«Դաս 25․ Ուսուցչի նյութ. Ապաշխարություն և ներում ընտանեկան կյանքում», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ (2022)
«Դաս 25․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք․ Ուսուցչի նյութ
Դաս 25. Ուսուցչի նյութ
Ապաշխարություն և ներում ընտանեկան կյանքում
Մենք կարող ենք հրավիրել Տիրոջ զորությունը՝ բուժելու և ամրացնելու մեր ընտանեկան հարաբերությունները, կիրառելով ապաշխարության և ներման սկզբունքները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է ապաշխարությունը բարելավել ընտանեկան հարաբերությունները: Ուսանողները նաև կդիտարկեն, թե ինչպես օգտվեն Տիրոջ օգնությունից, որպեսզի ներեն ընտանիքի անդամներին, ովքեր գուցե վիրավորել են իրենց:
Նշում․ Երբեմն ընտանիքի անդամների հասցրած վիրավորանքը բռնության տեսքով է լինում։ Ինչպես ապաքինվել բռնությունից կքննարկվի հաջորդ դասին։
Ուսուցման առաջարկներ
Մեր անձնական ապաշխարությունը կարող է բարելավել ընտանեկան հարաբերությունները:
Գրատախտակին ցուցադրեք հետևյալ դրույթները (կարող եք հարմարեցնել դրանք ձեր ուսանողների կարիքներին)։
-
Կարևոր է հետևել, որ ընտանիքի մյուս անդամները հաճախ ապաշխարեն։
-
Եթե ընտանիքի անդամներից մեկն ավելի մեղավոր է, քան մենք, մենք պետք է սպասենք, որ ընտանիքի այդ անդամը ներողություն խնդրի և փոխվի, հետո նոր մենք դա անենք։
-
Հեշտ է ապաշխարել այն եղանակներից, որոնցով մենք կարող ենք վիրավորել ընտանիքի անդամներին:
-
Ընտանիքի անդամների հետ վատ վարվելը նորմալ է, եթե նրանք փորձում են նյարդայնացնել մեզ:
Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին բարձրաձայն կարդալ գրատախտակին գրված պնդումները։ Խնդրեք ուսանողներին լուռ մտածել՝ պնդումը ճի՞շտ է, թե՝ սխալ (մի խնդրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով): Բավարար ժամանակից հետո բացատրեք, որ բոլոր պնդումները կեղծ են:
-
Ինչպե՞ս կուղղեք այս պնդումներից յուրաքանչյուրը, որպեսզի դրանք ճիշտ լինեն:
-
Ինչո՞ւ կարող է դժվար լինել ապաշխարելը, երբ մենք վիրավորում ենք ընտանիքի անդամներին: Ինչպե՞ս կարող է Տերն օգնել մեզ ապաշխարելու մեր ջանքերում։
Դուք կարող եք նախապատրաստական նյութից ցուցադրել անառակ որդու առակի նկարներից մեկը և խնդրել ուսանողներից մեկին ամփոփել առակը: Կարող եք վերանայել Ղուկաս 15․17-24-ը և հարցնել ուսանողներին, թե ընտանիքում ապաշխարելու վերաբերյալ այս առակից ինչ սկզբունքներ են բացահայտում:
-
Այս առակի հոր կերպարից մենք ի՞նչ ենք սովորում Երկնային Հոր մասին։ Ինչպե՞ս կարող է այս գիտելիքը ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապաշխարությունը:
-
Տեսե՞լ եք արդյոք, թե ինչպես է օրհնվել ամուսնությունը կամ ընտանիքը, երբ անդամներից մեկն ապաշխարել է։ (Հիշեցրեք ուսանողներին չկիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)
Տերը կօգնի մեզ ներել ընտանիքի անդամներին, ովքեր վիրավորել են մեզ:
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երբ է պատահել, երբ ընտանիքի անդամներից մեկն իրենց վիրավորել է: Կարող եք նաև խնդրել նրանց, որ խորհեն, թե որքանով են կարողացել ներել այդ մարդուն:
-
Ինչո՞ւ է երբեմն դժվար ներել ընտանիքի անդամներին, ովքեր սխալ են վարվել մեզ հետ:
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.8-11-ը և դասարանին հարցրեք, թե ներման մասին ինչ ճշմարտություններ են նրանք սովորում Տիրոջ ուսմունքներից: Ուսանողների բացահայտած ճշմարտություններից մեկը կարող է լինել հետևյալը. Տերը ակնկալում է մեզանից ներել բոլոր մարդկանց:
Կարող եք հրավիրել ուսանողներին, որ նախապատրաստական նյութի 2-րդ բաժնից ընտրեն եկեղեցու ղեկավարների խոսքերից մի քանի պարբերություն կամ պնդումներ և կարդան։ Ապա հարցրեք.
-
Այս ուսմունքներն ինչպե՞ս կարող են օգնել որևէ մեկին, որ ների իր ընտանիքի անդամին, ով սխալ է վարվել իր հետ։
Քննարկման շրջանակներում կարող եք ցուցադրել երեց Մասիմո դե Ֆեոյի խոսքերը նախապատրաստական նյութի 2-րդ բաժնից և ուսանողների հետ միասին կարդացեք դրանք։ Կարող եք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ խորհելու, թե Փրկիչն ինչ է արել նրանց համար:
-
Երբ հիշում ենք Փրկիչի զոհաբերությունը, ինչպե՞ս է դա օգնում, որ ներենք ուրիշներին:
Կարող եք օգտագործել Հակոբի և Եսավի պատմությունը, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել ներման իրենց ըմբռնումը ընտանեկան կյանքում, կամ ինքներդ մտածեք մի սցենար, որի օգնությամբ ուսանողները կհասկանան, թե ինչ զգացմունքներ, մտահոգություններ և ընտրություններ են առաջանում ընտանիքի անդամի հետ հաշտվելիս, ում մենք ենք վիրավորել կամ ով մեզ է վիրավորել։
Եթե հնարավոր է, ցուցադրեք հետևյալ նկարը.
Ուսանողներին խնդրեք բացատրել, թե ինչ գիտեն Հակոբի և Եսավի մասին և ինչն էր ազդել այս եղբայրների փոխհարաբերությունների վրա: Անհրաժեշտության դեպքում, կարող եք որոշ մանրամասներ ներկայացնել ուսանողներին․
Կարող եք դասարանը բաժանել զույգերի կամ փոքր խմբերի։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ծննդոց 33․1-11-ը, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հակոբն ու Եսավը հանդիպեցին: Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի ընտրել Հակոբի կամ Եսավի տեսակետը և այդ տեսանկյունից նայել այս հատվածներում նկարագրված իրադարձություններին։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո խնդրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերն իրենց զուգընկերոջ կամ խմբի հետ, ներառելով այն, ինչ իմացան Հակոբի ու Եսավի հաշտության մասին, պատկերացնելով այդ իրադարձությունը Հակոբի կամ Եսավի տեսանկյունից։
-
Ի՞նչ մտքեր կամ զգացումներ դուք կարող էիք ունենալ, երբ մոտեցաք և խոսեցիք ձեր եղբոր հետ:
-
Դուք ի՞նչ արեցիք, որ հաշտվեիք ձեր եղբոր հետ։ Ի՞նչ սկզբունք կարող եք սովորել այդ դրվագից։
Երբ ուսանողներն ավարտեն այս առաջադրանքը, դասարանով քննարկեք հետևյալ հարցերից մի քանիսը․
-
Ի՞նչ սկզբունքներ եք տեսնում Հակոբի և Եսավի օրինակներում: Ինչպե՞ս եք դուք տեսնում Տիրոջ ձեռքը այս պատմության մեջ:
-
Ինչպե՞ս է Աստված օգնել ձեզ, որ նախաձեռնեք հարթել վեճը կամ ներեք ձեր ընտանիքից որևէ մեկին։ (Հիշեցրեք ուսանողներին, որ չկիսվեն խիստ անձնական փորձառությամբ)։
Հրավիրեք ուսանողներին լուռ մտածել, թե Երկնային Հայրն ինչպես կցանկանար, որ նրանք այս պահին կիրառեին ապաշխարության կամ ներման սկզբունքները իրենց ընտանեկան հարաբերություններում: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։ Կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել վկայելու ընտանիքում ապաշխարության և ներման արժեքի մասին:
Հաջորդ անգամ
Բացատրեք, որ որոշ մարդիկ, ցավոք, բռնություն են գործադրում մյուսների հանդեպ: Խրախուսեք ուսանողներին մանրակրկիտ ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը։ Հրավիրեք նրանց մտածել, թե Փրկիչի օգնությամբ նրանք ինչպես կարող են բուժվել կամ օգնել ուրիշներին, որ բուժվեն բռնության հետևանքներից: