Գլուխ 43
Հայրերն ընտանիքում
Յուրաքանչյուր հայր պետք է ջանքեր գործադրի որպես ընտանիքի գլուխ, իր սուրբ կոչմանն արժանի լինելու համար:
Ջոզեֆ Ֆ. Սմիթի կյանքից
Իր ողջ կյանքի ընթացքում, Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր հետ կրել է իր նահատակված հոր, Հայրում Սմիթի, հիշատակը: 1918թ. հունիսի 27-ին Նախագահ Սմիթը նախագահում էր Սոլթ Լեյք Սիթիի գերեզմանատանն անցկացվող հավաքում, որի ժամանակ իր հոր պատվին հուշարձան կանգնեցվեց: Այդ հավաքին նա ասաց. «Այսօր ես օրհնված եմ երեսունհինգ զավակներով, որոնք բոլորն էլ ապրում են և որքանով տեղյակ եմ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու արժանի անդամներ են, և ես հավատացած եմ, որ նրանց սրտերը նվիրված են Տիրոջ գործին: Ես հպարտ եմ իմ զավակներով: Ես այսօր ունեմ ավելի քան ութսունվեց թոռներ … Ես հարուստ մարդ եմ. Տերն ինձ մեծ հարստություն է տվել՝ դա իմ երեխաներն են և երեխաներիս երեխաները … Ես ուզում եմ, որ դուք պարզապես նայեք իմ թոռների այս փոքր հոտին, ահա նրանք բոլորն այստեղ են: Ես սիրում են նրանց: Ես գիտեմ նրանց բոլորին: Ես միշտ նրանց տեսնելիս համբուրում եմ, ինչպես և իմ զավակներին»:1
Հետագայում նրա որդին, Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, որը 1970–1972թթ. ծառայել է որպես Եկեղեցու Նախագահ, նշել է, որ իր հոր սերն իր ընտանիքի հանդեպ «անսահման մեծ էր և անչափ մաքուր: Աշխարհը չգիտեր և չէր կարող հավանաբար իմանալ, իրենց հանդեպ նրա սիրո մեծությունը: Ամբարիշտ ու անառակ մարդիկ ծաղրում ու զրպարտում էին նրան, սակայն նրա ընտանեկան կյանքի իրական պայմանները և իր ընտանիքի հանդեպ նրա զարմանահրաշ սերը նրանց հասկացողությունից վեր էր: Օ՜, ինչպես էր նա աղոթում, որպեսզի իր զավակները միշտ հավատարիմ լինեին՝ հավատարիմ Աստծուն, իրենց ընկերներին, հավատարիմ միմյանց հանդեպ և իրեն … Թող որ նրանք, բոլորը և առանձին-առանձին, հավատարիմ լինեն իրեն և այն գործին, որ նա այնքան հավատարմորեն է կատարել իր մահկանացու կյանքում, և որը եղել է ամենաթանկագին բանը իր ողջ կյանքի ընթացքում»:2
Ջոզեֆ Ֆ. Սմիթի ուսմունքները
Ոչինչ չի փոխարինի տանը:
Ոչինչ չի փոխարինի տանը: Դրա հիմքը այնքան հին է, որքան աշխարհը, և դրա առաքելությունը նշանակվել է Աստծո կողմից դեռևս ամենավաղ ժամանակներում … Տունը ավելին է, քան բնակարանը, դա հաստատություն է, որը պաշտպանում է կայունությունը և սերը ինչպես անհատների, այնպես էլ ազգերի մեջ:
Չի կարող լինել իսկական երջանկություն, տնից դուրս և հեռու, և ամեն ջանք, որ գործադրվում է տան ազդեցությունը սրբացնելու և պահպանելու համար, վեհացնում ու վսեմացնում է նրանց, ովքեր այդ ուղղությամբ տքնում են և զոհաբերություններ են կատարում: Տղամարդիկ և կանայք հաճախ ձգտում են փոխարինել ընտանեկան կյանքը ուրիշ ինչ-որ կյանքով: Նրանք հավատացած են, որ տունը սահմանափակում է իրենց ազատությունը, որ բարձրագույն ազատությունը դա ամբողջովին կամքի թելադրանքով շարժվելու հնարավորությունն է: Առանց ծառայության չկա երջանկություն, և չկա ավելի բարձր ծառայություն, քան այն, որը տունը դարձնում է աստվածային հաստատություն, և որը զարգացնում ու պահպանում է ընտանեկան կյանքը:
Իրենց տնային պարտականություններից խուսափող մարդկանց մոտ պակասում է սոցիալական բարօրության կարևոր տարր: Նրանք կարող են տրվել մասայական զվարճանքներին, սակայն իրենց հաճույքը մակերեսային է և ի վերջո կբերի հիասթափության: Գործերը երբեմն մարդկանց կտրում են տնից, սակայն տուն գնալու միտքը միշտ եղել է ոգեշնչման աղբյուր բարյացակամության և նվիրվածության համար:3
Իդեալական տանը հոգին չի սովում, ոչ էլ հրաշալի զգացմունքների աճն ու զարգացումն է կաթվածահար լինում, հօգուտ գռեհիկ և մարմնական հաճույքների: Հիմնական նպատակը ոչ թե մեծ նյութական հարստություն կուտակելն է, որն ընդհանրապես ավելի ու ավելի է հեռացնում ճշմարիտ, իդեալական, հոգևոր կյանքից, այլ հոգևոր հարստություն ստեղծելը, ազնվաբարո նվաճումների, սիրո և օգտակարության կարևորության գիտակցություն զարգացնելը:
Թանկարժեք նկարները, գոբելենները, անգին հնությունները, տարբեր զարդերը, արժեքավոր կահույքը, դաշտերը, նախիրները, ձիերը և հողերը չեն կազմում իդեալական տունը, ոչ էլ սոցիալական հաճույքները և հարմարավետությունը, որին այդքան համառորեն ձգտում են շատերը, այլ հոգու գեղեցկությունը, զարգացած, սիրող, հավատարիմ, ճշմարիտ հոգիները, օգնող ձեռքերը և կարեկցող սրտերը, սերը, որը իրենը չի որոնում, մտքերը և գործերը, որոնք դիպչում են մեր կյանքին իրենց հրաշալի դրսևորումներում, ահա դրանք են ընկած իդեալական տան հիմքում:4
Հորն է վստահված տանը նախագահելու իշխանությունը:
Չկա ավելի բարձր իշխանություն ընտանիքի կազմակերպության գործում, և հատկապես, երբ այդ կազմակերպության մեջ նախագահում է բարձր Քահանայության կրողը, քան հոր քահանայությունն է: Այդ իշխանությունը դարերով սրբագործված է, և բոլոր ժամանակաշրջաններում այն մեծ հարգանք է վայելում Աստծո ժողովրդի մեջ, և դրա կարևորությունը հաճախ շեշտվում է Աստծո կողմից ոգեշնչված Մարգարեների ուսմունքներում: Հայրապետական կարգը աստվածային ծագում ունի և կշարունակի ժամանակի և հավերժության մեջ: Այդ պատճառով առանձնահատուկ պատճառ գոյություն ունի, թե ինչու Աստծո ժողովրդի տներում տղամարդիկ, կանայք և երեխաները պետք է հասկանան այս կարգը և այս իշխանությունը, և ձգտեն այնպիսին դարձնել այն, ինչպես նախատեսել էր Աստված՝ փորձությամբ և նախապատրաստությամբ՝ իր զավակների բարձրագույն վեհացման համար…
