Ինստիտուտ
Դաս 7․ Ուսուցչի նյութ. Սեռի հավերժական բնույթը և նպատակը


«Դաս 7․ Ուսուցչի նյութ. Սեռի հավերժական բնույթը և նպատակը», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ (2022)

«Դաս 7․ Ուսուցչի նյութ», Հավերժական ընտանիք. Ուսուցչի նյութ

Դաս 7․ Ուսուցչի նյութ

Սեռի հավերժական բնույթը և նպատակը

Մեր սեռը ստեղծվել է մեր նախաերկրային կյանքում և էական նշանակություն ունի մեր Երկնային Հոր ծրագրի իրականացման, մեր փրկության և ընտանիքների վեհացման համար: Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան բացատրելու, թե Աստծո ծրագիրն ինչպես է օգնում մեզ հասկանալ մեր սեռի հավերժական կարևորությունը: Այս դասը նաև ուղեցույց կլինի այն ուսանողների համար, ովքեր սեռի հետ կապված հարցեր ունեն:

Ուսուցման առաջարկներ

Սեռը անհատի ինքնության և նպատակի կարևոր բնութագիրն է։

Նշում․ Կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այս դասընթացի այս և մյուս թեմաները զգայուն բնույթ ունեն և նաև հիշեցնել նրանց, որ մասնակցեն դասարանի քննարկումներին, ցուցաբերելով Քրիստոսանման սեր, նրբանկատություն և հասկացողություն: Զգույշ եղեք, որ չօգտագործեք վարդապետությունը մեղադրանքի և դատապարտության ոգով: Աշխատեք հետևել Փրկիչի օրինակին, ուսուցանելով այնպիսի եղանակով, որը բերում է հասկացողություն, հույս և բժշկություն:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ են 14-ամյա դեռահասների դասարանում, ովքեր որոշ հարցեր ունեն սեռի վերաբերյալ: Մի ուսանող հարցնում է. «Սեռն ընդհանրապես ինչո՞ւ է կարևոր»:

Հրավիրեք ուսանողներին վերանայել նախապատրաստական նյութի 1-ին բաժինը զուգընկերներով կամ փոքր խմբերով և մտածել, թե ինչպես նրանք կպատասխանեն այս հարցին՝ հիմնվելով եկեղեցու ուսմունքների վրա: Քննարկման համար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների ասել, թե ինչպես կպատասխանեն այդ հարցին։

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, կարող եք միասին վերանայել Ծննդոց 1․26-27-ը, մի պարբերություն «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագրից (ChurchofJesusChrist.org), և երեց Դեյվիդ Ա. Բեդնարի երկրորդ հայտարարությունը՝ նախապատրաստական նյութի 1-ին բաժնից։ Այնուհետև կարող եք օգնել ուսանողներին բացահայտել այսօրինակ ճշմարտություններ. Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի։ Աստվածային նախագծով տղամարդիկ և կանայք պետք է միմյանց լրացնեն և կատարելագործեն: (Հիշեցրեք ուսանողներին, որ «ընտանիքի մասին հռչակագրի մեջ սեռի նշանակությունը կենսաբանական սեռն է ծնվելուց» [General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 38.6.23]։ Սեռի նույն իմաստն է արտացոլված ուսուցչի այս նյութում, եթե այլ բան նշված չէ)։

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Օգնեք ուսանողներին հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները։ Երբ ուսանողներն ավելի խորն են հասկանում վարդապետությունն ու սկզբունքները, նրանք կարող են ավելի իմաստալից ձևով կիրառել դրանք: Սկզբունքներն ու վարդապետությունը բացահայտելուց հետո օգնեք ուսանողներին տեսնել դրանք հավերժական տեսանկյունից: Հարցեր տվեք, որոնք կօգնեն ուսանողներին ավելի հստակ հասկանալ Երկնային Հոր նպատակները վարդապետության հետ կապված: Խրախուսեք ուսանողներին մտածել և ասել, թե ինչպես կարող են այս ճշմարտությունները կիրառել իրենց կյանքում այսօր:

Կարող եք օգտագործել հետևյալ հարցերից կամ վարժություններից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել բացահայտած ճշմարտությունների ըմբռնումը.

  • Փրկության ծրագիրն ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, որ «սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի»: («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին»)

  • Ինչպե՞ս են արական և իգական սեռի հոգիները լրացնում և կատարելագործում միմյանց: (Տես նախապատրաստական նյութի 1-ին բաժնում երեց Դեյվիդ Ա. Բեդնարի և երեց Դեյլ Գ․ և քույր Ռութ Լ․ Ռենլանդների խոսքերը:) Ի՞նչ օրինակներ եք տեսել տղամարդկանց և կանանց փոխլրացնող ունակությունների, որոնք նպաստում են մեր Երկնային Հոր ծրագրի իրականացմանը։

  • Հրավիրեք ուսանողներին թվարկել որոշ ավանդական կամ մշակութային կարծրատիպեր, որոնք վերագրվում են տղամարդկանց կամ կանանց: Դրանցից ո՞րը չի կարող առնչվել Աստծո ծրագրում մեր հավերժական ինքնության և նպատակի հետ: Արական կամ իգական սեռի ո՞ր հատկանիշներն են կարևոր մեր հավերժական ինքնության և նպատակի համար:

Կարող եք կիսվել, թե ինչպես է ձեր կյանքը օրհնվել սեռի նկատմամբ հավերժական տեսակետ ունենալու շնորհիվ և ինչպես է այդ տեսակետն ազդել ձեր ինքնության և նպատակի վրա:

Տերը կարող է առաջնորդել և աջակցել նրանց, ովքեր ունեն սեռական անհամապատասխանության զգացումներ կամ սեռի հետ կապված այլ հարցեր:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի 2-րդ և 3-րդ բաժինները այնպիսի հանգամանքների մասին են, երբ անհատները կարող են անհամապատասխանության զգացում ունենալ իրենց կենսաբանական սեռի և սեռական ինքնության միջև, կարող են նույնականացվել որպես տրանսգենդեր կամ ունենալ սեռի հետ կապված այլ հարցեր:

  • Նախապատրաստական նյութի 2-րդ և 3-րդ բաժիններից ո՞ր ուսմունքներն են նշանակալից ձեզ համար։ (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին ժամանակ տվեք վերանայելու նախապատրաստական նյութի 2-րդ և 3-րդ բաժինները:)

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի խոհեմ և զգայուն լինել, երբ քննարկում ենք սեռի թեման ուրիշների հետ, և երբ դիտարկում ենք մարդկանց բարդ իրադրությունը, ում մենք ճանաչում ենք կամ ում հետ շփվում ենք։

Հիշեցրեք ուսանողներին, որ եկեղեցին նյութեր է տրամադրել՝ աջակցելու համար այն անհատներին, ովքեր սեռական անհամապատասխանության զգացումներ ունեն։ Դրանք կարելի է գտնել «Տրանսգենդեր» բաժնում (ChurchofJesusChrist.org):

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս դասին ուսուցանված սկզբունքները, կարող եք դասարանում կարդալ և քննարկել հետևյալ սցենարը (հարմարեցրեք իրավիճակը ձեր ուսանողների կարիքներին)։

Ալեքսանդրան հաճախ անհարմար է զգում զրույցների ժամանակ, չիմանալով, թե մարդիկ որոնք են համարում տղամարդկանց և կանանց ավանդական հատկանիշները: Նա չի կարծում, որ շատ հատկանիշներ ունի, որոնք համարվում են կանացի: Նա նաև ունի բազմաթիվ անձնական հետաքրքրություններ, որոնք ավելի շատ համընկնում են իրեն ծանոթ տղամարդկանց հետաքրքրությունների հետ: Երբ եկեղեցում զրուցում են սեռի մասին, նա մտածում է, թե արդյո՞ք երբևէ կկարողանա մի տիրույթում լինել մյուս կանանց հետ: Նա հավատում է Հիսուս Քրիստոսին և վստահում է Նրա քավության զորությանը, բայց չգիտի, թե ինչպես կարող է Հիսուսը օգնել իրեն: Ի վերջո, Ալեքսանդրան իրոք ցանկանում է իմանալ, թե արդյոք իր բնավորությունը թույլ կտա իրեն իրականացնել իր աստվածային ներուժը որպես Աստծո դուստր:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել տվյալ սցենարը, կարող եք տալ նմանատիպ հարցեր․

  • Եթե Ալեքսանդրան օգնելու խնդրանքով դիմեր ձեզ, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան՝ ինչպե՞ս ավելի հստակ պատկերացում ունենա իր հավերժական ինքնության և նպատակի մասին։

  • Կկարողանայի՞ք կիսվել Ալեքսանդրայի հետ նրանով, թե ինչպես է Աստծո ծրագիրն օգնել ձեզ, որ հասկանաք ձեր հավերժական ինքնությունը և նպատակը՝ որպես տղամարդ կամ կին:

  • Ինչպե՞ս կարող էր Ալեքսանդրան ամուր լինել Տիրոջ եկեղեցում:

Օգտակար կլինի Ալեքսանդրայի մասին ձեր քննարկումը ավարտել՝ ընդգծելով, որ նրանք, ովքեր հարցեր ունեն իրենց սեռի վերաբերյալ կամ ովքեր զգում են սեռական անհամապատասխանություն, կարող են վայելել հավերժության և Փրկիչի եկեղեցու անդամության բոլոր օրհնությունները, եթե պահեն իրենց ուխտերը և ձեռնպահ մնան իրենց սեռը փոխելուց։ Ուսանողների հետ կարող եք վերանայել Նախագահ Օուքսի զգուշացումը 3-ում բաժնում՝ ինքներս մեզ հրապարակայնորեն պիտակավորելու մասին, որը կարող է սահմանափակել հավերժական նպատակներին հասնելու մեր կարողությունը:

Դասի ավարտին հրավիրեք ուսանողներին գրել, թե ինչ կանեն իրենք՝ ցույց տալու սեր, կարեկցանք և ընկերակցություն բոլորի հանդեպ, ովքեր անհամապատասխանության զգացում ունեն իրենց կենսաբանական սեռի և սեռական ինքնության միջև, ովքեր նույնականացվում են որպես տրանսգենդեր կամ ունեն սեռի հետ կապված այլ հարցեր։

Դուք կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ թեև մենք կարող ենք ամեն ինչ չհասկանալ սեռական անհամապատասխանության կամ սեռի հետ կապված այլ թեմաների մասին, Փրկիչը հասկանում է: Նա կարող է առաջնորդել և աջակցել նրանց, ովքեր դիմում են Իրեն:

Հաջորդ անգամ

Խրախուսեք ուսանողներին կարդալ հաջորդ դասի նախապատրաստական նյութը նույնասեռ հրապուրանքի մասին և մտածեն այդ մասին։ Կարող եք հրավիրել ուսանողներին ուղիներ փնտրել՝ ավելի լավ հասկանալու նույնասեռ հրապուրանքը և մտածել, թե ինչպես կարող են քննարկել այդ թեման հարգանքով և նրբանկատությամբ: