2010
Քաջ եղիր
Մայիս 2010


Քաջ եղիր

Հեսուի գրքից հրահանգները, միավորվելով, կդառնան քաջության ու ուժի ամենահզոր աղբյուրը, որն է` հավատ առ մեր Երկնային Հայրը և Նրա որդին` Հիսուս Քրիստոսը:

Նկար
Ann M. Dibb

Շատ անգամներ, երբ Բարձրագույն Իշխանությունները իրենց խոսքն են հղել քահանայության եղբայրներին գերագույն համաժողովին, նրանք սկսել են ասելով, որ իրենք զգում են, ասես դիմում են զորությամբ լի քահանայության ղեկավարների մի «հզոր բանակի»: Այս երեկո ես զգում եմ, կարծես, կանգնած եմ Աստծո ընտրյալ դուստրերի «հզոր բանակի» առաջ: Դուք ընտրվել եք այս վերջին օրերին առաջ գնալու` կանգնելով այդ քաջարի քահանայություն կրողների կողքին` արդարակեցությամբ: Դուք մեծ ու գեղեցիկ տեսարան եք:

Ես կուզենայի այս երեկոն սկսել պատմական մեր թեմայի հակիրճ ակնարկով, Հեսու Ա.19-ից. «Զորացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարհուրիր. որովհետև քո Տեր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս»:

Մովսեսը հզոր մարգարե էր, որը Եգիպտոսից դուրս էր հանել Իսրայելի զավակներին, որտեղ նրանք ստրուկներ էին և ստիպված էին կեղծ աստվածների երկրպագել: Անապատում 40 տարի դժվարություններ կրելով, նրանք շատ մոտ էին գտնվում իրենց նոր տանը, որտեղ կարող էին ազատորեն երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն: Մովսեսի մահից հետո Հեսուն Աստծո կողմից կանչվեց լինելու մարգարե, որը և պետք է ավարտեր հրաշքներով լի այդ ճամփորդությունը:

Հեսուն ազդեցիկ ղեկավար էր: Աստվածաշնչյան Բառարանը նրան բնորոշում է որպես «բարձրակարգ նվիրված մարտիկ» և նշում է, որ նրա անունը նշանակում է «Աստված օգնական» (Bible Dictionary, “Joshua,” 717–718): Նրա ոգեշնչված ղեկավարումը մեծապես անհրաժեշտ էր, որովհետև դեռևս շատ գետեր պետք էր անցնել և ճակատամարտեր հաղթել, նախքան Իսրայելի զավակները կարող էին հասկանալ և ձեռք բերել այն ամենը, ինչ Տերը խոստացել էր:

Տերը գիտեր, որ մարգարե Հեսուն և Իսրայելի զավակները քաջության կարիք կունենային այդ ժամանակ: Հեսուի գրքի առաջին գլխում մի քանի անգամ Տերն ասում է նրան, որ «զորանա և քաջ լինի»: «Քաջ» բառը բնորոշվում է որպես «մտավոր կամ բարոյական ուժ` լինելու հաստատակամ և դիմակայելու վտանգին, վախին կամ դժվարությանը» (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. [2003], “courage”; emphasis added): Իրենց քաջության և հնազանդության շնորհիվ Հեսուն և Իսրայելի զավակները կարողացան մտնել խոստումի երկիր և երջանկություն գտնել Տիրոջ օրհնություններում:

Հեսուն և Իսրայելի զավակները ապրել են շատ-շատ առաջ: Սակայն մեր օրերում, մենք նույնպես պայքարում ենք մտնելու «խոստացված երկիր»: Մեր մեծագույն նպատակն է՝ ձեռք բերել հավերժական կյանք մեր Երկնային Հոր հետ: Հեսուի գրքի առաջին գլխում մենք չորս ուղեցույց ենք գտնում, որոնք կօգնեն մեզ հաղթահարել մեր խոչընդոտները, ավարտել մեր ճամփորդությունը և վայելել Տիրոջ օրհնությունները մեր «խոստումի երկրում»:

Նախ, հատված 5-ում Տերը խոստացել է Հեսուին. «Քեզ չեմ թողիլ և քեզ անտես չեմ անիլ»: Մենք կարող ենք քաջություն և ուժ ստանալ այս խոստումից, որ Տերը միշտ կանգնած է մեզ համար և երբեք մեզ միայնակ չի թողնի: Մենք սովորել ենք, որ Երկնային Հայրը ճանաչում և սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին: Որպես նրա թանկագին դուստրեր, դուք կարող եք Նրա հավաստիացումը և առաջնորդությունը ստանալ աղոթքի զորությամբ: Վարդապետություն և Ուխտերում մենք կարդում ենք. «Եղիր խոնարհ. և Տերը՝ քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (ՎևՈւ 112.10):

Ես հավատում եմ այս խոսքերին և խոստանում եմ ձեզ, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է մեր աղոթքներին: Սակայն, հաճախ համբերություն է պետք, երբ մենք «սպասում ենք Տիրոջը» (Եսայիա 40.31): Սպասելիս մենք գուցե սկսենք մտածել, որ լքված ենք կամ մեր աղոթքները չեն լսվել, կամ գուցե մենք արժանի չենք դրանց պատասխանները ստանալու: Դա ճիշտ չէ: Ես սիրում եմ Դավիթ թագավորի հաստատող խոսքերը. «Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա դեպի ինձ նայեց և աղաղակս լսեց» (Սաղմոս Խ.1):

Անկախ նրանից, թե ինչի կհանդիպեք ձեր անձնական ճամփորդության ժամանակ, Հեսու-ում տրված առաջին ուղեցույցը հիշեցնում է մեզ աղոթել, լինել համբերատար և հիշել Աստծո խոստումը. «Քեզ չեմ թողիլ և քեզ անտես չեմ անիլ» (Հեսու Ա.5):

Երկրորդ ուղեցույցը գտնվում է հատված 7-ում, երբ Տերն ասում է Հեսուին. «Պահես և անես այն ամեն օրենքի պես …նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես»: Տերը հրահանգում է Հեսուին խստորեն հնազանդվել պատվիրաններին, և չշեղվել Տիրոջ ուղուց: Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է. «Հեսուն գիտեր, որ իր հնազանդությունը հաջողություն կբերի, և թեպետ ստույգ չգիտեր, ինչպես է հաջողության հասնելու, այժմ նա վստահ էր նման արդյունքի մեջ:… Իհարկե [սուրբ գրություններում տրված] մեծ մարգարեների փորձառությունները գրվել [և պահպանվել] են օգնելու մեզ հասկանալ խիստ հնազանդ լինելու կարևորությունը» (“Commitment to God,” Ensign, Nov. 1982, 57, 58):

Մեկ ամիս առաջ ես այցելեցի մի երիտասարդ կանանց խմբի: Ես հարցրեցի մեծ աղջիկներին, թե ինչ խորհուրդ կտային նոր Փեթակին, որ օգնեին նրան հավատարիմ և առաքինի մնալ ցանկացած միջավայրում: Մի երիտասարդ աղջիկ ասաց. «Երբ դպրոցի սրահներով անցնում ես, հնարավոր է, աչքիդ կողքով ինչ-որ բան տեսնես, որը քո ուշադրությունը կգրավի, ինչ-որ բան, որը կթվա, որ ճիշտ չէ: Քեզ հետաքրքիր կլինի և դու կուզենաս նայել: Իմ խորհուրդը քեզ` մի նայիր: Ես խոստանում եմ քեզ, որ կզղջաս, եթե նայես: Հավատա ինձ և միայն ուղիղ առջևդ նայիր»:

Լսելով այդ երիտասարդ աղջկան, ես գիտեի, որ լսում եմ Տիրոջ խորհուրդը Հեսուին. «Չխոտորվես աջ կամ ձախ» (Հեսու Ա.7), որը վերաբերում է այս վերջին օրերի ամենօրյա իրավիճակներին: Երիտասարդ աղջիկներ, խույս տվեք ձեզ շրջապատող գայթակղություններից, խստորեն հետևելով պատվիրաններին: Ուղիղ նայեք ձեր հավերժական նպատակին: Երկրորդ ուղեցույցը մեզ հիշեցնում է, որ դա անելով, դուք պաշտպանված կլինեք և «խելամուտ կլինեք ուր որ գնում եք» (Հեսու Ա.7):

Հատված 8-ում մենք գտնում ենք մեր երրորդ ուղեցույցը: Այստեղ Տերը անդրադառնում է «օրենքի գրքին» և ասում է Հեսուին, որ «գիշեր և ցերեկ նորա վերա մտածես, որ պահես և կատարես բոլոր նորա միջի գրուածի պես … և այն ժամանակ խելամուտ կլինես»: Տերը հրահանգում է Հեսուին և մեզ բոլորիս` կարդալ սուրբ գրությունները: Ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելը, հատկապես Մորմոնի Գիրքը կարդալը, ամուր հիմք է դնում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վկայության զարգացման համար: Դա ձեր կյանք է հրավիրում Հոգին: Նախագահ Հարոլդ Բ. Լին խորհուրդ է տալիս. «Եթե մենք ամեն օր չենք կարդում սուրբ գրությունները, մեր վկայությունները թուլանում են և մեր հոգևոր զարգացումը չի խորանում» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 66):

Սուրբ գրությունների էջերում անթիվ խորհուրդներ, խոստումներ, լուծումներ և հիշեցումներ են տրված, որոնք կօգնեն մեզ «խոստումի երկիր» տանող մեր ճանապարհին: Երրորդ ուղեցույցը մեզ ուղղորդում է ամեն օր կարդալ և մտածել սուրբ գրությունների շուրջ, որպեսզի բարգավաճենք և հաջողություն ունենանք:

Երբ Տերն ավարտեց Հեսուի հետ խոսելը, Հեսուն իր խոսքն ուղղեց Իսրայելի զավակներին: Իր խոսքն ավարտելուց հետո, հատված 16-ում Իսրայելի զավակները պատասխանեցին նրա խոսքերին, որը մեզ համար կլինի մեր չորրորդ ուղեցույցը: Նրանք ասացին. «Ամեն ինչ որ պատվիրեցիր` կանենք, և ուր որ մեզ ուղարկես` կգնանք»:

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք հնարավորություն ունենք նույնկերպ պարտավորվելու, որ կհետևենք մեր մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, որն այստեղ է այս երեկո: Աղոթքի և Հոգու հաստատման շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել կենդանի մարգարեի մասին իր անձնական վկայությունը: Այդ վկայությունը աճում է, երբ մենք լսում ենք, պահում ենք և քաջություն ենք ունենում կիրառելու նրա ուսմունքները մեր ամենօրյա կյանքում:

Մեր մարգարեի խորհուրդը լսելով և դրան հնազանդվելով, մենք հատուկ օրհնություններ կստանանք: Լսեք մարգարեական այս մի քանի խոստումները, որ Նախագահ Մոնսոնը տվեց մեզ վերջին գերագույն համաժողովին. «Թող Աստված օրհնի ձեզ: Թող որ Նրա խոստացված խաղաղությունը լինի ձեզ հետ այժմ և միշտ» (“Closing Remarks,” Liahona, Nov. 2009, 110): «Մեծ օրհնություններ են սպասում մեզ, եթե մենք ճշմարիտ և հավատարիմ լինենք» (“School Thy Feelings, O My Brother,” Liahona, Nov. 2009, 69): «Ես երկնային օրհնություններ եմ խնդրում ձեզանից յուրաքանչյուրի համար» (Liahona, Nov. 2009, 110):

Ես ձեզ կոչ եմ անում հաջորդ շաբաթ համաժողովին լսել մեր մարգարեի և առաքյալների հրահանգներն ու խոստումները: Ապա, կիրառեք չորրորդ ուղեցույցը` պարտավորվելով հետևել մարգարեի խորհրդին և վերահաստատելով, որ «ամեն ինչ [նա] պատվիրում է` կանենք, և ուր որ [նա] մեզ ուղարկում է` կգնանք» (Հեսու 1.16):

Այս պահին այդ չորս ուղեցույցները` աղոթքը, Աստծո պատվիրաններին հնազանդվելը, ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելը և կենդանի մարգարեին հետևելու պարտավորվածությունը, կարող են փոքր ու հասարակ բաներ թվալ: Թույլ տվեք հիշեցնել ձեզ Ալմայում գտնվող մի սուրբ գրության հատված. «Ահա, ես ասում եմ ձեզ, որ փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները» (Ալմա 37.6): Երբ մեր ամենօրյա կյանքում կիրառում ենք Հեսուի գրքից այդ չորս «փոքր ու հասարակ» բաները, դրանք միավորվելով կդառնան քաջության ու ուժի ամենահզոր աղբյուրը, որն է` հավատ առ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը:

Երկնային Հայրը գիտե, որ մեր անհատական ճամփորդությունները հեշտ չեն տրվում: Ամեն օր մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնք քաջություն և ուժ են պահանջում: Վերջերս Church News-ում տպված մի պատմություն հաստատում է այս ճշմարտությունը.

«Ամիսներ առաջ ավագ դպրոցի մի ուսուցիչ մի օր սկսեց իր դասը, ներկայացնելով մի քաղաքական վիճարկելի հարց և խնդրելով, որպեսզի այն աշակերտները, ովքեր կողմնակից էին դրան, կանգնեցին դասարանի մի կողմում, իսկ նրանք, ովքեր դեմ էին, կանգնեցին դասարանի մյուս կողմում:

Երբ աշակերտները գրավեցին իրենց դիրքերը, ուսուցիչը կանգնեց հարցին ընդդեմ արտահայտվողների կողքին, միայնակ թողնելով մի երիտասարդ աղջկա, որը կանգնել էր այդ հարցի կողմնակիցների անկյունում: Ուսուցիչը և դասընկերները պաշպանելով իրենց տեսակետը սկսեցին հարձակվել նրա վրա:

Երիտասարդ աղջիկը, որն իր ծխում Համաստեղություն դասարանից էր, ընդունեց իր համոզմունքները քննադատող վիրավորանքները:

[Նա հանդարտ] տեսքով ընդունեց հասարակական հարձակումը, որը հրահրվել էր հեղինակություն ունեցողի կողմից» (“What Youth Need,” Church News, Mar. 6, 2010, 16):

Այդ երիտասարդ աղջիկը մեծ քաջություն դրսևորեց իր իսկ ճակատամարտի դաշտում, որն առայսօր հանդիսանում է իր դպրոցի դասարանը: Որտեղ էլ լինեք և ինչի էլ որ հանդիպեք, հուսով եմ, կօգտվեք Հեսուի գրքի ուղեցույցներից, վստահելով Տիրոջ խոստմանը. «Զորացիր և քաջ եղիր, մի վախենար և մի զարհուրիր. որովհետև քո Տեր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Հեսու Ա.9):

Ես ուզում եմ ձեզ հետ թողնել իմ վկայությունը, որ Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ձեզանից յուրաքանչյուրին: Եթե դուք դիմեք Նրան, Նա ձեզ չի թողնի: Նա կօրհնի ձեզ ուժով ու քաջությամբ, որոնք անհրաժեշտ են ետ՝ դեպի Նրա մոտ տանող ձեր ճամփորդությունն ավարտելու համար: Ես երախտապարտ եմ սուրբ գրությունների համար, և այն մեծ օրինակի համար, ինչպիսին է Հեսու մարգարեն: Ես երախտապարտ եմ Նախագահ Մոնսոնի համար, որը ձգտում է մեզ ապահով առաջնորդել ետ՝ դեպի մեր Երկնային Հայրը: Ես աղոթում եմ, որ Իսրայելի զավակների պես, մենք բոլորս մտնենք մեր «խոստումի երկիր» և հանգիստ գտնենք Տիրոջ օրհնություններում: Այս ամենն ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Տպել