Այս իշխանությունն իր հետ կրում է պատասխանատվություն և լուրջ պատասխանատվություն, ինչպես նաև իրավունքներ և արտոնություններ, և տղամարդիկ չեն կարող չափազանց օրինակելի լինել իրենց կյանքում կամ շատ մանրակրկիտ պատրաստվել ընտանեկան կազմակերպությունում այս կարևոր և Աստծո կողմից կարգված վարքի կանոնի հետ ներդաշնակ ապրելու համար: Այս իշխանության վրա որոշակի խոստումներ և օրհնություններ են հաստատվել, և նրանք, ովքեր աջակցում և հարգում են այդ իշխանությունը, ունենում են որոշակի իրավունքներ Աստվածային ողորմածության վրա, որը նրանք չեն կարող ունենալ, եթե չհարգեն և չպահեն օրենքները, որոնք Աստված է հաստատել տան կառավարման և իշխանության համար:5
Ես ցանկանում եմ … Եկեղեցու ծառայողներին ներշնչել, որ անհրաժեշտ է խորհրդակցել հայրերի հետ այն ամենում, ինչը վերաբերում է Քահանայությունում իրենց որդիների կոչմանը և Եկեղեցու գործերին, որպեսզի հարգանքը և ակնածանքը, որը երեխաները պետք է ցուցաբերեն իրենց ծնողների հանդեպ, չխախտվի Եկեղեցու կողմից և ոչ էլ նրա ծառայողների կողմից: Այդպիսով, ներդաշնակությունն ու բարի կամքը կգերիշխեն, և ընտանիքների և ընտանեկան կյանքի աջակցությունը, որի վրա Եկեղեցու կառավարումն է հիմնված և հավերժացած, կմիանա սուրբ Քահանայության կոչումներին, ապահովելով միասնություն, ամրություն և զորություն՝ իր բոլոր գործերում:
Հայրեր, կատարեք ձեր բոլոր պարտականությունները ձեր ընտանիքի հանդեպ:
Եթե [հայրերի] հետ է Տիրոջ Հոգին, իրենց աշխարհիկ պարտականությունները կատարելիս, ապա նրանք երբեք չեն անտեսի ոչ իրենց երեխաների մայրերին, ոչ էլ երեխաներին: Նրանք չեն թերանա նրանց սովորեցնելու կյանքի սկզբունքները, և նրանց համար միշտ լավ օրինակ կծառայեն: Ինքներդ մի արեք այն, ինչի համար ձեր տղային պիտի ասեք. «Սի՛ արա այդպես»: Ապրեք այնպես, որ կարողանաք ասել. «Որդիս, արա, ինչպես ես եմ անում, հետևիր ինձ, ընդօրինակիր ինձ»: Այդպե՛ս պետք է հայրերն ապրեն, մեզանից յուրաքանչյուրը: Եվ Եկեղեցու ցանկացած անդամի համար անպատվություն է, թուլություն և ամոթ, եթե հետևում է այն ուղուն, որը գիտե, որ ճիշտ չէ, և կցանկանար, որ իր երեխաները չհետևեն: Արքան ամոթ է այն տղամարդու համար, որը իր համար արգելք է ստեղծում չկատարելու իր բոլոր պարտականությունները նրանց հանդեպ, ովքեր սիրում են իրեն և որոնց նա պետք է սիրի իր կյանքից առավել, տրվելով անիրավ ցանկություններին, ստոր կրքերին, և կատարելով այնպիսի բաներ, որոնք չպետք է կատարի, և ինչից կփորձեր ետ պահել իր երեխաներին: Իմ եղբայրներ, կատարեք ձեր պարտականությունը, և Տերը կկատարի Իր պարտականությունը ձեր հանդեպ:7
Եղբայրներ, շատ քիչ կրոնական նվիրվածություն, սեր ու Աստվածավախություն կա տներում, փոխարենը անչափ շատ աշխարհիկություն, եսասիրություն, անտարբերություն և ակնածանքի պակաս կա ընտանիքում, այլապես այս ամենը երբեք այսքան շատ չէր դրսևորվի դրսում: Այդ պատճառով է, որ տունը վերափոխման կարիք ունի: Փորձեք այսօր և վաղը փոփոխություն կատարել ձեր տանը՝ երկու անգամ աղոթելով ձեր ընտանիքի հետ, կանչեք ձեր երեխաներին և ձեր կանանց աղոթել ձեզ հետ: Օրհնություն խնդրեք ուտելիքի համար ամեն անգամ, երբ ուտում եք: Նախքան քնելը կամ առօրյա աշխատանքին գնալը տաս րոպե տրամադրեք Աստվածաշնչից, Մորմոնի Գրքից, Վարդապետություն և Ուխտերից մեկ գլուխ կարդալուն: Սնուցեք ձեզ հոգևորով ինչպես տանը, այնպես էլ հասարակական վայրերում: Թող սերը, խաղաղությունը, Տիրոջ Հոգին, բարությունը, գթասրտությունը, ուրիշների համար զոհաբերությունը առատորեն լցված լինեն ձեր ընտանիքներում: Հեռու վանեք կոպիտ խոսքերը, նախանձը, ատելությունը, չարախոսությունը, գռեհիկ լեզուն և զրպարտությունը, բամբասանքը, և թող Աստծո Հոգին տիրի ձեր սրտերում: Սովորեցրեք դա ձեր երեխաներին, հոգով և զորությամբ, ամրապնդելով և հաստատելով դա անձնական օրինակով: Թող նրանք տեսնեն, որ դուք անկեղծ եք, և ապրում եք ձեր քարոզած սկզբունքներով:8
Ես խնդրում եմ ձեզ և աղոթում եմ Աստծուն, որպեսզի օգնի ձեզ, հայրե՛ր և մայրե՛ր, ուսուցանելու ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներն ու ցուցումները, որպեսզի նրանք մեծանան առանց մեղքի՝ ի փրկություն: Ես աղոթում եմ, որպեսզի Աստված օգնի ձեզ դաստիարակել ձեր երեխաներին ճշմարտության սիրով, առաքինության սիրով, աշխարհի վարակիչ չարից ազատ, ախտից, հարբեցողությունից, ծխախոտ օգտագործելուց, ոգելից խմիչքներից, թմրանյութերից և ամեն տեսակի չարիքից ազատ, որպեսզի դուք սովորեցնեք նրանց լինել մաքուր իրենց կյանքում, իրենց սովորույթներում, որ նրանք կարողանան լինել սուրբ տաճարներում, որտեղ կենդանի Աստծո հոգին է բնակվում, և գտնել հաճելի ապաստան: Դա ձեր պարտականությունն է և իմ պարտականությունն է, դա յուրաքանչյուր տղամարդու պարտականությունն է՝ սովորեցնել իր ընտանիքին այդ ամենը, և դնել նրանց այն ուղու վրա, որով նրանք պետք է գնան:9
Թող որ Իսրայելի հայրերն ապրեն այնպես, ինչպես պետք է ապրեն, իրենց կանանց վերաբերվեն այնպես, ինչպես պետք է նրանց վերաբերվեն, իրենց տները հնարավորինս հարմարավետ դարձնեն, հնարավորինս թեթևացնեն իրենց կողակիցների բեռը, լավ օրինակ ծառայեն իրենց երեխաների համար, սովորեցնեն նրանց հավաքվել աղոթքով առավոտյան և երեկոյան, և երբ նստում են ճաշելու, թող ընդունեն Աստծո ողորմածությունը, որը տվել է իրենց այդ ուտելիքը, որ ուտում են, հագուստը, որ հագնում են, և ընդունեն Աստծո ձեռքը ամեն ինչում:10
Ընտանեկան կապերը նախատեսված են լինել հավերժ:
Աստված կանգնած է մարդկային ցեղի գլխին: Մենք համարում ենք նրան բոլորի Հայր: Մենք չենք կարող նրան ավելի մեծ հաճույք պատճառել, քան, եթե հարգենք և պատվենք մեր հայրերին ու մայրերին, որոնց շնորհիվ մենք գոլություն ունենք այստեղ երկրի վրա:11
Ընտանեկան կազմակերպությունը հիմնվում է ճիշտ կառավարման վրա, և հնարավոր չէ ավելի շատ շեշտել այն փաստը, որ ընտանիքում կառավարումը պետք է լինի որքան հնարավոր է կատարյալ, ինչպեսև՝ միշտ պետք է հարգանք ցուցաբերվի այդ կառավարման հանդեպ:12
Սեր [ընտանեկան] կապերը միայն այս կյանքի համար չեն նախատեսված, ժամանակի համար չեն, ինչպես մենք զատում ենք դա հավերժությունից: Մենք ապրում ենք ժամանակի և հավերժության համար: Մենք կազմում ենք ընկերակցություններ և հարաբերություններ ժամանակի և ողջ հավերժության համար: Սեր կապերն ու ցանկությունները հարմարեցվում են և պատրաստվում են այնպես, որպեսզի տևեն ոչ միայն երկրային կամ մահկանացու կյանքի ընթացքում, այլ ողջ հավերժության ընթացքում: Վերջին Օրերի Սրբերից բացի ովքե՞ր են խորհում այն մտքի շուրջ, որ մահից հետո մեր ընտանեկան կազմակերպությունը կշարունակի իր գոյությունը, որ հայրը, մայրը, երեխաները, կընդունեն միմյանց այն զգացմունքներով, որ տածում են միմյանց հանդեպ և այն հարաբերություններում, որում նրանք գտնվում են, որ այդ ընտանեկան կազմակերպությանը, Աստծո գործի մեծ ու կատարյալ կազմակերպության միավորին, վիճակված է շարունակվել ժամանակի և հավերժության ընթացքում:13
Ես ունեմ փառահեղ խոստում՝ ընկերակցել իմ սիրելիների հետ ողջ հավերժության ընթացքում: Այս գործում հնազանդություն դրսևորելով, Հիսուս Քրիստոսի ավետարանով, ես իմ շուրջը կհավաքեմ իմ ընտանիքը, իմ երեխաներին, իմ երեխաների երեխաներին, մինչև որ նրանք կդառնան այնքան բազմաթիվ, որքան Աբրահամի սերունդը, կամ այնքան անթիվ, որքան ծովեզերքի ավազը: Քանզի դա իմ իրավունքն է և արտոնությունը, և դա իրավունքն ու արտոնությունն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրաքանչյուր անդամի, որը կրում է Քահանայություն և որը կմեծարի այն Աստծո աչքում:14
Ամեն դեպքում, լավ կատարել այն ամենը, ինչն Աստծո նախասահմանումով, պետք է լինի ամբողջ մարդկության ընդհանուր վիճակը, դա է ամենաճշմարիտ մեծությունը: Լինել հաջողակ հայը կամ հաջողակ մայր ավելի բարձր կոչում է, քան լինել հաջողակ գեներալ կամ հաջողակ պետական գործիչ:15
Ուսումնական առաջարկություններ
-
Ի՞նչը պետք է լինի տանը հայրերի «հիմնական նպատակը»: Ինչպե՞ս է ընտանիքին ապահովելը անցնում աշխարհիկի սահմաններից դեպի հոգևորը: Ինչպե՞ս կարող է հայրն իր ընտանիքում «հոգևոր հարստություն» ստեղծել:
-
Ինչպիսի՞ տարրեր են «ընկած իդեալական տան հիմքում»: Ինչո՞ւ է հոր պատասխանատվությունը՝ հետևել, որպեսզի այդ տարրերը զարգանան:
-
Ինչպե՞ս կարող են կանայք և երեխաները աջակցել իրենց ընտանիքի գլխավորին: Ի՞նչ պետք է ամուսիններն ու հայրերն անեն, որպեսզի արժանի լինեն իրենց ընտանիքի անդամների աջակցությանը:
-
Ինչպե՞ս է Տերը քահանայության օրհնություններ տալիս միայնակ կանանց:
-
Ինչպե՞ս են հայրերն ամրանում և ընտանքիները օրհնվում, երբ քահանայության ղեկավարները խորհրդակցում են հայրերի հետ և նրանց հանդեպ հարգանք են ցուցաբերում:
-
Ի՞նչ է այսօր անհրաժեշտ փոխել մեր տներում: Ի՞նչ կարող են հայրերն անել, որպեսզի հակազդեն աշխարհիկին և զարգացնել կրոնական նվիրվածությունը տանը:
-
Ինչպիսի՞ օրհնություններ ենք մենք ստանում, իմանալով, որ մեր ընտանեկան կապերը կարող են շարունակվել հավերժ: Ի՞նչ կարող են հայրերն անել, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքի հավերժ լինելը: