2010
Գործեք ողջ ջանասիրությամբ
Մայիս 2010


Գործեք ողջ ջանասիրությամբ

Մենք պետք է սովորենք մեր պարտականությունը Տիրոջից, իսկ հետո գործենք ողջ ջանասիրությամբ, երբեք ծույլ կամ ալարկոտ չլինենք:

President Henry B. Eyring

Եղբայրներ, երախտապարտ եմ լինել ձեզ հետ այս երեկո: Եվ ես խոնարհված եմ զգում այն ամենից, ինչ գիտեմ ձեր հավատարիմ քահանայական ծառայության մասին: Այս երեկո ես կխոսեմ Տիրոջ ծառայության մեջ ջանասիրության մասին: Վերջին փորձառություններն ինձ առաջնորդեցին դեպի այդ ընտրությունը:

Իմ վերջին փորձառություններից մեկն էր Ահարոնյան Քահանյության ուշագրավ նոր գրքույկի խնամքով ուսումնասիրությունը, որի մասին խոսեց Եղբայր Դեյվիդ Լ. Բեքը: Այն վերնագրված է Կատարել ին Պարտականությունն Աստծո առաջ: Երբ կարդացի և խորհեցի, թե ինչ է այն ակնկալում, որ երիտասարդ տղամարդիկ անեն և դառնան, ես հասկացա, որ այն նկարագրում է այն, ինչ Նախագահ Բրիգամ Յանգն էր խոստացել քահանայություն կրողին, որը ջանասեր է ողջ կյանքի ընթացքում: «Անձնավորությունը, որը Քահանայություն է կրում, և հավատարմորեն շարունակում իր կոչումում, որը հրճվում է անընդհատ կատարելով իր ձեռքից Աստծո պահանջած բաները, և շարունակում ողջ կյանքում կատարելով ամեն պարտականություն, կապահովի իր համար ոչ միայն ստանալու արտոնությունը, այլ գիտելիք, թե ինչպես ստանա Աստծո բաները, որպեսզի կարողանա միշտ իմանալ Աստծո միտքը»:1

Միայն մի քանի շաբաթ առաջ, հանդիպեցի մի նոր սարկավագի, որը սկսեց ջանասիրության այդ ուղին: Նրա հայրը ցույց տվեց ինձ մի սխեմա, որը գծել էր իր որդին և որը ցույց էր տալիս իրենց աղոթատան յուրաքանչյուր շարքը, յուրաքանչյուր սարկավագի համարը, որը կնշանակվի բաժանել հաղորդությունը, և նրանց ուղին ժողովատան միջով անդամներին հաղորդությունը մատուցելիս: Հայրը և ես ժպտացինք մտածելով, որ տղան, առանց նրա օգնությունը խնդրելու, կամեցել էր պլան կազմել, որը կապահովեր իր քահանայության ծառայության հաջողությունը:

Ես ճանաչեցի նրա ջանասիրության մեջ Պարտականություն Աստծո առաջ գրքույկի կարգաձևը: Դա իմանալն է, թե ինչ է Տերը սպասում ձեզանից, դա իրականացնելու ծրագիր կազմելը, ծրագրի համաձայն ջանասիրաբար գործելը, իսկ հետո ուրիշների հետ կիսվելը նրանով, թե ինչպես ձեր փորձառությունը փոխեց ձեզ և օրհնեց ուրիշներին:

Սարկավագը պատրաստել էր այդ սխեման իր համար՝ համոզված լինելու, որ ինքը կկարողանար անել այն, ինչ Տերը կանչել էր իրեն անել: Իր քահանայության ծառայության սկզբում, Տերը սովորեցնում էր նրան անընդհատ հրճվել «անելով այն բաները, որոնք Աստված պահանջում է նրա ձեռքից»:2

Մեկ այլ փորձառություն, որը ստիպեց ինձ խոսել ձեզ հետ այս երեկո ջանասիրության մասին, կապված է այս կյանքում քահանայության ծառայության ավարտին մոտենալու հետ: Նա եպիսկոպոս էր եղել երկու անգամ: Եպիսկոպոս լինելու նրա առաջին կանչը տարիներ առաջ էր, երբ ես հանդիպեցի նրան, այն ժամանակ, երբ նա երիտասարդ էր: Այժմ նա ծեր էր, երկրորդ անգամ ազատվեց եպիսկոպոսի կոչումից: Նրա ֆիզիկական վիճակի վատթարացումը խիստ դժվարացրեց որևէ քահանայական ծառայություն մատուցումը:

Սակայն նա ջանասիրաբար գործելու ծրագիր ուներ: Ամեն կիրակի, հասնելով եկեղեցի, նա նստում էր դռանն ամենամոտ շարքում, որի կողքով մտնում էին հաղորդության ժողովի մասնակիցների մեծամասնությունը: Նա վաղ էր հասնում տեղ, որ նստատեղն ազատ լիներ: Յուրաքանչյուր մարդ տեղ հասնելուն պես տեսնում էր նրա սիրո և ողջույնի հայացքը, ճիշտ ինչպես այն ժամանակ, երբ նա նստում էր ամբիոնում որպես իրենց եպիսկոպոս: Նրա ազդեցությունը ջերմացնում էր և թևավորում մեզ, որովհետև մենք գիտեինք, թե ինչ գին էր նա վճարել ծառայելու համար: Նրա հանձնարարությունը որպես եպիսկոպոս ավարտվել էր, նրա քահանայության ծառայությունը՝ ոչ:

Դուք տեսել եք քահանյության այդպիսի մեծ ծառաների օրինակներ: Այս երեկո ես կփորձեմ պատմել, թե ինչ եմ սովորել նրանց մասին: Ամեն-ինչ սկսվում է սովորելուց, թե ումն են նրանք ծառայում և ինչ նպատակով: Երբ այն ներթափանցում է նրանց սրտերը, առաջացնում է ողջ փոփոխությունը:

Առաջինը, ես կխոսեմ ուղղակիորեն Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց մասին: Դուք ավելի ջանասեր կդառնաք, երբ զգաք ձեր հանդեպ Աստծո վստահության վիթխարիությունը: Առաջին Նախագահությունից մի ուղերձ կա ձեզ համար Պարտականություն Աստծո առաջ գրքույկում: «Երկնային Հայրը մեծ վստահություն և հավատք ունի ձեր հանդեպ և ձեզ համար կարևոր առաքելություն ունի կատարելու: Նա կօգնի ձեզ, երբ դիմեք Նրան աղոթքով, լսեք Հոգու հուշումները, հնազանդվեք պատվիրաններին և պահեք ուխտերը, որոնք դուք արել եք»:3

Հովհաննես Մկրտիչը վերադարձավ երկիր վերականգնելու քահանայությունը, որը դուք՝ երիտասարդ տղամարդիկ, կրում եք: Նա կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները: Հովհաննեսին էր, որ դիմեց Հիսուսը մկրտվելու համար: Հովհաննեսը գիտեր, թե ով էր իր մոտ եկել: Նա ասաց Տիրոջը. «Ինձ պետք է քեզանից մկրտուիլ»:4

Հովհաննեսը գիտեր, որ Ահարոնի քահանայությունը կրում է հրեշտակների մատակարարության, և ապաշխարության ավետարանի, և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները, երբ Տերն ուղարկեց նրան ձեռնադրելու Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին 1829թ. մայիսի 15-ին: 5 Նա գիտեր, թե ով էր այցելել իրեն և ինչ փառահեղ նպատակի համար էր նա ուղարկվել:

Ձեր քահանայության կոչումները թույլ են տալիս ձեզ մատուցել Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը Իր Եկեղեցու անդամներին այսօր: Դա այն նույն արտոնությունն է, որ Տերը շնորհեց Տասներկու Առաքյալներին Իր մահկանացու ծառայության ժամանակ: Նա կրկին արեց դա, երբ Իր Հարությունից հետո կանչեց տասներկու աշակերտներին առաջնորդելու Իր Եկեղեցին:

Տերն Ինքը, ինչպես նկարագրվում է Մորմոնի Գրքում, տվեց Իր անսահման զոհաբերության խորհրդանիշները և մատակարարեց դրանք ժողովրդին: Մտածեք Նրա մասին և թե ինչպես է Նա պատվում ձեզ, երբ դուք կատարում եք ձեր քահանայության ծառայությունը: Երբ հիշեք Նրան, դուք կվճռեք կատարել այդ սուրբ ծառայությունը Նրա նման, որքանով կարող եք, այնքան լավ և հավատարմորեն ինչպես Նա արեց:6

Դա կդառնա գործելակերպ ձեր կյանքում, որը կմեծացնի ձեր ուժը ջանասեր լինելու քահանայության ամեն ծառայությունում, որի համար Տերը նախապատրաստում է ձեզ և որին նա ձեզ կկանչի: Այդ վճռականությունը կօգնի ձեզ պատրաստվել Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալուն, որը հին դարերում կոչվում էր «Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու Կարգի»:7

Այժմ ես ուզում եմ խոսել նրանց հետ, ովքեր կանչվել են և պատվի արժանացել ծառայելու Մելքիսեդկյան Քահանայությունում: Ահարոնյան Քահանյության նման Մելքիսեդեկյան Քահանայությունն ավելին է, քան վստահություն անելու այն, ինչ Տերը կկամենար անել: Այն հրավեր է դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է: Ահա Նրա խոստումը՝

«Քանզի նրանք, ովքեր հավատարիմ են այս երկու քահանայությունները ստանալու, որոնց մասին ես խոսեցի, և իրենց կոչումը մեծարելու, Հոգու կողմից սրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմնի:

Նրանք դառնում են Մովսեսի ու Ահարոնի որդիները, և Աբրահամի սերունդը, և եկեղեցին ու արքայությունը և ընտրյալներն Աստծո:

Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը.

Քանզի նա, ով ընդունում է իմ ծառաներին, ընդունում է ինձ.

Եվ նա, ով ընդունում է ինձ, ընդունում է իմ հորը.

Եվ նա, ով ընդունում է իմ Հորը,ընդունում է իմ Հոր արքայությունը. Հետևաբար, այն ամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան»: 8

Կա մի ձև, որով բոլոր քահանայություն կրողները բարձրացվում են դեպի այդ փառահեղ օրհնությունը: Սուրբ գրություններում կա մի հատված, որտեղ Տերը տալիս է այդ ձևը մեզ համար, դա Վարդապետություն և Ուխտերի 107բաժինն է.

«Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է:

Նա, ով ծույլ է, արժանի չի համարվի կանգուն մնալ, և նա, ով չի սովորում իր պարտականությունը և իրեն չի արդարացնում, արժանի չի համարվի կանգուն մնալ: Ճիշտ այդպես: Ամեն»:9

Մենք պետք է սովորենք մեր պարտականությունը Տիրոջից, իսկ հետո գործենք ողջ ջանասիրությամբ, երբեք ծույլ կամ ալարկոտ չլինենք: Ձևը պարզ է, բայց ոչ հեշտ հետևելու համար: Մենք այնքան հեշտորեն ենք շեղվում: Ամենօրյա նորություններն ուսումնասիրելը կարող է թվալ ավելի հետաքրքիր, քան քահանայության դասագրքի դասը: Նստելը և հանգստանալը կարող է ավելի գրավիչ լինել, քան այցելության համար պամանավորվածություններ ձեռք բերելը նրանց հետ, ովքեր մեր քահանայության ծառայության կարիքն ունեն:

Երբ ես ինձ գտնում եմ հեռացած իմ քահանայության պարտականություններից ուրիշ հետաքրքրությունների պատճառով և երբ մարմինս աղերսում է հանգիստ, ես քաջալերում եմ ինձ այս խոսքերով. «Հիշիր Նրան»: Տերը քահանայության ծառայության մեջ ջանասիրության մեր կատարյալ օրինակն է: Նա մեր հրամանատարն է: Նա է մեզ կանչել: Նա մեր առջևից է գնում: Նա է ընտրել մեզ Իրեն հետևելու և ուրիշներին մեզ հետ բերելու համար:

Այս երեկո ես հիշում եմ Նրան և դա հուզում է սիրտս: Սա այն շաբաթ երեկոն է, նախքան Զատկի կիրակին, երբ մենք հիշում ենք Նրա Հարությունը: Ես հիշում եմ Նրա օրինակը Իր մահվան նախօրեին:

Իր Հոր սիրո համար և մեզ համար, Նա թույլ տվեց Իրեն տանջվել մահկանացու մարդու ունակությունից վեր: Նա պատմեց մեզ, թե այդ անսահման զոհաբերությունն ինչ պահանջեց Իրենից: Դուք հիշում եք խոսքերը.

Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն,

«Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես,

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել թե մարմնով, թե ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,-

Այնուամենայնիվ, փառք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:10

Գողգոթայի խաչի վրայից Փրկիչը հայտարարեց. «Կատարված է»:11 Ապա Նրա հոգին լքեց մարմինը և Նրա մահկանացու աճյունը հավատարմորեն դրվեց գերեզման: Նա մեզ դաս տվեց նրանով, ինչ արեց երեք օրերի ընթացքում հոգևոր աշխարհում, նախքան Իր Հարություն առնելը, որը ես հիշում եմ, երբ գայթակղվում եմ՝ զգալով որ վերջացրեցի մի դժվարին հանձնարարություն Նրա ծառայության մեջ և արժանացել եմ հանգստի:

Փրկչի օրինակը տալիս է ինձ քաջություն առաջ անցնելու: Նրա աշխատանքները մահկանացու կյանքում ավարտվել էին: Բայց Նա մտավ հոգևոր աշխարհ, վճռելով շարունակել հոգիներ փրկելու Իր փառահեղ գործը: Նա կազմակերպեց հավատարիմ հոգիների աշխատանքը՝ փրկելու նրանց, ովքեր դեռ կարող էին դառնալ Իր քավող զոհաբերության միջոցով հնարավոր դարձած ողորմության ճաշակողներ: Հիշեք Վարդապետություն և Ուխտեր 138-րդ բաժնի խոսքերը.

«Այլ ահա, արդարների թվից նա կազմավորեց իր ուժերը և նշանակեց սուրհանդակներ, որոնք հանդերձավորված էին զորությամբ ու իշխանությամբ, և լիազորեց նրանց առաջ գնալ և տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր խավարի մեջ էին, այսինքն՝ բոլոր մարդկային ոգիներին և այսպես ավետարանը քարոզվեց մեռելներին:

Եվ ընտրված սուրհանդակներն առաջ գնացին հայտարարելու Տիրոջ ընդունելի օրը և ազատություն հռչակելու գերիներին, որոնք կապված էին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կապաշխարեին իրենց մեղքերից և կընդունեին ավետարանը»:12

Երբ մենք հիշում ենք Նրան, ավելի հեշտ է լինում դիմադրել քահանայության մեր աշխատանքներից հանգիստ առնելու գայթակղությանը: Մենք պետք է որ հիշած լինենք Նրան այսօր, և մենք այստեղ ենք՝ սովորելու մեր պարտականությունները, վճռականորեն անելու այն, ինչ մենք ուխտել ենք անել ողջ ջանասիրությամբ: Եվ Նրա օրիակի շնորհիվ մենք կհամբերենք մինչև վերջ այս կյանքում Նրա տված հանձնարարություններում, և կլինենք պարտավորված անելու Նրա Հոր կամքը հավիտյան, ինչպես Նա էր պարտավորված:

Սա Տիրոջ Եկեղեցին է: Նա կանչեց մեզ և վստահեց մեզ, նույնիսկ այն թուլություններով հանդերձ, որոնք Նա գիտեր, մենք ունենք: Նա գիտեր փորձությունները, որոնց մենք դիմակայելու էինք: Հավատարիմ ծառայության միջոցով և Նրա Քավության միջոցով մենք կարող ենք սկսել ցանկանալ այն, ինչ Նա է ցանկանում, և լինել այն, ինչ մենք պետք է լինենք՝ օրհնելու նրանց, ում մենք ծառայում ենք Նրա համար: Երբ մենք բավականաչափ երկար ծառայենք և ջանասիրությամբ Նրան, մենք կփոխվենք: Մենք կարող ենք էլ ավելի նման դառնալ Նրան:

Ես տեսել եմ Նրա ծառաների կյանքում այդ հրաշքի ապացույցը: Ես տեսա դա մի քանի շաբաթ առաջ մի հավատարիմ քահանյություն կրողի հյուրասենյակում:

Ես գիտեի նրան որպես սարկավագ, հայր, եպիսկոպոս և ցցի նախագահության անդամ: Տասնյակ տարիներ ես ականատես եմ եղել Աստծո զավակներին իր քահանայության միջոցով ծառայելիս նրա ջանասիրությանը:

Նրա ընտանիքը հավաքված էր նրա շուրջը հյուրասենյակում: Նա ժպտում էր կոստյում, ճերմակ վերնաշապիկ և փողկապ հագած: Ես զարմացա, քանի որ ինձ ասել էին, որ նա ցավոտ բժշկական գործընթացների մեջ էր, որոնք դեռ չէին ապաքինել նրան:

Նա ողջունեց ինձ, ինչպես նա պետք է որ ողջունած լիներ հարյուրավոր ուրիշ այցելուների, մի ողջ կյանքի ժամանակ քահանայության ծառայությանը նվիրվելիս: Ես եկել էի օգնելու նրան այդ փորձությունների մեջ, բայց, ինչպես հաճախ է պատահում քահանայության ծառայության ժամանակ, ինձ օգնեցին և ես ուսուցանվեցի:

Մենք նստեցինք և հաճելիորեն զրուցեցինք: Նա պատմեց, թե ինչպես էր նրա հայրը խնամել մորս, երբ նա մահվան շեմին էր: Ես չգիտեի այդ մասին: Այդ ժամանակ ես հասկացա, որ նա երեխա ժամանակ էր սովորել իր ջանասեր քահանայություն կրող հորից, թե ինչպես օգնության հասներ: Այդ միտքը երախտագիտության զգացում առաջացրեց իմ մեջ այն ժամանակների համար, երբ ես վերցնում էի իմ փոքրիկ որդիներին ինձ հետ քահանայության այցելութուններ կատարելիս՝ մխիթարելու և օրհնելու համար:

Մի քանի րոպեից նա ինձ ցարծրաձայն հարցրեց. «Արդյոք պատշաճ կլինե՞ր խնդրել, որ դուք ինձ քահանայության մի օրհնություն տայիք»: Նրա նախկին ցցի նախագահը, որի հետ նա ծառայել էր տարիներ շարունակ, Մելքիսեդեկյան Քահանայության զորությամբ սրբագործված յուղով օծեց նրա գլուխը:

Երբ կնքում էի օրհնությունը խոստումներով, Սուրբ Հոգու կողմից ուսուցանվեցի մի փոքր այն մասին, ինչ Տերն արդեն արել էր այս հավատարիմ քահանյություն կրողի համար: Նա մաքուր էր, նրա մեղքերը լվացված էին: Նրա էությունը փոխված էր՝ ցանկանալով, ինչ Փրկիչն էր ցանկանում: Նա մահից չէր վախենում: Նրա սրտի ցանկությունն էր ապրել՝ ծառայելով իր ընտանիքին և Երկնային Հոր մյուս զավակներին, ովքեր նրա կարիքն ունեին:

Ես դուրս եկա այդ գիշեր, լինելով երախտապարտ Տիրոջը քահանյության Նրա նվիրված ջանասեր ծառաներին, և Տիրոջ բարությանն ականատես լինելու համար: Նա փոխում է նրանց սրտերը, որպեսզի նրանք ցանկանան այն, ինչ Ինքն է ցանկանում, և գործեն այնպես, ինչպես Ինքը կգործեր:

Ես եզրափակում եմ Տիրոջ քահանայության ծառայողներին դիմելով այս խորհրդով: Խորհեք խորապես և ջանասիրաբար սուրբ գրությունների և ապրող մարգարեների խոսքերի մասին: Աղոթքով հետևողականորեն խնդրեք Սուրբ Հոգուն բացահայտել ձեզ Հայր Աստծո և Նրա սիրելի Որդու էությունը: Աղերսեք, որ Հոգին ցույց տա ձեզ, թե ինչ է ուզում Տերը, որ դուք անեք: Ծրագրեք անել դա: Խոստացեք Նրան հնազանդ լինել: Գործեք վճռականորեն մինչև անեք այն, ինչ Նա է խնդրել: Իսկ հետո աղոթեք շնորհակալություն հայտնելով ծառայելու հնարավորության համար և որպեսզի իմանաք ձեր հաջորդ քայլը:

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ապրում են: Նրանք հարություն առած և փառավորված էակներ են, ովքեր սիրում են մեզ և հսկում են մեզ: Քահանայության բանալիները վերականգվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ երկնային սուրհանդակների միջոցով: Դրանք անցել են անխախտ գծով Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: Այդ բանալիները կրում է յուրաքանչյուր ապրող Առաքյալ:

Ես թողնում եմ իմ օրհնությունը, որ դուք սկսեք զգալ Հոգու միջոցով վստահության և խորհուրդների վիթխարիությունը, որոնք դուք ստացել եք որպես Տիրոջ Եկեղեցու քահանայության ձեռնադրված ճշմարիտ ծառաներ, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 128.

  2. Teachings: Brigham Young, 128.

  3. Fulfilling My Duty to God: For Aaronic Priesthood Holders (booklet, 2010), 5.

  4. Մատթեոս Գ.14:

  5. Sես Վարդապետություն և Ուխտեր 13:

  6. Տես 3 Նեփի 20.3–9:

  7. Տես Վարդապետություն և Ուխտեր 107.3, տես նաև Ալմա 13.1–9:

  8. Վարդապետություն և Ուխտեր Ւ 84.33–38:

  9. Վարդապետություն և Ուխտեր 107.99–100:

  10. Վարդապետություն և Ուխտեր 19.16–19:

  11. Հովհաննես ԺԹ.30:

  12. Վարդապետություն և Ուխտեր 138.30–31: