«Դաս 24․ Ուսուցչի նյութ. Հոգեկան առողջությունը հույսի և կարեկցանքի ներքո», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 24․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 24․ Ուսուցչի նյութ
Հոգեկան առողջությունը հույսի և կարեկցանքի ներքո
Հոգեկան առողջության խնդիրները կարող են մեր մահկանացու փորձառության զգալի մասը կազմել: Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացահայտելու, թե ինչպես կարող են բարելավել իրենց հոգեկան և հուզական առողջությունը: Ուսանողները նաև կքննարկեն, թե ինչպես ավելի մեծ կարեկցանքով արձագանքել ընտանիքի անդամներին և ուրիշ մարդկանց, ովքեր հոգեկան առողջության խնդիրներ ունեն կամ գտնվում են ինքնասպանության հետ առնչվող հանգամանքներում:
Ուսուցման առաջարկներ
Մենք օրհնում ենք մեզ և մեր ընտանիքի անդամներին, երբ ձգտում ենք պահպանել և բարելավել մեր հոգեկան առողջությունը:
Ցուցադրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Հոբ 6․1-3, 1 Նեփի 18․17-18, Ալմա 26․26-27։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս հատվածներից մեկը և փնտրել հոգեկան կամ հուզական բարեկեցությանը սպառնացող մարտահրավերներ։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։ Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին։
-
Ուրիշ ի՞նչ մարտահրավերներ և հանգամանքներ կարող են բացասաբար ազդել մեր հոգեկան կամ հուզական բարեկեցության վրա: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին)
-
Ինչո՞ւ է օգտակար իմանալը, որ մեր հոգեկան և հուզական առողջության մարտահրավերներին դիմակայելը մեր մահկանացու փորձառության բնականոն մասն է։
Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսը «հարուածների տէր եւ ցաւի տեղեակ» եղավ (Եսայիա 53․3)։ Հրավիրեք ուսանողներին պատմել Փրկիչի ունեցած փորձառությունների մասին, որոնք ցույց են տալիս Եսայիայի մարգարեության կատարումը:
Ցուցադրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Մատթեոս 14․22-23, Մարկոս 1․35, 6․31, 46, Ղուկաս 5․16։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս հատվածներից մեկը կամ մի քանիսը և տեսնել, թե ինչ դասեր կարող ենք սովորել Տիրոջ գործողություններից: Խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով և օգնեք ճանաչել հետևյալ ճշմարտությունը. Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ ժամանակ ենք գտնում հանգստանալու, խաղաղվելու և աղոթելու համար։
-
Ինչու՞ է կարևոր ակտիվորեն հոգ տանել հոգեկան և հուզական առողջության համար: (Կարող եք կարդալ նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի խոսքերը նախապատրաստական նյութի 1-ին բաժնից:)
Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք մտածելու և գրելու մի եղանակ, թե նրանք ինչպես կամրապնդեն իրենց հոգեկան կամ հուզական առողջությունը։ Թող նրանք կազմեն մի պարզ ծրագիր դա անելու համար։ Գաղափարների համար կարող եք ուսանողներին տալ նախապատրաստական նյութի 1-ին բաժնում զետեղված հարցերը:
Մենք կարող ենք Քրիստոսանման սիրով և կարեկցանքով արձագանքել այն անհատներին, ովքեր հոգեկան առողջության խնդիրներ ունեն:
Ցուցադրեք և կարդացեք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հետևյալ պատմությունները, քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի խոսքերից։ Կամ, ձեր ընտրությամբ կարող եք ցուցադրել “Like a Broken Vessel” տեսանյութը (ժամանակային կոդ 0:00-3:16, ChurchofJesusChrist.org)։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ են իրենք զգում, լսելով այս պատմությունները։
Իմ դուստրը մի անգամ գրել է. «Կար մի ժամանակ … [երբ] ես ամբողջ ժամանակ սաստիկ տխրում էի: Միշտ մտածում էի, որ տխրությունը ամաչելու բան է, և որ դա թուլության նշան է: Ուստի ես ոչ-ոքի չէի ասում տխրությանս մասին։ … Ես ինձ լիովին անպետք էի զգում» [Hermana Elena Aburto blog, hermanaelenaaburto.blogspot.com/2015/08]:
Մի ընկեր նկարագրել է այսպես. «Իմ վաղ մանկությունից ի վեր ես անընդհատ պայքար եմ մղել հուսահատության, մթության, միայնության և վախի զգացողությունների հետ և այնպիսի զգացում ունեի, որ կարծես կոտրվել եմ կամ արատավոր եմ։ Ամեն ինչ արեցի, որպեսզի թաքցնեմ իմ ցավը և տպավորություն ստեղծեմ, որ աճում եմ և ուժեղ եմ» [անձնական նամակագրություն]։ («Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 57)
-
Ի՞նչ մտքեր և զգացումներ ունեցաք այս պատմությունները լսելիս:
Ուսանողներին տրամադրեք կից օժանդակ նյութի մեկական օրինակ կամ ցուցադրեք հարցերը, որպեսզի բոլորը տեսնեն: Հրավիրեք ուսանողներին, որ ամեն մեկն իր համար կարդա և խորհի հարցերի շուրջ։ Բավարար ժամանակից հետո բաժանեք ուսանողներին փոքր խմբերի և խնդրեք կիսվել իրենց մտքերով մեկ կամ երկու հարցերի շուրջ, որոնք նշանակալից են եղել իրենց համար։
Բավարար ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են սովորել իրենց խմբում։
Մենք կարող ենք կանխել ինքնասպանությունը և կարող ենք օգնել այն մարդուն, ում մտերիմն ինքնասպան է եղել
Հիշեցրեք ուսանողներին, որ հոգեկան առողջության ծանր մարտահրավերները կարող են ինքնասպանության ռիսկային գործոններ լինել։ Հրավիրեք ուսանողներին վերանայել Մոսիա 18․8-9-ը և կիսվել, թե այս հատվածի ուսմունքներն ինչպես կարող են առաջնորդել մեզ, որ օգնենք ինքնասպանության մտքեր ունեցող մարդկանց։ (Երբ ուսանողները կիսվեն, նրանք գուցե բացահայտեն նմանօրինակ ճշմարտություն. Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է կիսենք մեկս մյուսի բեռը և սգանք նրանց հետ, ովքեր սգում են:)
-
Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է կյանքի կոչվել այս սկզբունքը։ Ի՞նչ այլ կոնկրետ գործողություններ դուք կարող եք ձեռնարկել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ՝ որպեսզի կանխեք ինչ-որ մեկի ինքնասպանությունը: (Կարող եք ցուցադրել տեսանյութ՝ “Preventing Suicide” [1:43], քույր Քերոլ Ֆ. Մակքոնկիի մասնակցությամբ, որի հղումը տրված է նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում:)
1:43 -
Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս կարող են օգնել այն մարդկանց, ովքեր պայքարի մեջ են ինքնասպանության դրդող մտքերի հետ։ Նրանք ինչպե՞ս կարող են օգնել մարդկանց, ում մտերիմը ինքնասպանություն է գործել։
Ուսանողներին մի քանի րոպե ժամանակ տվեք, որ գրեն, թե ինչ կարող են անել՝ Քրիստոսանման սիրով և կարեկցանքով արձագանքելու համար ուրիշ մարդկանց հոգեկան առողջության խնդիրներին կամ ինքնասպանության հետ կապված հանգամանքներում:
Հաջորդ անգամ
Հետևյալ հարցերը կարող եք տալ դասի վերջում կամ շաբաթվա ընթացքում տեքստային հաղորդագրություն ուղարկելով։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը՝ մտքում պահելով հետևյալ հարցերը․
-
Ինչպե՞ս կարող է ձեր ապաշխարությունը ազդել ձեր ընտանիքի բարեկեցության վրա:
-
Ինչպե՞ս կարող եք օգնություն ստանալ՝ ներելու ձեր ընտանիքի անդամին, ով վիրավորել կամ նեղացրել է ձեզ: