Պատրաստվածությունը օրհնություններ է բերում
Եկեք բարձր գնահատենք մեր կոչումները, եկեք անդրադառնանք մեր պատասխանատվություններին և հետևենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Եղբայրներ, ոգեշնչող տեսարան եք դուք, որ այստեղ եք Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնում: Ապշեցուցիչ է, երբ գիտես, որ աշխարհի հազարավոր աղոթատներում Աստծո քահանայություն կրող ձեր ընկերները այս հեռարձակումը ստանում են արբանյակային հաղորդակցման միջոցով: Դուք տարբեր ազգություններ ունեք, տարբեր լեզուներով եք խոսում, սակայն մի ընդհանուր թել է կապում ձեզ միմյանց: Մեզ վստահվել է քահանայություն կրել և Աստծո անունով գործել: Մենք սուրբ վստահություն կրողներ ենք: Շատ բան է ակնկալվում մեզանից:
Իմ ամենավառ հիշողություններից մեկը կապված է մի քահանայության ժողովի մասնակցելու հետ, երբ ես նոր կարգված սարկավագ էի և երգում էինք բացման օրհներգը. «Եկեք Աստծո Որդիներ»: Այս երեկո ես արձագանքում եմ այդ հատուկ օրհներգի ոգուն և ասում ձեզ. «Եկեք քահանայություն ստացած Աստծո բոլոր որդիներ»:1 Եկեք բարձր գնահատենք մեր կոչումները, եկեք անդրադառնանք մեր պատասխանատվություններին և հետևենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Քսան տարի առաջ ես մասնակցեցի մի հաղորդության ժողովի, որտեղ երեխաները ծրագիր էին ներկայացնում` «Ես պատկանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն» թեմայով: Այդ տղաներն ու աղջիկները ներկայացնում էին, որ պատրաստվում են Տիրոջը և մյուսներին ծառայելուն: Երաժշտությունը գեղեցիկ էր, ոտանավորները վարժ էին արտասանվում, ոգին` երկնքից ուղարկված: Իմ թոռնիկներից մեկը, որն այդ ժամանակ 11 տարեկան էր, ծրագրի իր մասը ներկայացնելիս խոսեց Առաջին Տեսիլքի մասին: Որից հետո, երբ նա մոտեցավ իր ծնողներին և տատիկին ու պապիկին, ես ասացի նրան. «Թոմի, կարծում եմ դու գրեթե պատրաստ ես միսիոներ դառնալուն»:
Նա պատասխանեց. «Դեռ ոչ, ես դեռևս շատ բան ունեմ սովորելու»:
Հետևյալ տարիներին Թոմին սովորեց` ի շնորհիվ իր ծնողների, եկեղեցու նվիրված և բարեխիղճ ուսուցիչների և խորհրդատուների: Երբ արդեն տարիքն էր, նա կանչվեց միսիա ծառայելու, որը նա կատարեց ամենապատվավոր ձևով:
Երիտասարդներ, ես հորդորում եմ ձեզ պատրաստվել որպես միսիոներ ծառայելուն: Շատ գործիքներ կան, որոնք կօգնեն ձեզ դասեր սովորել, որոնք ձեզ համար օգտակար կլինեն և կօգնեն ապրել այնպիսի կյանքով, որ դրան արժանի լինեք: Նման գործիքներից է Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը, որը հրատարակվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո: Այն ներկայացնում է չափանիշներ Եկեղեցու ղեկավարների գրվածքներից և ուսմունքներից, սուրբ գրություններից, որոնք եթե պահեք, ձեզանից յուրաքանչյուրին օրհնություններ կբերի մեր Երկնային Հորից և առաջնորդություն` Նրա Որդուց: Նաև աղոթքով խորհելուց հետո մանրակրկիտ պատրաստված դասերի ձեռնարկներ կան: Ընտանիքներն ունեն ընտանեկան երեկոներ, որի ժամանակ ավետարանի ուսմունքներն են ուսուցանվում: Դուք գրեթե բոլորդ հնարավորություն ունեք հաճախելու սեմինարիայի դասերին, որտեղ ուսուցանում են նվիրված ուսուցիչներ, ովքեր շատ բան ունեն ձեզ ասելու:
