Ինստիտուտ
Դաս 10․ Ուսուցչի նյութ. Ամուսնության նոր և հավիտենական ուխտը


Դաս 10․ Ուսուցչի նյութ. Ամուսնության նոր և հավիտենական ուխտը, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)

Դաս 10․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ

Դաս 10․ Ուսուցչի նյութ

Ամուսնության նոր և հավիտենական ուխտը

«Ամուսնության նոր և հավիտենական ուխտի» մեջ մտնելն ու այն պատվելը (Վարդապետություն և Ուխտեր 131.2) էական է վեհացման համար: Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացատրել ամուսնության ուխտի հավերժական նշանակությունը, և ինչու են իրենք ձգտում հավերժական ամուսնության: Նրանք կքննարկեն նաև, թե ինչ կարող են անել, որպեսզի պատրաստվեն կնքել և պատվել իրենց ամուսնության ուխտերը:

Ուսուցման առաջարկներ

Հավերժական ամուսնությունը գործընկերություն է Աստծո հետ

Սկսեք դասը՝ հրավիրելով մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել տաճարում կնքված մարդու հետ իրենց զրույցից (տես հրավերը նախապատրաստական նյութի բաժին 1-ում): (Նշում. Դասից մի քանի օր առաջ կապվեք մեկ կամ երկու ուսանողի հետ՝ հարցնելով, թե արդյոք կկամենային պատրաստ գալ և կիսվել այդ զրույցից իրենց սովորածով:

Կարող եք հարցնել ուսանողներին՝ արդյոք հարցեր ունեն ամուսնության ուխտի կամ ամուսնության կնքման արարողության վերաբերյալ: (Հարմարեցրեք դասի բովանդակությունը՝ հիմնվելով ուսանողների տված հարցերի վրա: Համոզված եղեք, որ ուսանողների հարցերը հարգում են տաճարի սրբությունը:)

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Ուշադիր պատասխանեք ուսանողների հարցերին: Շնորհակալություն հայտնեք, երբ ուսանողները պատրաստակամ են հարցեր տալ: Ժամանակ հատկացրեք, որպեսզի իսկապես լսեք և հասկանաք նրանց հարցերը և, ըստ անհրաժեշտության, տվեք լրացուցիչ հարցեր: Երբեմն կարող է տեղին լինել անմիջապես պատասխանել հարցերին, իսկ երբեմն ավելի լավ կլինի օգնել ուսանողներին գտնել իրենց հարցերի պատասխանները: Կարող եք նաև հրավիրել դասարանի այլ անդամների պատասխանել հարցերին:

Միասին կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Փարլի Պ. Պրատի հետևյալ հայտարարությունը, որում նա նկարագրում է, թե ինչ էր զգում, երբ առաջին անգամ իմացավ, որ ամուսնությունը կարող է հավերժ տևել.

Փարլի Պ․ Պրատ

[Մարգարե Ջոզեֆ Սմիթն] էր, որ ինձ ուսուցանեց, որ իմ կինը՝ իմ սրտակից ընկերը, կարող է լինել ինձ հետ ժամանակի և ողջ հավերժության ընթացքում։ … Նրանից էր, որ ես սովորեցի, որ այդ կապվածությունը պետք է սնել և դրանով աճել ու զարգանալ դեպի հավերժություն․ այն ժամանակ, երբ մեր անվերջանալի միության արդյունքը կլինեն ժառանգները՝ այնքան շատ, որքան երկնքի աստղերն են կամ ծովի ավազը։ … Մինչ այդ ես սիրում էի, բայց չգիտեի, թե ինչու։ Բայց հիմա ես սիրում էի անաղարտ սիրով՝ մի ուժեղ ու վեհ զգացումով։ (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 297-98)

  • Գիտելիքը, որ ամուսնությունը կարող է հավերժ լինել, ինչպե՞ս կարող է ազդել այս կյանքում ամուսնության վերաբերյալ մեր ընտրությունների և զգացմունքների վրա:

Միասին վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 131.1-4-ը՝ փնտրելով լրացուցիչ ճշմարտություններ, որոնք Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց հավերժական ամուսնության մասին: Հետո կարող եք ուսանողներին հարցնել, թե ինչն է նրանց համար կարևոր այս հատվածում: Նրանք կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ. Հավերժական ամուսնությունը պահանջվում է սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանը ձեռք բերելու համար: Նրանք, ովքեր կնքում են ամուսնության նոր և հավիտենական ուխտը, կարող են հավերժական աճ ունենալ:

  • Ըստ նախապատրաստական նյութի բաժին 1-ից ձեր սովորածի՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը ինչպե՞ս է կապված Աբրահամի և Սառայի հետ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերն այս թագադրող խոստումը տվեց Աբրահամին և Սառային, ներառյալ այն խոստումը, որ նրանք կունենան հավերժական աճ [անհամար սերունդ]):

  • Ինչպե՞ս կարող է ամուսնության ուխտը մեզ հնարավորություն տալ նմանվել մեր երկնային ծնողներին:

Ցուցադրեք ամուսնության ուխտի հարաբերությունները ներկայացնող ուղեկցող պատկերը: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ է ուսուցանել երեց Դեյվիդ Ա. Բեդնարն այս գծանկարի վերաբերյալ (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ը):

ամուսնության ուխտը պատկերված է որպես եռանկյունի

Ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը. «Տաճարային ամուսնությունը միայն ամուսնու և կնոջ միջև չէ. այն ներառում է համագործակցություն Աստծո հետ [տես Մատթեոս 19.6]» («Սելեստիալ ամուսնություն», Լիահոնա, նոյեմբեր 2008, 93):

  • Այս ճշմարտության ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ամուսնու և կնոջ ընտրությունների վրա:

Եթե ձեր դասարանի մեկ կամ մի քանի անդամներ կնքվել են տաճարում, հարցրեք նրանցից՝ արդյո՞ք նրանք պատրաստ են դասարանի հետ կիսվել տաճարում կնքված լինելու վերաբերյալ իրենց զգացումներով, և նրանց համար ինչ է նշանակում այդ ուխտը: (Կարող եք դա խնդրել ուսանողներին դասից առաջ, որպեսզի նրանք ժամանակ ունենան պատրաստել իրենց պատասխանը):

Ցուցադրեք և միասին կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Ես ձեզ կհորդորեմ պահպանել ձեր հավերժական հեռանկարը: Հետևեք, որ ձեր ապագա ամուսնությունը լինի տաճարային ամուսնություն: Չկա ավելի հաճելի տեսարան, ավելի սուրբ պահ, քան ձեր ամուսնության հատուկ օրը: Այդ ժամանակ և այնտեղ եք դուք ընկալում սելեստիալ ուրախությունը: Զգոն եղեք, թույլ մի տվեք, որ գայթակղությունը ձեզանից խլի այդ օրհնությունը: (“Whom Shall I Marry?,” New Era, Oct. 2004, 6)

  • Հավերժական ամուսնության մասին վարդապետությունը ինչո՞ւ է բերում ուրախության և սիրո խորը զգացումներ:

Հարցրեք այն ուսանողներին, ովքեր պատրաստ են բացատրել, թե ինչու և ինչպես են ձգտում հավերժական ամուսնության:

Ամուսնությունը կարող է հավերժ լինել նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց ուխտերին

Դասարանը բաժանեք փոքր խմբերի։ Յուրաքանչյուր խմբին տրամադրեք հետևյալ թերթիկից մեկական օրինակ։ Խմբերին հանձնարարեք կարդալ սցենարը և միասին քննարկել հարցերը:

Հավերժական ամուսնություն

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ. Դաս 10

Դուք ընկերներ եք ձեր ծխի մի զույգի հետ, ովքեր չեն հաճախում եկեղեցու ժողովներին: Նրանց հետ զրույցի ընթացքում ամուսինը ասում է. «Մի անհանգստացեք, որ մենք հիմա եկեղեցի չենք գնում: Մենք կնքված ենք տաճարում, այնպես որ մեզ հետ ամեն ինչ կարգին է: Մենք հավերժ միասին կլինենք»:

  • Համաձայն նախապատրաստական նյութի բաժին 2-ից ձեր սովորածի, այս զույգը ի՞նչ չի հասկանում այն մասին, թե ինչ է պահանջվում, որ իրենց ամուսնությունը հավերժ լինի: (Համառոտ վերանայեք բաժին 2-ը:)

  • Ի՞նչ հատկություններ կամ ընտրություններ են հնարավորություն տալիս մարդուն «մնալ ուխտի մեջ»: (Վարդապետություն և Ուխտեր 132․19)

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի շատ նմանվել Փրկչին՝ պահելով սուրբ ուխտերն ու խոստումները, որոնք մենք կապել ենք Աստծո հետ:

Հավերժական ամուսնություն

ուսուցչի օժանդակ նյութ

Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել իրենց խմբային քննարկումներից։ Երբ ուսանողները կիսվեն իրենց մեկնաբանություններով, գրատախտակին թվարկեք նրանց նշած ճշմարտությունները: Այդ ճշմարտությունները կարող են ներառել նմանատիպ գաղափարներ. Մեր ամուսնությունները կարող են հավերժական լինել միայն այն դեպքում, եթե դրանք կատարվեն Աստծո իշխանությամբ, և եթե մենք հավատարիմ մնանք ամուսնության ուխտին: Սուրբ Հոգին (Խոստումի Սուրբ Հոգին) կվկայի Հորը, որ մենք հավատարիմ ենք մեր ամուսնության ուխտերին: Փրկիչը՝ խոստումները և ուխտերը պահելու կատարյալ օրինակ է:

Վկայեք, որ բոլորի համար կա հավիտենական ամուսնություն ունենալու հույս: Փրկիչը հնարավոր դարձրեց, որ մենք բոլորս ապաշխարենք, ներված լինենք և սուրբ ուխտեր կապենք ու պահենք Նրա հետ: Հիշեցրեք ուսանողներին, որ նույնիսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն ամուսնանալ այս կյանքում, կարող են հավերժ կնքվել կողակցի հետ, եթե նրանք հավատարիմ են:

Դուք կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և հրավիրել ուսանողներին ընտրել մեկը և գրանցել դրա վերաբերյալ իրենց տպավորությունները.

  • Որքանո՞վ եմ ես նվիրված տաճարում ամուսնանալու նպատակին: Ի՞նչ ընտրություններ կարող եմ կատարել հիմա՝ այդ պարտավորությանն աջակցելու համար:

  • Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հետևել Փրկիչի օրինակին իմ ուխտերը պահելու հարցում: Ի՞նչպես կարող եմ ստանալ Նրա զորությունը, որը կօգնի ինձ կապել և պահել իմ ուխտերը։

Կիսվեք դասի ժամանակ քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ և խրախուսեք ուսանողներին կիրառել իրենց զգացածն ու սովորածը։

Հաջորդ անգամ

Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը։ Դուք կարող եք ուսանողներին տալ հետևյալ հարցերը խորհելու համար.

  • Ինչպե՞ս է Տերն օգնում ինձ հավերժական զուգընկեր գտնելու իմ ջանքերում (կամ, ամուսնացածների համար՝ կառուցել հավերժական հարաբերություններ):

  • Քրիստոսանման ո՞ր հատկություններ են ինձ համար ամենակարևորը իմ կողակցի և իմ մեջ: