Մայրերը երեխաներին սովորեցնում են տանը
Ես հավատում եմ, որ աստվածային ծրագրով մայրական դերի մեջ է ամփոփվում հաջորդ սերնդին սնուցելն ու ուսուցանելը:
Վերջերս ես հնարավորություն եմ ունեցել ճամփորդելու Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի հետ Միացյալ Նահանգների կենտրոնական տարածքի հինգ քաղաքներով: Մեր այցելած բոլոր քաղաքներում լիաժամկետ միսիոներների հետ ժողով անցկացնելուց հետո մենք միսիոներական աշխատանքի վերաբերյալ ժողով էինք անցկացնում ցցերի և ծխերի ղեկավարների հետ: Այդ երկու ժողովների միջև ցցի Սփոփող Միությունը թեթև ճաշ էր պատրաստում մեզ համար, որի ժամանակ հնարավորություն էինք ունենում հանդիպել ցցերի նախագահների հետ: Երբ հասանք Միլվոուկի, Վիսկոնսին, երկու երիտասարդ ընտանիքներ դիմել էին Սփոփող Միությանը, որպեսզի իրենք պատրաստեին և մատուցեին ճաշը: Ամուսիններն աշխատում էին խոհանոցում, իսկ մայրերը հետևում էին սեղանին և ուտելիքի սպասարկմանը: Երեք երեխաները իրենց մայրերի հսկողության ներքո սեղանն էին դասավորում և ուտելիքը մատուցում: Դա մայրերի համար երեխաներին ուսուցանելու հնարավորություն էր: Շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես են երեխաներն արձագանքում մայրերի կողմից սովորեցրած ամեն մի մանրուքին: Նրանք կատարում էին իրենց առաջադրանքը ամբողջովին և լիարժեք:
Այդ դեպքն ինձ հիշեցրեց, ինչպես եմ ես սովորել իմ մայրիկից: Ինչպես Նեփի մարգարեն և նաև ձեզանից շատերը, ես ծնվել եմ լավ ծնողներից (տես 1Նեփի 1.1):
Վերջերս իմ հարազատներից մեկը ինձ ցույց տվեց չորս տետր, որտեղ մայրս գրառումներ էր կատարել Սփոփող Միության դասարանում դասավանդելու տարիներին: Կան նաև ուրիշ տետրեր, որոնք ես դեռևս չեմ թերթել, սակայն այդ բոլոր տետրերը ներկայացնում են այն հարյուրավոր ժամերը, որ մայրս անցկացրել է դասերին պատրաստվելիս:
Մայրս մեծ ուսուցիչ էր, նա ջանասիրաբար և մանրակրկիտ էր պատրաստվում: Ես հստակ հիշում եմ նրա դասերին նախորդող օրերը: Իր դասին պատրաստվելիս սեղանը ծածկվում էր գրքերով և գրառումներով: Նա այնքան շատ նյութ էր պատրաստում, որ վստահ եմ միայն դրա մի փոքր մասն էր օգտագործվում դասի ժամանակ, սակայն նաև վստահ եմ, որ իր պատրաստածի ոչ մի մասն անտեղի չի վատնվել: Ինչպե՞ս կարող եմ այդ մասին այդքան վստահորեն ասել: Նրա տետրերի էջերը թերթելով, կարծես, լսում էի ինչպես է կրկին մայրս ուսուցանում ինձ: Կրկին համոզվեցի, որ նրա տետրերում ցանկացած թեմայի մասին չափից շատ նյութ կար դասարանում մեկ դասի ընթացքում ներկայացնելու համար, սակայն այն, ինչ նա չէր օգտագործում դասարանում կիրառում էր իր երեխաներին ուսուցանելիս:
Կարելի է վստահությամբ ասել, որ չնայած մայրս շատ լավ ուսուցիչ էր Սփոփող Միության քույրերի համար, նա իր լավագույն ուսուցումը անցկացրել է իր երեխաների համար` տանը: Անշուշտ, սա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ նա ավելի շատ ժամանակ անցկացնում էր իր երեխաներին ուսուցանելիս, քան Սփոփող Միության քույրերին ուսուցանելիս, սակայն, կարծում եմ, որ նա այդքան մանրակրկիտ պատրաստվում էր, առաջինը, իր երեխաներին Եկեղեցու տքնաջան ծառայության օրինակ լինելու համար, և երկրորդ, որովհետև նա հասկանում էր, որ այն, ինչ սովորում էր իր դասերին պատրաստվելիս, կարող էր մշտապես օգտագործել ավելի բարձր նպատակի համար` իր որդիներին և դուստրերին սովորեցնելիս:
Խնդրում եմ, թույլ տվեք մի պահ կանգ առնել և ձեզ հետ կիսվել այն մի քանի դասերով, որ ես սովորել եմ իմ մայրիկից՝ տանը ավետարանն ուսուցանելու մասին: Մայրս հասկանում էր իր երեխաներին դեռևս մանկուց չափանիշները, արժեքները և վարդապետությունը ուսուցանելու գինը: Թեպետ նա երախտապարտ էր մյուսներին, ովքեր իր երեխաներին ուսուցանում էին դրսում, լիներ դա դպրոցում, թե եկեղեցում, նա հասկանում էր, որ ծնողներին է վստահված իրենց երեխաներին կրթելը, և ի վերջո ծնողները պետք է հավաստիանան, որ իրենց երեխաները սովորում են այն, ինչ Երկնային Հայրը կցանկանար, որ նրանք սովորեին: Մայրս ինձ և մյուս երեխաներին զգուշորեն քննում էր, թե ինչ ենք սովորել դրսում, հավաստիանալու համար, որ ճիշտ դասեր են հասել մեր ականջներին և մեր մտքին:
Ես հիշում եմ այն օրերը, երբ վազելով գալիս էի տուն, մտածելով, որ արդեն ազատ եմ օրվա դասերից, սակայն այդ պատրանքը արագ անհետանում էր, երբ տեսնում էի մայրս դռան շեմին կանգնած ինձ է սպասում: Երբ փոքր էինք, մեզանից յուրաքնչյուրը խոհանոցում սեղան ուներ, որտեղ մայրս շարունակում էր ուսուցանել մեզ, երբ տան գործերն էր կատարում և ընթրիք պատրաստում: Նա էությամբ ուսուցիչ էր և մեր դպրոցի կամ եկեղեցու ուսուցիչներից շատ ավելի պահանջկոտ էր:
Մայրիկս աշխարհիկ և հոգևոր դասեր էր սովորեցնում մեզ: Նա հավաստիանում էր, որ մենք բոլորս կատարել ենք տնային աշխատանքը, որը հաճախ նրա օգնությամբ էինք անում: Նա նաև Սփոփող Միության դասերն էր պարապում մեզ հետ: Մենք իհարկե լսում էինք տետրում գրված չկրճատված տարբերակը, ոչ թե մեկ դասաժամին համապատասխանող կրճատված տարբերակը:
Տանը սովորելու մաս էին կազմում սուրբ գրությունները, ներառյալ Հավատո Հանգանակը, և մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերը մտապահելը: Մայրս համոզված էր, որ միտքը կթուլանա, եթե մշտապես չմարզվի: Նա մեզ սովորեցնում էր սպասքը լվանալ, կարագ հարել և այլ գործերում օգնել: Նա համոզված էր, որ չպետք է թույլ տալ երեխաների միտք սողոսկեն դատարկ մտքերը, անգամ երբ նրանք ֆիզիկական աշխատանք են կատարում:
Ես չեմ օգտագործում մայրիկիս որպես օրինակ այսօրվա աշխարհի ծնողների համար: Ժամանակներն այլ են, սակայն ժամանակների փոխվելու հետ մեկտեղ ծնողների ուսուցումը երբեք չպետք է արժեզրկվի: Շատ գործեր են կապում մի սերնդին մյուսին, սակայն այդ գործերից ամենակարևորը հավանաբար տանը ծնողների կողմից երեխաներին ուսուցանելն է: Դա հատկապես ճիշտ է, երբ մենք արժեքներ, բարոյական և էթիկական չափանիշներ և հավատ ենք ուսուցանում:
Տանն ուսուցանելու կարևորությունը շատ է մեծանում այսօրվա աշխարհում, որտեղ հակառակորդի ազդեցությունը լայն տարածում է գտել, և նա հարձակվում է, փորձելով աղճատել և քայքայել մեր հասարակության բուն հիմքը` ընտանիքը: Ծնողները պետք է գիտակցեն, որ տանն ուսուցանելն ամենասուրբ և ամենակարևոր պարտականությունն է: Չնայած մյուս հաստատությունները, եկեղեցին և դպրոցը, կարող են աջակցել ծնողներին՝ «կրթելու երեխային իր ճանապարհին համեմատ» (Առակաց ԻԲ.6), ի վերջո, այդ պատասխանատվությունը ընկած է ծնողների վրա: Ըստ երջանկության մեծ ծրագրի, ծնողներին է վստահված մեր Երկնային Հոր զավակների խնամքն ու զարգացումը: Մեր ընտանիքները Նրա աշխատանքի և փառքի անբաժանելի մասն են կազմում՝ «իրականացնելու մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Աստծո հավերժական ծրագրում ծնողներն են կատարում հիմնական դերը իրենց երեխաների կյանքում: Բարեբախտաբար, նրանց կյանքում այլ մարդիկ էլ են ներգրավվում, ովքեր կարող են անել այն, ինչ ծնողները չեն կարող: Ամեն դեպքում, Տերը ծնողներին է պատվիրել լույսի և ճշմարտության մեջ մեծացնել իրենց զավակներին (տես ՎևՈւ 93.40):
Ծնողները պետք է լույս ու ճշմարտություն բերեն իրենց տուն`ամեն անգամ ընտանեկան աղոթքի, սուրբ գրություն ուսումնասիրելու, ընտանեկան երեկոյի, բարձրաձայն գիրք կարդալու, երգի և ընտանեկան ճաշի միջոցով: Նրանք գիտեն, որ ամեն օր արդարակյաց, բարեխիղճ, հետևողական ձևով ծնողական պարտականությունները կատարելը աշխարհում բարու ամենահզոր և կենսունակ ուժն է: Ցանկացած հասարակության կենսունակության, մարդկանց երջանկության, նրանց բարգավաճման և խաղաղության արմատները գտնվում են տանը երեխաներին սովորեցնելու մեջ:
Երեց Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «Ծնողների պարտականությունն է ուսուցանել իրենց զավակներին Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկող սկզբունքները, որպեսզի նրանք կարողանան իմանալ, թե ինչու պետք է մկրտվեն և մկրտությունից հետո իրենց սրտում ցանկություն ունենան շարունակել պահել Աստծո պատվիրանները, որ նրանք կարողանան գնալ ետ` նրա ներկայություն: Իմ լավ եղբայրներ և քույրեր, դուք ցանկանո՞ւմ եք ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին ձեզ հետ ունենալ, դուք ցանկանո՞ւմ եք կնքվել ձեր նախահայրերի և նախամայրերի հետ: … Եթե ցանկանում եք, ապա պետք է ուսուցանելը սկսեք օրորոցից: Դուք պետք է ուսուցանեք և’ օրինակով, և’ ցուցումով» (in Conference Report, Oct. 1948, 153):
Տանն ուսուցչի դեր կատարող մայրիկիս օրինակը հիմնականում սովորեցնելու վերաբերյալ մեկ այլ միտք է: Եկեղեցու ղեկավարները շատ ժամանակ են տրամադրում, մտածելով, թե ինչպես կարելի է բարելավել Եկեղեցու ուսուցումը: Ինչո՞ւ ենք մենք այդքան ժամանակ և ջանքեր ներդնում: Որովհետև հավատում ենք ուսուցման անսահման զորությանը, որն անհատների հավատն է ավելացնում և ընտանիքներ ամրապնդում: Ես հավատում եմ, որ Եկեղեցում ուսուցումը բարելավելու համար ամենաարդյունավետ միջոցներից մեկը մեր տներում ուսուցումը բարելավելն է: Տանն ուսուցանելը պատրաստում է մեզ ավելի արդյունավետ ուսուցմանը Եկեղեցում, իսկ Եկեղեցում ուսուցանելն օգնում է մեզ ավելի արդյունավետ ուսուցանել տանը: Ողջ Եկեղեցում կան ճաշի սեղաններ` ծածկված տարբեր ուսումնական նյութերով և ուսուցանվող դասերի վերաբերյալ մտքերով լի տետրեր: Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու համար չափից շատ պատրաստվել հնարավոր չէ, քանզի ավետարանի ներըմբռնումներն, անկախ նրանից դասի ժամանակ կօգտագործվեն, թե ոչ, կարող են միշտ ուսուցանվել տանը:
«Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին» ոգեշնչված հռչակագիրը սահմանում է.
«Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար: «Որդիքը Տիրոջ ժառանգությունն են» (Սաղմոս ՃԻԷ.3): Ծնողների սուրբ պարտականությունն է` դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն:
… Ըստ աստվածային ծրագրի` հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ, և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այս սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ» (Liahona, Oct. 2004, 49):
Ըստ «Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին» հռչակագրի, տանն ուսուցանելու սկզբունքները, որոնք ես ուսուցանեցի, վերաբերում են մորը և հորը երկուստեք, սակայն դրանք հատկապես հատուկ են մոր դերին: Հայրերը հիմնականում իրենց օրվա մեծ մասն անցկացնում են տնից հեռու` իրենց աշխատանքի վայրում: Դա է մի քանի պատճառներից մեկը, որ տանը երեխային ուսուցանելու պատասխանատվությունը հիմնականում ընկած է մոր վրա: Չնայած հանգամանքները տարբեր են և միշտ անհնար է կատարյալ իրավիճակ ունենալ, ես հավատում եմ, որ աստվածային ծրագրով մայրական դերի մեջ է ամփոփվում հաջորդ սերնդին սնուցելն ու ուսուցանելը: Այսօր մենք այնքան շատ մարտահրավերներ ենք տեսնում կործանարար և ուշադրություն շեղող ազդեցությունների մեջ, որոնք նպատակ են հետապնդում շեղել Աստծո զավակներին: Մենք տեսնում ենք, որ շատ երիտասարդներ չունեն խորը, հոգևոր արմատներ հավատով կանգուն մնալու համար, երբ անհավատության և հուսահատության փոթորիկները մոլեգնում են նրանց շուրջը: Մեր Երկնային Հոր զավակներից շատերը տարվում են աշխարհիկ ցանկություններով: Ամբարշտության կատաղի գրոհը մեր երեխաների դեմ շատ ավելի խորամանկ և լկտիաբար է կատարվում, քան երբևէ: Տանը Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելը երեխաներին աշխարհիկ ազդեցություններից պաշտպանող ևս մեկ մեկուսիչ շերտ է ավելացնում:
Աստված օրհնի ձեզ, Սիոնի հրաշալի մայրեր և հայրեր: Նա ձեր խնամքին է հանձնել Իր հավերժական զավակներին: Որպես ծնողներ մենք գործընկերներ ենք Աստծո հետ` Իր զավակների մեջ Իր գործն ու փառքը իրականացնելու համար: Մեր սուրբ պարտականությունն է լավագույն ձևով գործել: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: