2007
Թագավորական Քահանայություն
2007թ. նոյեմբեր


Թագավորական Քահանայություն

Ժամանակները փոխվում են, պայմանները` նույնպես, սակայն Աստծո քահանայության ճշմարիտ կրողի նշանները մնում են անփոփոխ:

Նկար

Եղբայրնե՛ր, նայելով այս հրաշակերտ կառույցի մի ծայրից մյուսը, կարող եմ ասել, որ ոգեշնչող տեսք ունեք: Զարմանալի է միայն մտածելը, որ ամբողջ աշխարհում հազարավոր հավաքատներում, Աստծո քահանայությունը կրողները, ստանում են այս հեռարձակումն արբանյակի միջոցով: Ազգությունները տարբեր են և լեզուները բազմաթիվ, սակայն մենք բոլորս կապված ենք մի թելով: Մեզ վստահված է կրել քահանայությունը և գործել Աստծո անունով: Մենք սուրբ վստահությունը կրողներն ենք: Մեզանից շատ բան է ակնկալվում:

Մենք, որ կրում ենք Աստծո քահանայությունը և պատվում ենք այն, նրանց շարքում ենք, ովքեր պահվել են պատմության այս հատուկ ժամանակաշրջանի համար: Պետրոս Առաքյալը նկարագրել է մեզ Ա Պետրոսի երկրորդ գլխում, իններորդ հատվածում. «Դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նորա առաքինությունները, որ ձեզ խավարիցը կանչեց իր զարմանալի լույսի մեջ»:

Ինչպե՞ս կարող ենք ես և դուք արժանի լինել նման վստահության` «Արքայական Քահանայության»: Որո՞նք են կենդանի Աստծո իսկական որդու հատկանիշները: Այսօր ես կցանկանայի խոսել հենց այդ հատկանիշների մասին:

Ժամանակները փոխվում են, պայմանները` նույնպես, սակայն Աստծո քահանայության ճշմարիտ կրողի նշանները մնում են անփոփոխ:

Թույլ տվեք առաջարկել, որպեսզի նախևառաջ յուրաքանչյուրը զարգացնի տեսադաշտի նշանը: Մի գրող ասել է, որ պատմության դռները կախված են փոքր ծղխնիներից, և այդպես էլ` մարդկանց կյանքերը: Եթե մենք այս ասացվածքը կիրառենք մեր կյանքում, ապա կարող ենք ասել, որ մենք բազմաթիվ փոքր որոշումների արդյունք ենք: Ի վերջո, մենք մեր ընտրությունների արդյունքն ենք: Մենք պետք է զարգացնենք կարողություն հիշելու անցյալը, գնահատելու ներկան և նայելու դեպի ապագա, որպեսզի մեր կյանքում իրականացնենք այն, ինչ Տերն ակնկալում է մեզանից:

Դո՛ւք, երիտասարդ տղամարդի՛կ, որ կրում եք Ահարոնյան Քահանայություն, պետք է ունակություն ունենաք տեսնելու այն օրը, երբ դուք կկրեք Մելքիսեդեկյան Քահանայություն, սկսեք պատրաստվել որպես սարկավագներ, ուսուցիչներ, քահանաներ այդ սուրբ Մելքիսեդեկյան Քահանայությունը ստանալու համար: Դուք պատասխանատու եք լինելու պատրաստ, երբ ստանաք Մելքիսեդեկյան Քահանայությունը, արձագանքեք որպես միսիոներ ծառայելու կանչին, ընդունեք այն և կատարեք: Որքան եմ ես աղոթում, որպեսզի յուրաքանչյուր տղա և ամեն մի տղամարդ ունենա տեսադաշտի նշան:

Երկրորդ սկզբունքը, որ ես կցանկանայի նշել որպես Աստծո քահանայության ճշմարիտ կրողի հատկանիշ, դա ջանքի նշանն է: Բավական չէ ցանկանալ կատարել ջանքը և ասել, որ մենք կգործադրենք ջանքեր: Գործելով է, ոչ թե միայն մտածելով, որ մենք հասնում ենք մեր նպատակներին: Եթե մենք մշտապես մեր նպատակները մի կողմ դնենք, մենք երբեք չենք հասնի դրանց: Ինչ-որ մեկն ասել է. Ապրեք միայն վաղվա համար, և այսօր դուք կունենաք մեծ թվով դատարկ երեկվա օրեր:1

1976 թվի հուլիսին մրցավազքի մարզիկ Գարի Բյորկլանդը վճռել էր որակավորվել ԱՄՆ Օլիմպիական թիմի կազմում 10 000 մետր վազքի մրցումների համար, որոնք պետք է տեղի ունենային Մոնրեալի Օլիմպիական խաղերի ժամանակ: Ստուգարքային մրցման ճանապարհի կեսին նրա ձախ կոշիկը դուրս թռավ ոտքից: Ի՞նչ կանեինք ես և դուք, եթե դա պատահեր մեզ հետ: Կարծում եմ կհանձնվեինք ու կկանգնեինք: Նա կարող էր մեղադրել իր վատ բախտը և կորցներ հնարավորությունը մասնակցելու իր կյանքի ամենամեծ մրցավազքում: Բայց այս չեմպիոն մարզիկը այդպես չարեց: Նա վազեց առանց կոշիկի: Նա գիտեր, որ պետք է վազեր ավելի արագ, այնպես, ինչպես կյանքում չէր վազել: Նա գիտեր, որ իր մրցակիցներն այժմ առավելություն ունեն, որը չունեին մրցման սկզբում: Այդ մրցուղով նա վազեց մի ոտքին կոշիկ, մյուսին` ոչ, հասավ երրորդը և արժանացավ ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությանը: Նրա գերազանցել էր իր անձնական արդյունքը: Նա գործադրեց անհրաժեշտ ջանքերն իր նպատակին հասնելու համար:

Որպես քահանայություն կրողներ մենք կարող ենք ունենալ պահեր մեր կյանքում, երբ սխալվում ենք, թուլանում կամ հոգնում ենք, հուսահատություն կամ ցավ ենք ապրում: Երբ դա տեղի է ունենում, ես հուսով եմ, որ մենք ավելի մեծ ջանքով կշարժվենք դեպի մեր նպատակը:

Ժամանակ առ ժամանակ մեզանից յուրաքանչյուրը կկանչվի Եկեղեցու որևէ պաշտոնի, լինի դա սարկավագների քվորումի նախագահ, ուսուցիչների քվորումի քարտուղար, քահանայության խորհրդատու, դասարանի ուսուցիչ, եպիսկոպոս: Ես կարող եմ ավելին թվարկել, սակայն դուք հասկանում եք ինչ ի նկատի ունեմ ես: Ես միայն 22 տարեկան էի, երբ կանչվեցի որպես եպիսկոպոս Սոլթ Լեյք Սիթիի Վեցերորդ-Յոթերորդ Ծուխը: 1080 անդամներով ծխում մեծ ջանքեր էին պահանջվում, որպեսզի ամեն մանրուք հաշվի առնվեր և ծխի ամեն անդամ իրեն ներգրավված և հոգատարության տակ զգար: Թեև հանձնարարությունը հսկայական էր, ես թույլ չտվեցի, որ այն ծանրաբեռնի ինձ: Ես գնացի աշխատելու, ինչպեսև մյուսները, և արեցի հնարավորին ամեն ինչ ծառայելու համար: Մեզանից յուրաքանչյուրը կարող է անել նույնը, անկախ կոչումից կամ հանձնարարությունից:

Անցյալ տարի ես որոշեցի տեսնել, թե քանի բնակելի տուն է մնացել 1950—1951թթ. ժամանակից, երբ ես եպիսկոպոս էի ծառայում այդ նույն տարածքում: Ես դանդաղ վարում էի մեքենան բոլոր թաղամասերով, որոնք մտնում էին մեր ծխի կազմի մեջ: Ես զարմացա, տեսնելով, որ բոլոր տներից և բնակարաններից, որտեղ բնակվում էին մեր ծխի 1080 անդամները, միայն երեքն էին դեռ կանգուն: Դրանցից մեկի խոտածածկն անխնա աճած էր, իսկ ծառերը չկտրատած, և ոչ ոք չէր ապրում այնտեղ: Երկու մնացածից, մեկը լքված էր և չբնակեցված, իսկ մյուսը դարձել էր ինչ-որ բիզնեսի համեստ գրասենյակ:

Ես կանգնեցրի մեքենան, անջատեցի շարժիչը և մի փոքր նստեցի այնտեղ: Ես պատկերացնում էի յուրաքանչյուր տունը, բնակելի շենքը, յուրաքանչյուր անդամին, որ ապրում էր այնտեղ: Թեև տները և շենքերն արդեն չկային, դեռ կենդանի էին հիշողություններն այն ընտանիքների մասին, որոնք ապրում էին այնտեղ: Ես մտածեցի Ջեյմս Բարիի խոսքերի մասին, որը գրել է, որ Աստված մեզ հիշողություն է տվել, որպեսզի մենք մեր կյանքի դեկտեմբերին ունենանք հունիսի վարդերը:2 Որքան երախտապարտ եմ ես այդ հանձնարարությունը կատարելու հնարավորության համար: Այդպիսին կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի օրհնությունը, եթե մենք մեր հանձնարարություններում մեր լավագույն ջանքերը ներդնենք:

Ջանքի նշանը անհրաժեշտ է քահանայության յուրաքանչյուր կրողի համար:

Երրորդ սկզբունքը, որը ես ցանկանում եմ շեշտել, դա հավատի նշանն է: Մենք պետք է հավատ ունենանք մեր հանդեպ, հավատ, որ մեր Երկնային Հայրն ունակ է օրհնելու մեզ մեր նախաձեռնություններում: Տարիներ առաջ սաղմոսողը գրել է մի սքանչելի ճշմարտություն: «Ավելի լավ է ապավինել Տիրոջը, քան վստահել մարդուն: Ավելի լավ է ապավինել Տիրոջը, քան վստահել իշխաններին»:3 Այլ խոսքերով, եկեք ապավինենք Տիրոջ ունակությանը, որ առաջնորդի մեզ: Ընկերությունը, մենք գիտենք, փոփոխական է, իսկ Տերը` կայուն:

Արքա Հենրի Ութերորդը պիեսում Շեքսպիրն ուսուցանում է այս ճշմարտությունը Կարդինալ Վոլսիի միջոցով, որը վայելում էր մեծ համբավ և հպարտությամբ էր լցված, քանի որ ընկեր էր թագավորի հետ: Երբ ընկերությունը դադարեց Կարդինալ Վոլսին կորցրեց իր իշխանությունը, որի արդյունքում կորցրեց նաև իր աչքի ընկնող դիրքը և համբավը: Նա այն մարդն էր, որ ձեռք էր բերել ամեն ինչ, ապա կորցրել այդ ամենը: Սրտի ցավով նա իսկական ճշմարտություն է ասում իր ծառա Կրոմվելին: Նա ասել է.

Օ՜, Կրոմվե՜լ, Կրոմվե՜լ

Եթե ես ծառայեի իմ Աստծուն կիսով չափ այն եռանդի,

Որով ծառայել եմ իմ թագավորին, այս տարիքում

Նա ինձ չէր թողնի անզոր թշնամիներիս առաջ:4

Ես հավատացած եմ, որ մենք պետք է ուենանք հավատի նշանը ամեն սրտում, որ այստեղ ներկա է:

Ես իմ ցուցակին ավելացնում եմ առաքինության նշանը: Տերը նշել է, որ մենք պետք է անդադար զարդարենք մեր մտքերն առաքինությամբ:5

Ես հիշում եմ մի քահանայության ժողով, որը տեղի էր ունենում Սոլթ Լեյք Սիթիի Թաբերնաքլում, երբ ես կրում էի Ահարոնյան Քահանայություն: Եկեղեցու Նախագահը խոսում էր քահանայության հետ և մի արտահայտություն արեց, որն ես երբեք չեմ մոռանա: Նա ասաց, ըստ էության, դավաճանություն կամ այլ մեղք կատարող տղամարդիկ չեն անում դա մեկ ակնթարթում: Նա շեշտեց, որ մեր գործողություններին նախորդում են մեր մտքերը, և երբ մենք մեղք ենք կատարում, մենք նախ մտածում ենք այդ մեղքը կատարելու մասին: Ապա Նախագահն ասաց, որ մեղքից խուսափելու համար մեր մտքերը պետք է մաքուր պահենք: Սուրբ գրությունները մեզ ասում են, որ ինչպես մենք մտածում ենք մեր սրտում, այդպիսին էլ մենք կանք:6 Մենք պետք է ունենանք առաքինության նշանը:

Եթե մենք պետք է միսիոներներ լինենք մեր Եկնային Հոր արքայության մեջ, մենք պետք է արժանի լինենք Նրա Սուրբ Հոգու ընկերակցությանը, և մեզ հստակ ասվել է, որ Նրա Հոգին չի բնակվի անմաքուր կամ անսուրբ տաճարներում:

Վերջապես, ես կարող եմ ավելացնել աղոթքի նշանը: Երկնային Հոր հետ հաղորդակցվելու ցանկությունն Աստծո ճշմարիտ քահանայության կրողի նշան է:

Երբ մենք Տիրոջն ենք առաջարկում մեր ընտանեկան և անձնական աղոթքները, եկեք անենք դա հավատքով և վստահությամբ Նրա հանդեպ: Եկեք հիշենք Եբրայեցիներին ուղղված Պողոս Առաքյալի պատգամը. «Որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրան խնդրողներին վարձահատույց կլինի»:7 Եթե մեզանից մեկը դանդաղ է ուշք դարձնում միշտ աղոթելու խորհրդին, ապա չկա ավելի լավ ժամանակ, քան հիմա: Վիլիամ Կուպերը ասել է. «Սատանան դողում է, երբ տեսնում է ամենաթույլ սրբին ծնկների վրա»:8 Նրանք, ովքեր զգում են, թե աղոթքը կարող է նշանակել ֆիզիկական թուլություն, պետք է իմանան, որ մարդն երբեք այդքան բարձր կանգնած չի լինում, ինչպես երբ ծնկների վրա է:

Թող մենք միշտ հիշենք.

Աղոթքը հոգու անկեղծ ցանկությունն է,

Պահված և չարտահայտված,

Թաքնված մի կրակ,

Որ վառվում է կրծքի տակ …

O՜, դուք, որ տանում եք մեզ Աստծո մոտ,

Կյանք, Ճշմարտություն, Ճանապարհ,

Աղոթքի ուղին, որ ստեղծել ես,

Տեր, սովորեցրու աղոթել:9

Զարգացնելով աղոթքի նշանը մենք կստանանք մեր Երկնային Հոր օրհնությունները, որ Նա ունի մեզ համար:

Եզրափակելով, եկեք տեսադաշտ ունենանք: Եկեք ջանք գործադրենք: Եկեք մարմնավորենք հավատ և առաքինություն և միշտ դարձնենք աղոթքը մեր կյանքի մասը: Այդ ժամանակ մենք իսկապես կլինենք արքայական քահանայություն: Այսպիսին է իմ անձնական աղոթքն այս երեկո, և ես սրտանց ասում եմ` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See Meredith Willson and Franklin Lacey, The Music Man (1957).

  2. See Laurence J. Peter, comp., Peter’s Quotations: Ideas for Our Time (1977), 335.

  3. Սաղմոս ՃԺԸ.8–9

  4. Գործողություն 3, տեսարան 2, տողեր 455–458:

  5. Տես ՎևՈւ 121.45:

  6. Տես Առակաց ԻԳ.7:

  7. Եբրայեցիս ԺԱ.6

  8. In William Neil, comp., Concise Dictionary of Religious Quotations (1974), 144.

  9. “Prayer Is the Soul’s Sincere Desire,” Hymns, no. 145.

Տպել