեղեցու անդամները սկսեցին մոլորության մեջ ընկնել: Առաքյալների մահից հետո «մարդիկ ապականեցին ավետարանի սկզբունքները և չարտոնված փոփոխություններ կատարեցին Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողություններում: Այս համատարած ուրացության պատճառով Տերը երկրից հեռացրեց քահանայության իշխանությունը» (Ավետարանի թեմաներ, «Ուրացություն», topics.ChurchofJesusChrist.org): Սա հայտնի է Մեծ Ուրացություն անունով։
Ուրացության այս վիճակը շարունակվեց, մինչև Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին 1820 թ. (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16–20): Դրանից մի քանի տարի անց Հիսուս Քրիստոսը երկնային սուրհանդակներ ուղարկեց Ջոզեֆ Սմիթին, ովքեր նրան շնորհեցին քահանայության իշխանություն և բանալիներ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–72, Վարդապետություն և Ուխտեր 110.11–16, 128.19–21): Այս աստվածային իշխանության միջոցով Հիսուս Քրիստոսը կանչեց նոր առաքյալներ և վերահաստատեց Իր Եկեղեցին երկրի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 1.30):
Այսօր Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը կրում են ողջ իշխանությունը և քահանայության բոլոր բանալիները, որոնք անհրաժեշտ են Տիրոջ Եկեղեցին ղեկավարելու համար: Սա հատկապես կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ավելի լավը լինել և ավելի շատ մոտենալ Քրիստոսին:
Խոսելով բոլոր «կրոնական մտածողությամբ մարդկանց» եկեղեցի հաճախելու կարևորության մասին՝ Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը նշել է. «Եկեղեցի հաճախելը և եկեղեցական գործունեությունը օգնում են մեզ դառնալ ավելի լավ մարդիկ և ավելի լավ ազդեցություն ունենալ ուրիշների կյանքի վրա» («Եկեղեցի հաճախելու պատճառները», Լիահոնա, նոյեմբեր 2021, 24): Ապա նա ասել է.
Իհարկե, մենք հաստատում ենք, որ հին և ժամանակակից սուրբ գրությունները հստակ ուսուցանում են Եկեղեցու ծագումն ու անհրաժեշտությունը, որը ղեկավարվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից և իշխանությամբ: Մենք նաև վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին ստեղծվել է, որպեսզի ուսուցանի Նրա վարդապետության ամբողջականությունը և ծառայի Նրա քահանայության իշխանությամբ՝ կատարելով Աստծո արքայություն մտնելու համար անհրաժեշտ արարողությունները [տես Հովհաննես 3.5]: Անդամները, որոնք հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց և ապավինում են միայն անհատական հոգևորությանը, հեռանում են ավետարանի այս կարևոր սկզբունքներից՝ քահանայության զորությունից և օրհնություններից, վերականգնված վարդապետության ամբողջականությունից և այդ վարդապետությունը կիրառելու շարժառիթներից ու հնարավորություններից: Նրանք բաց են թողնում իրենց ընտանիքը հավերժության մեջ պահպանելու հնարավորությունը։ («Եկեղեցի հաճախելու պատճառները», Լիահոնա, նոյեմբեր 2021, 25)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.
Եթե քահանայության զորությունը չլիներ երկրի վրա, հակառակորդը ազատություն կունենար շրջելու և թագավորելու առանց սահմանափակման: Չէր լինի Սուրբ Հոգու պարգևը մեզ ուղղորդելու և լուսավորելու համար, չէին լինի մարգարեները Տիրոջ անունից խոսելու համար, չէին լինի տաճարներ, որտեղ կկապեինք սրբազան, հավերժական ուխտեր, չէր լինի օրհնելու և մկրտելու, բժշկելու և սփոփելու իշխանությունը: (“Blessings of the Priesthood,” Ensign, Nov. 1995, 32)
Բաժին 2
Ակտիվ մասնակցությունը Եկեղեցում ինչպե՞ս կարող է օրհնել ինձ և մյուսներին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը Եկեղեցում մասնակցելու օրհնությունների մասին․
Կարևոր է հասկանալ, որ Աստծո վերջնական նպատակը մեր առաջընթացն է:․․․ Դա պահանջում է ավելին, քան պարզապես բարի կամ հոգևոր լինելը: Այն պահանջում է հավատ առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն ջրով ու Հոգով և հավատքով մինչև վերջ համբերելը: Հնարավոր չէ հասնել դրան մեկուսացման մեջ, ուստի, Տիրոջ հիմնական նպատակներից մեկը Սրբերի այնպիսի համայնքի ստեղծումն է, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31․18]։ («Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 108)
Պողոս առաքյալն ուսուցանել է, թե Սրբերի համայնքի մասը լինելով, մենք ինչպես ենք զորանում և ավելի մոտենում Հիսուս Քրիստոսին:
Երեց Քրիստոֆերսոնը նաև բացատրել է, որ Եկեղեցու այլ անդամների հետ ունեցած փորձառությունները մեզ անհրաժեշտ հնարավորություններ են տալիս՝ կիրառելու Տիրոջ ավետարանը.
Որպես Քրիստոսի մարմին, Եկեղեցու անդամները ծառայում են մեկը մյուսին առօրյա կյանքի իրականության մեջ: Մենք բոլորս անկատար ենք. մենք կարող ենք վիրավորել և վիրավորվել: Մենք հաճախ ենք փորձում միմյանց՝ մեր անձնական առանձնահատկություններով: Հիսուսի մարմնում մենք պիտի վեր կանգնենք գաղափարներից ու բարձրագոչ բառերից և ունենանք իրական «գործնական» փորձ, երբ սովորում ենք «ապրել միասին սիրով» [Վարդապետություն և Ուխտեր 42.45]: («Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 108)
Բաժին 3
Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ, որ իմ ծուխը կամ ճյուղը դառնա ավելի հյուրընկալ վայր բոլոր մարդկանց համար
Մտածեք, թե ինչ զգացողություն եք ունենում, երբ եկեղեցում ձեզ ընդունում են ջերմությամբ և անկեղծությամբ: Ե՞րբ եք օգնել ձեր ծխից կամ ճյուղից որևէ մեկին այդպես զգալ:
Դիտարկեք Սփոփող միության գերագույն նախագահության նախկին խորհրդական քույր Քերոլ Մ. Ստեֆենսի հետևյալ խոսքերը.
[Մարիան] ունի շատ ընկերներ, որոնք քիչ ակտիվ են կամ դեռ չեն լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: Ամեն օր նա գործադրում է իր հավատքը և աղոթում է, որպեսզի իմանա, թե ում է պետք իր օգնությունը, իսկ հետո գործում է ըստ իր ստացած հուշումների: Նա զանգում է մարդկանց, հայտնում իր սերը և ընկերներին ասում. «Մենք ձեր կարիքն ունենք»։ Ամեն շաբաթ իր բնակարանում նա ընտանեկան երեկո է կազմակերպում և հրավիրում է հարևաններին, անդամներին և միսիոներներին ու կերակրում է նրանց: Նա հրավիրում է նրանց գալ եկեղեցի, հետևում է նրանց և նստում նրանց կողքին, երբ նրանք հասնում են Եկեղեցի: («Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք», Լիահոնա, նոյեմբեր 2013, 116)