Գլուխ 14
Լինել օրինապահ քաղաքացիներ
Մենք պետք է հնազանդվենք Աստծո և մարդկանց օրենքներին, պատվելով Եկեղեցու մեր անդամությունը և մեր քաղաքացիությունն այն պետության մեջ, որտեղ ապրում ենք։
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի անձնական կյանքը լավ քաղաքացի լինելու և իր հասարակությանը ծառայելու օրինակ է եղել։ 1865–1882թթ. մի քանի ժամկետ նա ծառայել է որպես Յուտայի Տարածքային Օրենսդրական մարմնի օրենսդիր, 1867թ. ծառայել է քաղաքային խորհրդում, ինչպես նաև եղել է 1895թ. կոնվենցիայի անդամ, որը պատրաստում էր Յուտայի նահանգի սահմանդրությունը։
Նախագահ Սմիթը, որը Նավուի ամբոխների կողմից դաժանության ականատեսն է եղել, հաճախ է խոսել քաղաքակիրթ հասարակության մեջ օրենքը պահելու կարևորության մասին։ Նա և Առաջին Նախագահության մեջ նրա Խորհրդականները թախանձագին խնդրում էին Սրբերին լինել օրենքը հարգող և օրինապահ քաղաքացիներ, որտեղ էլ որ ապրեն, և լինեն հավատարիմ ու նվիրված իրենց կառավարությանը։1 Մի առիթով, երբ կառավարության մի պաշտոնյա արհամարհական ձևով էր արտահայտվել Միացյալ Նահանգների Սահմանադրության մասին, Նախագահ Սմիթը հակաճառել էր. «Վերջին Օրերի Սրբերը չեն կարող հանդուրժել այսպիսի մոտեցում։ Դա անարխիա է։ Դա կործանում է նշանակում։ Դա ամբոխավարության ոգին է, Տերը գիտե, որ մենք շատ ենք տառապել ամբոխավարությունից, և մենք չենք ցանկանում կրկին վերադառնալ դրան։ … Մենք չենք կարող մեզ թույլ տալ անձնատուր լինել այդ ոգուն կամ նվազագույն իսկ չափով աջակցել դրան։ Մենք պետք է կայծքարի պես ամուր կանգնենք մեր պետության սահմանադրության և մեր երկրի սահմանադրական օրենքների հանդեպ արհամարհական կամ ոչ հարգալից վերաբերմունք ունեցող ամեն հոգու դեմ»։2
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Վերջին Օրերի Սրբերը հավատարիմ են իրենց երկրին։
Եկեք գործենք շիտակ, պահենք Աստծո օրենքները, և մարդկանց օրենքները, պատվենք մեր անդամությունը Աստծո արքայության մեջ, մեր քաղաքացիությունը … այն պետության մեջ, որի մասն ենք մենք, և այդ ժամանակ Աստված կաջակցի և կպահպանի մեզ, իսկ մենք կշարունակենք աճել, ինչպես որ եղել է ի սկզբանե, միայն թե մեր հետագա աճը կլինի արագացված և ավելի հզոր, քան անցյալում էր։3
Սովորեցրեք ձեր երեխաներին պատվել Աստծո օրենքը, նահանգի օրենքը և ձեր երկրի օրենքը։ Սովորեցրեք երեխաներին հարգել և պատվել նրանց, ովքեր ընտրվել են ժողովրդի կողմից, որպեսզի լինեն այդ ժողովրդի ղեկավարները, գործադրեն արդարադատություն և կիրառեն օրենքը։ Սովորեցրեք նրանց լինել հավատարիմ իրենց երկրին, արդարությանը, ազնվությանը և պատվին, և այդպես նրանք կաճեն ու կդառնան աշխարհի ընտրյալ տղամարդիկ ու կանայք։4
Իրականում լինել Վերջին Օրերի Սուրբ նշանակում է լինել աշխարհում Աստծո լավագույն ժողովուրդներից մեկը կամ զավակները։ … Վերջին Օրերի լավ Սուրբը կլինի լավ քաղաքացի, կարևոր չէ, կլինի նա Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Հոլանդիայի, Գերմանիայի, թե աշխարհի մեկ այլ երկրի հպատակ։ Եթե նա ցանկանում է լինել Վերջին Օրերի լավ Սուրբ, նա պետք է լինի լավ քաղաքացին այն երկրի, որտեղ նա ծնվել է, կամ որը նա ընդունել է որպես իր տուն։ … Աստծո արքայության քաղաքացին ամբողջ աշխարհում Աստծո լավագույն մարդկանց մեջ պետք է առաջին տեղում լինի։5
Ես աղոթում եմ ոչ միայն Սիոնի բարգավաճման համար, այլ մեր երկրի բարգավաճման համար։ Մենք պետք է միշտ հիշենք, որ ոչ միայն Աստծո Արքայության քաղաքացիներն ենք, այլ քաղաքացիներն ենք … այն նահանգի, որում ապրում ենք։ Մենք միշտ հավատարիմ ենք եղել և մեր պետությանը, և երկրին, ինչպես նաև՝ Աստծո Եկեղեցուն։ … Մենք պատրաստ ենք եղել կռվելու մեր երկրի ճակատամարտերում, պաշտպանելու նրա պատիվը, բարձր պահելու նրա բարի անունը, և մենք նպատակ ունենք շարունակել հավատարիմ մնալ մեր պետությանը և մեր ժողովրդին մինչև վերջ։6
Եթե հայրենասիրությունն ու հավատարմությունը արժանիքներ են, որոնք դրսևորվում են խաղաղ ժամանակներում արդար, չափավոր, բարյացակամ, աշխատասեր և առաքինի ապրելակերպով, իսկ փորձության ժամանակներում՝ համբերությամբ, միայն օրինական միջոցներով դիմադրելով երևելի կամ աներևույթ չարին, և անխոտոր ենթարկվելով երկրի օրենքներին, թեպետ անհանգստություն և վիշտ են հարուցում, իսկ պատերազմի ժամանակ պատրաստակամորեն մարտնչելով երկրի կռվում, ապա, անառարկելիորեն, «Մորմոն» ժողովուրդը հայրենասեր և հավատարիմ ժողովուրդ է։7
Թող Ամենազոր Տեր Աստվածը օրհնի ձեզ։ Իմ սիրտը լիքն է օրհնությամբ Վերջին Օրերի Սրբերի համար։ Ես իմ ամբողջ սրտով սիրում եմ այն մարդուն, որը գիտեմ, որ ազնիվ, շիտակ, ճշմարիտ ու հավատարիմ Վերջին Օրերի Սուրբ է։ Նման բնութագրով մարդը ցանկացած երկրի լավ քաղաքացիներից մեկն է, նա ցանկացած քաղաքի, շրջանի, նահանգի կամ երկրի լավագույն քաղաքացին է, որտեղ էլ որ նա ապրի, և նա ամենալավերից մեկն է։ Իսկական Վերջին Օրերի Սուրբը լավ ամուսին է, լավ հայր, լավ հարևան, լավ քաղաքացի, և ամեն տեսակետից լավ մարդ է։8
Արդարակեցությունը բարձրացնում է պետությունը։
Տիպիկ «մորմոնական» տունը ընտանիքի տաճարն է։ … Այստեղ են ուսուցանվում և մեղմորեն սերմանվում բարոյական և կրոնական ճշմարտությունները, որոնք միասին վերցրած ստեղծում են այն արդարակեցությունը, որը բարձրացնում է պետությունը և կանխում է այն մեղքը, որը նախատինք է ցանկացած ազգի համար։ … Ահա մեր որդիներն ու դուստրերը, ձեր ցանկությամբ ենթարկեք նրանց ցանկացած փորձության՝ ինչ վերաբերում է ճշմարտության հանդեպ ուշադրությանը, մեծերի հանդեպ հարգանքին, Աստծո հանդեպ ակնածանքին, մարդկանց հանդեպ սիրուն, երկրի հանդեպ հավատարմությանը, օրենքը հարգելուն, լավ վարքին և ի վերջո, … մտքի մաքրությանն ու ողջախոհ վարքին։ Չափից շատ ինքնագովասանք չի լինի, եթե «Մորմոնական» ընտանիքներում ծնված և դաստիարակված մեր մարդկանց սերունդների մասին ասենք, որ նրանք կհաղթեն մրցակցությունը քրիստոնեական արժանիքների, և այն ամենի, ինչը համապատասխանում է ցանկացած համայնքում այս կամ մեկ այլ երկրի լավ քաղաքացի լինելուն։9
«Մորմոնիզմը» գոյություն ունի աշխարհում ի օգուտ ողջ աշխարհի։ Ուսուցանելով ճշմարտությունը, արմատավորելով բարոյականությունը, պահպանելով տան մաքրությունը, պատվելով իշխանությունն ու կառավարությունը, խթանելով կրթությունը և բարձրացնելով տղամարդուն ու կնոջը, մեր կրոնը դատապարտում է հանցագործությունը և դեմ է ամեն տեսակի բռնապետությանը։ «Մորմոնիզմը» ձգտում է բարձրացնել և ոչ թե կործանել հասարակությունը։10
Վերջին Օրերի լավ Սուրբը լավ քաղաքացի է ամեն տեսակետից։ Ես ցանականում եմ ասել մեր համայնքի երիտասարդ տղամարդկանց. Եղեք օրինակելի Վերջին Օրերի Սրբեր, և թող ոչինչ ձեզ ետ չպահի ամենաբարձր դիրքը գրավելու ձգտումից, որը կարող է առաջարկել մեր պետությունը։ Ձեռք բերելով այդ տեղը, թող որ ձեր նվիրված «Մորմոն» մայրերի կողմից մանկուց ձեր սրտերում արմատավորած առաքինությունը, շիտակությունը, ազնվությունը, ունակությունը, կրոնական ուսմունքները «այնպես լուսավորեն ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, և փառավորեն ձեր Հորը որ երկնքումն է»։ [Մատթեոս Ե.16։]11
Թող որ Տերն օրհնի մեր կառավարությանը և առաջնորդի նրանց, ովքեր իրենց ձեռքում ունեն իշխանություն, կատարելու այն, ինչը արդար է, Աստծուն հաճելի ու Նրա համար ընդունելի։12
Մենք Եկեղեցին պետությունից առանձին լինելու վարդապետության կողմնակիցն ենք։
Եկեղեցու անդամներին պատվիրվել է Աստվածային հայտնությամբ … «Թող ոչ ոք չխախտի երկրի օրենքները, քանզի նա, ով պահում է Աստծո օրենքները, պետք չէ, որ խախտի երկրի օրենքները»։ [տես ՎևՈւ 58.21։]13
Ինչ վերաբերում է Եկեղեցու օրենքներին, հստակ ասվել է. …
«Ահա, օրենքները, որ դուք ստացաք իմ ձեռքից, եկեղեցու օրենքներն են, և այդ լույսի ներքո դուք պիտի պահեք դրանք»։ [տես ՎևՈւ 58.23։]
Այսինքն, ոչ մի օրենք, հաստատված կանոն կամ Եկեղեցու կողմից ստացված հայտնություն, չի հայտարարվել պետության համար։ Վերևում տրված նման օրենքներն ու հայտնությունները միմիայն նախատեսված են Եկեղեցու կառավարման համար։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կառչում է այն վարդապետությունից, ըստ որի եկեղեցին պետությունից առանձին է, եկեղեցու իշխանությունը չի միջամտում քաղաքական խնդիրների լուծմանը, անհատները բացարձակ ազատ են և անկախ իրենց քաղաքական պարտականությունները կատարելիս։ Եթե ինչ-որ ժամանակ այս վարդապետությանը հակասող վարք է դրսևորվել, ապա դա եղել է Եկեղեցու կողմից պատշաճ ձևով հաստատված սկզբունքների և քաղաքականության խախտում։
Մենք հայտարարում ենք, որ սկզբունքայնորեն և քաղաքականապես մենք կողմ ենք, որ եկեղեցին ամբողջությամբ առանձին լինի պետությունից, պետության կողմից ոչ մի գերիշխանություն չլինի եկեղեցու վրա, եկեղեցին ոչ մի կերպ չմիջամտի պետության ֆունկցիաներին, պետությունը չմիջամտի եկեղեցու գործերին կամ ազատ կրոնական դավանանքին, անհատը բացարձակապես ազատ լինի եկեղեցական գերիշխանությունից քաղաքական հարցերում, բոլոր եկեղեցիները հավասար լինեն օրենքի առաջ։14
Եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, նրա անդամները քաղաքական կուսակցություններին են միանում իրենց կամքով։ … Նրանց չեն խնդրում, ավեին՝ նրանցից չեն պահանջում քվեարկել այս կամ այն ձևով։ … Սակայն նրանք չեն կարող օրենքով զրկվել իրենց քաղաքացիական իրավունքներից և դրա համար ոչ մի պատճառ գոյություն չունենա, քանզի միջին հաշվով նրանք այնքան հավատարիմ, խոհեմ, կրթված, ազնիվ, աշխատասեր, առաքինի, բարոյական, խնայող, և արժանի են ամեն տեսակետից, ինչպես ցանկացած ժողովուրդ այս պետության մեջ, կամ երկրի վրա։15
Մենք ենթարկվում ենք իշխանություններին, քանի դեռ չի եկել Աստծո արքայությունը։
Աստվածաշունչը, որը հանդիսանում է «Մորմոնական» Եկեղեցու կանոնիկ գրքերից մեկը, լի է երկրի վրա Աստվածային օրենքի հաստատման, ամբողջ երկրագնդի վրա արդարության թագավորության գալուստին վերաբերող կանխատեսումներով և խոստումներով։ Քրիստոսը պետք է լինի Թագավոր, իսկ բոլոր ազգերն ու ժողովուրդները պետք է ծառայեն և հնազանդվեն Նրան։ Դա պետք է լինի Աստծո իսկական Արքայությունը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատվել է որպես այդ Թագավորության նախատիպ։ Նրա ավետարանը «արքայության ավետարանն» է։ Նրա սկզբունքները, արարողությունները, իշխանությունը և պարգևները երկնային ծագում ունեն։ Հետևաբար, դա հոգևոր «երկնային արքայությունն» է, որն իր մեջ կրում է այն ազդեցությունը և զորությունը, որոնք պետք է ճանապարհ բացեն Աստծո Արդու համընդհանուր տիրապետության վերաբերյալ մարգարեությունների կատարման համար։16
Երբեմն ասում են, թե Եկեղեցու անդամները սպասում են երկրի վրա Աստծո Արքայության իրական գալուստին, որը կմիավորի աշխարհի բոլոր թագավորությունները մեկ ակներև, աստվածային կայսրության մեջ, որը կկառավարի հարություն առած Սեսիան։
Այս ամենը, ասում են, «Մորմոնի» համար անհնար է դարձնում, իսկապես նվիրվել իր երկրին, կամ որևէ երկրային կառավարությանը։
… Մենք համաձայն չենք, որ աստվածային հայտնությանը հավատալը կամ Աստծո արքայության գալուստին սպասելը ինչոր չափով նվազեցնում է մեր անկեղծ նվիրվածությունը մեր երկրի հանդեպ։ Երբ այդ աստվածային կայսրությունը կհաստատվի, մենք հնարավոր է չենք իմանա ուրիշ ոչինչ, բացի մյուս քրիստոնյաներից, ովքեր աղոթում են. «Գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքումն՝ այնպես էլ երկրի վերայ», [Մատթեոս Զ.10], սակայն մենք գիտենք, որ մեր երկրի հանդեպ նվիրվածությունն ու հավատարմությունը ամրապնդվում են այն փաստով, որ սպասելով Սեսիայի արքայության գալստին, մենք հավատարիմ ենք մնում Աստծո պատվիրանին՝ ենթարկվել գոյություն ունեցող իշխանություններին, մինչև որ կգա Նա, «ում իրավունքն է թագավորել»։ [տես ՎևՈւ 58.22:]17
Ուսումնական առաջարկություններ
-
Ւնչո՞ւ պետք է Վերջին Օրերի Սրբերը հավատարիմ լինեն իրենց երկրին, որտեղ նրանք ապրում են։ (Տես նաև ՎևՈւ 134.5։) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հավատարմությունն ու հարգանքը մեր երկրի հանդեպ, թեև չհամաձայնվենք նրա որոշ քաղաքականության հետ։
-
Ւնչպե՞ս կարող ենք ուսուցանել մեր երեխաներին լավ քաղաքացիներ լինել։
-
Որո՞նք են մեր պարտականությունները որպես քաղաքացիներ։ Ւնչո՞ւ պետք է հավատարիմ Վերջին Օրերի Սուրբը լինի «ցանկացած երկրի լավ քաղաքացիներից մեկը»։
-
Ւնչպե՞ս կարող է անձնական արդարակեցությունը բարձրացնել պետությանը։ Ւնչո՞ւ է անձնական արդարակեցությունը լավ քաղաքացի լինելու կարևոր տարր հանդիսանում։ Ւնչպիսի՞ դեր կարող է խաղալ անձնական արդարակեցությունը նրանց կյանքում, ովքեր ձգտում են զբաղեցնել կամ զբաղեցնում են բարձր հասարակական դիրք։
-
Ւնչպե՞ս կարող է եկեղեցու և պետության առանձին լինելը օգնել մարդկանց ազատորեն գործադրել իրենց կրոնական համոզմունքները։ (Տե՛ս նաև Վ և Ու 134.7, 9։) Ւնչո՞ւ է կարևոր ունենալ անհատական ազատություն եկեղեցական իշխանությունից քաղաքական հարցերում։
-
Ւնչպիսի՞ն կլինի Աստծո արքայությունը, որը կգա, և ո՞վ կենթարկվի այդ թագավորությանը։