Հայիթիի անդամները առաջ են գնում` հաստատուն մնալով ավետարանում
Երբ 2010թ. հունվարին երկրաշարժը հարվածեց Հայիթին, Ժան-Էլի Ռենեն շտապեց տուն համոզվելու, որ իր ընտանիքը ապահով է: Հասնելուն պես նա նկատեց, որ իր երեք որդիներից մեկը լաց է լինում փողոցում, և լսեց մյուս որդու բղավոցները քարակույտի տակից, որտեղ մի ժամանակ իրենց տունն էր կանգնած:
32-ամյա հայրը հետևելով աղաղակներին փորեց քարակույտի այն մասը, մինչև գտավ իր հինգամյա որդուն և իր հղի կնոջ մարմինը, որը ծածկել էր իրենց ինը ամսական երեխային, պաշտպանելով տան փլուզված կտուրից:
Եղբայր Ռենեն ծառայում է որպես Լոգեյն Ծխի գործավար, Պորտ-օու-Պրինս Հայիթի ցցում: Թեպետ նա կորցրել էր իր կնոջը, իրենց չծնված երեխային և իր տունը, նա չէր դժգոհում կամ բարկանում իր դրության պատճառով: Երկրաշարժից հետո հիմնականում Եղբայր Ռենեյին կարելի էր տեսնել հավաքատանը, մի երեխային գիրկը և մյուս երկու տղաներին իր կողքին, օգնելով եպիսկոպոսին համակարգել բաշխվող օգնությունը ծխի անդամներին և նրանց, ովքեր հավաքատունը դարձրել էին իրենց ժամանակավոր տունը:
Եղբայր Ռենեյի պատմությունը հուզիչ է, սակայն ոչ եզակի: Հայիթիում Եկեղեցու անդամները մեծապես տուժեցին 7.0 բալանոց երկրաշարժից, սակայն աղետը օգնեց բացահայտել Հայիթիի աճող անդամնության ամրությունը: Եղբայր Ռենեյի պես շատ անդամներ, թե հին և թե նոր սերնդի, դիմակայեցին դժվարությանը և հավատարմությամբ ու հնազանդությամբ խաղաղություն ու սփոփանք գտան:
Փորձությամբ ստուգված
Իրենց փորձությունների մեջ Հայիթիի Եկեղեցու անդամները ամուր կանգնեցին ավետարանում` շարունակելով հոգ տանել և ամրապնդել միմյանց և իրենց համայնքների անդամներին:
«Ճիշտ է, կորցրեցինք այն, ինչ ունեինք, այսինքն մեր նյութական ունեցվածքը և մեր ընտանիքները, սակայն մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս չխարխլվեց,- ասում է Իվ Իվ Պիեռ-Լուիսը, Լոգեյնի Ծխի եպիսկոպոսը:- Դա առիթ էր մեզ համար ստուգվել որպես Քրիստոսի աշակերտներ»:
Հավատքի և վկայության մեծ օրինակ էին հատկապես տեղական քահանայության ղեկավարները, ովքեր դիմակայեցին դժվարություններին, սովորեցին կատարել իրենց կոչումները դժվար պայմաններում և օգնեցին մյուսներին կարիքի ժամանակ, ասում է Յոթանասունական Երեց Ֆրանսիսկո Ջ. Վինասը, Կարիբյան Տարածքի Նախագահը:
«Նրանք օգտագործում էին իրենց քահանայության բանալիները օրհնելու անդամների և ոչ անդամների կյանքը,- ասում է նա:- Նրանք աշխատում էին խորհուրդներով և առաջնորդվում Հոգով` օրեցօր գործելով դժվարին պայմաններում»:
«Երկրաշարժից հետո ավերածությունը դժվարություններ ստեղծեց հատկապես Հայիթիի եպիսկոպոսների համար»,- ասում է Պրոսներ Քոլինը, Պորտ-օու-Պրինս Հայիթի Ցցի Նախագահը: Եպիսկոպոսներն ու Եկեղեցու մյուս ղեկավարները պատասխանատվություն էին կրում հոգալու և օգնելու ցցի հարյուրավոր անդամների, ինչպես նաև իրենց անձնական ընտանիքների համար:
«[Եպիսկոպոսները] շարունակում են օգնել,- ասում է Նախագահ Քոլինը:- Նրանք հասկանում են, որ կորցրել են շատ բաներ, սակայն ունեն ավետարանը: Նրանք քաջալերում են անդամներին շարունակել արժանիորեն ապրել»:
Եպիսկոպոս Պիեռ-Լյուիսը երկրաշարժից հետո դարձավ համայնքի ղեկավար: Հայիթիի ավերածություններից շաբաթներ և ամիսներ անց շարունակ նա իր կյանքը նվիրել էր Լեոգեյնի անդամներին և ոչ անդամներին ծառայելուն, հոգալով հարյուրավորների կարիքները:
«Նա ամենազարմանալի, խոնարհ ծառան է, որ կարելի է հանդիպել,- ասում է Արիզոնայից բժիշկ Չադ Պիտերսոնը, որը երկրաշարժից հետո որպես կամավոր աշխատել էր Եպիսկոպոս Պիեռ-Լյուիսի հետ:
Հավատք ներկայի և ապագայի համար
Հայիթիում անդամների մասին բազմաթիվ պատմություններ են պատմվել, որոնց տոկունությունը և հավատքն առ Տերը օգնել էր նրանց իրենց փորձությունների ժամանակ:
«Թեպետ Հայիթցի հավատարիմ Սրբերը մեծապես տառապել են, նրանք լի են ապագայի հանդեպ հույսով,- ասում է Յոթանասունից Երեց Վիլֆորդ Ա. Անդերսոնը 2010թ. ապրիլյան գերագույն համաժողովի նիստի իր ելույթում: - 1846թ. վաղ պիոներների պես նրանց սիրտը կոտրված է, սակայն նրանց հոգիներն ամուր են: Նրանք ևս մեզ սովորեցնում են, որ հույսը, երջանկությունն ու ուրախությունը ոչ թե հանգամանքների, այլ Տիրոջ հանդեպ հավատքի արդյունք են»:
Նման հնազանդություն և հավատք դրսևորվեց, երբ երկրաշարժից անմիջապես հետո Եկեղեցու ժողովները շարունակվեցին առանց ընդհատվելու:
Չնայած իրենց երկիրը կործանվել էր, Հաիթիում անդամները Եկեղեցի էին գալիս ժպիտը դեմքին, կիրակնօրյա իրենց լավագույն հագուստներով: Ավետարանը փրկապարան է, որին ապավինում են շատերը, որպեսզի դուրս գան իրենց տառապանքից և հուսահատությունից:
«Չնայած մարդիկ կորցրել էին իրենց տունը, աշխատանքը և ընտանիքի անդամներին, նրանք այնքան սիրալիր են, վստահող և բարեհամբույր: Նրանք ապշեցուցիչ հավատք ունեն»,- ասում է Եղբայր Պիտերսոնը:
Այսօր Եկեղեցին շարունակում է ծաղկել Հաիթիում: Հաղորդության ժողովների հաճախելիությունը ավելացել է, ասում է Նախագահ Քոլինը, և Հայիթիում մարդիկ շարունակում են աշխատել և վերակառուցել իրենց համայնքները:
«Մարդիկ լավ են ծառայում մյուսներին,- ասում է նա,- Նրանք այցելում են մարդկանց, նրանք աշխատանքի հնարավորություններ են փնտրում իրենց և ուրիշների համար»:
Եղբայր Թեոդորը, որը բնիկ Հաիթցի է և Հաիթիում Եկեղեցու բարեգործական կազմակերպության տնօրենը, ասում է, որ ինքը և Հաիթիում Եկեղեցու մյուս ներկա և ապագա ղեկավարները արժեքավոր փորձ են ձեռք բերել աղետի արդյունքում:
«Մենք հնարավորություն ունենք ծառայելու մյուսներին, կրկին անգամ ցույց տալով, թե որքան շատ ենք սիրում նրանց,- ասում է նա:- Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ միայնակ չենք այս աշխարհում, որ մենք անդամներն ենք Տիրոջ ժողովրդի»:
Եղբայր Թեոդորն ասում է, որ երկրաշարժը, կամ որևէ այլ աղետ, չկարողացավ խլել Հաիթիի անդամների խաղաղությունն ու ուրախությունը:
«Իմ վկայությունն է, որ Տերը երբեք չի մոռանում Իր զավակներին,- ասում է նա:- Նա գիտի` որտեղ եմ ես, իմ վիճակը: Նա երբեք չի թողնի ինձ միայնակ»: