Նախագահների ուսմունքները
Գլուխ 34: Տիրոջ սուրբ տաճարները


Գլուխ 34

Տիրոջ սուրբ տաճարները

Սուրբ տաճարներում մենք կատարում ենք փրկության, արարողություններ ապրողների և մահացածների համար, և ուխտեր ենք կապում, որոնց մենք պետք է հավատարիմ մնանք մեր ողջ կյանքում:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

1907թ. օգոստոսին Յուտայի Յուինտա Ցցի թաբերնակլի նվիրագործման ծառայության ժամանակ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հավաքված Սրբերին ասել է, որ ինքը չի զարմանա, եթե մի օր իրենց մոտ էլ տաճար կառուցվի։1 1997թ. նոյեմբերին վերակառուցված թաբերնակլը նվիրագործվեց որպես Վերնալ Յուտա Տաճար, որը դարձավ Եկեղեցու 51-րդ տաճարը։

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքը և ծառայությունը շատ սերտորեն կապված էր տաճարային աշխատանքի հետ։ Նրա անձնական փորձը սկսվել է Նավույում 1845–46թթ. ձմռանը, երբ նրա մայրը և քույրը, Մերսի Ռ. Թոմսոնը, «շատ էին զբաղվում տաճարում ընթացող աշխատանքով»։ Հետագայում Նախագահ Սմիթն ասել է. «Այնտեղ են իմ հոր երեխաները կնքվել իրենց ծնողներին»։2 Նա ներկա է եղել Սոլթ Լեյքի Տաճարի անկյունաքարի տեղադրմանը 1853 թվականին և տաճարի նվիրագործմանը 1893 թվականին։ Անհամբերությամբ սպասելով նվիրագործմանը, նա ասել է. «Քառասուն տարի ամբողջ Եկեղեցու հույսը, ցանկություններն ու սպասումները կենտրոնացած էին այս կառուցի ավարտման վրա։ … Այժմ, երբ այս հրաշալի կառույցը ի վերջո ավարտված է և պատրաստ է աստվածային նպատակներով օգտագործվելու համար, պե՞տք է արդյոք ասենք, որ մենք մոտենում ենք այն իրադարձությանը, որի կատարումը մեզ համար, որպես ժողովրդի, մեծապես կարևոր է»։3 Նա ծառայել է որպես Սոլթ Լեյք Սիթի Տաճարի նախագահ 1898–1911թթ., ինը տարի այն ժամանակահատվածից, որ նա եղել է Եկեղեցու Նախագահ։

Նախագահ Սմիթը մասնակցել է Սենտ Ջորջ, Լոգան և Մատի Տաճարների նվիրագործումներին։ 1913թ. Ալբերտսոնում նա նվիրագործել է Կանադայի Ալբերտա, Եկեղեցու վեցերորդ տաճարի հողակտորը, իսկ 1915թ. նա իր սիրելի երկրորդ հայրենիքում, Հավայան կղզիներում, նվիրագործել է հողը՝ Հյուսիսային Ամերիկայից դուրս առաջին տաճարի կառուցման համար։ Այնուամենայնիվ, նա ընդունում էր, որ Եկեղեցին գտնվում է լոկ տաճարային կառուցման շեմին. «Ես կանխատեսում եմ այլ տաճարների կառուցման անհրաժեշտությունը … նվիրված Տիրոջը Աստծո տան արարողությունները կատարելու համար, այնպես որ մարդիկ կարողանան Տիրոջ տնից օգտվել առանց այդ նպատակի համար հարյուրավոր մղոններ ճամփորդելու»։4

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Տաճարները նախատեսված են փրկող սրբազան արարողություններ կատարելու համար։

Մենք զբաղված ենք տաճարային աշխատանքով: Մենք կառուցել ենք չորս տաճար այս հողի վրա, և երկու տաճար արևելյան շրջանում, նախքան այստեղ տեղափոխվելը: Նախագահ Զոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում այդ երկու տաճարներից մեկը կառուցվեց և նվիրագործվեց, մյուսի հիմքն էր դրվել, պատերն արագ վեր էին բարձրանում, երբ նա նահատակվեց: Այն ավարտվեց մարդկանց ջանքերով շատ դժվարին պայմաններում, աղքատության մեջ և նվիրվեց Տիրոջը: Այստեղ Աստծո տան արարողությունները սպասավորվեցին այնպես, ինչպես Եկեղեցու Մարգարե Զոզեֆ Սմիթը ուսուցանել էր ղեկավարող իշխանություններին .… Նույն ավետարանն է իշխում այսօր, և նույն արարողություններն են սպասավորվում այսօր, թե ապրողների և թե մահացածների համար, որոնք սպասավորվում էին Մարգարեի կողմից, նրա կողմից տրվում էին Եկեղեցուն:5

Մենք հույս ունենք, որ կտեսնենք այն օրը, երբ տաճարներ կունենանք կառուցված երկրի տարբեր մասերում, որտեղ նրանք անհրաժեշտ են մարդկանց հարմարավետության համար. քանզի գիտակցում ենք, որ ամենամեծ պատասխանատվություններից մեկը, որը ընկած է Աստծո ժողովրդի վրա այսօր դա այն է, որ նրանց սրտերը պետք է դառնան դեպի իրենց հայրերը, և որ նրանք պետք է կատարեն այն աշխատանքը, որն անհրաժեշտ է, որպեսզի նրանք ներդաշնակորեն միանան միասին սերնդից սերունդ՝ Նոր ու Հավիտենական Աւխտով։6

Տաճարները բաց չեն հանրության առաջ։ Դրանք ծառայում են սրբազան արարողություններ կատարելու համար, որի նպատակն է ապրողների և մահացածների փրկությունը։ Հիմնական ծեսերը մկրտություններն են, օժտումները, ամուսնությունները, կնքումները . … Այս աշխատանքի մեծ մասը, որը կատարվում է մահացածների համար, ունի փոխարինող բնույթ։ Վերջին Օրերի Սրբերի միջոցով փրկության հույս կա նրանց համար, ովքեր հեռացել են այս կյանքից, առանց ավետարանի մասին լսելու, եթե նրանք հնազանդություն ցուցաբերեն դրա պահանջներին մյուս աշխարհում, հեռացած հոգիների ապրելու վայրում։ Ավետարանը կքարոզվի նրանց Տիրոջ ծառաների կողմից, որոնք գնացել են դրախտ, և նրանք, ովքեր հավատք կցուցաբերեն և կապաշխարեն այնտեղ, նրանց համար կարող են մկրտվել այստեղ, և այդպիսով նրանք կարող են ստանալ այլ տեսակի ծառայություն, որպեսզի վեհացում և փառք ձեռք բերեն։7

Ոչ ոք չի կարող Աստծո Արքայություն մտնել այլ կերպ, քան այն դռնով և միջոցներով, որ Հիսուս Քրիստոսն է առաջարկել մարդկանց որդիներին … Ամեն հոգի, որը երբևէ ապրել և մահացել է այս երկրի վրա, հնարավորություն կունենա լսելու Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Եթե նրանք ստանում են այն և հնազանդվում են դրան, ավետարանի արարողություններ կկատարվեն նրանց համար և նրանց փոխարեն, իրենց ազգականների կամ նրանցից հետո իրենց սերունդներից որևէ մեկի կողմից, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանի ամեն օրենք և ամեն պահանջ կատարվի, և խոստումներն ու պահանջները իրականանան ապրողների, ինչպես նաև մահացածների փրկության համար։8

Հետևաբար, Վերջին Օրերի Սրբերից որևէ մի տղամարդ կամ կին, որը չի տեսնում Տիրոջ Տան արարողությունների անհրաժեշտությունը, որը չի արձագանքում ավետարանի պահանջներին իր բոլոր ծիսակատարություններով և արարողություններով, չի կարող պատշաճ կերպով ըմբռնել այն մեծ աշխատանքը, որին կանչված են Վերջին Օրերի Սրբերը, կատարելու այս ժամանակաշրջանում, ոչ էլ կվայելի այն օրհնությունները, որոնք գալիս են օրենքին հնազանդվելուց, որն ավելի բարձր է, քան մարդկանց օրենքները։9

Թող ոչ ոք թեթևամտորեն չվերաբերվի Աստծո Տան արարողություններին։10

Մենք ապրում ենք ոչ միայն այս խղճուկ մի քանի տարիների համար, որ անցկացնում ենք այս երկրի վրա, այլ այն կյանքի համար, որը վերջ չունի։ Եվ մենք ցանկանում ենք վայելել ամեն օրհնություն հավերժության այդ անհաշիվ դարերի ընթացքում, սակայն եթե դրանք չեն ապահովագրում մեզ այդ կնքող զորությամբ, որը տրվել է Պետրոս Առաքյալին Աստծո Արդու կողմից, մենք չենք կարող ունենալ դրանք։ Եթե մենք չենք ապահովում նրանց այդ սկզբունքով, գալիք կյանքում չենք ունենա հայր, մայր, եղբայր, քույր, կին, երեխաներ, ընկերներ, հարստություն, պատիվ, քանի որ բոլոր երկրային «ուխտերը, դաշինքները, մուրհակները, պարտավորությունները, երդումները, խոստումները, կատարումները, կապերը և ընկերությունները» [տես ՎևՈւ 132.7] չեղյալ են համարվում գերեզմանում, բացի նրանցից, որոնք կնքվել և հաստատվել են Աստծո զորությամբ։11

Եկեք տաճար գնանք հաստատուն վճռականությամբ Աստծո կամքը կատարելու համար։

Մի մարդ … եկավ Եպիսկոպոսից ստացած իր երաշխավորագրով … և ցանկություն հայտնեց օգտվել արտոնությունից մկրտվելու իր մահացածներից մի քանիսի համար, և քանի որ նա եկել էր պատշաճ երաշխավորագրով, նա արժանացավ այդ պատվին։ Նա մկրտվեց իր մահացածների համար։ Այնուհետև նրան թույլատրվեց շարունակել և նրանց համար այլ արարողություններ կատարել։ Երբ աշխատանքը կատարվել էր, նա հայտնեց Եկեղեցուց հեռանալու իր որոշման մասին։ Այժմ ես ավելի շուտ հիանում եմ այդ խեղճ մարդով, որովետև նա որոշել էր անել այն ամենը, ինչ կարող էր իր մահացած ընկերների համար, նախքան կզրկեր իրեն այդ անելու արտոնությունից։ Ինչ-որ մեկը կարող է ասել. «Արդյո՞ք այդ աշխատանքը կընդունվի Տիրոջ կողմից»։ Երևի թե կընդունվի, որքանով որ այն վերաբերում է մահացածներին, գրառում է արվել, ծես է կատարվել Աստծո կողմից հաստատված օրենքի համաձայն։ Ամեն ինչ կատարվել է պատշաճ ձևով և պատշաճ իշխանության ղեկավարությամբ, հետևաբար ինչո՞ւ չպետք է այդ ամենը կարգին չլինի, որքանով հարցը մահացածներին է վերաբերում։ Սակայն որքա՞ն գովասանքի է արժանի այդ մարդը իր կատարածի համար։ Ոչ շատ։ «Որովհետև ի՞նչ օգուտ է մարդի, եթե բոլոր աշխարհս ստանայ՝ և իր անձը կորցնե» [Մարկոս Ը.36]:

Խնդրանքը այն մարդուն, որը փնտրում է կեղծիքով ձեռք բերել արտոնություններ Տիրոջ տանը, հետևյալն է. Մարդիկ, որոնք փորձում են խաբել Աստծուն, ձևացնելով այն, ինչ իրենք չեն, որպեսզի գողանան արտոնություններ և օրհնություններ Աստծո տնից, երկարաժամկետ օգուտ չեն ստանա։ Եթե մենք ցանկանում ենք օրհնություններ և արարողություններ ստանալ Աստծո տանը, եկեք ստանանք դրանք ազնիվ սրտերով, և եկեք մտնենք այդ տունը ամեն բանում Աստծո կամքը կատարելու հավատարիմ ու ազնիվ վճռականությամբ՝ ոչ թե որոշակի ժամանակահատվածում, այլ մեր կյանքի բոլոր օրերում անելու այն, ինչ Նա է պատվիրում։ Քանի դեռ մենք շարունակում ենք վայելել ճիշտ հոգին, այդ օրհնությունները կման մեզ հետ, իսկ Աստված կընդունի մեզ որպես Իր զավակներ, և միայն այն ժամանակ, երբ մենք հեռանանք ճիշտ ճանապարհից և չկատարենք մեր պարտականությունը, Աստված ետ կքաշի իր Հոգին մեզանից և մեզ միայնակ կթողնի…

Եթե իմ սրտում զգում եմ, որ վնաս եմ հասցրել իմ եղբայրներից որևէ մեկին, չեմ հնազանդվել Աստծո օրենքներից որևէ մեկին, վիրավորել եմ Եկեղեցու անդամներից որևէ մեկին կամ Աստծո Եկեղեցում ծառայող իմ նախագահներից որևէ մեկին, ես պետք է զգամ, որ իմ պարտականությունն է՝ գնալ և ամեն բան շտկել, նախքան այդ տունը մտնելը . … Եթե ես ինչ-որ վնաս եմ հասցրել ձեզ, եթե ձեզ զրկել եմ ինչ-որ իրավունքից, եթե չեմ պահել ձեզ տված իմ խոստումը, կամ եթե արել եմ ինչ-որ բան, որն ինչ-որ չափով ցածրացրել է ինձ Աստծո կամ իմ եղբայրների աչքում, ես պետք է գնամ և փորձեմ փոխհատուցել հասցրած վնասը, նախքան կփորձեմ Աստծո տուն գնալ։ Այնուամենայնիվ, ես չէի ցանկանա դա անել, պարզապես այդ տուն գնալու նպատակով։ Ես պետք է ցանկանամ դա անել, որովհետև դա իմ պարտականությունն է, և որպեսզի ես արժանի լինեմ մտնել այնտեղ և ապա ամեն անգամ կանգնել Տիրոջ առաջ սրբազան վայրերում, ես պետք է շտկեմ իմ եղբայրների հանդեպ գործած բոլոր սխալները։

Ես պետք է պատվեմ նրանց, ովքեր արժանի են հարգանքի։ Ես պետք է պատվեմ Աստծուն՝ իմ Երկնային Հորը, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից։ Սա է այն սկզբունքը, ըստ որի ես պետք է անեմ այն, ինչը ճիշտ է, փոխհատուցեմ հասցրած վնասը և հարթեմ դժվարությունները։ Ես լսել եմ եղբայրների մասին, որոնք կապված են ընտանեկան կապերով, ինչպես նաև նոր ու հավիտենական ուխտով, որոնք տարաձայնությունների մեջ են գտնվում միմյանց հետ, իրենց սրտում պահելով դառը զգացողություններ միմյանց հանդեպ, և նրանցից ոչ ոք չի խոնարհեցնում իրեն գնալու մյուսի մոտ և ընդունելու իր սխալը, կամ չի փորձում համաձայնության գալ, այլ նրանցից ամեն մեկը մեծացնում է իր մերձավորի թուլությունները, միևնույն ժամանակ մոռանալով իր մեղքերի ու թուլությունների մասին։ Սակայն … եթե նրանց մերժվեր Աստծո տուն գնալու արտոնությունը, նրանք կհամարեին, որ իրենց մեծ վնաս է հասցվում։

Սակայն թույլ տվեք հարցնել ձեզ. Արդյո՞ք այդ մարդիկ արժանի են գնալ այնտեղ։ Արժանի՞ է արդյոք Աստծո տուն գնալ այն մարդը, որը վիրավորանք է թաքցնում իր սրտում իր մերձավորի հանդեպ, որը չի կամենում ներել նրան կամ չի ձգտում համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, դուք չեք կարող մերժել նրան։ Եվ ինչ էլ որ մենք անենք կամ ասենք, կլինեն հարյուրավոր մարդիկ, ովքեր կգնան այնտեղ նման իրավիճակում։ Կարո՞ղ են արդյոք նրանք ակնկալել, որ Աստված կլինի իրենց հետ, և որ Նրա փառքը կշողա նրանց վրա։ Մի՜ խաբեք ինքներդ ձեզ։ Երբ մենք արժանի ենք, Աստված կհայտնի Իրեն մեզ։ Երբ պատրաստված ենք, մենք կտեսնենք Նրան, ինչպես Նա կա, և մենք կճանաչենք Նրան։ Ինչպես նաև մեզ կճանաչեն այնպիսին, ինչպիսին որ կանք։ Սակայն դա կլինի այն ժամանակ, երբ մենք արժանի ենք, և ոչ մինչև այդ։12

Եկեք հավատարիմ լինենք Տիրոջ տանը կապած ուխտերին։

Ինչ վերաբերում է մեր կրոնին, կամ մեր հավերժական ուխտերին, մենք ոչ մի փոխզիջման չենք կարող գնալ, ոչ էլ կարող ենք փոխել սկզբունքները. դրանք գալիս են Աստծուց և հիմնված են հավերժական դարերի վեմի վրա. դրանք կապրեն և գոյություն կունենան, երբ կայսրություններն ու իշխանությունները կտապալվեն և ազգերը կկործանվեն, և Ամենազորի օգնությամբ մենք սրբորեն կպահենք մեր ուխտերը և հետաքրքրությունները, և հավատարիմ կլինենք մեր Աստծուն, քանի դեռ ժամանակը գոյություն ունի կամ հավերժությունը կա։13

Այժմ թող Տերը օրհնի ձեզ և Տիրոջ անունով ես օրհնում եմ ձեզ, այստեղ հավաքվածներին, Տիրոջ ուխտյալ ժողովրդին, ճիշտ ինչպես հին Իսրայելն էր Աստծո ուխտյալ ժողովուրդը, քանզի դուք Հիսուս Քրիստոսի Ավետարանի հանդիսավոր ուխտի մեջ եք մտել, որ կպահեք Աստծո պատվիրանները, որ մշտապես խույս կտաք չարից և ամբարշտությունից։ Դուք գիտեք, թե ինչ եք արել. դուք գիտեք, թե Աստծո, ականատեսների և երկնքի հրեշտակների առաջ ինչպիսի ուխտեր եք կապել, և հետևաբար դուք մտել եք նոր ու հավիտենական ուխտի կապի մեջ և իրոք Աստծո ուխտյալ ժողովուրդն եք վերջին օրերում։14

Ինչպես Տերն է օգնել ինձ անցյալում՝ հավատարիմ մնալ իմ ուխտերին, որոնք կապել եմ Նրա հետ և ձեզ հետ, … այնպես էլ Նրա օգնությամբ և Նրա օրհնությամբ ես նպատակ ունեմ պահպանել իմ հավատարմությունը իմ հետագա ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից, ինձ թույլ կտրվի երկար ապրել, թե՝ կարճ, դա ինձ համար նշանակություն չունի։ Քանի դեռ ես ապրում եմ, հուսով եմ լինել հավատարիմ, ազնիվ մարդ, մարդ, որը կարող է պարզ աչքերով նայել բոլոր մարդկանց աչքերին և վերջապես մարդ, որը կարող է կանգնել Աստծո առաջ, կենդանիների և մահացածների Դատավորի առաջ, և չցնցվել այն ամենի համար, ինչ արել է աշխարհում։

…Ես աղաչում եմ ձեզ, եղեք հավատարիմ ձեր ուխտերին, եղեք հավատարիմ այն ուխտերին, որոնք կապել եք մկրտության ջրերում, Տիրոջ տանը, և եղեք հավատարիմ ձեր վրա դրված յուրաքանչյուր արդար պարտականությանը։ Վերջին Օրերի Սրբեր լինելու համար տղամարդիկ և կանայք պետք է լինեն մտածողներ և աշխատողներ. նրանք պետք է լինեն տղամարդիկ և կանայք, ովքեր հարցերը կշռադատում են իրենց մտքում, տղամարդիկ և կանայք, ովքեր մանրակրկիտ քննում են իրենց կյանքի ուղին և այն սկզբունքները, որոնք նրանք ընդունել են։ Մարդիկ չեն կարող հավատարիմ Վերջին Օրերի Սրբեր լինել, եթե չուսումնասիրեն և չհասկանան, առնվազն որոշ չափով, ավետարանի սկզբունքները, որոնք նրանք ընդունել են։ … Երբ մարդիկ հասկանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դուք կտեսնեք, որ նրանք քայլում են ուղիղ առաջ, համաձայն Տիրոջ խոսքի և Աստծո օրենքի, խստորեն այն ամենի համաձայն, ինչը հետևողական է, արդար, ճիշտ և ամեն իմաստով Տիրոջ համար ընդունելի, նրանք միայն ընդունում են այն, ինչը ճիշտ է և Նրա աչքին հաճելի, քանզի Նրան հաճելի է միայն այն, ինչը ճիշտ է։15

Ուսումնական առաջարկություններ

  • Ինչո՞ւ ենք մենք տաճարներ կառուցում։ Ինչպիսի՞ օրհնություններ ենք մենք ստանում, երբ այցելում ենք տաճար և պահում ենք այնտեղ կապած ուխտերը։ (Տես նաև ՎևՈւ 109.10–23։) Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ տաճար եք այցելում։

  • Ինչպե՞ս կարող են մարդիկ երբեմն «թեթևամտորեն վերաբերվել Աստծո տան արարողություններին»։

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում «վայելել ամեն օրհնություն հավերժության այդ անհաշիվ դարերի ընթացքում»։ Ինչպե՞ս են տաճարային արարողությունները օգնում մեզ անել դա։ Ինչպե՞ս է տաճար այցելելը օգնում մեզ մեր մտքում պահել «հավերժության հանդիսավոր բաները» (ՎևՈւ 43.34):

  • Ի՞նչ է նշանակում արժանի լինել Աստծո տուն գնալուն։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ պատրաստվենք տաճար այցելելուն։ Ինչո՞ւ չենք կարող «գողանալ արտոնություններ և օրհնություններ Աստծո տնից»։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է պահանջվում ձեզանից, որպեսզի հավատարիմ լինեք այն ուխտերին, որոնք դուք կապել եք տաճարում։

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կատարենք Նախագահ Սմիթի կոչը՝ լինել «մտածողներ և աշխատողներ»։

  • Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել Աստծո տան նկատմամբ։ Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին՝ սովորել պատվել տաճարները։

Հղումներ

  1. Uintah Stake Historical Record: 1905–1909, Quarterly Conference, 25 Aug. 1907, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, 246.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 197.

  3. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 3:241–42.

  4. In Conference Report, Apr. 1901, 69.

  5. Gospel Doctrine, 470.

  6. Gospel Doctrine, 471.

  7. In Messages of the First Presidency, 4:249–50.

  8. “Latter-day Saints Follow Teachings of the Savior,” Scrap Book of Mormon Literature, 2 vols. (n.d.), 2:561–62.

  9. Gospel Doctrine, 213.

  10. Gospel Doctrine, 5.

  11. Deseret News: Semi-Weekly, 11 Nov. 1873, 1.

  12. Deseret News: Semi-Weekly, 21 Mar. 1893, 2; paragraphing added.

  13. In Messages of the First Presidency, 2:346–47.

  14. In Messages of the First Presidency, 4:186.

  15. In Conference Report, Oct. 1910, 3–4.

Vernal Utah Temple

Վերնալ Յուաայի Տաճար։ 1997թ. Յուինտա Ցցի թաբերնակլը վերակառուցվեց և դարձավ Վերնալ Յուտա Տաճարը։