Սկսեք պատրաստվել տաճարային ամուսնությանը, ինչպես նաև միսիային: Պատշաճ ժամադրությունը այդ պատրաստության մի մասն է: Այն երկրներում, որտեղ ժամադրվելը ընդունված է, մի ժամադրվեք մինչև 16 տարեկանը: «Ոչ բոլոր անչափահասները ժամադրվելու կարիք կամ անգամ ցանկություն ունեն: … Երբ դուք սկսում եք ժամադրվել, գնացեք խմբերով կամ երկու զույգերով: … Անպայման ձեր ծնողներին ներկայացրեք և ծանոթացրեք նրանց, ում հետ ժամադրվում եք: Քանի որ ժամադրվելը ամուսնության համար նախապատրաստություն է, ժամադրվեք միայն նրանց հետ, ովքեր բարձր չափանիշներ ունեն»:2
Զգույշ եղեք, որպեսզի գնաք այնպիսի վայրեր, ուր լավ մթնոլորտ է տիրում, որտեղ գայթակղության չեք հանդիպի:
Մի իմաստուն հայր այսպես է ասել իր որդուն. «Եթե դու երբևէ հայտնվես մի վայրում, ուր չպետք է լինեիր, դուրս արի այդտեղից»: Լավ խորհուրդ բոլորիս համար:
Տիրոջ ծառաները միշտ խորհուրդ են տվել մեզ պատշաճ հագուստ կրել, որով ցույց կտանք հարգանք մեր Երկնային Հոր և ինքներս մեր հանդեպ: Ձեր հանգնելաոճը մյուսներին ուղերձ է հղում ձեր մասին և հաճախ ազդում է ձեր և մյուսների վարքագծի վրա: Այնպես հագնվեք, որ ձեր և մյուսների մեջ լավագույն վարքը խրախուսեք: Հագուստի և տեսքի մեջ խուսափեք ծայրահեղություններից, ներառյալ դաճվածքներն ու դակումները:
Ամեն ոք լավ ընկերոջ կարիք ունի: Ձեր ընկերական շրջապատը մեծապես կազդի ձեր մտածելակերպի և վարքի վրա, ինչպես դուք կազդեք նրանց վրա: Երբ ընկերների հետ կիսում եք նույն արժեքները, դուք կարող եք ամրապնդել և խրախուսել միմյանց: Բոլորին բարյացակամորեն և արժանապատվորեն վերաբերվեք: Շատ ոչ անդամներ գալիս են Եկեղեցի ընկերների միջոցով, ովքեր նրանց Եկեղեցու միջոցառումներին են հրավիրում:
Հաճախ կրկնվող խոսքը միշտ ճիշտ է` «Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է»:3 Վերջին Օրերի Սուրբ երիտասարդն ապրում է այնպես, ինչպես ուսուցանում և հավատում է: Նա ազնիվ է մյուսների հետ: Նա ազնիվ է ինքն իր հետ: Նա ազնիվ է Աստծո հետ: Նա ազնիվ է սովորությամբ և ընդհանրապես: Դժվար որոշում կայացնելիս նա երբեք չի հարցնում իրեն. «Ի՞նչ կմտածեն մյուսները», այլ` «Ի՞նչ կմտածեմ ինքս իմ մասին»:
Ոմանց համար գայթակղությունը կգա անպատվելու ազնվության անձնական չափանիշը: Համալսարանում, որ ես սովորում էի, բիզնեսի օրենքի դասին հիշում եմ հատուկ մի դասընկեր երբեք պատրաստ չէր լինում դասարանային քննարկումներին: Ես մտածում էի. «Ինչպե՞ս է նա հանձնելու ավարտական քննությունը»:
Ես հասկացա դա, երբ նա դասարան մտավ ավարտական քննությանը: Ձմեռ էր, իսկ նա բոբիկ ոտքերին հագել էր սանդալներ: Ես զարմացել էի և քննությունը սկսվելուց հետո նրան էի հետևում: Մեր բոլոր գրքերը նա շարել էր գետնին, ինչպես սովորեցրել էին: Ապա ոտքերից հանելով սանդալները ոտքի մատերով, որոնք նա վարժեցրել էր և հատուկ գլիցերին քսել, վարպետորեն թերթում էր գետնին դրված գրքի էջերը, և այնտեղ նայում քննության հարցերը:
Նա բարձր գնահատական ստացավ բիզնեսի օրենք առարկայից: Սակայն հաշվետվության օրը եկավ: Ավելի ուշ, երբ նա արդեն պատրաստվել էր հանձնելու ընդհանուր քննությունը, առաջին անգամ քննություն վերցնող դեկանն ասաց. «Այս տարի ես կշեղվեմ ավանդույթից և գրավոր թեստի փոխարեն բանավոր քննություն կանցկացնեմ»: Մեր սիրելի վարժված ոտքի մատերով մասնագետը անակընկալի եկավ և քննությունից կտրվեց:
Ձեր խոսելաոճը և բառերը, որ գործածում եք, շատ բան են ասում ձեր կերպարի մասին: Օգտագործեք այնպիսի լեզու, որը կոգևորի և կբարձրացնեք ձեր շրջապատում գտնվողներին: Անպարկեշտ, գռեհիկ կամ կոպիտ լեզուն և անպարկեշտ կամ դատարկ կատակները վիրավորական են Տիրոջ համար: Երբեք անտեղի մի գործածեք Աստծո կամ Հիսուս Քրիստոսի անունը: Տերն ասել է. «Քո Եհովա Աստծո անունը դատարկ տեղը չհիշես»:4
Մեր Երկնային Հայրը խորհուրդ է տվել մեզ հետամուտ լինել այն ամենին, ինչը «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»:5 Ինչ որ կարդում եք, լսում կամ դիտում, ձեզ վրա տպավորություն է գործում:
Պոռնոգրաֆիան հատկապես վտանգավոր և հակում առաջացնող է: Պոռնոգրաֆիայի հանդեպ դրսևորված հետաքրքությունը կարող է դառնալ համակող սովորույթ, որը կտանի դեպի ավելի գռեհիկ նյութեր և սեռական մեղք: Ամեն գնով խուսափեք պոռնոգրաֆիայից:
Մի վախեցեք դուրս գալ կինոդիտումից, անջատել հեռուստացույցը կամ փոխել ռադիոալիքը, եթե այն ինչ ներկայացվում է, չի համապատասխանում Երկնային Հոր չափանիշներին: Այսինքն, եթե ձեր մոտ հարց է ծագում, թե արդյոք պաշտաճ է տվյալ կինոնկարը, գիրքը կամ զվարճանքի այլ ձևը, մի դիտեք այն, մի կարդացեք և մի մասնակցեք:
Պողոս Առաքյալը հայտարարել է. «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակուած է ձեզանում … Աստծո տաճարը սուրբ է` որ դուք եք»:6 Եղբայրներ, մեր պատասխանատվությունն է մեր տաճարները մաքուր ու անաղարտ պահել:
Թմրանյութերը, դեղատոմսով դեղերի սխալ օգտագործումը, ալկոհոլը, սուրճը, թեյը և ծխախոտը քայքայում են ֆիզիակական, մտավոր և հոգևոր առողջությունը: Ցանկացած տեսակի ալկոհոլ վնասակար է ձեր հոգու և ձեր մարմնի համար: Ծխախոտը կարող է գերության մատնել ձեզ, թուլացնել ձեր թոքերը և կարճացնել ձեր կյանքը:
Երաժշտությունը կարող է օգնել ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը: Այն կարող է օգտագործվել կրթելու, շենացնելու, ոգեշնչելու և միավորելու համար: Սակայն, երաժշտությունը իր ռիթմով, բաբխող զարկերով, ուժգնությամբ և խոսքով կարող է բթացնել ձեր հոգևոր զգայունությունը: Դուք չեք կարող հանդուրժել, որ անվայել երաժշտությունը լցնի ձեր միտքը:
Քանի որ սեռական հարաբերությունը շատ սուրբ է, Տերը պահանջում է ինքնտիրապետում և մաքրություն նախքան ամուսնությունը, ինչպես նաև բացարձակ հավատարմություն ամուսնությունից հետո: Ժամադրվելիս ձեր ընկերոջը հարգանքով վերաբերվեք, և ձեր ընկերոջից ակնկալեք նույն հարգանքը ձեր հանդեպ: Անխուսափելիորեն արցունքներ են հետևում զանցանքին:
Եկեղեցու իններորդ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը խորհուրդ է տվել. «Ես աղերսում եմ ձեզ` մաքուր մտքեր ունեցեք»: Ապա նա ճշմարտության վերաբերյալ այս կարևոր հայտարարությունն է անում. «Ամեն գործողությունից առաջ միտք է լինում: Եթե ցանկանում ենք վերահսկել մեր բոլոր գործողությունները, պետք է վերահսկենք մեր մտքերը»: Եղբայրներ, ձեր գլուխը լցրեք լավ մտքերով, և ձեր գործողությունները պատշաճ կլինեն: Թող որ ձեզանից յուրաքանչյուրը արտացոլի Թենիսոնից հետևյալ ճշմարտությունը, որն ասում է Սըր Գալահադը. «Իմ ուժը տաս հոգու ուժ է, որովհետև իմ սիտը մաքուր է»:7
Ոչ շատ վաղուց, դեռահասների սեռականության վերաբերյալ մի ուսումնասիրության հեղինակ ամփոփել էր իր հետազոտությունը ասելով, որ հասարակությունը խառը ուղերձ է հղում դեռահասներին. գովազդներն ու լրատվամիջոցները հղում են «ամենաուժեղ ուղերձները, որ սեռական ակտիվությունը ընդունելի է և նորմալ», քաջալերանքներ, որոնք երբեմն խեղդում են մասնագետների զգուշացումները և ծնողների աղերսները: Տերը խորտակում է լրատվամիջոցների բոլոր ուղերձները պարզ ու հստակ լեզվով, երբ ասում է մեզ. «Եղե՛ք մաքուր»:8
Երբ գայթակղությունը գալիս է, հիշեք Պողոս Առաքյալի իմաստուն խորհուրդը, որ հայտարարել է. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից. բայց Աստուած հավատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստե, որ կարողանաք համբերել»:9
Հաստատվելով որպես Եկեղեցու անդամ դուք Սուրբ Հոգու ընկերակցության իրավունքը ստացաք: Նա կարող է օգնել ձեզ ճիշտ ընտրություններ կատարել: Երբ խնդիրների և գայթակղությունների եք հանդիպում, չպետք է միայնակ զգաք: Հիշեք, աղոթքը հոգևոր ուժի անձնագիրն է:
Եթե որևէ մեկը սայթաքել է իր ճանապարհին, ետդարձի ուղի կա: Այդ ընթացքը կոչվում է ապաշխարություն: Մեր Փրկիչը մահացել է ձեզ և ինձ տալով այդ օրհնված պարգևը: Թեպետ ուղին դժվար է, խոստումը իրական է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան»:10
Մի վտանգեք ձեր հավերժական կյանքը: Պահեք Աստծո պատվիրանները: Եթե մեղանչել եք, որքան շուտ ետ դառնաք, այնքան շուտ կգտնեք քաղցր խաղաղություն և ուրախություն, որ գալիս է ներման հրաշքի հետ: Երջանկությունը գալիս է այն ապրելակերպից, ինչպես Տերն է ցանկանում դուք ապրեք, և Աստծուն և մյուսներին ծառայելուց:
Հաճախ հոգևոր ուժ է գալիս անձնուրաց ծառայության միջոցով: Մի քանի տարի առաջ ես այցելել էի Կալիֆորնիա Միսիա, ինչպես այն ժամանակ էր կոչվում, որտեղ հարցազրույց անցկացրեցի Ջորջիայից մի երիտասարդ միսիոների հետ: Ես հիշում եմ, որ հարցրեցի նրան. «Դու ամեն շաբաթ նամակ ուղարկո՞ւմ ես քո ծնողներին»:
Նա պատասխանեց. «Այո, Եղբայր Մոնսոն»:
Ապա հարցրեցի. «Դու ուրախանո՞ւմ ես տնից նամակներ ստանալիս»:
Նա չպատասխանեց: Ապա ես հետաքրքվեցի. «Ե՞րբ ես վերջին անգամ տնից նամակ ստացել»:
Դողացող ձայնով նա պատասխանեց. «Ոչ մի անգամ տնից նամակ չեմ ստացել: Հայրս միայն սարկավագ է, իսկ մայրս Եկեղեցու անդամ չէ: Նրանք խնդրում էին, որ ես միսիա չգնամ: Նրանք ասում էին, որ եթե միսիայի մեկնեմ, նրանք ինձ նամակ չեն գրի: Ի՞նչ անեմ ես, Եղբայր Մոնսոն»:
Ես լուռ աղոթեցի իմ Երկնային Հորը. «Ի՞նչ ասեմ Քո այս երիտասարդ ծառային, որն ամեն ինչ զոհաբերել է Քեզ ծառայելու համար»: Եվ ոգեշնչումը եկավ: Ես ասացի. «Երեց, նամակ ուղարկիր մայրիկիդ և հայրիկիդ քո միսիայի ամեն շաբաթ: Նրանց պատմիր, թե ինչ ես անում: Ասա նրանց, թե որքան շատ ես նրանց սիրում, և ապա նրանց բեր քո վկայությունը:
Նա հարցրեց. «Այդ ժամանակ նրանք կգրե՞ն ինձ»:
Ես պատասխանեցի. «Այդ ժամանակ նրանք կգրեն քեզ»:
Մենք բաժանվեցինք, և ես գնացի իմ ճանապարհով: Ամիսներ անց ես մասնակցում էի Հարավային Կալիֆորնիայի ցցի համաժողովին, երբ մի երիտասարդ միսիոներ մոտեցավ ինձ և ասաց. «Եղբայր Մոնսոն, դուք հիշո՞ւմ եք ինձ: Ես այն միսիոներն եմ, որը ծնողներից նամակ չէր ստանում միսիայում գտնվելու առաջին ինը ամիսներին: Դուք ասացիք ինձ. «Ամեն շաբաթ նամակ ուղարկիր տուն, Երեց, և քո ծնողները քեզ կգրեն»: Ապա նա հարցրեց. «Դուք հիշո՞ւմ եք այդ խոստումը, Երեց Մոնսոն»:
Ես հիշեցի և հետաքրքվեցի. «Դու քո ծնողներից տեղեկություն ունե՞ս»:
Նա ձեռքը տարավ գրպանը և ռեզինով կապված մի խուրձ նամակներ հանեց, և այդ կապոցից առաջին նամակը հանելով ասաց. «Ծնողներս ինձ գրեցին: Լսեք, ինչ է գրում մայրս այս նամակում. «Որդիս, մենք հաճույքով ենք կարդում քո նամակները: Մենք հպարտանում ենք քեզանով, մեր միսիոներ: Կարո՞ղ ես կռահել: Հայրիկը կարգվել է քահանա: Նա պատրաստվում է մկրտել ինձ: Ես հանդիպում եմ միսիոներների հետ, և մեկ տարուց մենք ցանկանում ենք գալ Կալիֆորնիա, երբ դու կավարտես քո միսիան, որպեսզի քեզ հետ միասին մտնելով Տիրոջ տաճար դառնանք հավերժական ընտանիք»: Այդ երիտասարդ միսիոները հարցրեց. «Եղբայր Մոնսոն, Երկնային Հայրը մի՞շտ է պատասխանում աղոթքներին և կատարում Առաքյալի խոստումները»:
Ես պատասխանեցի. «Երբ մարդն ունի այնպիսի հավատ, որը դու ցուցաբերեցիր, մեր Երկնային Հայրը լսում է նման աղոթքներն ու պատասխանում Իր ձևով»:
Մաքուր ձեռքերը, անաղարտ սիրտը և պատրաստակամ միտքը դիպչել էին երկնքին: Երկնքից ուղարկված օրհնությունը պատասխանել էր միսիոների խոնարհ սրտի ջերմեռանդ աղոթքին:
Եղբայրներ, իմ աղոթքն է` այնպես ապրենք, որ մենք ևս դիպչենք երկնքին և նմանապես օրհնվենք, ամեն մեկս: բոլոր օրհնությունները Տվողի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: