Աստծո առաջ մեր պարտականությունը` աճող սերնդի հանդեպ ծնողների և ղեկավարների առաքելությունը
Մեր հրամայական պարտականությունն է` օգնել երիտասարդներին անհատական խորը ձևով հասկանալ և հավատալ ավետարանին:
Այսօր իմ ցանկությունն է խրախուսել ծնողներին և բոլորին, ովքեր կանչված են ղեկավարելու և ծառայելու այս աշխարհի երիտասարդներին: Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնել է, որ մենք ունենք «մի հրամայական պարտականություն, որ մենք պարտական ենք աճող սերնդին» (ՎևՈւ 123.11):
Իմ կյանքի ընթացքում լինելով հայր և պապիկ ես խորհել եմ այն հարցի շուրջ, թե որն է Աստծո հանդեպ իմ պարտականությունը: Թույլ տվեք կիսվել, թե ինչ եմ սովորել անձնական խորհրդածության և վկայության արդյունքում:
Որպես ծնողներ և ղեկավարներ բոլորիս համար Աստծո հանդեպ մեր պարտականությունը կատարելը սկսվում է օրինակելի ձևով ղեկավարելուց, տանը ավետարանի սկզբունքներով հետևողականորեն և ջանասիրաբար ապրելով: Դրա համար ամենօրյա վճռականություն և ջանասիրություն է պահանջվում:
Երիտասարդների համար չկա մեր առօրյա կյանքում ավետարանով ապրելու ավելի լավ օրինակ: Պատանի զինվորները չէին կասկածում իրենց ծնողների համոզմունքներին: Նրանք ասացին. «Մենք չենք կասկածում, մեր մայրերը գիտեին դա» (տես Ալմա 56.47–48): Արդյո՞ք մեր երեխաները գիտեն այն, ինչ մենք գիտենք:
Թոռնիկս մի անգամ ինձ խնդրեց իր հետ գնալ մի հանրաճանաչ, սակայն ոչ պատշաճ կինոնկար դիտելու: Ես նրան ասացի, որ ես այդքան մեծ չեմ, որպեսզի այդ ֆիլմը դիտեմ: Նա տարակուսած նայում էր, մինչև որ տատիկը իրեն բացատրեց, տարիքային սահմանափակումը չի վերաբերում Պապիկին: Նա նորից ինձ դիմեց, ասելով: «Ես հասկացա, Պապիկ: Դու երբեք այդքան մեծ չես լինի, որ այդ ֆիլմը դիտես, այնպես չէ՞»: Եվ նա ճիշտ էր:
Բացի երիտասարդներին օրինակ ծառայելուց, մենք նրանց ղեկավարում ենք հասկանալով նրանց սիրտը և նրանց կողքով քայլելով ավետարանի ճանապարհով: Որպեսզի իրոք հասկանանք նրանց սիրտը, մենք պետք է անենք ավելին, քան պարզապես միևնույն սենյակում գտնվելը, միևնույն ընտանիքին և Եկեղեցու միջոցառումներին այցելելը: Մենք պետք է պլանավորենք և օգտվենք ուսուցման պահերից, որոնք խորը և տևական ազդեցություն են գործում նրանց մտքի և սրտի վրա:
Օրինակ, Եկեղեցու ղեկավարները կանոնավորապես պլանավորում են քահանայության միջոցառումներ և սկաուտական հավաքներ և ճամբարներ, սակայն արդյո՞ք այդ միջոցառումները միշտ իրենց բուն նպատակին են ծառայում: Ես իմացել եմ, որ տղայի համար քահանայության կամ սկաուտական միջոցառումը իմաստալից է դառնում ոչ միայն պատվավոր կրծքանշան ստանալու դեպքում, այլ երբ հնարավորություն է ընձեռվում նստել և զրուցել իրենով և իր կյանքով հետաքրքրված ղեկավարի հետ:
Նմանապես, մայրեր և հայրեր, երբ երեխաներին մեքենայով կամ ոտքով տանում եք դպրոց կամ իրենց միջոցառումներին, արդյո՞ք նրանց ուղեկցելու այդ ժամանակն օգտագործում եք զրուցելու իրենց հույսերի, երազանքների, վախերի և ուրախությունների մասին: Դուք ժամանակ գտնո՞ւմ եք, որպեսզի հանել տաք ականջակալները իրենց MP3 փլեյերներից և այլ սարքերից, որպեզի լսեն և զգան ձեր սերը: Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ հասկանում, որ մանկության տարիներին ուսուցողական պահերի, հատկապես ծնողներիս կողմից տարված ուսուցման շնորհիվ է ձևավորվել իմ կյանքը, և ես դարձել եմ այն, ինչ կամ:
Անհնար է գերագնահատել ծնողների ազդեցությունը, ովքեր հասկանում են իրենց զավակների սիրտը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կյանքի ամենակարևոր փոփոխությունների ժամանակ, ներառյալ այն ժամանակահատվածները, երբ երիտասարդների համար մեծ է Եկեղեցուց հեռանալու հավանականությունը, ամենամեծ ազդեցությունը գալիս է ոչ թե եպիսկոպոսի կամ այլ ղեկավարի հետ առանձնազրույցի, այլ ծնողների հետ մշտական, ջերմ, ընկերական, հոգացող շփման արդյունքում:
Դա ունենալով մեր մտքում, երբ մենք նստում ենք ճաշի սեղանի շուրջ, արդյո՞ք մեր ողջ ընտանիքն այնտեղ է: Ես հիշում եմ, երբ երիտասարդ էի, թույլտվություն էի խնդրում բեյսբոլ խաղալու ընթրիքի ժամին: «Ուղղակի դիր իմ ճաշը գազօջախի մեջ»,- ասում էի մայրիկիս: Նա պատասխանում էր. «Ռոբերտ, ես իսկապես ուզում եմ, որ դու ընդմիջես, գաս տուն, ընտանիքի հետ միասին ճաշես, և ապա կարող ես գնալ և բեյսբոլ խաղալ մինչև մութն ընկնելը»: Նա մեզ բոլորիս սովորեցնում էր, որ ընտանեկան ճաշը դա միայն ուտելիքը չէ, այլ հոգին սնուցող ընտանեկան շփումը: Մայրս ուսուցանում էր, որ մեծագույն սերը մենք տանն ենք պարգևում:
Որպեսզի երիտասարդների հետ մեր շփումներում իսկապես դիպչենք նրանց սրտերին, մենք պետք է նրանց հանդեպ ուշադիր լինենք, ինչպես վստահելի տարեց գործընկերոջ կամ մտերիմ ընկերոջ հանդեպ: Ամենակարևորը` պետք է նրանց հարցեր տալ, թույլ տալ, որ նրանք զրուցեն, և ապա պատրաստակամորեն լսենք, լսենք և լսենք, անգամ լսենք հոգևոր ականջներով: Մի քանի տարի առաջ ես թերթ էի կարդում, երբ փոքր թոռնիկներիցս մեկը բարձրացավ և նստեց կողքիս: Կարդալիս ես ուրախությամբ էի լսում նրա քաղցր թոթովանքը: Պատկերացրեք իմ զարմանքը, երբ մի քանի րոպե անց նա թերթը քաշելով մի կողմ հայտվեց իմ գրկում: Դեմքս առնելով իր ձեռքերի մեջ քիթը հպելով քթիս հարցրեց. «Պապիկ, դու այստե՞ղ ես»:
Մայրիկներ, հայրիկներ, դուք այդտե՞ղ եք: Պապիկներ, տատիկներ դուք այդտե՞ղ եք: Այդտեղ լինել նշանակում է հասկանալ մեր երիտասարդների սրտերը և կապված լինել նրանց հետ: Կապված լինել նրանց հետ նշանակում է ոչ միայն զրուցել, այլև գործեր անել նրանց հետ:
Վերջերս ես լսեցի մի մոր պատմություն, թե ինչպես էր նա օգնել իր երեք դուստրերին կատարել իրենց Անձնական Զարգացում ծրագրի պահանջները անելով այն, ինչ իրենից է պահանջվում` մշտապես տեղեկանալով և ծրագրերը ստորագրելով: Այնուհետև, արցունքները այտերից հոսելով, նա քնքշորեն ասաց. «Վերջերս ես աշխատում էի չորրորդ դստերս հետ նրա հետ միասին կատարելով նրա ծրագրերը: Մեր կյանքը և մեր հարաբերությունները մեծապես բարելավվել են: Սակայն Օ՜, որքան տխրեցի, երբ հասկացա, թե ինչ եմ կորցրել այդպես չանելով իմ մյուս երեք դուստրերի հետ»: Լեզվի և գրչի արտահայտած ամենատխուր խոսքերն են. «Ես կարող էի լինել»:1
Եկեղեցու չափահաս անդամները պետք է հասկանան, որ Անձնական Զարգացումը և Պարտականություն Աստծո առաջ ծրագրերի պահանջները պարզապես թեմաների երկար ցուցակ չեն նշում կատարելու համար: Դրանք անձնական նպատակներ են` դրված յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու և երիտասարդ կնոջ կողմից, որպեսզի օգնեն նրանց արժանի դառնալ տաճարի արարողություններ ստանալու, միսիա ծառայելու, հավերժական ամուսնություն կնքելու և վեհացումը վայելելու համար: Սակայն եկեք ճիշտ հասկանանք` եթե երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք փորձեն միայնակ իրականացնել իրենց նպատակները, դա կլինի մեծ կորուստ և ողբերգություն:
Հայրեր, մայրեր և երիտասարդների ղեկավարներ, մենք խնդրում ենք ձեզ` ձեր երեխաների և երիտասարդների հետ միասին մասնակցեք Անձնական Զարգացում և Պարտականություն Աստծո հանդեպ ծրագրերին: Ոչ միայն նրանք կաճեն, այլ դուք ևս կաճեք: Իսկ ամենակարևորն է, որ դուք միասին կաճեք հավատի և ընկերության շրջանակում, որը կօգնի ձեզ ամրապնդել միմյանց և հավերժ մնալ ավետարանի ուղու վրա, լինել իսկապես հավերժ ընտանիք:
Աստծո հանդեպ մեր ծնողական պարտականությունը կատարելու հավասարապես կարևոր մասն է մեր երեխաներին ավետարանն ուսուցանելը և Փրկչի վերականգնված Եկեղեցում լիարժեքորեն մասնակցելուն նրանց պատրաստելը: Հիշեք Բենիամին թագավորի ժողովրդի դասը: Այդ ուսուցման արդյունքում, մեծերից շատերը սրտի հզոր փոփոխություն կրեցին (տես Մոսիա 5.2): Սակայն հետո այն ասում է, որ «աճող սերնդից կային շատերը, ովքեր չէին կարողանում հասկանալ Բենիամին թագավորի խոսքերը` լինելով փոքր երեխաներ այն ժամանակ, երբ նա խոսել էր իր ժողովրդի հետ … Եվ նրանց սրտերը կարծրացած էին» (Մոսիա 26.1, 3):
Մեր հրամայական պարտականությունն է` օգնել երիտասարդներին անհատական խորը ձևով հասկանալ և հավատալ ավետարանին: Մենք կարող ենք ուսուցանել նրանց լույսով քայլել, սակայն այդ լույսը հնարավոր չէ փոխ առնել: Նրանք պետք է ինքնուրույն այն վաստակեն: Նրանք պետք է ստանան իրենց անձնական վկայության լույսը անմիջապես հոգևոր լույսի աղբյուրից`Աստծուց` աղոթքի, ուսումնասիրության և մտորումների միջոցով: Նրանք պետք է հասկանան, թե ով են իրենք և ինչ է ուզում Երկնային Հայրը, որ իրենք դառնան: Ինչպե՞ս պետք է օգնենք նրանց:
Երբ ընտանեկան երեկո, ընտանեկան խորհուրդ կամ մեր երեխաների հետ ավետարանի շուրջ իմաստալից զրույց ենք անցկացնում, մենք հնարավորություն ունենք նայելու նրանց աչքերի մեջ և ասել, որ սիրում ենք իրենց, և որ Երկնային Հայրը սիրում է իրենց: Այդպիսի սուրբ մթնոլորտում մենք կարող ենք նաև օգնել նրանց հասկանալ, խորը իրենց սրտում, թե ով են իրենք և որքան բախտավոր են, որ եկել են այս երկիր և մեր տուն, և մասնակցել այն ծեսերին, որոնք մենք կատարում ենք տաճարում հավերժ ընտանիքներ լինելու համար: Ամեն անգամ նրանց հետ շփվելիս, մենք ներկայացնում ենք ավետարանի սկզբունքները և օրհնությունները:
Այս վտանգավոր ժամանակներում մեր երիտասարդների համար միայն իմանալը բավարար չէ: Նրանք պետք է գործեն: Արարողություններում, քվորումներում և օժանդակ կազմակերպություններում, ոգեշնչված ծրագրերում և ամրապնդող միջոցառումներում ամբողջ հոգով անկեղծորեն մասնակցելը օգնում է երիտասարդներին հագնել Աստծո ողջ սպառազինությունը: Կօգնե՞նք նրանց հագնել այդ սպառազինությունը, որպեսզի կարողանան դիմակայել հակառակորդի կրակոտ նետերին: Իսկապես Տիրոջ ուղին ընտրելու համար, նրանք պետք է իմանան Նրա ուղին: Իսկ Նրա ուղին իսկապես իմանալու համար մենք պետք է ուսուցանենք և առաջնորդենք նրանց` գործելու, մասնակցելու և կատարելու:
Ամենամեծ միսիոներական աշխատանքը, որ երբևէ կկատարենք, կլինի մեր տների պատերի ներսում: Մեր տները, քվորումները և դասարանները միսիայի մաս են: Մեր երեխաները և թոռները մեր ամենակարևոր ունկնդիրներներն են:
Մեծագույն ընտանեկան պատմության աշխատանքը, որ երբևէ կկատարենք, կլինի մեր տների պատերի ներսում: Դա մեր երեխաների` աճող սերնդի հոգևոր պատրաստությունն է, որը, հնազանդության շնորհիվ, կպարգևի հավերժական պահպանում և շարունակելիություն մեր ընտանիքների համար ապագայում:
Մեծագույն փրկությունը, մեծագույն ակտիվացումըկլինի մեր տների պատերի ներսում: Եթե ձեր ընտանիքից ինչ-որ մեկը մոլորվել է օտար ճանապարհներում, դուք փրկարար եք` ներգրավված Եկեղեցու մեծագույն փրկարարական աշխատանքում:
Ես վկայում եմ իմ անձնական փորձից: Ձախողում չի լինի, եթե անձնատուր չլինեք: Սկսելու համար երբեք շատ շուտ կամ շատ ուշ չէ: Մի անհանգստացեք անցյալում կատարվածի համար: Զանգահարեք, գրություն գրեք, այցելություն կատարեք, հրավիրեք տուն: Մի վախեցեք կամ մի շփոթվեք: Ձեր երեխան Երկնային Հոր զավակն է: Դուք Նրա աշխատանքում եք: Նա խոստացել է հավաքել Իր զավակներին, և Նա ձեզ հետ է:
Ամենամեծ հավատքը, որ ունենք, կլինի մեր տան պատերի ներսում, եթե մենք ուժեղ մնանք ծնողական փորձությունների և դժվարությունների մեջ:
Մայրերի մի փոքր խմբի Նախագահ Մոնսոնը վերջերս ասել է. «Երբեմն մենք հապճեպ դատողություն ենք անում մեր հաջողությունների և ձախողումների վերաբերյալ»: Ես կավելացնեի, մի նայեք այսօրվա փորձություններին որպես հավերժական: Երկնային Հոր գործը երկարաժամկետ է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Շատ բաներ կան, որ սպասվում են ապագայում: Հետևաբար … եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը» (ՎևՈւ 123.15, 17):
Այս Զատիկի Կիրակի, ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք բերելու մեր վկայությունները, որ մենք գիտենք, որ Աստված ապրում է և որ Հիսուսը Քրիստոսն է: Ես հույս ունեմ, որ մենք կբերենք մեր վկայությունները, որպեսզի մեր երեխաները իմանան, թե որտեղ են մեր սրտերը և որ մենք սիրում ենք նրանց: Մեծագույն սերն ու մեծագույն ուսուցումը պետք է լինեն մեր տներում:
Ես խնդրում եմ, որ Տիրոջ օրհնությունները լինեն ծնողների և երիտասարդների հետ, որոնք մեծանում են հավատքով լի տներում, որ նրանք հասկանան, թե ինչ ուրախություն է լինել ընտանիքում, որտեղ կարող են իրենց սիրված զգալ, ուղղություն ստանալ և առաջնորդվել: Իմ աղոթքն է, որ մենք լինենք հավերժական ընտանիքներ և հավերժ միասին Հայր Աստծո և Նրա Որդի` Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ:
Ես իմ հատուկ վկայությունն եմ բերում, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա կորած ոչխարների հովիվն է, մոլորված հոգիների փրկարարը, վիրավորված սրտերի բժիշկը, ողջ մարդկության հույսը: Որպես մեր Վարդապետ Նրա հետ եկեք կատարենք Աստծո հանդեպ մեր պարտավորությունը` հավատքով առ Նա և Նրա հավերժական սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: