2010
Պարտականության մեր ուղին
Մայիս 2010


Պարտականության մեր ուղին

Պարտականության համար պահանջվում է ոչ թե կատարելություն, այլ ջանասիրություն: Դա ոչ թե պարզապես օրինական է, այլ առաքինի:

Bishop Keith B. McMullin

Սա անհանգիստ աշխարհ է: Տարաձայնություններ և աղետներ են ամենուր: Երբեմն թվում է, թե մարդկությունն ինքը հավասարակշռությունից դուրս է եկել:

Նախանշելով մեր օրերը, Տերն ասել է. «Երկինքները պիտի ցցնցվեն, և նմանապես երկիրը. և մեծ նեղություններ պիտի լինեն մարդկանց զավակների մեջ, բայց իմ ժողովրդին ես կպահպանեմ»:1 Մենք պետք է մեծապես սփոփվենք այս խոստումով:

Թեպետ աղետները լիովին խախտում են «մեր հանդարտ կենսակերպը»,2 դրանք չպետք է հավետ խաթարեն մեր կյանքը: Դրանք կարող են «զարթնեցնել [մեզ] ի հիշեցումն»,3 «զարթնեցնել մեզ ի զգացումն [մեր] պարտականության առ Աստված»,4 և պահել մեզ մեր «պարտականության ուղու վրա»:5

Երկրորդ Համաշխարհայինի տարիներին Հոլանդիայում Կասպեր թեն Բում ընտանիքը օգտագործում էր իրենց տունը որպես թաքստոց նրանց համար, ովքեր հետապնդվում էին նացիստների կողմից: Դա իրենց Քրիստոնեական հավատքով ապրելու կերպն էր: Ընտանիքի չորս անդամները սպանվեցին այդ ապաստանը տրամադրելու համար: Քորի թեն Բումն ու նրա քույրը, Բեթսին, սոսկալի ամիսներ անցկացրեցին տխրահռչակ Ռավենսբրուքի Համակենտրոնացման ճամբարում: Բեթսին մահացավ այնտեղ, իսկ Քորին ողջ մնաց:

Ռավենսբրուքում Քորին և Բեթսին սովորեցին, որ Աստված օգնում է մեզ ներել: Պատերազմից հետո, Քորին որոշել էր կիսվել այդ ուղերձով: Մի առիթով, Գերմանիայում նա այդ մասին ելույթ ունեցավ պատերազմից տուժած մի խումբ մարդկանց առաջ: Նրա ուղերձն էր. «Աստված ներում է»: Այդ ժամանակ էր, որ Քորի թեն Բումի հավատարմությունն օրհնություն բերեց:

Մի մարդ մոտեցավ նրան և նա ճանաչեց ճամբարի ամենադաժան պահակներից մեկին: «Դուք Ռավենսբրուք նշեցիք ձեր խոսքում,- ասաց նա,- ես այնտեղ պահակ եմ եղել: Սակայն դրանից հետո ես դարձել եմ քրիստոնյա»: Նա բացատրեց, որ փնտրել էր Աստծո ներողամտությունը իր գործած դաժանությունների համար: Նա մեկնեց իր ձեռքը և հարցրեց. «Դուք կներե՞ք ինձ»:

Քորի թեն Բումն ասաց.

«Մի քանի վայրկյան էր, ինչ նա կանգնած էր այնտեղ, ձեռքը մեկնած, սակայն ինձ համար, կարծես, ժամեր անցան, մինչ ես պայքարում էի երբևէ ինձ համար ամենադժվար բանն անելու համար:…

Ուղերձը, որ Աստված ներում է, ունի … պայման, որ մենք ներենք նրանց, ովքեր վիրավորել են մեզ …

«Օգնիր ինձ», - ես լուռ աղոթում էի: «Ես կարող եմ բարձրացնել իմ ձեռքը: Ես կարող եմ դա անել: Զգացմունք տուր ինձ»:

… Փայտացած, մեխանիկորեն, իմ ձեռքը խոթեցի ինձ մեկնված ձեռքի մեջ: Այդ պահին մի աներևակայելի բան տեղի ունեցավ: Հոսանքը իմ ուսերից հոսեց դեպի ձեռքերս և հորդեց միացած ձեռքերի մեջ: Եվ ապա այդ բուժիչ ջերմությունը, կարծես, հեղեղեց իմ ողջ էությունը` արցունքներ առաջացնելով իմ աչքերում:

«Իմ ողջ սրտով ես ներում եմ քեզ, եղբայր», - արտասվում էի ես:

Երկար տևեց պահը, որ մենք սեղմել էինք միմյանց ձեռքերը, նախկին պահակը և նախկին բանտարկյալը: Ես երբեք չեմ զգացել Աստծո սերն այդքան ուժգին, որքան այդ ժամանակ»:6

Նրանց համար, ովքեր զգուշանում են չարից և ապրում են պատշաճ կյանքով, ովքեր ձգտում են ավելի պայծառ օրվա և պահում են Աստծո պատվիրանները, ամեն ինչ ավելի ու ավելի լավ կարող է լինել, չնայած ողբերգությանը: Փրկիչը մեզ օրինակ է ծառայել: Գեթսեմանի խաչից և գերեզմանից Նա հաղթանակած բարձրացավ, կյանք և հույս պարգևելով բոլորիս: Նա կրկին խնդրում է` «Եկ հետևիր ինձ»:7

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խորհուրդ է տվել. «Եթե ուզում ենք մեր գլուխը բարձր քայլել, պետք է կյանքում մեր ավանդը ներդնենք: Եթե ուզում ենք ավարտին հասցնել մեր ճակատագիրը և վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ, պետք է պահենք Նրա պատվիրանները և Փրկչին ընդունենք որպես մեր կյանքի օրինակ: Այդպիսով, մենք ոչ միայն կհասնենք հավերժական կյանքի մեր նպատակին, այլև կհեռանանք աշխարհից ավելի հարուստ և ավելի զարգացած, քան եթե մենք չապրեինք և չկատարեինք մեր պարտականությունները»:8

Սուրբ Աստվածաշնչում տրված են այս ոգեշնչող խոսքերը. «Բոլոր խոսքի վախճանը լսենք. Աստվուածանից վախեցիր և նրա պատվիրանքները պահիր. որովհետև սա է ամեն բան մարդիս համար»:9

Ի՞նչ է դա, որ պարտականություն է կոչվում:

Պարտականությունը, որի մասին ես խոսում եմ, այն է, ինչ մեզանից ակնկալվում է անել և լինել: Դա բարոյական հրամայական է, վեր անհատներից և համայնքներից, որը ճիշտ է, ճշմարիտ և պատվելի: Պարտականության համար պահանջվում է ոչ թե կատարելություն, այլ ջանասիրություն: Դա ոչ թե պարզապես օրինական է, այլ առաքինի: Այն վերապահված չէ ուժեղների կամ բարձ դիրք ունեցողների համար, այլ փոխարենը հիմնվում է անձնական պատասխանատվության, ազնվության և քաջության վրա: Պարտականություն կատարելը հավատքի արտահայտում է:

Նախագահ Մոնսոնն ասել է այդ մասին. «Ես սիրում և փայփայում եմ ազնվազարմ պարտականություն բառը»:10 Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամների համար պարտականության մեր ուղին մեր առօրյա կյանքում մեր ուխտերը պահելն է:

Ո՞ւմ և ինչին ենք մենք պարտականությամբ կապված:

Նախ, պարտավորության մեր ուղին տանում է դեպի Աստված` մեր հավերժական Հայրը: Նա է փրկության ծրագրի հեղինակը, երկնքի և երկրի ստեղծողը, Ադամի և Եվայի Արարիչը:11 Նա է ճշմարտության աղբյուրը,12 սիրո մարմնացումը13 և Քրիստոսի միջոցով պատճառը փրկագնման:14

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ասել է. «Այն ամենը, ինչ մենք ունենք, գալիս է [Աստծուց] … Ներքուստ և արտաքուստ մենք սոսկ անկենդան կավի մի կտոր ենք: Կյանքը, բանականությունը, իմաստությունը, դատողությունը, դատելու կարողությունը, այս ամենը պարգևներ են Աստծուց մարդկանց զավակներին: Նա մեզ պարգևում է ֆիզիկական ուժ, ինչպես նաև մտավոր կարողություններ: Մենք պետք է մեծարենք Աստծուն մեր բանականությամբ, մեր կարողությամբ, մեր հասկացողությամբ, մեր իմաստությամբ և մեր ունեցած ողջ ուժով: Մենք պետք է ձգտենք բարիք գործել աշխարհում: Սա է մեր պարտականությունը»:15

Մենք չենք կարող Հայր Աստծո հանդեպ մեր պարտականությունը կատարել, եթե նմանապես չվարվենք Աստծո Որդու`Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ: Նրանցից մեկին երկրպագելու համար պետք է երկրպագել նաև մյուսին, քանզի Հայրը նշանակել է, որ միայն Քրիստոսի անունով և Նրա անվան միջոցով կարող է մարդը լիովին իրականացնել այդ պատասխանատու պարտականությունը:16 Նա մեր Օրինակն է, մեր Քավիչը և մեր Թագավորը:

Տղամարդիկ և կանայք, տղաներն ու աղջիկները, կատարելով իրենց պարտականությունը Աստծո հանդեպ, ոգեշնչվում են կատարելու իրենց պարտականությունը միմյանց, իրենց ընտանիքի, իրենց եկեղեցու և ազգի, այն ամենի հանդեպ, ինչը իրենց հոգածությանն է վստահված: Նրանք պարտականությամբ կապված են` մեծարելու իրենց տաղանդները և լինելու օրինապահ, պարկեշտ մարդիկ: Նրանք դառնում են խոնարհ, հեզ ու մեղմ: Զսպվածությունը հաղթում է հաճույքներին տրվելուն, հնազանդությունն է առաջնորդում նրանց ջանասիրությունը: Խաղաղություն է իջնում նրանց վրա: Քաղաքացիները դառնում են օրինապահ, համայնքները առատաձեռն, իսկ հարևանները դառնում են ընկերներ: Երկնային Հայրը գոհանում է, երկիրը խաղաղվում է, և այս աշխարհը դառնում է ավելի լավ վայր:17

Ինչպե՞ս ենք մենք իմանում մեր պարտականության ուղին ճգնաժամի ժամանակ:

Մենք աղոթում ենք: Դրա միջոցով է ամեն մեկը հաստատ իմանում, դա ամեն մեկի կյանքի գիծն է դեպի երկինք: Պետրոս Առաքյալն ասել է. «Տիրոջ աչքերը արդարների վրա են, և նրա ականջները դեպի նրանց աղոթքը»:18

Խոնարհ, անկեղծ, ոգեշնչված աղոթքը մեզանից յուրաքանչյուրի համար մատչելի է դարձնում աստվածային առաջնորդությունը, որի կարիքը մենք այնքան շատ ունենք: Բրիգամ Յանգը խորհուրդ է տվել. «Երբեմն մարդիկ խճճվում են, հոգսերով բեռնվում և անհանգստությամբ լցվում, … սակայն մեր դատողությունն ասում է մեզ, որ մեր պարտականությունն է` աղոթել»:19

Հիսուսը սովորեցրել է.

«Դուք պետք է արթուն կենաք և միշտ աղոթեք, որ չլինի թե մտնեք գայթակղության մեջ, …

Ուստի դուք պետք է միշտ աղոթեք Հորը՝ իմ անունով, …

Աղոթեք Հորը ձեր ընտանիքներում, միշտ իմ անունով, որպեսզի ձեր կանայք և ձեր զավակները կարողանան օրհնվել»:20

Որպեսզի աղոթքները զորավոր լինեն, դրանք պետք է ներդաշնակ լինեն երկնային ծրագրին: Հավատքով աղոթքը պտուղ է տալիս, երբ նման ներդաշնակություն կա, և այն առաջանում է, երբ աղոթքները ոգեշնչվում են Սուրբ Հոգու կողմից: Հոգին հայտնում է, թե ինչպիսին պետք է լինեն մեր խնդրանքները:21 Եթե այդ ոգեշնչված առաջնորդությունը բացակայում է, մենք հակվում ենք «չար կերպով խնդրել»,22 ձգտելով որ ոչ թե «Նրա կամքը»,23 այլ մեր կամքը լինի: Կարևոր է, որ աղոթելիս Սուրբ Հոգու կողմից առաջնորդվենք, և կարևոր է, որ լուսավորվենք այդ նույն Հոգու կողմից աղոթքի պատասխանը ստանալիս: Նման աղոթքը առաջ է բերում երկնքի օրհնությունները, որովհետև մեր Հայրը «գիտե թե ինչ բաներ պետք են [մեզ], նրանից խնդրելուց առաջ»,24 և Նա պատասխանում է ամեն անկեղծ աղոթքի: Ի վերջո, Հայրը և Որդին են խոստացել. «Խնդրեցեք և կտրուի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացուի ձեզ»:25

Ես իմ վկայությունն եմ բերում, որ պարտականության մեր ուղին պարզորոշ գծված է անբաժանելի հավատքով առ Աստված, հավերժական Հայրը և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, և աղոթքի զորությունը: Այդ ուղին պետք է անցնեն Աստծո բոլոր զավակները, ովքեր սիրում են Նրան և ցանկանում են պահել Նրա պատվիրանները: Երիտասարդներին այն տանում է դեպի անձնական նվաճումներ և նախապատրաստություն, մեծերին այն տանում է դեպի նորոգված հավատք և վճռականություն, տարեց սերնդին այն օգնում է մինչև վերջ ապրել արդարակեցորեն և տալիս է տոկալու հեռանկար: Յուրաքանչյուր հավատարիմ ճանապարհորդի այն զինում է Տիրոջ ուժով, պաշտպանում է նրան օրվա չարիքներից, և օժտում է նրան գիտելիքով, «որ բոլոր խոսքի վախճանն է` Աստվուածանից Վախեցիր և նրա պատվիրանքները պահիր. որովհետև սա է ամեն բան մարդիս համար»:26 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մովսես 7.61; շեղագրումն ավելացված է:

  2. Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 156.

  3. Մոսիա 1.17

  4. Ալմա 7.22

  5. Հելաման 15.5

  6. Corrie ten Boom, Tramp for the Lord (1974), 54–55.

  7. Ղուկաս ԺԸ.22

  8. Թոմաս Ս. Մոնսոն, օգտագործված է թույլտվությամբ:

  9. Ժողովող ԺԲ.13; շեղագրումն ավելացված է:

  10. Thomas S. Monson, “Duty Calls,” Ensign, May 1996, 43.

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.17–19:

  12. Տես Վարդապետություն և Ուխտեր 93.36:

  13. Տես Ա Հովհաննես Դ.8:

  14. Տես Հովհաննես Գ.16, Հելաման 5.10–11:

  15. Joseph F. Smith, in Conference Report, Oct. 1899, 70; շեղագրումն ավելացված է:

  16. Տես Մորոնի 10.32–33, Վարդապետություն և Ուխտեր 59.5:

  17. Տես Ալմա 7.23, 27:

  18. Ա Պետրոս Գ.12:

  19. 19. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 45; շեղագրումն ավելացված է:

  20. 3 Նեփի 18.18–19, 21:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 50.29–30:

  22. Հակոբոս Դ.3:

  23. Մատթեոս Զ.10:

  24. Մատթեոս Զ.8:

  25. Մատթեոս Է.7; տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 7.12–13, Աստվածաշնչյան հավելվածում:

  26. Ժողովող ԺԲ.13, շեղագրումն ավելացված է: