Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 46


Բաժին 46

Հայտնություն՝ տրված Եկեղեցուն, Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. մարտի 8-ին (History of the Church, 1.163–165): Եկեղեցու այս վաղ ժամանակներում, Եկեղեցու ծառայություններն անցկացնելու միասնական օրինակ դեռ չէր հաստատվել: Ինչևէ, հաղորդության ժողովներին և Եկեղեցական այլ հավաքներին միայն անդամներին ու լուրջ հետաքրքրվողներին ընդունելու սովորությունն ինչ-որ չափով ընդհանուր էր դարձել: Այս հայտնությունն արտահայտում է Տիրոջ կամքը՝ ժողովները ղեկավարելու և անցկացնելու վերաբերյալ:

1–2՝ Երեցները պետք է վարեն ժողովները, ինչպես որ կուղեկցվեն Սուրբ Հոգու կողմից. 3–6՝ Ճշմարտությունը փնտրողները չպետք է հեռացվեն հաղորդության ծառայություններից. 7–12՝ Խնդրեք Աստծուն և փնտրեք Հոգու պարգևները. 13–26՝ Տրվում է այդ պարգևներից մի քանիսի թվարկումը. 27–33՝ Եկեղեցու ղեկավարներին տրված է Հոգու պարգևները զանազանելու զորություն:

1 Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ. քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս բաները ձեզ ասվել են ձեր օգտի և ուսման համար:

2 Սակայն, չնայած այն ամենին, ինչ գրված է, իմ եկեղեցու երեցներին ի սկզբանե տրված է եղել, և միշտ կլինի, բոլոր ժողովները վարել, ինչպես հրահանգում և ուղեկցում է Սուրբ Հոգին:

3 Այնուամենայնիվ, ձեզ պատվիրվում է երբեք, ոչ ոքի դուրս չհանել ձեր հասարակական ժողովներից, որոնք անցկացվում են աշխարհի առաջ:

4 Ձեզ նաև պատվիրվում է ձեր հաղորդության ժողովներից դուրս չհանել ոչ մեկին, ով պատկանում է եկեղեցուն. սակայն, եթե մեկը զանցանք է գործել, թող նա չընդունի, մինչև հաշտություն չկնքի:

5 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ դուք չպետք է դուրս հանեք ձեր հաղորդության ժողովներից նրանց, ովքեր լրջորեն փնտրում են արքայությունը,– սա ես ասում եմ նրանց վերաբերյալ, ովքեր եկեղեցուց չեն:

6 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, ձեր հաստատման ժողովների վերաբերյալ, որ եթե լինեն անձինք, որոնք այս եկեղեցուց չեն, որոնք լրջորեն փնտրում են արքայությունը, դուք նրանց չպետք է դուրս հանեք:

7 Բայց ձեզ պատվիրված է բոլոր բաներում խնդրել Աստծուն, որը տալիս է առատորեն. և այն, ինչ Հոգին վկայում է ձեզ, ճիշտ այդպես ես կկամենայի, որ դուք վարվեք՝ սրտի խոնարհությամբ, ուղիղ քայլելով իմ առաջ, աչքի առաջ ունենալով ձեր փրկության վախճանը, բոլոր բաներն անելով աղոթքով ու գոհաբանությամբ, որպեսզի չմոլորվեք չար ոգիների կողմից, կամ դևերի վարդապետություններից, կամ մարդկանց պատվիրաններից. քանզի ոմանք մարդկանցից են, իսկ ոմանք՝ դևերից:

8 Ուստի, զգուշացեք, չլինի թե խաբվեք. և որպեսզի չխաբվեք, հետամուտ եղեք լավագույն պարգևներին, միշտ մտապահելով, թե ինչի համար են դրանք տրված.

9 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դրանք տրված են նրանց օգտի համար, ովքեր սիրում են ինձ և պահում են իմ բոլոր պատվիրանները, և նրա համար, ով փնտրում է այդպես վարվել. որ բոլորը, ովքեր փնտրում են կամ ովքեր խնդրում են ինձ, կարողանան օգտվել, ովքեր խնդրում են, բայց ոչ նշանի համար, որ վատնեն իրենց ցանկությունների վրա:

10 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես կկամենայի, որ դուք միշտ հիշեք և միշտ ձեր մտքում պահեք, թե ինչ են այն պարգևները, որոնք տրված են եկեղեցուն:

11 Քանզի բոլորին տրված չէ ամեն պարգև. քանզի կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց:

12 Ոմանց տրված է մի բան, ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան, որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն:

13 Ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար:

14 Մյուսներին տրված է հավատալ նրանց խոսքերին, որ նրանք նույնպես կարողանան հավերժական կյանք ունենալ, եթե հավատարմորեն շարունակեն:

15 Եվ բացի այդ, ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ պաշտոնավարության տարբերությունները, ինչպես որ հաճելի կլինի հենց Տիրոջը, ինչպես որ կամենում է Տերը՝ իր ողորմությունները համապատասխանեցնելով մարդկանց զավակների պայմաններին:

16 Եվ բացի այդ, ոմանց տրված է, Սուրբ Հոգուց, իմանալ ներգործությունների տարբերությունը, թե արդյոք դրանք Աստծուց են, որ Հոգու դրսևորումները տրվեն ամեն մարդու՝ դրանից օգտվելու համար:

17 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ոմանց Աստծո Հոգուց տրված է իմաստության խոսքը:

18 Մեկ ուրիշին տրված է գիտության խոսքը, որ բոլորը կարողանան ուսուցանվել՝ իմաստուն լինել և գիտելիք ունենալ:

19 Եվ բացի այդ, ոմանց տրված է հավատք ունենալ՝ բժշկվելու.

20 Իսկ ուրիշներին տրված է հավատք ունենալ՝ բժշկելու:

21 Եվ բացի այդ, ոմանց տրված է հրաշքներ գործել.

22 Իսկ ուրիշներին տրված է մարգարեանալ.

23 Եվ ուրիշներին՝ հոգիներ զանազանել:

24 Եվ բացի այդ, ոմանց տրված է լեզուներով խոսել.

25 Իսկ մեկ ուրիշի տրված է լեզուներ թարգմանել:

26 Եվ բոլոր այս պարգևները գալիս են Աստծուց՝ Աստծո զավակների օգտի համար:

27 Եվ եկեղեցու եպիսկոպոսին, և նմանապես նրանց, ում Աստված կնշանակի ու կկարգի, եկեղեցին հսկելու և եկեղեցու երեցներ լինելու, նրանց տրված պիտի լինի բոլոր այդ պարգևները զանազանելը, չլինի թե ձեր մեջ մեկը դավանող լինի և, այնուամենայնիվ, Աստծուց չլինի:

28 Եվ կլինի այնպես, որ նա, ով խնդրում է Հոգով, պիտի ստանա Հոգով.

29 Որ, ոմանց տրված լինի՝ ունենալ բոլոր այդ պարգևները, որ լինի մեկ գլուխ, որպեսզի ամեն մի անդամ այդպիսով օգտվի:

30 Նա, ով խնդրում է Հոգով, խնդրում է համաձայն Աստծո կամքի. հետևաբար դա կատարվում է, ճիշտ ինչպես նա խնդրում է:

31 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ բոլոր բաները պետք է արվեն Քրիստոսի անունով, ինչ էլ որ դուք անեք Հոգով.

32 Եվ դուք պետք է գոհություն հայտնեք Աստծուն, Հոգով, բոլոր օրհնությունների համար, որոնցով դուք օրհնված եք:

33 Եվ դուք պետք է անդադար առաքինություն և սրբություն գործադրեք իմ առաջ: Ճիշտ այդպես: Ամեն: