2010
Որ մեր երեխաները կարողանան տեսնել Փրկչի երեսը
Մայիս 2010


Որ մեր երեխաները կարողանան տեսնել Փրկչի երեսը

Որպես ծնողներ և ղեկավարներ այս աճող սերնդի առաջ մեր սուրբ պատասխանատվությունն է` բերել նրանց դեպի Փրկիչը:

Cheryl C. Lant

Մի քանի տարի առաջ ես ուսուցանում էի մանկական խմբի ղեկավարներին ինչպես ավետարանի կարճ դաս մատուցել շատ փոքր երեխաներին: Ղեկավարներից մեկի ծնկներին էր նստած նրա փոքրիկ տղան: Ես ձեռքս վերցրեցի Փրկչի նկարը և, ցույց տալով, թե ինչպես է պետք խոսել երեխաների հետ, սկսեցի պատմել Հիսուսի մասին: Փոքրիկ տղան սահեց մոր ծնկներից, չոքեչոք մոտեցավ ինձ, ուշադիր նայեց նկարին և դիպչեց երեսին: Երկխոսության այդ պահին ես հարց տվեցի. «Ո՞վ է սա»: Ժպիտը երեսին երեխան պատասխանեց. «Հիսուս»:

Այդ երեխան այնքան փոքր էր, որ դժվար թե կարողանար արտասանել իր անունը, բայց նա ճանաչեց նկարը և գիտեր Փրկչի անունը: Տեսնելով նրա քաղցր պատասխանը, ես մտածեցի Փրկչի խոսքերի մասին. «Միշտ փնտրեք Տիրոջ երեսը, որ կարողանաք համբերությամբ տիրել ձեր հոգիներին, և դուք կունենաք հավերժական կյանք» (ՎևՈւ101. 38):

Ի՞նչ է նշանակում տեսնել Փրկչի երեսը: Անշուշտ դա նշանակում է ոչ թե պարզապես ճանաչել Նրա նկարը: Իրեն փնտրելու Քրիստոսի հրավերը հրավեր է ճանաչել Իրեն, իմանալ այն, ինչ Նա արել է մեզ համար և ինչ նա խնդրել է մեզ անել: Գալ դեպի Քրիստոսը և ի վերջո տեսնել Նրա երեսը կարելի է միայն, եթե մենք մոտենանք Նրան մեր հավատքի և մեր գործերի միջոցով: Դա կյանքի տևողություն ունեցող գործընթաց է: Այսպիսով, ինչպե՞ս մենք փնտրենք Նրան այս կյանքում, որպեսզի կարողանանք տեսնել Նրա երեսը հաջորդ կյանքում:

3Նեփիում մենք մի պատմություն ունենք մարդկանց մասին, ովքեր իրականում տեսել են Փրկչին այս կյանքում: Եվ թեև մենք չենք կարող տեսնել նրան այժմ, մենք կարող ենք սովորել նրանց փորձից: Մահից հետո Փրկիչը հայտնվեց այդ մարդկանց, ուսուցանեց նրանց և օրհնեց նրանց: Այնուհետև «Եվ եղավ այնպես, որ նա պատվիրեց, որ իրենց փոքր երեխաներին բերեն» (3 Նեփի 17.11):

Որպես ծնողներ և ղեկավարներ այս աճող սերնդի առաջ մեր սուրբ պատասխանատվությունն է` բերել նրանց դեպի Փրկիչը, որպեսզի նրանք կարողանան տեսնել Նրա երեսը և մեր Երկնային Հոր երեսը: Այդպես, մենք մեզ նույնպես բերում ենք դեպի Նա:

Կրկին, հարցն այնէ, թե ինչպես մենք անենք դա, հատկապես մի աշխարհում, որը լի է շեղող հանգամանքներով: 3-րդ Նեփի-ում ծնողները սիրում էին Տիրոջը: Նրանք հավատացյալներ էին: Նրանք հավատում էին Հիսուսի հրաշքներին: Նրանք սիրում էին իրենց երեխաներին: Նրանք հավաքեցին նրանց լսելու Տիրոջ խոսքերը և հնազանդվելու` երեխաներին Իր մոտ բերելու Նրա պատվիրանին:

Նրանից հետո, երբ երեխաները բերվեցին Իր մոտ, Քրիստոսը ծնողներին խնդրեց ծնկի գալ: Ապա Նա նրանց համար արեց այն, ինչ արել է մեր բոլորի համար: Նա աղոթեց նրանց համար Հորը և դա այնքան «հիանալի և հրաշալի էր, որ խոսքերը չէին կարող նկարագրել» (3 Նեփի 17.16): Գալով Փրկչի մոտ և ընդունելով Նրա Քավությունը, այդ ծնողները ամրացան, որպեսզի անեին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իրենց երեխաներին «բերելու» համար:

Մեկ այլ բան, որ Քրիստոսը խնդրեց այդ ծնողներին անել, գտնում ենք 3 Նեփի 22.13-ում. «Բոլոր քո զավակները պետք է ուսուցանվեն Տիրոջ կողմից. և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը»:

Եվ այսպես, հետևելով Փրկչի հետ ունեցած իրենց սեփական փորձառությանը, այդ Նեփիացի ծնողները ուսուցանեցին իրենց երեխաներին Նրա մասին: Նրանք նրանց սովորեցրեցին սիրել Տիրոջը: Նրանք սովորեցրեցին նրանց Նրա ավետարանը: Նրանք սովորեցրեցին նրանց, թե ինչպես ապրել ըստ դրա: Նրանք այնքան լավ ուսուցանեցին նրանց, որ 200 տարի շարունակ արդարություն և խաղաղություն էր տիրում երկրում (տես 4 Նեփի 1.1–22):

Այժմ, ես կխնդրեմ ձեզ նայել ձեր շուրջը` նրանց, ում սիրում եք: Դա է ամենակարևորը` մեր ընտանիքները: Ես վստահ եմ, որ ամենից շատ դուք ցանկանում եք, որ այս ընտանիքը ձերը լինի հավերժ: 3-րդ Նեփիի պատմությունը կարող է մեզ օգնել մեր երեխաներին բերել Նրա մոտ, որովհետև այն տալիս է հետևելու ուղի: Նախ մենք պետք է սիրենք Տիրոջը մեր ողջ սրտով և պետք է սիրենք մեր երեխաներին: Երկրորդ, մենք պետք է դառնանք արժանի օրինակներ նրանց համար, շարունակ փնտրելով Տիրոջը և աշխատելով ապրել ավետարանով: Երրորդ, մենք պետք է ուսուցանենք մեր երեխաներին ավետարանը և ինչպես ապրել դրա ուսմունքներով:

Դեպի Փրկիչը մեր երեխաներին բերելու այս ուղուն հետևելը գործընթաց է: Եկեք կրկին դիտարկենք ուղին: Նախ մենք պետք է սովորենք սիրել Տիրոջը և մեր ընտանիքներին: Սա պահանջում է ժամանակ, փորձ, հավատք և անձնվեր ծառայություն: Ապա, լցվելով Տիրոջ սիրով, մենք կարող ենք սիրել: Նա կարող է լաց լինել մեր արածի համար, բայց Նա սիրում է մեզ և միշտ պատրաստ է օգնել մեզ: Ահա ինչպես մենք պետք է սովորենք սիրել մեր երեխաներին:

Երկրորդ, մենք պետք է դառնանք արժանի օրինակներ: Սա նույնպես գործընթաց է: Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները գան դեպի Քրիստոսը և տեսնեն Նրա երեսը, կարևոր է, որ մենք նույնպես ցանկանանք տեսնել նրան: Մենք պետք է իմանանք ճանապարհը, որպեսզի ցույց տանք նրանց: Մենք պետք է կարգուկանոնի մեջ պահենք մեր կյանքը, որպեսզի երեխաները նայեն և հետևեն մեզ: Մենք կարող ենք հարցնել. «Ի՞նչ են տեսնում իմ երեխաները, երբ նայում են իմ երեսին»: «Տեսնո՞ւմ են նրանք Փրկչի պատկերը իմ երեսին իմ ապրած կյանքի հետևանքով»:

Այժմ հիշեք, մեզանից ոչ մեկը չի լինի կատարյալ օրինակ մեր երեխաների համար, բայց մենք բոլորս կարող ենք դառնալ արժանի ծնողներ և ղեկավարներ: Արժանի լինելու մեր ձգտումը ինքնին օրինակ է ծառայում: Երբեմն մեզկթվա, թե չենք կարողանում, բայց մենք կարող ենք շարունակել փորձելը: Տիրոջ հետ և Նրա միջոցով մենք կարող ենք ամրանալ, դառնալով այն, ինչ պետք է դառնանք: Մենք կարող ենք անել այն, ինչ պետք է անենք:

Եվ երրորդ, մենք ունենք այն գործընթացը, որով կարող ենք բերել մեր երեխաներին դեպի Փրկիչը, ուսուցանելով նրանց ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններից և մարգարեների խոսքերը, և օգնելով նրանց զգալ և ճանաչել Հոգին: Անգամ ամենափոքր երեխաները կարող են հասկանալ և ընդունել հավերժական բնույթի բաները: Նրանք սիրում են սուրբ գրությունները և սիրում են մարգարեին: Նրանք բնազդաբար ուզում են լինել լավը: Մենք կարող ենք օգնել նրանց պահել երկնքի հետ կապը բաց: Մենք կարող ենք պաշտպանել նրանց այն ազդեցություններից, որոնք հեռացնում են Հոգուց: Մենք կարող ենք օգնություն և ուղղություն գտնել սուրբ գրություններում: Մենք նաև կարող ենք սովորեցնել մեր երեխաներին գտնել իրենց սեփական պատասխաններն այնտեղ: Մենք կարող ենք ուսուցանել մեր երեխաներին ճիշտ սկզբունքները և օգնել կիրառել դրանք իրենց կյանքում: Մենք կարող ենք ուղղորդել նրանց դեպի Հոգին, որպեսզի նրանք կարողանան ստանալ իրենց սեփական վկայությունը իրենց սովորած ճշմարտությունների մասին: Մենք կարող ենք օգնել նրանց ուրախություն գտնել ավետարանում: Սա կկառուցի հավատքի և հնազանդության հաստատուն հիմք իրենց կյանքում, ինչը կամրացնի նրանց:

Այս ամենը հեշտ չէ: Նեփիացիների մասին պատմությունն ասում է, որ այդ ընտանիքները 200 տարի խաղաղության մեջ ապրեցին: Բայց չի ասում, որ այդ 200 տարիները անցան առանց ջանքերի, մեծ ջանքերի: Բայց անշուշտ դա պահանջել է մեծ ջանքեր: Դա պահանջում է ծանր աշխատանք և հավատք, ոչինչ ավելի կարևոր կամ հատուցող չի: Եվ Տերը կօգնի մեզ, քանզի Նա սիրում է այս երեխաներին ավելի, քան մենք: Նա սիրում է նրանց, և Նա կօրհնի նրանց:

Դուք կհիշեք, որ Նա օրհնեց Նեփիացի երեխաներին, անհատապես, և աղոթեց նրանց համար (տես 3 Նեփի 17.14–17, 21): Այնուհետև. «նա խոսեց բազմության հետ, և ասաց նրանց. Նայեք ձեր փոքրիկներին»:

Եվ երբ նրանց նայեցին՝ տեսնելու համար, նրանք գցեցին իրենց աչքերը դեպի երկինք, և նրանք տեսան երկինքները բաց, և նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից, կարծես թե կրակի մեջ էին, և նրանք իջան վար և օղակեցին այն փոքրիկների շուրջը, և նրանք շուրջանակի, օղակված էին կրակով, և հրեշտակները սպասավորում էին նրանց» (3 Նեփի l7.23–24):

Կարո՞ղ են մեր երեխաները նման օրհնություններ զգալ այսօր: Երեց Մ. Ռասել Բալլարդն ասել է. «Անշուշտ, նրանց, ում վստահվել են այս թանկարժեք երեխաները, տրվել է սուրբ և ազնվագույն հանձնարարություն, քանզի մենք ենք այն մարդիկ, ում Աստված նշանակել է այսօր, որ շրջապատեն երեխաներին սիրով և հավատքի կրակով և հասկացողությամբ, թե ով ենք մենք» (“Behold Your Little Ones,” Tambuli, Oct. 1994, 40):

Եղբայրներ և քույրեր, մենք հրեշտակներ ենք, որոնց Երկնային Հայրը ուղարկել է այսօր օրհնելու համար երեխաներին, և մենք կարող ենք օգնել նրանց մի օր տեսնել Փրկչի երեսը, եթե ուսուցանենք ավետարանի սկզբունքները և լցնենք մեր տները դրանցով ապրելու ուրախությամբ: Միասին մենք կարող ենք ճանաչել Նրան: Մենք կարող ենք զգալ Նրա սերը և Նրա օրհնությունները: Եվ Նրա միջոցով մենք կարող ենք վերադառնալ Հոր ներկայություն: Մենք անում ենք սա, որովհետև ուզում ենք լինել հնազանդ, հավատարիմ և պարտաճանաչ Նրա ուսմունքներին հետևելիս:

«Ճշմարիտ, այսպես է ասում Տերը. Կլինի այնպես, որ ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ» (ՎևՈւ 93.1):

Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ Աստված ապրում է, Հիսուս Քրիստոսը Նրա Որդին է, մեր Փրկիչը և Քավիչը: Նա մեզ հրավիրել է գալ դեպի Նա և պատվիրել է բերել մեր երեխաներին, որպեսզի մենք միասին կարողանանք տեսնել Նրա երեսը և հավերժ ապրել Նրա հետ և մեր Հոր հետ երկնքում: Իմ աղոթքն է, որ մենք բոլորս կարողանանք աշխատել և ստանալ այս մեծ օրհնությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: