«Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Դառնալ Տիրոջ ուխտի ժողովուրդը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)
«Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ
Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ
Դառնալ Տիրոջ ուխտի ժողովուրդը
Պահանջվում է վստահության և սիրո բարձր մակարդակ, որպեսզի ուխտի հարաբերությունների միջոցով քեզ կապես մեկ այլ մարդու հետ: Եվ այդ վստահությունը ձևավորվում է, երբ դուք ճանաչում եք միմյանց: Աստծո հետ ուխտեր կապելու դեպքում, որոնք ձեզ կապում են Նրա հետ, Նա արդեն կատարյալ ձևով ճանաչում է ձեզ և ցանկանում է ձեզ տալ այն ամենը, ինչ Ինքն ունի՝ Իր ամբողջ Եսը։ Նա հրավիրում է ձեզ վստահել Իրեն և բռնել Իր ուխտի ճանապարհը: Դուք առատորեն կօրհնվեք, քանի որ «Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք` գալիք աշխարհում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», ChurchofJesusChrist.org):
Բաժին 1
Ո՞վ է Եհովան, և ինչո՞ւ կարող եմ վստահել նրան
«Կենդանի Քրիստոսը» ուսուցանում է, որ «[Հիսուս Քրիստոսը] Հին Կտակարանի Մեծ Եհովան է»։ Որտեղի՞ց է եկել Եհովա անունը և ի՞նչ կարող է այն սովորեցնել ձեզ Փրկչի մասին:
Երբ Իսրայելի զավակները արդեն երկար տարիներ Եգիպտոսի գերության մեջ էին, Տերը կանչեց Մովսեսին «[նրանց] Եգիպտոսից հանելու» համար (Ելից 3․10, տես նաև հատվածներ 1–9)։ Մովսեսն իրեն անկարող էր զգում այս առաջադրանքի իրականացման համար: Նա Տիրոջից հարցրեց Նրա անունը, որպեսզի կարողանա իսրայելացիներին ասել, թե ով է ուղարկել իրեն (տես Ելից 3․11–13)։
Ես եմ անունը նշանակում է «Նա է» կամ «Նա գոյություն ունի» և ուղղակիորեն կապված է եբրայերեն Yahweh կամ Եհովա անվան հետ։ Եհովա նշանակում է «Անփոփոխ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Եհովա»): Այն ակնածանքը, որ նրանք տածում էին Եհովայի անվան հանդեպ, պատճառն էր, որ Նոր Կտակարանի պատմության մեջ հիշատակված հրեաներն այդքան բուռն արձագանքեցին, երբ Հիսուս Քրիստոսն ասաց նրանց. «Աբրահամի լինելուց առաջ եմ ես» (Հովհաննես 8․58)։ Քրիստոսի կողմից «Ես եմ» եզրույթի օգտագործումը նույնն է, ինչ Ելից 3.14-ում, երբ Նա ասում է. «Ես եմ որ եմ»:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Փրկչի հայտարարության մասին ասել է.
Սա աստվածայնության նույնքան հստակ և ուղղակի հաստատում է, որքան յուրաքանչյուր ոք կարող է ձևակերպել: «Աբրահամի լինելուց առաջ եմ ես»: Այսինքն՝ «Ես եմ Ամենակարող Աստվածը, մեծ Ես ԵՄ-ը: Ես եմ ինքնագոն, Հավերժականը: Ես եմ ձեր հայրերի Աստվածը: Իմ անունն է՝ «Ես եմ ՈՐ ԵՄ»։ (Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը, [1965], 1.464):
Բաժին 2
Ինչպե՞ս կարող է իմ կյանքը օրհնվել՝ Եհովայի հետ ուխտեր կապելով և պահելով
Թեպետ Տերը՝ Եհովան, հզոր է և անփոփոխ, սակայն Նա և Նրա Հայրը մեզանից յուրաքանչյուրին հրավիրում են իրենց հետ ուխտի հարաբերություններ ստեղծել: Այս ուխտի հարաբերությունը ներառում է հնարավոր օրհնություններ, որոնք այլ կերպ չենք կարող ստանալ:
Դուք կարող եք հիշել, որ ուխտը «մի սրբազան պայմանագիր է Տիրոջ և որևէ անձի կամ խմբի միջև: Աստված սահմանում է հատուկ պայմաններ, և Նա խոստանում է օրհնել մեզ, եթե մենք հնազանդվենք այդ պայմաններին: Երբ մենք չենք պահում ուխտերը, մենք չենք կարող ստանալ օրհնությունները, և որոշ դեպքերում մենք տույժ ենք ստանում՝ մեր անհնազանդության հետևանքով» (Ավետարանի թեմաներ, «Ուխտ», topics.ChurchofJesusChrist.org)։
Աբրահամը հիանալի օրինակ է նրա, ով ուխտեր կապեց և պահեց Տիրոջ հետ: Չնայած իր շրջապատի շատ մարդկանց կռապաշտությանը և վատ օրինակին, Աբրահամը ցանկանում էր լինել «արդարության ավելի մեծ հետևորդ» (Աբրահամ 1.2): Աբրահամի ցանկությունները հատուցվեցին, երբ Եհովան ուխտի մեջ մտավ նրա հետ։
Աբրահամի ուխտը ներառում է բոլոր հավերժական օրհնությունները, որոնք ստանում ենք Տիրոջ ավետարանից, քահանայության արարողություններից և սելեստիալ ամուսնությունից: Այս ուղին սկսվում է մկրտության ժամանակ կնքված ուխտից և շարունակվում է տաճարում ու դրանից այն կողմ, երբ մենք հնազանդ ենք մնում մեր կապած ուխտերին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աբրահամի ուխտի մասին ասել է.
«Աբրահամի ուխտի մեծագույն օրհնությունները տրվում են սուրբ տաճարներում։․․․ Հին Աբրահամի ուխտի իրականացումը հնարավոր է միայն Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Նա է մեզ հնարավորություն տվել հավերժ ապրել Աստծո հետ՝ Քրիստոսի և մեր ընտանիքների հետ: (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 7)
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ արտահայտությունը և նշեք այն օրհնությունները, որոնք գալիս են Փրկչի ուխտի արահետով քայլելուց.
Ի՞նչ է ուխտի արահետը։ Դա միակ ճանապարհն է, որը տանում է դեպի Աստծո սելեստիալ արքայություն: ․․․ Ուխտի արահետում (որն, ի դեպ, տարածվում է մահկանացության սահմաններից այն կողմ), մենք ստանում ենք բոլոր արարողություններն ու ուխտերը, որոնք վերաբերում են փրկությանն ու վեհացմանը:
Մեր ուխտի հիմնական պարտավորությունն է՝ կատարել Աստծո կամքը և «բոլոր բաներում հնազանդ լինել նրա պատվիրաններին, որ նա կպատվիրի մեզ» [Մոսիա 5․5]։ …
Ուխտերը, որոնք Աստված առաջարկում է Իր զավակներին, իրականացնում են ավելին, քան մեզ առաջնորդելն է: Դրանք մեզ կապում են Նրա հետ, իսկ կապված լինելով Նրա հետ, մենք կարող ենք հաղթահարել բոլոր բաները: ․․․
Աստված գրեթե անկարագրելի պարգև է տալիս՝ օգնելով ուխտ կապողներին լինել ուխտ պահողներ. դա Սուրբ Հոգու պարգևն է: … Այս պարգևը Սուրբ Հոգու մշտական ընկերակցության, պաշտպանության և առաջնորդության իրավունքն է: ․․․
Ուխտի արահետում մենք գտնում ենք նաև ներման և մեղքից մաքրվելու հիմնական օրհնությունները: ․․․
Ուխտի արահետին հետևողները բացառիկ օրհնություններ են գտնում Աստծո կողմից նշանակված տարբեր հավաքներում: ․․․ Իսրայելի ցրված ցեղերի բառացի հավաքումը ․․․ այժմ ընթանում է ուխտի ժողովրդի հավաքումով Եկեղեցում։ ․․․ Կա նաև ուխտի ժողովրդի շաբաթական ․․․ հաղորդության հացն ու ջուրը ճաշակելու հավաք՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Քավության։
Ուխտի մարդիկ հավաքվում են տաճարում՝ Տիրոջ տանը, որպեսզի ստանան այնտեղ եզակիորեն մատչելի արարողությունները, օրհնություններն ու հայտնությունը: ․․․
Ի վերջո, միայն ուխտի արահետին հետևելով է, որ մենք ժառանգում ենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի օրհնությունները, փրկության և վեհացման վերջնական օրհնությունները, որոնք միայն Աստված կարող է տալ: («Ինչո՞ւ մնալ ուխտի արահետի վրա», Լիահոնա, մայիս 2021, 116, 118)