Նախագահների ուսմունքները
Գլուխ 1: Գիտեմ ապրում է Քավիչն իմ


Գլուխ 1

Գիտեմ ապրում է Քավիչն իմ

Սուրբ Հոգու վկայությամբ, մեզանից յուրաքանչյուրը կարող է իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին։

Զոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Կես դարից ավելի Նախագահ Զոզեֆ Ֆ. Սմիթը ծառայել է որպես Փրկչի հատուկ վկա՝ որպես Առաքյալ, որպես Առաջին Նախագահության Խորհրդական և որպես Եկեղեցու Նախագահ։ Նրա վկայությունը, հայտարարված ամբիոններից հայրենի երկրում և օտար երկրներում, Եկեղեցու խորհուրդներում, և իր ընտանիքի շրջանակներում, սրտից և հոգուց էր բխում և նվիրված էր Հիսուս Քրիստոսին և Նրա փառահեղ ավետարանին։ Նա պերճախոս էր, նրա ուղերձը պարզ էր. «Որպես Աստծո ծառա ես ցանկանում եմ ասել, որ անկախ բոլոր մարդկանց վկայություններից և գրված գրքերից, ես ստացել եմ Հոգու հայտնությունն իմ սրտում, և ես վկայում եմ Աստծո, հրեշտակների և մարդկանց առաջ, առանց հետևանքներից վախենալու՝ ես գիտեմ, որ ապրում է Քակիչն իմ և, ես պիտի տեսնեմ նրան դեմ առ դեմ և պիտի կանգնեմ նրա հետ իմ հարություն առած մարմնի մեջ այս երկրի վրա, եթե հավատարիմ մնամ, քանզի Աստված հայտնել է այդ մասին ինձ։ Ես վկայություն եմ ստացել, և ես բերում եմ իմ վկայությունը, և իմ վկայությունը ճշմարիտ է»։1

Կյանքին հրաժեշտ տալուց հետո, Սոլթ Լեյք Սիթիի Գերեզմանատանը հուղարկավորության հատուկ արարողություն կատարվեց, որտեղ Թաբերնաքլի երգչախումբը որպես հարգանքի տուրք կատարեց «Գիտեմ, Ապրում է Փրկիչն Իմ» օրհներգը։ Այս արտահայտությունը նրա հավատքի հիմքն էր և նրա մարգարեական ուղերձի կենտրոնը. «Ես գիտեմ ապրում է Քավիչն իմ։ Ես զգում եմ իմ ամեն մի բջիջով։ Ես ուղղակի համոզված եմ դրանում, ինչպես իմ իսկ գոյության մեջ։ Ես ավելի վստահ եմ ոչ թե իմ գոյության մեջ, այլ այն բանում, որ ապրում է Քավիչն իմ»։2

Այս վկայությունը արվել է, երբ Նախագահ Սմիթը ելույթ է ունեցել Վեբեր Ցցի համաժողովի ժամանակ 1896թ. հոկտեմբերի 18–ին։3

Զոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Փրկչի կյանքը և ուսմունքները Նրա աստվածային լինելու ապացուցն են։

Մենք ծանոթ ենք մեր Փրկչի պատմությանը, ինչպես որ այն տրված է Նոր Կտակարանում. այն, որ Նա ծնվել է կույսից. որ Նա մեծացել է իր եղբայրների շրջապատում, որ տղամարդ դառնա, և ինչպիսի՜ զարմանահրաշ բաներ Նա կատարեց անգամ իր մանկության տարիներին Իր օծությամբ և առաքելության զորությամբ։ Այն, որ Նա սովորեցնում էր օրինագետներին և դպիրներին ժողովարանում և տաճարում, և այն, թե ինչպես էր Նա կարկամեցնում նրանց, ովքեր ջանում էին հանցավոր դարձնել Նրան մի բառի համար։ Մենք քաջատեղյակ ենք այն զորությանը, որը Նա ցույց տվեց բուժելով հիվանդներին, վերականգնելով կույրերի տեսողությունը և խուլերի լսողությունը և մաքրելով բորոտներին, և այնպես էր անում, որ կաղը ուրախությունից թռչկոտի։

Մենք քաջատեղյակ ենք այն վարդապետություններին, որոնք նա ուսուցանում էր. և միշտ ինձ թվում էր, որ Հիսուս Քրիստոսի աստվածայնության համար այլ ապացույց պետք չէ, քան այն վարդապետությունը, որը Նա ուսուցանում էր, որ մարդիկ պետք է սիրեն իրենց չարչարողներին և իրենց հալածողներին, և, որ նրանք չարությանը պետք է բարությամբ պատասխանեն։ Մինչև Նա, աշխարհում քարոզվում էր հետևյալ վարդապետությունը. «աչքի տեղ աչք, և ատամի տեղ ատամ» [Մատքեոս Ե.38]: Սա էր այդ դարաշրջանի փիլիսոփայությունը։ Սակայն Հիսուսը սովորեցրեց ճիշտ հակառակը։ Նա հորդորում էր Իր աշակերտներին, որ նրանք չպետք է չարին չարով պատասխանեն, այլ պետք է չարին բարով պատասխանեն։ «Ով որ ապտակ տա քո աջ երեսին, մյուսն էլ նորան դարձրու» [Մատթեոս Ե.39:] Սա նոր վարդապետություն էր աշխարհի համար։ Սա մի վարդապետություն էր, որը չէր համապատասխանում մարդու ընկած վիճակին … Հետևաբար, դա մարդուց չէր տրված։ Մարդիկ չեն կարող սովորեցնել նման վարդապետություն և հետևել դրան իրենց ողջ կյանքում, առանց վերևից ոգեշնչման և զորության։

«Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագավորությունը։

Երանի սգավորներին, որ նորանք կմխիթարուին։

Երանի հեզերին, որ նորանք կժառանգեն երկիրը։

Երանի նորանց, որ սոված և ծարավ են արդարութեան, որ նորանք կկշտանան»։ [Մատթեոս Ե.3–6:]

Կարդացեք Լեռան Քարոզը [տե՛ս Մատթեոս Ե–է], և այնուհետև հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյո՞ք այն վեր և առավել չէ այն ամենից, ինչ ուսուցանվել է մարդու կողմից։ Դա հաստատում է իմ համոզումը, որ Հիսուսը լոկ մարդ չէր, այլ, որ Նա Աստված էր՝ մարմնում հայտնված։ Դա հավերժական կյանքի վարդապետությունն է՝ ըստ որի, եթե մարդը ապրի, նա երբեք չպիտի մեռնի. ըստ որի, եթե նա քայլի, նա պետք է քայլի Աստվածահաճո արահետներով. և ըստ որի, եթե նա ապրի, նա պիտի ճանաչի ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի իրեն։

Ապա մենք հասնում ենք Նրա փորձության օրվան, երբ նրան, ում նա ընտրել էր լինելու Իր Առաքյալը և վկան, դավաճանեց Իրեն և Տիրոջը մատնեց Իր թշնամիների ձեռքը։ Նրանք եկան սրերով և բիրերով, որպեսզի բռնեն խաղաղության մարդուն, մարդուն, որը չէր ընդունում բռնությունը, որը երբեք չէր բարձրացրել Իր ձայնը, ոչ էլ Իր ձեռքը՝ ոչ անմեղ և լավ մարդու վրա, ոչ էլ որևէ մեկի վրա, եթե նրանք չար բան չէին կատարել։ Նրանք եկան բանտարկելու Նրան և ենթարկելու ծաղրական փորձության, որպեսզի կարողանային պատճառ գտնել Նրան մահվան դատապարտելու համար։

Մի անգամ, երբ Նա ուսուցանում էր ժողովրդին այս արդար սկզբունքները և վկայում, որ Ինքը Աստծո Արդին է, նրանք վերցրեցին քարերը, որ քարկոծեն Նրան։ Հիսուսը պատասխանեց. «Շատ բարի գործեր ցույց տուի ձեզ իմ Հորիցը. նորանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։ [Հովհաննես Ժ.32:] Նա ոչ մի չար գործ չկատարեց նրանց մեջ. Նրա կատարած բոլոր գործերը բարի էին. սակայն նրանք ուզում էին սպանել Նրան։ Երբ Պետրոսը զայրացած հանեց իր սուրը և քահանայապետի ծառային զարկելով ականջը կտրեց, Հիսուսը կշտամբեց նրան և ասաց. «Սուրդ տեղը դիր. որովհետև բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն»։ [Մատթեոս ԻԶ.52:] Իր փորձության մեջ, երբ ծաղրի էին ենթարկում Իրեն ու զարկում էին, երբ փշերից մի պսակ դրեցին Նրա գլխին ու հայհոյեցին Նրան, Նա չհայհոյեց նրանց, այլ հեզ ենթարկվեց Իր ճակատագրին և կրեց այն ամենը, ինչ Աստված թույլ տվեց, որ ամբարիշտները բերեն Նրա գլխին։

Նա եղավ այնպիսի հանգամանքներում, երբ Իր ուսուցանած վարդապետությունները կարող էին ստուգվել և ամեն բանում Նա ապացուցեց Իր ուսմունքների իսկությունը։ Անգամ խաչի վրա Իր տանջանքի մեջ Նա աղաղակեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ [Ղուկաս ԻԳ.34:] Ես հարցնում եմ՝ ճշմարի՞տ է սա։ Եթե ճշմարիտ է, ապա ես ասում եմ, որ ոչ ոք չի արտասանի նման խոսքեր այդպիսի ժամանակ։ Դրա համար պահանջվում է զորություն և հոգի, սեր, ողորմածություն, գթասրտություն և ներողամտություն տրված իրենից՝ Աստծուց։ Ես բերում եմ իմ վկայությունը ձեզ, որ նա, ով կարող է խնդրել Աստծուն ներել մարդկանց, որոնցից նա ստացել էր իրեն ոչ արժանի դաժանություն, ոչ այլ ինչ է, քան Աստված։ Եթե չլինեին Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության այլ ապացույցներ, միայն սա կհամոզեր ինձ, որ Հիսուսը աշխարհի Քավիչն էր։ Նա Իր կյանքում ուսուցանեց և մարմնավորեց իսկական սկզբունքները, որոնք կփրկեն աշխարհը …

Հիսուսը զոհաբերեց Իր կյանքը, որպեսզի իրագործի փրկության ծրագիրը։

Հիսուսը … խաչվեց։ Խաչի վրայից Նրա մարմինը հանեցին Նրա ընկերները, լվացին և ազնիվ կտավով պատեցին ու քարից փորած գերեզմանի մեջ դրեցին, ուր երբեք ոչ մեկի մարմինը դրված չէր եղել։ Թեև դրանից առաջ Հիսուսը ուսուցանել էր Իր աշակերտներին, որ Մարդու Որդին պիտի մահվան ենթարկվի։ Նա պարզ խոսքերով ասաց. «Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպեսզի դարձեալ առնեմ նորան։ Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան։ Ես իշխանություն ունիմ նորան դնելու և իշխանություն ունիմ նորան դարձեալ առնելու»։ [Հովհաննես ժ.17–18:] Ես եկել եմ կատարելու մարգարեների կանխագուշակումները. քանզի ինչպես Ադամով ամենքը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենքը կենդանանում են [տե՛ս Ա Կորնթացիս ժԵ.22].… Եթե մեղքը եկավ աշխարհ մի մարդու օրինազանցությամբ, իսկ այդ օրինազանցության հետևանքներն ընկան բոլոր մարդկանց վրա առանց իրենց կողմից կատարված որևէ օրինազանցության, արդյոք արդար չէ՞, արդյոք տրամաբանական չէ՞, որ մարդկությունը պետք է ազատվի նման հետևանքներց մեկ մարդու միջոցով։ Սա էր այն ծրագիրը, որը հաստատվեց սկզբում, և դրանում միայն արդարություն է և ուրիշ ոչինչ։ Հիսուսը զոհաբերեց իր կյանքը, որպեսզի իրագործի սա։ Նա մահվան դատապարտվեց ամբարիշտ մարդկանց կողմից, ովքեր անարդարացի կերպով մեղադրում էին Իրեն, և ովքեր փակում էին իրենց աչքերն ու սրտերը ճշմարիտ սկզբունքների դեմ, որ Նա էր ուսուցանում։

Մենք սուրբ գրություններում կարդում ենք, որ Նրան քաղելուց հետո միաշաբաթի օրը Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման. բայց ահա քարը շարժված էր և Նա չկար։ Նա նայեց գերեզմանի մեջ և տեսավ երկու հրեշտակ սպիտակ հանդերձներով. «մեկը գլխի կողմին, և մյուսը ոտների կողմին», [Հովհաննես Ի.12] և նրանք ասացին նրան.

«Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում. նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, և չգիտեմ՝ թե ուր դրին նորան։

Եվ երբոր սա ասեց, դարձավ իր ետին կողմը, և Հիսուսին տեսավ՝ կանգնած. և չգիտեր թե Հիսուսն է։

Հիսուսը նորան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թե պարտիզպանն է, ասեց նորան. Տեր. եթե դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։

Հիսուսը նորան ասեց. Մարիամ. և նա դարձավ և ասեց նորան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ։

Հիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետև դեռ չեմ վեր ելել իմ Հոր մոտ. բայց դու գնա իմ եղբայրների մոտ, և նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հոր մոտ, իմ Աստուծոյ մոտ և ձեր Աստուծոյ մոտ»։ [Հովհաննես Ի.13–17:]

Ապա Մարիամը գալիս է և աշակերտներին պատմում, որ ինքը տեսել է Տիրոջը և Նա հայտնվեց նաև նրանց։

Այժմ, եկեք խորհենք այս պահի մասին։ Ահա պատմական մի փաստ, որը վկայում է, որ Մարիամը գնաց գերեզմանի մոտ և այնտեղ տեսավ երկու հրեշտակներին, որից հետո տեսավ հարություն առած Քավիչին։ Նա ուներ երկնային սուրհանդակների վկայությունը, որը հաստատվեց Աստծո Որդու կողմից, որ Քավիչը հարություն է առել։ Նրա խոսքերը տրվել են մեզ վկայության հետ մեկտեղ։ Արդյոք կհակաճառե՞ք դրանց դեմ։ Արդյոք կասկածի կենթարկե՞ք Մարիամի վկայությունը … Այնուհետև Հիսուսը քայլում էր երկու աշակերտների կողքից, որոնք ճամփորդում էին դեպի էմմաուս, և գնաց նրանց հետ. սակայն «նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան»։ [Ղուկաս ԻԴ.16:] Հիսուսը հարցրեց, թե ինչու են տրտմած, իսկ նրանք պատասխանեցին. «Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղեմումն, որ չիմացար այն բաները, որոնք եղան նորանում»։ [Ղուկաս ԻԴ.18:] Շուտով նրանց աչքերը բացվեցին և նրանք ճանաչեցին Նրան։

Այնուհետև Նա հայտնվեց Իր աշակետներին։ Աշակերտներից մեկը լսել էր, որ Հիսուսը հարություն է առել, սակայն ասել էր, որ չի հավատա, մինչև չտեսնի Նրան և չմտցնի իր ձեռքը Նրա կողի մեջ և իր մատը չդնի Նրա ձեռքերի բևեռների տեղը։ Որքան նման էր այսօրվա մարդուն Թովմասը։ Նա կրկին հայտնվեց աշակերտներին, և Թովմասը նրանց մեջ էր։

«Հետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, և տես իմ ձեռքերը, և քո ձեռքը բեր և իմ կողը կոխիր, և մի լինիր անհավատ՝ այլ հավատացեալ։

Եվ Թովմասը պատասխանեց և ասեց նորան. «Ով իմ Տերը, և ով իմ Աստվածը»։

Հիսուսը նորան ասեց. Որովհետև տեսար ինձ՝ հավատացիր. երանի նորանց, որ չեն տեսել և հավատում են» [Հովհաննես Ի.27–29:]

Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք իմանալ, որ ապրում է Քավիչը մեր։

Հիսուսը ծառայեց Իր աշակերտներին Իր հարություն առնելուց հետո և նրանց հասկացողութանը հասցրեց այն փաստը, որ նրանք խաբված չեն, այլ որ Նա իրոք Աստծո Որդին էր, այժմ արդեն մեռելներից հարություն առած դեպի անմահություն և հավերժական կյանք։ Նրանք բնական աչքերով չէին տեսնում։ Մենք կարող ենք շատ մեծ բաներ տեսնել մեր բնական տեսողությամբ, սակայն կարող է խաբուսիկ թվալ։ Մենք կարող ենք լսել մեր ականջներով, սակայն դրանք կարող են խաբվել։ Մեր բնական զգացողությունները շատ ընդունակ են խաբկանքների հանդեպ.… Բայց թույլ տվեք ասել ձեզ, երբ Ամենազորը հայտնվում է մարդուն, Նա կատարում է դա Սուրբ Հոգու զորությամբ, և ոչ թե բնական աչքի կամ ականջի միջոցով։ Նա խոսում է մարդու հետ, կարծես եթե Նա խոսեր նրա հետ նրա մարմնից անկախ. Նա խոսում է հոգու հետ։ Հետևաբար, եթե Ամենազոր Աստվածը խոսում է ձեզ հետ և վկայում Իր ճշմարտության մասին Սուրբ Հոգու զորությամբ,… դուք կիմանաք, ինչպես Աստված գիտի։ Դա չի լինի ինչ–որ բան, որին դուք պարզապես հավատում եք, ինչ–որ բան, որը հաղորդվել է ձեզ՝ ձեր բնական զգայարանների միջոցով, որ դուք սխալվեք կամ խաբվեք. բայց դա կլինի մի բան, որը Աստված է խոսել սրտին, ապրող հոգուն, հավերժական մարդ արարածին, որը ինչպես և Աստված անխախտելի է և հավերժական։

Այսպես Հիսուսն Իր հարությունից հետո բացեց Իր աշակերտների հոգևոր աչքերը և հասկացողությունը, այնպես որ նրանք իմացան, որ Նա էր Տերը և Քրիստոսը։ Նրանք իմացան, որ Նա հարություն է առել մեռելներից։ Նրանք իմացան, որ Նա է կենդանի Աստծո Որդին, քանի որ Աստված էր հայտնել դա իրենց։ Հետևաբար, նրանք կարող էին ասել, ինչպես բանաստեղծն է ասել.

«Այնպես ցնծում է իմ Հոգին,

IԳիտեմ ապրում է Փրկիչն իմ» [Գիտեմ Ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 38:]

… Ո՞վ կարող է նկարագրել մարդկային հոգու ուրախության և բավարարվածության զգացումը, որ ունենում է այն մարդը, որն այս վկայությունը ստացել է Ամենազոր Աստծուց։ Ոչ ոք չի կարող արտաբերել այն։ Ոչ ոք չի կարող ասել այդ մասին ձեզ։ Այն միայն կարելի է զգալ։ Այն կարելի է միայն հասկանալ մարդու անմահ մասով։ Աննկարագրելի է ուրախությունն այն մարդու, որը զգում է, որ այս վկայությունը ստացել է Սուրբ Հոգուց։ …

Աստծո Սուրբ Հոգին խոսել է ինձ հետ, ոչ թե ականջիս, կամ աչքիս միջոցով, այլ դիմել է իմ հոգուն, իմ կենդանի և հավեժական մասին և հայտնել է ինձ, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին։ Ես վկայում եմ ձեզ. ես գիտեմ, որ իմ Քավիչն ապրում է։ Ավելին, ես գիտեմ, որ պիտի տեսնեմ նրան այս երկրի վրա և պիտի տեսնեմ Նրան, ինչպես որ Նա կա։ … Քանզի Նա կրկին գալու է երկիր. ոչ այնպես, ինչպես նախորդ անգամ, այլ զորությամբ և մեծ փառքով, վրեժ առնելու ամբարիշտներից և անաստվածներից, ովքեր չեն կամեցել ականջ դնել Հոգու ձայնին, այլ խստացրել են իրենց սրտերը ճշմարտության դեմ և փակել իրենց հասկացողությունը Աստծո ծառաների վկայությունների դեմ։ Նրանք կդատվեն. ոչ թե ականջի լսելով, կամ աչքի տեսնելով, այլ կդատվեն արդարությամբ, և նրանք կդատապարտվեն, քանի որ լույսը եկել է աշխարհ և նրանք սիրում են խավարն ավելի, քան լույսը։ … Տերը հայտնել է սա ինձ։ Նա լցրել է իմ ողջ հոգին վկայությամբ, մինչև որ այլևս կասկածի տեղ չկար։ …

Մենք ունենք Քրիստոսի աշակերտների վկայությունը ասիական մայրցամաքում, և Հիսուսի աշակերտների վկայությունը այս՝ ամերիկյան մայրցամաքում, որոնք վկայում են միևնույն ճշմարտությունների մասին։ Ապա մենք ունեցանք Վարդապետություն և Ուխտերի Գիրքը, որը պարունակում է մեր օրերում Իր ծառաներին և Սրբերին Աստծո կողմից տրված հայտնություններն ու վկայությունները, այս բաների մասին երրորդ վկայությունը։ Ի լրումն այս ամենին,… մենք ունենք Սուրբ Հոգու վկայությունը մեր սրտերում, որը չես կարող մերժել, քանի որ նա, ով ստանում է այդ վկայությունը Սուրբ Հոգու ոգեշնչմամբ, չի կարող խաբվել։ Աստծո Հոգին չի վկայում այն մասին, ինչը ճշմարիտ չէ։ Հետևաբար, եթե դուք ստացել եք Սուրբ Հոգու վկայությունը ձեր սրտում, դուք գիտեր, որ ձեր Քավիչն ապրում է …

… Ես բերում եմ իմ վկայությունը, որ Քավիչն ապրում է։ Թող որ այս վկայությունը տեղ գտնի ձեր սրտում.… Եթե մենք սիրենք միմյանց և բարիք գործենք միմյանց համար, այդպիսով կկատարենք Աստծո Որդու Ավետարանի, Քրիստոսի վարդապետության ցուցումները, որոնք հաշվարկված են, որ կփրկագնեն և կբարձրացնեն աշխարհը, մարդկությանը ետ կբերեն դեպի Աստծո ներկայությունը, որը թող որ մենք բոլորս արտոնություն ունենանք ստանալու և վայելելու, սա է իմ աղոթքը։

Ուսումնական առաջարկություններ

  • Փրկչի կյանքից ինչպիսի՞ դեպքեր կամ ուսմունքներ են օգնել ձեզ՝ստանալու վկայություն, որ Նա է Աստծո Որդին։

  • Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսը չարությանը բարությամբ պատասխանում, երբ Նրան հալածում էին։ Ի՞նչ օրհնություններ են գալիս, երբ հետևում ենք Նրա ուսմունքներին՝ չարությանը բարությամբ պատասխանելով։ Ինչպե՞ս կարող ենք մենք ավելի արդյունավետ ձևով հետևել այս վարդապետությանը (Տե՛ս նաև Մատթեոս Ե.38–47։)

  • Ինչպե՞ս կարող ենք կապել «ցանեք խոսքը ձեր սրտերում, որպեսզի դուք կարողանաք կատարել փորձը դրա բարության վերաբերյալ» (Ալմա 34.4) խորհուրդը Լեռան Քարոզի վերաբերյալ Նախագահ Սմիթի խոսքի հետ։ (Տե՛ս Մատթեոս Ե.3–6։)

  • Ինչպե՞ս կարող է հեզությունը մեր ուժը լինել։ Ինչո՞ւ են աշխարհում շատերը դժվարանում հեզություն զարգացնել։

  • Ինչպե՞ս են Փրկչի վերջին խոսքերը, երբ նա կախված էր խաչի վրա, արտացոլում «սեր, ողորմածություն, գթասրտություն և ներում»։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ ինքներս ենք գտնվում փորձության մեջ։

  • Ինչպե՞ս է ձեր վկայությունը ամրապնդվում հարություն առած Քավիչի մասին տրված Մարիամ Մագդաղենացու վկայությամբ։ (Տե՛ս Հովհաննես Ի.11–18։)

  • Ինչպե՞ս էր Թովմասը «շատ նման այսօրվա մարդուն»։ Ինչպիսի՞ օրհնություններ ենք մենք ստանում, եթե մենք «չենք տեսել և հավատում ենք» (Հովհաննես Ի.29

  • Ի՞նչ սովորեցիք Նախագահ Սմիթից՝ Փրկչի մասին վկայություն բերելու մասին։

  • Ինչպե՞ս եք զգում ձեզ Նախագահ Սմիթի վկայությունը կարդալով։ Ինչպե՞ս կարող է նրա վկայությունն օգնել ձեզ զորացնելու Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու մասին ունեցած ձեր վկայությունը։

Հղումներ

  1. Gospel Doctrine, 5th ed. (1939), 447.

  2. Gospel Doctrine, 69.

  3. Deseret News: Semi-Weekly, 17 Nov. 1896, 1.

Jesus Christ

Տեր Հիսուս Քրիստոսը: Քրիստոսը և հարուստ երիտասարդը նկարից մի հատված, Հենրիխ Հայնն: