Դաս 12․ Ուսուցչի նյութ. Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)
Դաս 12․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ
Դաս 12․ Ուսուցչի նյութ
Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները
Տերը ցանկանում է օգնել մեզ՝ ստեղծելու ուրախ, հավերժական ամուսնություններ: Օգտագործելով մարգարեական խորհուրդները և Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու օրինակը՝ ուսանողները կբացահայտեն եղանակներ, որոնցով կարող են պահպանել և զարգացնել իրենց ներկա կամ ապագա ամուսնությունը: Ուսանողներին կհանձնարարվի նաև որոշել, թե ինչ եղանակներով կարող են հավատարմությամբ «հարել» իրենց կողակցին:
Ուսուցման առաջարկներ
Մենք կարող ենք պահպանել և զարգացնել մեր ամուսնությունը՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Ապա հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց ճանաչած զույգերի օրինակներով, ովքեր երջանիկ ամուսիններ են:
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք առաջնորդ: Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկի պատճենը, միասին կարդացեք հրահանգները, այնուհետև ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ վարժությունն ավարտելու համար: (Եթե ժամանակ կա, կարող եք նույնիսկ վարժության ընթացքում խմբերին հրավիրել, որ ստեղծեն իրենց բլոգի գրառումը կամ տեսանյութը և պատրաստ լինեն կիսվելու դասարանի հետ):
Երջանիկ և հավերժական ամուսնությունը պահպանելու և զարգացնելու հիմնական սկզբունքները
Երբ խմբերը բավարար ժամանակ ունենան հինգ սկզբունքները բացահայտելու և գրանցելու համար, խնդրեք նրանց գրատախտակին գրել իրենց լավագույն երեք սկզբունքները (կամ դրանցով կիսվել իրենց բլոգի գրառումներում և տեսանյութերում): Սկզբունքները պարզելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ սովորել են այս փորձառությունից: Երբ նրանք կիսվում են, տվեք նմանատիպ հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին արդյունավետ, արդար գործողություններ կատարել:
-
Երբևէ տեսե՞լ եք այս սկզբունքը գործողության մեջ: Ի՞նչ եք նկատել։
-
Փրկիչի կյանքն ու օրինակը ինչպե՞ս կարող են խորացնել այս սկզբունքի վերաբերյալ ձեր հասկացողությունը։
-
Եթե միայնակ եք, ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքը, որը կօգնի ձեզ պատրաստվել երջանիկ ամուսնության:
-
Եթե ամուսնացած եք, այս սկզբունքի կիրառումը ձեր ամուսնության մեջ ինչպե՞ս կարող է հանգեցնել ավելի մեծ երջանկության:
Իմաստալի քննարկման համար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներին գրանցել որևէ հատուկ քայլ, որը նրանք կձեռնարկեն, որպեսզի պատրաստվեն երջանիկ ամուսնության կամ ավելի լավ պահպանեն և զարգացնեն իրենց ամուսնությունը:
Ամուսինները պետք է «հարեն» միմյանց
Հնարավորության դեպքում ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ տեսանյութը, որտեղ նա պատմում է ինքնաթիռում ունեցած մի փորձառության մասին, երբ հետևում էր մի ամուսնական զույգի (ցուցադրում՝ 0:24-1:50 ժամանակային կոդից): Տեսանյութը վերցված է «Nurturing Marriage» վերնագրով ելույթից (Ensign or Liahona, May 2006, 36):
Եթե տեսագրությունը կամ ձայնագրությունը մատչելի չէ, միասին կարդացեք հետևյալ հայտարարությունը.
Երբ մենք՝ եղբայրներս, ճամփորդում ենք ամբողջ աշխարհում, երբեմն տեսնում ենք մտահոգիչ տեսարաններ: Վերջերս թռիչքի ժամանակ ես նստած էի մի ամուսնական զույգի հետևի նստարանին: Կինն ակնհայտորեն սիրում էր իր ամուսնուն: Երբ նա շոյեց նրա պարանոցի հետևի մասը, ես տեսա նրա ամուսնական մատանին: Նա հարմար ձևով մոտ նստեց ամուսնուն և գլուխը դրեց նրա ուսին՝ փնտրելով վերջինիս ընկերակցությունը:
Ի հակադրություն դրա՝ ամուսինը լիովին անտեսում էր նրա ներկայությունը: Նա բացառապես կենտրոնացած էր էլեկտրոնային խաղասարքի վրա: Ամբողջ թռիչքի ընթացքում նրա ուշադրությունը կենտրոնացած էր այդ սարքի վրա: Նա ոչ մի անգամ չնայեց կնոջը, չխոսեց նրա հետ կամ փոխադարձ ջերմություն չցուցաբերեց, որի կարոտն այդքան ուներ կինը:
Նրա անուշադրությունը ստիպեց ինձ բղավել. «Բաց արա աչքերդ, մա՛րդ: Մի՞թե չես տեսնում: Ուշադրությո՛ւն դարձրու: Քո կինը սիրո՛ւմ է քեզ Նա քո կարի՛քն ունի»:
Ես ավելին չգիտեմ նրանց մասին: Այդ ժամանակից ի վեր ես նրանց չեմ տեսել: Հավանաբար, ես անհարկի անհանգստացա: Եվ, ամենայն հավանականությամբ, եթե այս մարդն իմանար իրենց համար իմ մտահոգության մասին, գուցե խղճար ինձ, որ ես չգիտեի, թե ինչպես օգտագործել այդ հրաշալի խաղալիքը: (“Nurturing Marriage,” 36)
-
Այս իրավիճակում ի՞նչ անհանգստացնող բան կար այդ ամուսնու վարքագծում:
-
Ի՞նչը կարող է խանգարել ամուսիններին՝ կապվել միմյանց հետ և պահպանել ու զարգացնել իրենց ամուսնությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․22 հատվածը: Ընդգծեք, որ ամուսինները պետք է սիրեն միմյանց ամբողջ սրտով և «հարեն» միայն միմյանց: Ուսանողներին հրավիրեք պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին, որոնք կօգնեն նրանց խորացնել իրենց հասկացողությունը այս սկզբունքի վերաբերյալ:
-
Ի՞նչ է նշանակում՝ «հարեք» ձեր կողակցին և «ուրիշ ոչ մեկի»: (Վարդապետություն և Ուխտեր 42․22։) (Կարող եք կրկնել նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:) Ինչո՞ւ է կողակցին «հարելը» սիրո հզոր արտահայտություն հանդիսանում:
-
Ի՞նչ տարբեր մարտահրավերների կարող է ենթարկվել հավատարմությունը (կողակցի հանդեպ հավատարմությունը) ամուսնության մեջ: Ամուսիններն ինչպե՞ս կարող են պաշտպանվել ամուսնական դավաճանության ցանկացած ձևից: (Հանձնարարեք ուսանողներին վերանայել երեց Ուիթնի Քլեյթոնի և նախագահ Նելսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)
-
Ինչպե՞ս կարող է ամուսնական զույգը հավասարակշռել և հնարավորություն ստեղծել իրենց անձնական հետաքրքրությունների համար՝ միաժամանակ պատշաճ կերպով փայփայելով և լիակատար նվիրվածություն պահպանելով իրենց ամուսնությանը:
Ժամանակ տվեք ուսանողներին՝ գրանցելու իրենց պատասխանները հետևյալ հարցին, որի շուրջ նրանց խնդրել էիք խորհել նախապատրաստական նյութի բաժին 3-ում:
-
Ի՞նչ ճշգրտումներ պետք է կատարեք այժմ, որպեսզի ավելի լավ պատրաստ լինեք «հարելու» ձեր ապագա կողակցին կամ լիովին «հարելու» ձեր կողակցին, եթե ամուսնացած եք:
Եզրափակեք դասը՝ վկայելով, որ Տերը ցանկանում է և կարող է օգնել մեզ ստեղծել ուրախ, հավերժական ամուսնություններ, երբ մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը:
Հաջորդ անգամ
Հրավիրեք ուսանողներին աղոթքով ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, որը սեռական մտերմության քաղցր և սուրբ պարգևի մասին է: Խրախուսեք ուսանողներին պատրաստ գալ դասարան՝ անկեղծ ու հարգալից խոսելու այդ պարգևի և այն պաշտպանելու եղանակների մասին: