Համաժողովների Կենտրոնը նշում է իր գործունեության տասնամյակը
Ապրիլի համաժողովին սկսվեց Համաժողովների Կենտրոնի գործունեության երկրորդ տասնամյակը: Իր շահագործման առաջին 10 տարիների ընթացքում միլիոնավոր մարդիկ ականատեսն են եղել իր տեսակի մեջ եզակի այդ կառույցի յուրահատուկ որակները գերագույն համաժողովների ավելի քան 100 նիստերի և 4500 իրադարձությունների, ինչպես նաև դրանց հեռարձակումների ընթացքում:
Համաժողովների Կենտրոնում գերագույն համաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ 2000թ. ապրիլի 1-ին: Այդ ժամանակ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ասաց. «[Համաժողովների Կենտրոնը] կլինի հրաշալի հավելում այս քաղաքին: Այստեղ տեղի կունենան ոչ միայն մեր գերագույն համաժողովները և կրոնական այլ հավաքներ, այլև այն կծառայի որպես մշակութային կենտրոն արվեստի լավագույն կատարումների համար: Հուսով ենք, մեր հավատքին չպատկանող մարդիկ կգան այստեղ, կհիանան այս գեղեցիկ շինության վայելչությամբ և երախտապարտ կլինեն դրա գոյության համար» (“To All the World in Testimony,” Liahona, July 2000, 4; Ensign, May 2000, 4):
Վեց ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, Նախագահ Հինքլին նվիրագործեց այս շինությունը:
Դրանից հետո, գրեթե յոթ միլիոն այցելուներ են այցելել Համաժողովների Կենտրոնում տեղի ունեցած 4577 իրադարձություններին: Մոտ 4.8 միլիոն այցելուներ շրջել են այս շինության սրահներով, և կենտրոնը հյուրընկալել է ավելի քան 5500 բարձրաստիճան պատվավոր հյուրերի: Հիմնական դահլիճում և կից Համաժողովների Կենտրոնի Թատրոնում տեղի են ունեցել գերագույն համաժողովներ, Երիտասարդ Կանանց 10 գերագույն ժողովներ, Սփոփող Միության 10 գերագույն ժողովներ, երեք հիշատակի արարողություններ (ներառյալ Նախագահ Հինքլիի հոգեհանգստի արարողությունը), և 125 երաժշտական ներկայացումներ և համերգներ, ինչպես նաև Թաբերնաքլի Երգչախմբի Երաժշտություն և Խոսք ծրագիրը, որը Համաժողովների Կենտրոնից հեռարձակվել է 186 անգամ:
Այս թվերը խոսում են Նախագահ Հինքլիի խոսքերի իրականացման մասին:
Բրենթ Ռոբերտսը, վարչական կենտրոնի շենքերի գծով ղեկավարը, բազմաթիվ մարդկանց է հանդիպել այս կառույցում, ովքեր իրենց երախտագիտության խոսքն են արտահայտել այս կառույցում ունեցած իրենց զգացումների մասին: «Նրանք քայլում էին արցունքներն աչքերին և Հոգին` իրենց սրտերում,- ասում է նա,- Դա լոկ կառույց չէ, դա Տերն է, Նրա աշխատանքը և Նրա Հոգին»:
Կենտրոնը մասին հայտարարվել է Զատիկի առավոտ Նախագահ Հինքլիի կողմից` 1996թ. ապրիլի համաժողովին:
Համաժողովների Կենտրոնի կառուցման ժամանակ հաղթահարված խնդիրների մասին ակնարկն օգնում է հաստատել այս կառույցի եզակիությունը: 21000-տեղանոց դահլիճը կառուցվել է Սոլթ Լեյք Սիթիի Մեյն և Վեսթ Թեմփլ փողոցների միջև գտնվող թեք բլրի վրա: Երեք մեծ շինարարական ընկերություններ են համատեղ աշխատել: Դահլիճում չպետք է լինեին պահող սյուներ, որպեսզի ներսում բոլոր նստածների տեսադաշտը ազատ լիներ: Այսպիսով, շինարարները պետք է օգտագործեին 88մ երկարությամբ պողպատե ձողակառույցներ, որոնք կկարողանային կրել 17-37 կգ ծանրություն յուրաքանչյուր սանտիմետրի վրա: Նման նախագիծը նաև հնարավորություն էր տալիս տանիքում պարտեզներ հիմնել: Ամեն օր մոտ 1000 բանվորներ էին աշխատում շինհրապարակում:
Կառուցման ընթացքում այն դիմակայեց 1999 թ. Սոլթ Լեյք Սիթիի իր ուժգնությամբ արտասովոր տորնադո պտտահողմին, և թեև հսկայական վերամբարձ կռունկի թևը թնդյունով կոտրվեց, աշխատանքը շարունակվեց:
Շինարարությունն ավարտվեց ժամանակին և կենտրոնի այցելուները վայելում են ժամանակակից սարքավորումներն ու հարմարությունները: Հեռուստատեսության համար Համաժողովների Կենտրոնը ապահովում է թվային բարձր ճշգրտության ազդանշաններ: Յուտայում բարձր ճշգրտությամբ առաջին հեռարձակումները հաղորդվել են Համաժողովների Կենտրոնից 2000թ. հունիսին` Նախագահ Հինքլիի 90-ամյակի տոնակատարությանը:
Մանրակրկիտ հաշվարկներ կատարելով և հաշվի առնելով պատերի ու առաստաղի նյութերը, տեղավորվող մարդկանց քանակը և գորգապատումն ու կահույքապատումը, ճարտարագետները դահլիճում ստեղծել են այնպիսի ձայնային համակարգ, որը գերազանց ակուստիկա է ապահովում անկախ նրանից հանդիսատեսը լսում է խոսնակին, թե դիտում երաժշտական կատարում,:
Նախագահ Հինքլին ասաց, որ կառույցը նաև նրբագեղություն է արտացոլում: Նման նրբագեղություն կարելի է տեսնել, երբ այցելուները շրջում են սրահներում, որտեղ տեղադրված է Փրկչի արձանը և դրված են Եկեղեցու Նախագահների կիսանդրիները, երբ այցելուները զբոսնում են տանիքի պարտեզներում, ծառերի, ծաղիկների, թփերի և ջրվեժների մեջ, նայում են տանիքի ինը ապակեպատ ծածկերից վեր, որոնք կարող են փակվել ներկայացումների համար, և վայելում են գեղանկարները, որոնցից շատերը հայտնի են Եկեղեցու անդամներին և գրեթե բոլորը բնօրինակներ են:
Ընդհանուր առմամբ կառույցը տպավորիչ վիճակագրություն ունի: Այն զբաղեցնում է 4 հեկտար տարածք, կամ քաղաքի մեկ թաղամաս: Ողջ կենտրոնում այնքան էլեկտրական լարեր կան, որոնք կարող են երկու անգամ շրջանցել երկիրը: Ամեն րոպե ավելի քան 22330 լիտր ջուր է պտտվում շատրվանների և ջրային ձևավորումների միջով:
Ինչևէ, կենտրոնի հիմնական առանձնահատկությունը ոչ լարերի երկարությունն է կամ ծանրությունը, որ տանիքը կարող է պահել, ոչ էլ վիճակագրական թվերը:
«Ճիշտ է ճարտապետությունը գերազանց մակարդակով է արվել, սակայն սա թանգարանային նմուշ չէ, - ասել է Նախագահ Հինքլին,- Սա մի վայր է, որը պետք է օգտագործվի Ամենազորին երկրպագելու և Նրա հավերժական նպատակներն իրականացնելու համար» (“This Great Millennial Year,” Liahona, Jan. 2001, 80; Ensign, Nov. 2000, 67):