Նախագահների ուսմունքները
Գլուխ 25: Եկեղեցու Բարձրագույն Քահանայության Նախագահը


Գլուխ 25

Եկեղեցու Բարձրագույն Քահանայության Նախագահը

Մենք պետք է աջակցենք և լսենք Եկեղեցու Նախագահին, որը կրում է սուրբ քահանայության բանալիները և ղեկավարում է Աստծո Եկեղեցին երկրի վրա:

Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վեցերորդ Նախագահ 1901թ. նոյեմբերի 10-ի հատուկ համաժողովի ժամանակ: Այս նոր նշանակումով իրականացավ Նախագահ Լորենզո Սնոուի մարգարեությունը, որ Ջոզեֆ Ֆ. Սմիթը Եկեղեցու Նախագահ է դառնալու:1

1866թ. Նախագահ Բրիգամ Յանզի կողմից կանչված լինելով որպես Առաքյալ և ծառայելով որպես Խորհրդական Եկեղեցու չորս Նախագահների՝ Բրիգամ Յանգի, Զոն Թեյլորի, Վիլֆուրդ Վուդրուֆի և Լորենզո Սնոուի համար, Նախագահ Սմիթը հաճախ էր վկայում Աստծո այդ ծառաների «աստվածային իշխանության … ազնվության, պատվարժանության, կյանքի մաքրության, բարձր ինտելեկտի և աստվածային առաքելության ու կոչման» մասին:2

17 տարի նա բարեխղճորեն ծառայեց որպես Եկեղեցու Նախագահ, մեծ հեզությամբ և նվիրվածությամբ: Նա ասում էր Սրբերին. «Ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում այս աշխատանքում, և ես ոչինչ եմ, չհաշված իմ պարտականությունը կատարելու գործում իմ համեստ ջանքերը, քանի դեռ Տերը տալիս է ինձ այդ հնարավորությունը»:3

Նա վկայել է, որ Եկեղեցին Աստծո կողմից է ղեկավարվում. «Ես ցանկանում եմ ասել ձեզ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումից ի վեր երբեք չի եղել այնպիսի ժամանակ, երբ մարդը ղեկավարեր Եկեղեցին, ո՛չ մի պահ: Այդպես չի եղել Ջոզեֆի օրերին, այդպես չի եղել նրանից հետո, այդպես չի լինի երբեք: Աշխարհի ժողովուրդների մեջ այս գործի ղեկավարությունը երբեք չի թողնվել մարդկանց: Սա Աստծո գործն է»:4

Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները

Աստված Ինքն է ղեկավարում Իր գործը և Իր ժողովրդին:

Աստված հաստատել է բոլոր բաները իրենց կարգով: Աստծո տունը կարգուկանոնի տուն է, ոչ թե խառնաշփոթի տուն: Այս տանը Աստված ինքն է Գերագույն Ղեկավարը, և նրան պետք է հնազանդվել: Քրիստոսը՝ նրա Միածին Որդին նրա պատկերով և նմանությամբ է, և նա մեր Փրկիչն ու մեր Աստվածն է: … Աստծուց և Քրիստոսից հետո երկրի վրա դրված է մեկը, որին սուրբ Քահանայության զորության և իշխանության բանալիներն են շնորհված, և որին նախագահության իրավունքն է տրված: Նա Աստծո խոսնակն է իր ժողովրդի համար՝ բոլոր բաներում, ինչ վերաբերում է Սիոնի կառուցմանը և իր ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական փրկությանը:5

Ոչ ոք չի ղեկավարի Աստծո ժողովրդին, ոչ էլ նրա գործը: Աստված կարող է ընտրել մարդկանց և նրանց իր ձեռքի գործիքները դարձնել իր նպատակների իրագործման համար, սակայն փառքը, պատիվը և զորությունը պատկանում են միայն Հորը, քանզի նրանում է իր ժողովրդին ղեկավարելու և իր Սիոնի մասին հոգ տանելու իմաստությունը և զորությունը: Ես չեմ ղեկավարում Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, ոչ էլ Վերջին Օրերի Սրբերին, և ես ցանկանում են, որ սա պարզորոշ հասկանալի լինի: Ո‘չ ոք չի ղեկավարում … Հիշե‘ք, որ Աստված է ղեկավարում այս գործը: Սա նրա գործն է: Սա մարդու գործը չէ: Եթե դա լիներ Ջոզեֆ Սմիթի կամ Բրիգամ Յանգի, կամ Զոն Թեյլորի, Վիլֆուրդ Վուդրուֆի, կամ էլ Լորենզո Սնոուի գործը, այն չէր դիմանա բոլոր փորձություններին, որոնց ենթարկվել է:6

Գովք ու պատիվ [Եկեղեցու Նախագահին] Աստծո ձեռքի գործիքին, անորոշության մեջ կարգ և որոշակի կանոններ հաստատելիս, որոնց շնորհիվ մենք գիտենք մեր շարժվելու ուղղությունը:7

Նախագահող երեք քահանայապետերը երկրի վրա կանգնած են Եկեղեցու գլխավերևում:

Աստված Հայր, Աստված Որդի, Աստված և Սուրբ Հոգի կազմում են Աստվածագլուխը և անհամեմատելի ղեկավարող քվորումը Հոր բոլոր արարումների վրա: Երեք մարդ են կանգնած երկրի վրա Եկեղեցու գլխին … մարդիկ, որոնց միակ միտքը ողջ մարդկության համար բարիք գործելն է, որոնց մեծագույն մտահոգությունը Տիրոջ ժողովրդի բարօրությունն է, և որոնց մշտական ձգտումն է՝ միասնական դարձնել նրանց և այնպես անել, որ աշխատեն, երկրի վրա իրենց տեղում և կոչման մեջ, օգնելով Սիոնի կառուցման գործին:8

Տերը այս գործի սկզբնական շրջանում հայտնել է, որ պետք է երեք քահանայապետեր լինեն Եկեղեցու Բարձրագույն Քահանայության և ողջ Եկեղեցու վրա նախագահելու համար: (Տես Վարդապետություն և Ուխտեր 107.22, 64, 65, 66, 67, 91 և 92:) Նա նրանց է շնորհել ողջ իշխանությունը Եկեղեցու բոլոր գործերի վրա նախագահելու համար: Նրանք կրում են Աստծո տան, ավետարանի արարողությունների և յուրաքանչյուր օրհնության բանալիները, որոնք վերականգնվել են երկրի վրա այս ժամանակաշրջանում: Այս իշխանությունը հանձնվել է երեք քահանա-յապետերի նախագահությանը: Նրանք երեք նախագահներ են: Տերն ինքն է այդպես կոչում նրանց: (Վարդապետություն և Ուխտեր 107.29:) Սակայն կա մեկ նախագահող նախագահ, որի խորհրդականները ևս նախագահներ են:9

Ողջ Եկեղեցու վրա նախագահում է խորհուրդ, որը կոչվում է առաջին նախագահություն, որը կազմված է նախագահից և նրա խորհրդականներից, որոնց հաջորդում են տասներկու առաքյալները, որոնց իշխանությունը համազոր է առաջին նախագահության իշխանությանը, թեև ենթարկվում են և գործում են նրանց ղեկավարության ներքո:10

Եկեղեցու նախագահող պաշտոնյայի մասին խոսելիս և նրան դիմելիս անհրաժեշտ է օգտագործել «Նախագահ» բառը, նաև արժե այդպես դիմել Առաջին Նախագահության խորհրդականներին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը Նախագահ է, ինչպես Տերն է այդպես ասել (տես Վ և Ու 107.22, 24, 29), սակայն պատշաճ չէ էժանագին ձևով խոսել Եկեղեցու Նախագահի մասին, և չարժե նրան դիմել որպես «Մարգարե», «Տեսանող», կամ «Հայտնող», թեև այդ վեհ կոչումները հատկապես իրեն են պատկանում, ինչպես նաև նրա խորհրդականներին և Տասներկուսից յուրաքանչյուրին: … Դրանք կրում են հոգևոր իշխանություն և ֆունկցիաներ, և չափազանց սրբազան բնույթ ունեն, որպես հասարակ դիմելաձևեր գործածվելու համար:11

Եկեղեցին միշտ ունի ղեկավարություն, իսկ եթե Եկեղեցու Նախագահության անդամները հեռանում են մահվան կամ այլ պատճառով, ապա Եկեղեցու հաջորդ ղեկավարող օրգանը Տասներկու Առաքյալներն են, մինչև կրկին կկազմակերպվի երեք նախագահող քահանայապետերից կազմված Նախագահությունը, որոնք իրավունք ունեն կրելու Եկեղեցու Առաջին Նախագահության պաշտոնը … և Տասներկու Առաքյալների պարտականությունն է, որ ապահովեն Առաջին Նախագահության վերակազմավորումը, որպեսզի ոչ մի թերություն չլինի Եկեղեցու Քահանայության աշխատանքում և կարգի մեջ:12

Բարձրագույն Քահանայության Նախագահը կրում է սուրբ քահանայության բանալիները:

Ընդհանրապես Քահանայությունը իշխանություն է՝ տրված մարդուն, Աստծո անունից գործելու համար: Այդ իշխանությունը հանձնվում է յուրաքանչյուր տղամարդու, որը կարգվում է Քահանայության որևէ աստիճանի:

Սակայն կարևոր է, որ այս իշխանությամբ կատարված ցանկացած գործ, կատարվի պատշաճ ժամանակին և տեղում, պատշաճ ձևով և կարգով: Այդ ջանքերը ղեկավարող զորությունը կազմում են Քահանայության բանալիները:13

Եկեղեցու կառավարմանը, Սելքիսեդեկյան և Ահարոնյան Քահանայությանը վերաբերող բոլոր բանալիները, իշխանությունը և զորությունը կենտրոնացած են Եկեղեցու նախագահող պաշտոնյայի մոտ: Եկեղեցում չկա ոչ մի գործ կամ պաշտոն, որ Եկեղեցու Նախագահը չկարողանա կատարել, եթե դրա անհրաժեշտությունը կա, կամ նրանից պահանջվում է դա կատարել [տես Վ և Ու 107:9]: Եկեղեցում նա կրում է հայրապետի, քահանայապետի և առաքյալի, յոթանասունականի, երեցի, եպիսկոպոսի և քահանայի, ուսուցչի և սարկավագի աստիճան: Այս ամենը պատկանում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահությանը, և անհրաժեշտության դեպքում նրանք կարող են վարել այս բոլոր պաշտոնները և կոչումները:14

Սիշտ մի որոշակի ժամանակահատվածում կա միայն մեկը, որ կրում է երկրի վրա Աստծո արքայության բանալիները: Երբ Քրիստոսը երկրի վրա էր, նա էր կրում դրանք: Սակայն երբ նա հեռացավ, նա հանձնեց դրանք Պետրոսին, որը նախագահն էր կամ առաքյալների ղեկավարը, և նրա իրավունքն էր ղեկավարել ու հայտնություններ ստանալ Եկեղեցու համար, խորհուրդ տալ բոլոր եղբայրներին: Այն բանից հետո, երբ սատանան ու չար մարդիկ իշխանություն ձեռք բերեցին Եկեղեցու վրա, խաչեցին Փրկչին և սպանեցին առաքյալներին, արքայության բանալիները վերցվեցին երկրի վրայից.… Այդ ժամանակից, ինչ Քահանայության բանալիները վերցվեցին երկրի վրայից մինչև այն պահը, երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ դրանք, ոչ ոք չի կրել այդ Քահանայությունը, ոչ էլ դրա բանալիները կամ Աստծո Սիոնը կառուցելու և եկեղեցին կամ ժողովրդին Քրիստոսի երկրորդ գալստին պատրաստելու իշխանությունը:15

Վարդապետություն և Ուխտերը պարզորոշ է դարձնում այն, որ մինչ Եկեղեցու յուրաքանչյուր պաշտոնյա իրավունք ունի նախագահել իր կոչման մեջ, «Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է նախագահելու իրավունքը, և զորություն ու իշխանություն ունի եկեղեցու բոլոր պաշտոնների վրա՝ աշխարհի բոլոր դարաշրջաններում հոգևոր բաներում սպասավորելու համար» (տես Վարդապետություն և Ուխտեր, բաժին 107.8:)

Այնուհետև, նույն հայտնության 65 և 66 հատվածներում, մեզ ասվում է.

«Ուստի, անպայման անհրաժեշտ է, որ Բարձրագույն Քահանայությունից մեկը նշանակվի՝ նախագահելու քահանայության վրա, և նա պետք է կոչվի Եկեղեցու Բարձրագույն Քահանայության Նախագահ.

Կամ, այլ խոսքերով, Եկեղեցու Բարձրագույն Քահանայության վրա Նախագահող Քահանայապետ»:16

Գլխավոր փաստը, որ պետք է հիշել այն է, որ Քահանայությունը բարձր է նրա ցանկացած պաշտոնից. և Մելքիսեդեկյան Քահանայություն կրող ցանկացած մարդ, ըստ իր կրած քահանայության զորության, կարող է կատարել քահանայությանը պատկանող կամ դրա հետ կապված ցանկացած արարողություն, երբ կանչվում է կատարելու այն նրա կողմից, որը կրում է համապատասխան իշխանություն, իսկ համապատասխան իշխանությամբ օժտված է Եկեղեցու Նախագահը, կամ նա, որին նա կարող է նշանակել: Եկեղեցու յուրաքանչյուր պաշտոնյա գտնվում է նրա ղեկավարության ներքո, իսկ նրան Աստված է ղեկավարում: Նրան նաև ընտրել է Տերը, որպեսզի գլխավորի Եկեղեցին, և նա կատարում է դա, երբ Եկեղեցու Քահանայությունը (որը ընդգրկում է նրա պաշտոնյաներին ու անդամներին) ընդունում և աջակցում է նրան: (տես Վարդապետություն և Ուխտեր, բաժին 107.22:)17

Նախագահի նշանակումն է ողջ Եկեղեցու համար հայտնություններ ստանալը:

Տերը նաև ամեն ժամանակահատվածում նշանակել է մեկին, որպեսզի կրի հայտնության բանալիները ողջ Եկեղեցու համար՝ նրա բոլոր կազմակերպություններում, պաշտոններում, արարողություններում և վարդապետություններում: Հայտնության ոգին շնորհվում է բոլոր անդամներին, որպեսզի յուրաքանչյուրն օգուտ ստանա և լուսավորվի ոգեշնչմամբ, և համաձայն այն ասպարեզի, որտեղ նա կանչվել է աշխատելու: Սակայն ինչ վերաբերում է ողջ Եկեղեցուն, միայն Եկեղեցու գլխին կանգնած մարդուն է նշանակված պատվիրանի ձևով հայտնություններ ստանալ և վերջ տալ հակասությանը: Իր խորհրդականների օգնությամբ նա նախագահում է ողջ Եկեղեցու վրա ամբողջ աշխարհում. այդպիսով Առաջին Նախագահությունը իրավունք ունի հեղինակավոր ձևով ուղղություն տալու այն հարցերում, որոնք վերաբերում են Եկեղեցու շինությանը, ղեկավարմանը և կանոնակարգմանը:18

Վերջին Օրերի Սրբերը իրենց հավատքում կառչում են այն սկզբունքից, որ … Եկեղեցու Նախագահը ընդունվում է որպես միակ մարդ, որի միջոցով աստվածային հաղորդակցությունը կրոնական կազմակերպություն է գալիս որպես օրենք և վարդապետություն, որ նման հայտնությունը որպես Աստծո կամք կարող է գալ ցանկացած պահի, ցանկացած հարցի շուրջ, լինի դա հոգևոր, թե աշխարհիկ, և ի վերջո, որ Վերջին Օրերի յուրաքանչյուր Սրբի մտքում նման հայտնությունը, ինչպիսի հարցի էլ որ այն առնչվի, ինչպիսի խորհուրդ տա կամ պահանջ ներկայացնի, առաջնակարգ նշանակություն ունի:19

Այն պահին, երբ անհատը բարձրանում է՝ ենթադրելով, որ ինքն իրավունք ունի ղեկավարելու, թելադրելու կամ դատելու իր եղբայրներին, հատկապես նրանց, ովքեր նախագահում են, նրան պետք է անհապաղ կանգնեցնել, այլապես արդյունքը կլինի տարաձայնությունները, բաժանումներն ու խառնաշփոթը: Այս Եկեղեցու ամեն մի տղամարդ և կին պետք է լավատեղյակ լինի, որպեսզի չտրվի նման ոգուն: Այն պահին, երբ նման զգացում է ի հայտ գալիս, նրանք պետք է հանդիմանեն այն, քանզի դա ուղղակիորեն հակասում է Քահանայության կարգին և այս աշխատանքի ոգուն ու բնույթին: Մենք կարող ենք որպես հեղինակավոր բան ընդունել միայն այն, ինչն ուղղակիորեն գալիս է նշանակված ճանապարհով, քահանայության հաստատված կազմակերպությունների միջոցով, որը և Աստծո կողմից նշանակված ճանապարհն է, որով հայտնի է դառնում նրա միտքն ու կամքն այս աշխարհի վերաբերյալ:20

Բացարձակապես անհարիր, անխոհեմ և անհեթեթ կլիներ ենթադրելը, որ Աստված կանչելով մի մարդու և նշանակելով նրան այս աշխատանքը, շրջանցի նրան և մեկ ուրիշին նշանակի՝ այդ նույն նպատակն իրականացնելու համար: Աչ մի խելամիտ մարդ ոչ մի վայրկյան չի համակերպվի նման ենթադրության հետ: Նմանատիպ հարցին լուրջ նայելը կնշանակեր Ամենազորին մեղադրել անհետևողականության մեջ, համարելով Նրան խառնաշփոթի, տարաձայնության և հերետիկոսության մեջ: Աստծո Արքայությունը երբեք նման ձևով չի հաստատվել երկրի վրա:21

Եթե [Եկեղեցու Նախագահը] ընկնի անհավատության մեջ, Աստված կհեռացնի նրան իր տեղից: Ես վկայում եմ Իսրայելի Աստծո անունով՝ Նա երբեք չի հանդուրժի, որ Եկեղեցու ղեկավարը, որին ինքն է ընտրել որպես գլխավոր, խախտի Իր Օրենքները և ուրանա: Այն պահին, երբ նա այդ ուղին բռնի, Աստված կհեռացնի նրան: Ինչո՞ւ: Որովհետև հանդուրժել, որ ամբարիշտ մարդը լինի նման տեղում նշանակում է, այլ խոսքերով, թույլ տալ, որ աղբյուրը պղտորվի, որը Նա երբեք չի հանդուրժի:22

Աստված կպատվի և կմեծարի Իր ծառաներին:

[Սա] մարդու աշխատանքը չէ, այլ Ամենազոր Աստծո. և Նրա գործն է հետևել, որ մարդիկ, ովքեր զբաղեցնում են այս դիրքը Իր սրտով են, մարդիկ, որոնք հրահանգներ են ստանում, կիրագործեն դրանք Իր կամքի և խորհուրդների համաձայն:23

[Աստծո] քահանայության մեջ միշտ կլինեն հավատարիմ մարդիկ, որոնք կհամապատասխանեն այս տեղին, մարդիկ, որոնց մեջքը հարմարեցված կլինի նման բեռ կրելուն, մարդիկ, որոնց միջոցով Նա կարող է աշխատել և կարգավորել Իր Եկեղեցու գործերը, որոնք կկատարվեն ըստ Իր կամքի և խորհուրդների: Եվ այն պահին, երբ մարդիկ հույսը դնում են մեկ այլ աղբյուրի վրա, նրանք բաց կլինեն Սատանայի գայթակղիչ ազդեցության համար և կդնեն իրենց մի վիճակում, երբ դևի ծառաները լինելու հավանականությունը մեծ է: Նրանք տեսադաշտից կորցնում են ճշմարիտ կարգը, որին հետևողները վայելում են Քահանայության օրհնությունները: Նրանք դուրս են գալիս Աստծո արքայության սահմանից և ոտք են դնում վտանգներով լի հողի վրա:24

Աստված կպատվի և կմեծարի իր ծառաներին մարդկանց առաջ: Նա կաջակցի նրանց արդարությամբ: Նա կբարձրացնի նրանց, կբարձրացնի նրանց Իր ներկայության մեջ և նրանք կճաշակեն նրա փառքից հավիտյանս հավիտենից:25

Ես բերում եմ իմ վկաությունը, որ նրանք, ովքեր հաջորդել են Աարգարե Ջոզեֆ Սմիթին այս Եկեղեցու նախագահության մեջ, աստվածային իշխանություն են ունեցել: Նրանք Աստծո մարդիկ էին … Ես կարող եմ վկայել Բրիգամ Յանգի, Զոն Թեյլորի, Վիլֆորդ Վուդրուֆի և Լորենզո Սնոուի ազնվության, պատվարժանության, կյանքի մաքրության, բարձր բանականության, աստվածային առաքելության և կոչման մասին: Նրանք ոգեշնչվել էին Աստծո կողմից կատարելու այն առաքելությունը, որի համար կանչվել էին, և ես գիտեմ դա: Ես գոհություն եմ հայտնում Աստծուն այդ վկայության և Հոգու համար, որը դրդում է ինձ և ձգում դեպի այդ մարդիկ, դեպի իմ Աստվածը և իմ Քավիչը:26

Իմ եղբայրներ և քույրեր, իմ գործն ու իմ պարտականությունն է քարոզել Հիսուս Քրիստոսի Ավետարանը և Նրան, որը խաչվեց ու բարձրացվեց մեռելներից և Իր Հոր, մեր Աստծո աջ կողմում գահին նստեց զորությամբ, փառքով և մեծությամբ: … Ես պետք է իմ ուժերի սահմանում լավագույն ձևով աշխատեմ այն մարդկանց համար, որոնց Աստված իմ հոգածությանն է վստահել: Ես նաև պետք է իմ պարտականությունները կատարեմ Աստծո մարդկանց հանդեպ, որոնց համար, Նրա կամքով, ես պետք է լինեմ խոնարհ ծառա և Ավետարանի ուսուցիչ:27

Սա Աստծո աշխատանքն է, և ես աղաչում եմ ձեզ, որ չմոռանաք դա: Ես աղերսում եմ ձեզ, որ չդադարեք հավատալ դրան, քանզի դա է ճշմարիտությունը: Այն ամենը, ինչ Տերն ասել է այս վերջին օրերի աշխատանքի մասին, կկատարվի: Աշխարհը չի կարող խոչընդոտել դրան: … Աստված ղեկի մոտ է, և նա կտանի իր ժողովրդին դեպի հաղթանակ:28

Ամեն անգամ, երբ ասում եմ այն, ինչն Աստծո համար ընդունելի է, երբ հայտնում եմ Նրա ճշմարտությունը, դա տեղի է ունենում Նրա Հոգու ներկայությամբ և ազդեցությամբ, և հատկապես Նրա պատվի և Նրա փառքի համար է, որ կատարում եմ դա: Ես երբեք որևէ պատիվ չեմ վերցրել ինձ վրա: Ես պատիվ չեմ փնտրում: Ես ոչինչի համար չեմ հավակնում, բացի Քրիստոսի Եկեղեցու անդամը լինելուց, պատիվ ունենալ լինելու անարատ, անբիծ, անխախտ և անհողդողդ իմ Աստծո և Նրա Որդու արքայության մեջ:29

Կամ Աստծո արքայությունը կամ ոչինչ, ինչ ինձ է վերաբերում: Ես անձնապես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում այս աշխատանքում, և ես ոչինչ եմ, չհաշված իմ պարտականությունը կատարելու գործում իմ համեստ ջանքերը, քանի դեռ Տերը տալիս է ինձ այդ հնարավորությունը: Սակայն սա Աստծո արքայությունն է: Աստծո արքայության տակ ես ի նկատի ունեմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմակերպությունը, որի թագավորն ու գլուխը Հիսուս Քրիստոսն է:30

Ուսումնական առաջարկություններ

  • Ո՞վ է ղեկավարում Եկեղեցին: Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ, որ «ոչ ոք չի ղեկավարի Աստծո ժողովրդին, ոչ էլ նրա գործը»:

  • Ի՞նչ օրհնություններ են խոստացվել Եկեղեցու անդամներին, եթե նրանք հավատարմորեն հետևեն Եկեղեցու Նախագահին: (Տե՛ս նաև Վ և Ու 21.4–6:) Հետևելով կենդանի մարգարեի խորհրդին, ինչպե՞ս եք օրհնվել դուք:

  • Ինչպե՞ս կարող եք աջակցել Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին իրենց աշխատանքում:

  • Ի՞նչ են նշանակում մարգարեի, տեսանողի և հայտնողի «վեհ կոչումները»: Ո՞ւմ են այդ կոչումները վերաբերում:

  • Ի՞նչ են քահանայության բանալիները: Ի՞նչ է նշանակում աջակցել Եկեղեցու Նախագահին որպես երկրի վրա միակ մարդու, որը կրում է քահանայության բոլոր բանալիները և իշխանություն ունի գործածել դրանք:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ միայն Եկեղեցու Նախագահն է նշանակված հայտնություն ստանալու ողջ Եկեղեցու համար: Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել կեղծ մարգարեներին և կեղծ հայտնություններին հավատալուց:

  • Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Եկեղեցու Նախագահը միշտ Աստծո կամքով կղեկավարի մեզ:

Հղումներ

  1. See Conference Report, Oct. 1901, 71.

  2. Gospel Doctrine, 5th ed. (1939), 169.

  3. Gospel Doctrine, 154.

  4. Gospel Doctrine, 76.

  5. Gospel Doctrine, 210.

  6. Gospel Doctrine, 138–39.

  7. In Conference Report, Oct. 1902, 87.

  8. In Conference Report, Apr. 1898, 69.

  9. Gospel Doctrine, 176.

  10. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 4:248.

  11. Messages of the First Presidency, 4:307.

  12. Gospel Doctrine, 177–78.

  13. Gospel Doctrine, 136.

  14. Gospel Doctrine, 176.

  15. Gospel Doctrine, 43–44.

  16. Gospel Doctrine, 175–76.

  17. Gospel Doctrine, 174.

  18. Messages of the First Presidency, 4:270.

  19. Messages of the First Presidency, 4:154.

  20. Gospel Doctrine, 41–42.

  21. Deseret News: Semi-Weekly, 26 June 1883, 1.

  22. Deseret News: Semi-Weekly, 26 June 1883, 1.

  23. Deseret News: Semi-Weekly, 26 June 1883, 1.

  24. Gospel Doctrine, 42.

  25. Gospel Doctrine, 502.

  26. Gospel Doctrine, 169.

  27. In Conference Report, Oct. 1915, 6–7.

  28. Gospel Doctrine, 502.

  29. In Conference Report, Apr. 1912, 137–38.

  30. Gospel Doctrine, 154.

First Presidency

Առաջին Նախագահությունը, 1910թ. ապրիլից մինչև 1911թ. հոկտեմբերը (ձախից աջ): Անտոն Հ. Լանդ, Ջոզեֆ Ֆ. Սմիթ, Զոն Հենրի Սմիթ: