Ինստիտուտ
Դաս 8. Ուսուցչի նյութ. Հասկանալ նույնասեռ հրապուրանքը և սիրել մեր ԼԳԲՏ եղբայրներին ու քույրերին


«Դաս 8. Ուսուցչի նյութ. Հասկանալ նույնասեռ հրապուրանքը և սիրել մեր ԼԳԲՏ եղբայրներին ու քույրերին», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 8. Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Դաս 8․ Ուսուցչի նյութ

Հասկանալ նույնասեռ հրապուրանքը և սիրել մեր ԼԳԲՏ եղբայրներին ու քույրերին

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ մեզանից ակնկալվում է «լինել առաջնագծում՝ սիրո, կարեկցանքի և օգնության հասնելու հարցերում» նրանց հանդեպ, ովքեր նույնասեռ հրապուրանք են զգում կամ նույնականացվում են որպես գեյ, լեսբուհի կամ բիսեքսուալ (Քվենթին Լ․ Քուք, “Let Us Be at the Forefront” [video], ChurchofJesusChrist.org)։ Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացահայտելու, քննարկելու և կիրառելու ավետարանի ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց սիրով, ընկերակցությամբ և հարգանքով արձագանքել նրանց, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք կամ նույնականացվում են որպես ԼԳԲՏ:

Ուսուցման առաջարկներ

Բարելավել մեր ուսուցումը և ուսումնասիրությունը

Ուսուցանեք հասկանալով և կարեկցելով։ Դասին նախապատրաստվելիս ժամանակ տրամադրեք և խորհեք, թե դուք ինչ գիտեք նույնասեռ հրապուրանքի մասին և ինչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր գեյ են, լեսբուհի կամ բիսեքսուալ: Ինչպե՞ս կարող եք օգնել ուսանողներին սեր, ընկերակցություն և հարգանք ունենալ Աստծո բոլոր զավակների հանդեպ: Համաձա՞յն եք արդյոք այն բանի հետ, ինչ Եկեղեցու ղեկավարներն ուսուցանում են նույնասեռ հրապուրանքի մասին։ Նախապատրաստվելիս կարող եք դիտել “Is There a Place for Me?” (4:00) տեսանյութը, որում երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է օգնել բոլորին, որպեսզի եկեղեցում իրենց կարևոր ու ընդունված զգան։

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին պատվիրում է սիրել միմյանց այնպես, ինչպես Նա է սիրում մեզ:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ Ջին անունով մի երիտասարդ աղջիկ առաջին անգամ է եկել ինստիտուտի դասին: Երբ Ջինը պարզում է, որ այսօրվա դասին քննարկվելու է նույնասեռ հրապուրանքի թեման, անմիջապես անհանգստանում է և ցանկանում է հեռանալ, քանի որ ինքը լեսբուհի է: Քննարկեք, թե ինչը կարող է անհանգստացնել Ջինին, և ինչ կարող են անել դասարանի անդամները, որպեսզի օգնեն նրան և մյուսներին հանգիստ մասնակցել այդ քննարկմանը։

Ուսանողներին հրավիրեք կարդալ Մատթեոս 22.37-39 և Հովհաննես 13.34-35 հատվածները, տեսնելով, թե որքան կարևոր է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար, որ մարդիկ սիրեն ուրիշներին։ Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Մեզ պատվիրված է սիրել միմյանց այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է սիրում մեզ:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները մարդկանց սիրեն այնպես, ինչպես Նա է սիրում:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը կատարյալ սեր ցուցաբերել Իր մահկանացու ծառայության ընթացքում: (Քննարկման շրջանակներում հիշեցրեք ուսանողներին, որ մարդկանց սիրելը չի ենթադրում, որ մենք պետք է համաձայնվենք կամ հավանություն տանք Աստծո պատվիրաններին հակասող վարքագծին։ Փրկիչը սիրով ուսուցանել է Իր Հոր վարդապետությունը՝ համարձակ ու հստակ)։

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչի սիրո օրինակը առաջնորդել մեզ նույնասեռ հրապուրանքի մասին մեր քննարկման ժամանակ:

Մենք կարող ենք բարությամբ, ընկերակցությամբ և հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր զգում են նույնասեռ հրապուրանք:

Դասարանը բաժանեք փոքր խմբերի։ Ասեք, որ մի քանի րոպեից խմբերը կքննարկեն մի սցենար, որը մեկի մասին է, ով նույնասեռ հրապուրանք է զգում։ Նշեք, որ այս սցենարը նման է եկեղեցու որոշ անդամների իրական կյանքին: Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկումները կառուցել ավետարանի սկզբունքների վրա, հրավիրեք խմբերի յուրաքանչյուր անդամին նախ վերանայել նախապատրաստական նյութի բաժիններից մեկը:

Երբ ուսանողները վերանայեն իրենց բաժինները, նրանց տվեք մեկական օրինակ այս դասի վերջում զետեղված օժանդակ նյութից։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ իրավիճակի մասին, այնուհետև խմբով քննարկել հաջորդող հարցերը:

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան սցենարը և հարցերը քննարկելու համար, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին կամ զգացին քննարկման ժամանակ։ Ուսանողների՝ մտքերով կիսվելու ժամանակ կարող եք հետևողական հարցեր տալ, որոնք կօգնեն նրանց ավելի խորը հասկանալ այս թեման։ Ահա հետևողական հարցեր կազմելու մի քանի եղանակներ.

  • Ինչպե՞ս է այդ միտքը/ճշմարտությունը/սկզբունքը ազդել …

  • Ե՞րբ եք դուք զգացել/տեսել/փորձել …

  • Ի՞նչ օրինակ գիտեք …

  • Ինչպե՞ս կարող եք հավատքով գործել և …

Քննարկումից հետո ուսանողներին հարցրեք, թե արդյոք նրանք ունե՞ն հարցեր կամ մտահոգություններ նույնասեռ հրապուրանքի մասին, որոնք չեն տվել:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել են, կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և հրավիրել նրանց ընտրել դրանցից մեկը կամ մի քանիսը: Խրախուսեք ուսանողներին խորհել իրենց հարցի (կամ հարցերի) շուրջ և գրի առնել իրենց տպավորությունները:

  • Ի՞նչ պետք է փոխեմ իմ մտածելակերպում և գործելակերպում, որպեսզի բոլոր մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ունեն նույնասեռ հրապուրանք, վերաբերվեմ ավելի մեծ սիրով, ընկերակցությամբ և հարգանքով: Ինչպե՞ս կարող եմ ապավինել Փրկիչին այս փոփոխությունները կատարելիս:

  • Որպես նույնասեռ հրապուրանք ունեցող անձնավորություն, Փրկիչի և Նրա ավետարանի վրա կենտրոնանալն ինչպե՞ս կօգնի ինձ ապրել ավելի լիահույս և երջանիկ: Եթե ոչ մեկին չեմ պատմել իմ մասին, ո՞ւմ կարող եմ դիմել աջակցության համար: (Նշում․ Եթե որոշեք պատմել նույնասեռ հրապուրանքի ձեր զգացմունքների մասին, աղոթքով խորհեք, թե ում հետ և ինչպես կցանկանայիք կիսվել ձեր մահկանացու կյանքի այդ կողմի մասին։)

Ջեքսոնի պատմությունը

Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ․ Դաս 8

Ջեքսոնը մեծացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատարիմ անդամների ընտանիքում։ Նա ունի սիրող ծնողներ և հատկապես մտերիմ է քրոջ՝ Սելենայի հետ։

Ջեքսոնը սիրում է ավետարանը և ունի վկայություն Հիսուս Քրիստոսի և Վերականգնման մասին: Նա հայտնի է իր կենսուրախ և մարդամոտ բնավորությամբ։ Սակայն վերջերս նրա կենսուրախությունը վերածվել է տխրության, և նա գնալով ավելի ինքնամփոփ է դառնում։ Ջեքսոնը գաղտնիք ունի և չգիտի, թե ինչ անի դրա հետ։

Նա վաղուց հասկացել է, որ իրեն ավելի շատ են գրավում տղամարդիկ, քան կանայք։ Երկար տարիներ նա փորձել է անտեսել այդ զգացմունքները կամ ձևացնել, թե դրանք գոյություն չունեն: Քանի որ այդ թեմայի մասին իրենց տանը երբեք չեն խոսել, նա կարծել է, որ դա արգելված խոսակցություն է: Երբեմն նրա ընկերները նվաստացուցիչ մեկնաբանություններ են արել գեյերի մասին։ Եկեղեցու ուսուցիչներից և ղեկավարներից նա միշտ լսել է, որ համասեռամոլությունը լուրջ մեղք է:

Իր միսիայից առաջ Ջեքսոնը շարունակ աղաչում էր Աստծուն, որ վերացնի տղամարդկանց հանդեպ իր հրապուրանքը։ Նա վստահ էր, որ եթե ծառայեր միսիայում, իր զգացմունքները կփոխվեին: Այնուամենայնիվ, միսիայից հետո էլ տղամարդկանց հանդեպ Ջեքսոնի հրապուրանքը չանցավ: Ջեքսոնը հուսահատորեն ցանկանում է խոսել ինչ-որ մեկի հետ, բայց վախը նրան ստիպում է լռել։

Սելենան նկատել էր, որ եղբայրը զգացմունքային առումով հեռացել էր իրենց ընտանիքից։ Նա ցավ էր տեսնում եղբոր աչքերում։ Նա աղոթում էր Ջեքսոնի համար, որ իմանար, թե ինչպես օգներ նրան:

Այսօր առավոտյան Սելենան հարցրեց Ջեքսոնին, թե արդյոք կարո՞ղ են միասին գնալ զբոսնելու: Նա դժկամությամբ համաձայնեց։ Քայլելիս նրանք խոսում էին առօրյա զբաղմունքների մասին։ Սելենային նույնիսկ հաջողվեց ժպիտ առաջացնել Ջեքսոնի դեմքին։ Վերջում Սելենան ասաց. «Ջեքսոն, ես գիտեմ, որ ինչ-որ բան այն չէ: Ես դա տեսնում եմ քո աչքերում։ Խնդրու՛մ եմ, ասա ինձ: Ես շատ եմ անհանգստանում քեզ համար»:

Տևական ժամանակ Ջեքսոնը լուռ կանգնած էր։ Հետո արցունքները սկսեցին հոսել նրա դեմքի վրայով։ Ի վերջո, զգացմունքների հեղեղը պայթեց ներսից, և դողդոջուն ձայնով նա ասաց. «Սելենա, ես գեյ եմ և վաղուց այդպիսին եմ եղել։ Ես չգիտեմ ինչ անել: Ես վախենում եմ, թե ինչ կասեն մայրիկն ու հայրիկը, եթե իմանան: Մեր ընտանիքի մյուս անդամներն ամաչելու՞ են իմ պատճառով։ Արդյո՞ք իմ ընկերները կցանկանան շփվել ինձ հետ, եթե իմանան, որ ես գեյ եմ: Ի՞նչ կլինի եկեղեցու իմ անդամության հետ, եթե ես ասեմ եպիսկոպոսին: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ երբևէ երջանիկ լինել և ընտանիք ունենալ։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ Աստված ինձ լքել է»։

Ջեքսոնը գլուխը կախեց ու հայացքը հառեց գետնին։ Երկար դադարից հետո նա կամացուկ ասաց. «Սելենա, կներես, որ հիասթափեցրի քեզ: Խնդրում եմ, չասես ոչ մեկին։ Ես ինձ այնքան կորած ու շփոթված եմ զգում»։

Քննարկման հարցեր

  1. Ի՞նչ զգացումներ եք ունենում Ջեքսոնի փորձառության մասին մտածելիս: Ինչո՞ւ է դժվար նույնասեռական հրապուրանքի մասին խոսելը ընտանիքի անդամի, մտերիմ ընկերոջ կամ եկեղեցու ղեկավարի հետ:

  2. Ի՞նչ կզգայիք, եթե Սելենայի տեղը լինեիք: Ի՞նչ կարող էր անել Սելենան՝ ըմբռնումով և կարեկցանքով արձագանքելու համար:

  3. Նույնասեռական հրապուրանքի մասին Տիրոջ ուսմունքների ճիշտ ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել Սելենային և Ջեքսոնին: Ինչո՞ւ է երբեմն դժվար լինում ընդունել այս ուսմունքները:

  4. Ինչպե՞ս կարող են Ջեքսոնն ու Սելենան նույնասեռական գրավչությանը նայել հավերժական տեսանկյունից:

  5. Որտեղի՞ց Ջեքսոնը կարող է ստանալ առաջնորդություն, քաջալերանք և օգնություն։

Ջեքսոնի պատմությունը

ուսուցչի օժանդակ նյութ

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին 9-րդ դասի նախապատրաստական նյութը ուսումնասիրելիս նաև մի քիչ ժամանակ տրամադրեն ուսումնասիրելու իրենց նախնիների մասին FamilySearch.org կայքից կամ the Family Tree հավելվածից։ Խրախուսեք նրանց մտածել այն օրհնությունների մասին, որոնք խոստացված են նրանց, ովքեր օգնում են իրենց նախնիներին փրկող արարողություններ ստանալ տաճարում: