Բաժին 93
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մայիսի 6-ին (History of the Church, 1.343–346):
1–5՝ Բոլոր հավատարիմները կտեսնեն Տիրոջը. 6–18՝ Հովհաննեսը վկայել է, որ Աստծո Որդին անցավ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ Հոր փառքի լիությունը. 19–20՝ Հավատարիմ մարդիկ, անցնելով շնորհից շնորհ, նույնպես կստանան նրա լիությունը. 21–22՝ Նրանք, ովքեր ծնվել են Քրիստոսի միջոցով, Անդրանիկի Եկեղեցին են. 23–28՝ Քրիստոսն ստացավ ողջ ճշմարտության լրիվությունը, և մարդը, հնազանդության միջոցով, կարող է ստանալ նույնը. 29–32՝ Մարդն ի սկզբանե Աստծո հետ էր. 33–35՝ Տարրերը հավերժական են, և Հարության միջոցով մարդ կարող է ստանալ ուրախության լիությունը. 36–37՝ Աստծո փառքը բանականություն է. 38–40՝ Քրիստոսի փրկագնման շնորհիվ, երեխաներն անմեղ են Աստծո առաջ. 41–53՝ Ղեկավարող եղբայրներին պատվիրվում է կարգ հաստատել իրենց ընտանիքներում:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Կլինի այնպես, որ ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ.
2 Եվ որ ես եմ ճշմարիտ լույսը, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ.
3 Եվ որ ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ, և Հայրը և ես մեկ ենք,–
4 Հայրը, որովհետև նա տվեց ինձ իր լիությունից, և Որդին, որովհետև ես աշխարհում էի և մարմինը դարձրի իմ խորանը, և բնակվեցի մարդկանց որդիների մեջ:
5 Ես աշխարհում էի և ստացա իմ Հորից, և նրա գործերը պարզորոշ դրսևորվեցին:
6 Եվ Հովհաննեսը տեսավ և վկայեց իմ փառքի լիության մասին, և Հովհաննեսի արձանագրության լրիվությունն ապագայում պիտի հայտնվի:
7 Եվ նա վկայեց՝ ասելով. Ես տեսա նրա փառքը, որ նա կար ի սկզբանե՝ նախքան աշխարհի լինելը.
8 Հետևաբար, ի սկզբանե էր Բանը, քանզի նա էր Բանը, այսինքն՝ փրկության բանբերը,–
9 Լույսը և Քավիչն աշխարհի. ճշմարտության Հոգին, որը եկավ աշխարհ, որովհետև աշխարհը նրանով էր արարվել, և նրանում էր մարդկանց կյանքը և մարդկանց լույսը:
10 Աշխարհներն արարվել էին նրանով. մարդիկ արարվել էին նրանով. բոլոր բաներն արարվել էին նրանով, և նրա միջոցով, և նրանից:
11 Եվ ես՝ Հովհաննեսս, վկայում եմ, որ տեսա նրա փառքը, ինչպես փառքը Հոր Միածնի, շնորհով և ճշմարտությամբ լի, այսինքն՝ ճշմարտության Հոգին, որը եկավ ու բնակվեց մարմնում և բնակվեց մեր մեջ:
12 Եվ ես՝ Հովհաննեսս, տեսա, որ նա լիությունը չստացավ սկզբում, այլ ստացավ շնորհ՝ շնորհի տեղ.
13 Եվ նա լիությունը չստացավ սկզբում, այլ շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը.
14 Եվ այդպես, նա կոչվեց Աստծո Որդի, որովհետև չստացավ լիությունը սկզբում:
15 Եվ ես՝ Հովհաննեսս, վկայում եմ, և ահա, երկինքները բացվեցին, և Սուրբ Հոգին իջավ նրա վրա աղավնու տեսքով և նստեց նրա վրա, և մի ձայն եկավ երկնքից՝ ասելով. Սա է իմ սիրելի Որդին:
16 Եվ ես՝ Հովհաննեսս, վկայում եմ, որ նա ստացավ Հոր փառքի լիությունը.
17 Եվ նա ստացավ ողջ զորությունը և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և Հոր փառքը նրա հետ էր, քանզի նա բնակվում էր նրանում:
18 Եվ կլինի այնպես, որ եթե դուք հավատարիմ եք, դուք կստանաք Հովհաննեսի արձանագրության լրիվությունը:
19 Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը:
20 Քանզի եթե դուք պահեք իմ պատվիրանները, դուք կստանաք նրա լիությունը, և կփառավորվեք ինձանով, ինչպես որ ես եմ փառավորվել Հորով. հետևաբար, ես ասում եմ ձեզ, որ դուք կստանաք շնորհ՝ շնորհի տեղ:
21 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես սկզբում Հոր մոտ էի, և Անդրանիկն եմ.
22 Եվ բոլոր նրանք, ովքեր ծնվել են իմ միջոցով, իմ փառքի ճաշակողներն են և Անդրանիկի եկեղեցին:
23 Դուք նույնպես սկզբում Հոր մոտ էիք. այն էիք, որ Հոգի է, այսինքն՝ ճշմարտության Հոգին.
24 Եվ ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն.
25 Եվ ինչ որ սրանից ավել կամ պակաս է, այն ամբարիշտ մեկի ոգին է, որն ի սկզբանե ստախոս էր:
26 Ճշմարտության Հոգին Աստծուց է: Ես եմ ճշմարտության Հոգին, և Հովհաննեսը վկայեց իմ մասին՝ ասելով. Նա ստացավ ճշմարտության լրիվությունը, այո, այսինքն՝ ողջ ճշմարտության.
27 Եվ ոչ մի մարդ չի ստանում լրիվությունը, մինչև չի պահում նրա պատվիրանները:
28 Նա, ով պահում է նրա պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները:
29 Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր: Բանականությունը, կամ ճշմարտության լույսը, չի ստեղծվել կամ արարվել, ոչ էլ իրականում կարող է:
30 Ամեն ճշմարտություն անկախ է այն ոլորտում, որտեղ Աստված դրել է, որ այն ինքնուրույն գործի, ինչպես նաև ամեն բանականություն. այլապես չկա գոյություն:
31 Ահա, դրանում է մարդու կամքի ազատությունը, և դրանում է մարդու դատապարտությունը. որովհետև այն, ինչ ի սկզբանե եղել է, պարզորոշ հայտնի է դարձված նրանց, և նրանք չեն ընդունում լույսը:
32 Եվ ամեն մարդ, որի ոգին չի ընդունում լույսը, դատապարտության տակ է:
33 Քանզի մարդը ոգի է: Տարրերը հավերժական են, և ոգին ու տարրը, անբաժանելիորեն միացած, ստանում են ուրախության լիությունը.
34 Եվ երբ բաժանված են, մարդը չի կարող ստանալ ուրախության լիությունը:
35 Տարրերն Աստծո խորանն են. այո, մարդն Աստծո խորանն է, այսինքն՝ տաճարները. և ամեն տաճար, որը պղծված է, Աստված կկործանի այն տաճարը:
36 Աստծո փառքը բանականություն է, կամ, այլ խոսքով, լույս և ճշմարտություն:
37 Լույսը և ճշմարտությունը լքում են այն չարագործին:
38 Ամեն մարդու ոգի սկզբում անմեղ էր. և Աստծո կողմից մարդուն անկումից փրկագնելու շնորհիվ, մարդիկ կրկին, իրենց մանկության մեջ, անմեղ դարձան Աստծո առաջ:
39 Եվ այն չարագործը գալիս և վերցնում է լույսն ու ճշմարտությունը մարդկանց զավակներից, անհնազանդության միջոցով, և նրանց հայրերի ավանդությունների պատճառով:
40 Բայց ես պատվիրել եմ ձեզ՝ մեծացնել ձեր երեխաներին լույսի և ճշմարտության մեջ:
41 Բայց ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Ֆրեդերիկ Գ. Վիլյամս, դու շարունակում ես այս դատապարտության տակ.
42 Դու քո երեխաներին լույս և ճշմարտություն չես ուսուցանում՝ պատվիրանների համաձայն. և այն չարագործը դեռևս զորություն ունի քո վրա, և դա է քո չարչարանքի պատճառը:
43 Եվ այժմ ես տալիս եմ քեզ մի պատվիրան,– եթե դու կամենում ես ազատվել, ապա կարգի բեր քո սեփական տունը, որովհետև քո տանը շատ բաներ կան, որոնք ճիշտ չեն:
44 Ճշմարիտ, ես ասում եմ իմ ծառա Սիդնի Ռիգդոնին, որ որոշ բաներում նա չի պահել իմ պատվիրաններն իր երեխաների վերաբերյալ. ուստի, նախ կարգի բեր քո տունը:
45 Ճշմարիտ, ես ասում եմ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, կամ այլ խոսքով, ես ձեզ կկոչեմ բարեկամներ, քանզի դուք իմ բարեկամներն եք, և դուք ժառանգություն պիտի ունենաք ինձ հետ,–
46 Ես ձեզ կոչել եմ ծառաներ հանուն աշխարհի, և դուք նրանց ծառաներն եք հանուն ինձ,–
47 Եվ արդ, ճշմարիտ ես ասում եմ Ջոզեֆ Սմիթ կրտսերին,– Դու չես պահել պատվիրանները և անպայման պետք է կշտամբվես՝ Տիրոջ առաջ կանգնելով.
48 Քո ընտանիքն անպայման պետք է ապաշխարի և հրաժարվի որոշ բաներից, և ավելի լրջորեն ուշք դարձնի քո ասածներին, թե չէ կհանվի իր տեղից:
49 Այն ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. միշտ աղոթիր, չլինի թե այն չարագործը զորություն ունենա քո վրա, և հանի քեզ քո տեղից:
50 Իմ ծառա Նյուել Ք. Ուիթնին՝ իմ եկեղեցու եպիսկոպոսը ևս կարիք ունի խրատվելու և կարգի բերելու իր ընտանիքը, և հետևելու, որ նրանք ավելի ջանասեր լինեն և մտահոգվեն տան համար, և միշտ աղոթեն, թե չէ նրանք կհանվեն իրենց տեղից:
51 Արդ, ես ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Թող իմ ծառա Սիդնի Ռիգդոնը ճանապարհ ընկնի և արագացնի, և նաև հռչակի Տիրոջ ընդունելի տարին և փրկության ավետարանը, ինչպես որ կխոսեցնեմ նրան. և ձեր հավատքի միաբան աղոթքով ես կաջակցեմ նրան:
52 Եվ թող իմ ծառաներ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը նույնպես արագացնեն, և նրանց կտրվի ըստ հավատքի աղոթքի. և որքան որ պահեք իմ ասածները, դուք չեք կործանվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում:
53 Եվ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դա իմ կամքով է, որ դուք արագացնեք թարգմանել իմ սուրբ գրքերը և գիտելիք ստանաք պատմության մասին և երկրների մասին և թագավորությունների մասին, Աստծո և մարդկանց օրենքների մասին, և այդ բոլորը՝ Սիոնի փրկության համար: Ամեն: