2010
Դարձեք դեպի Տերը
Մայիս 2010


Դարձեք դեպի Տերը

Երբեք թույլ մի տվեք աշխարհի հանգամանքները ձեզ հոգևոր վնաս պատճառեն:

Elder Donald L. Hallstrom

Տարիներ առաջ, ես ականատես եղա մի ցավալի դեպքի, որը դարձավ ողբերգություն: Մի երիտասարդ զույգ շուտով ունենալու էր իր առաջնեկին: Նրանց կյանքը լի էր սպասումով, և նրանք ոգևորված էին այդ սքանչելի իրադարձառությամբ: Ծննդաբերության ժամանակ բարդություններ առաջացան և նորածինը մահացավ: Սրտի ցավը վերածվեց վշտի, վիշտը` բարկության, բարկությունը մեղադրանքի, իսկ մեղադրանքը վերածվեց վրեժխնդրության` հանդեպ բժիշկը, որին լիովին պատասխանատու էին համարում: Ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները, միանալով ձգտում էին խորտակել բշկի համբավը և կարիերան: Երբ արդեն շաբաթներ և ապա ամիսներ տևած դառնությունը հյուծել էր ընտանիքին, նրանց դառնությունը դարձավ դեպի Տերը: «Ինչպե՞ս կարող էր Նա թույլ տալ նման սոսկալի բան»: Նրանք հրաժարվում էին Եկեղեցու ղեկավարների և անդամների հոգևոր սփոփանքից և ժամանակի ընթացքում հեռացան Եկեղեցուց: Դա այժմ արդեն իր ազդեցությունն է թողել այդ ընտանիքի չորս սերունդների վրա: Եթե մի ժամանակ Տիրոջ և Նրա Եկեղեցու հանդեպ հավատք և նվիրվածություն կար, այժմ արդեն տասնամյակներ է, ինչ այդ ընտանիքի ոչ մի անդամ հոգևոր ակտիվության մեջ չէ:

Կյանքի ամենադժվար իրավիճակներում հաճախ կա խաղաղության միայն մեկ աղբյուր: Խաղաղության Իշխանը` Հիսուս Քրիստոսը, Իր շնորհն է առաջարկում, հրավիրելով. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս ԺԱ.28–29): Այնուհետև Նա խոստանում է. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ» (Հովհաննես ԺԴ.27):

Իմ հայրական տատիկն ու պապիկը երկու զավակ ունեին` որդի (իմ հայրը) և դուստր: Հավայան կղզիներում միսիա և զինվորական ծառայություն կատարելուց հետո, հայրս կղզիներ վերադարձավ 1946թ.՝ որպես մասնագետ հաստատվելու և իր ընտանիքը մեծացնելու համար: Նրա ծնողները և քույրը ապրում էին Սոլթ Լեյք Սիթիում: Նա ամուսնացավ 1946թ. և չորս տարի անց երեխա էր սպասում: Մի շատ հատուկ բան կա ծնողների համար, ովքեր սպասում են իրենց դստեր (այս դեպքում միակ դստեր) առաջին ծննդաբերությանը: Ոչ ոք չգիտեր, որ նա զույգ է սպասում: Ցավոք, նա և զույգերը մահացան ծննդաբերության ժամանակ:

Իմ տատիկն ու պապիկը վշտի մեջ էին: Սակայն, վիշտն անմիջապես նրանց դարձրեց դեպի Տերը և Նրա Քավությունը: Առանց խորանալու, թե ինչու դա պատահեց և ով էր մեղավոր, նրանք կենտրոնացան արդարակյաց կյանքով ապրելու վրա: Իմ տատիկն ու պապիկը երբեք հարուստ չեն եղել, նրանք երբեք սոցիալական բարձր խավին չեն պատկանել, երբեք Եկեղեցում բարձր պաշտոններ չեն զբաղեցել, նրանք պարզապես նվիրված Վերջին Օրերի Սրբեր էին:

1956թ. թոշակի անցնելուց հետո նրանք տեղափոխվեցին Հավայան կղզիներ՝ իրենց միակ ժառանգների հետ լինելու համար: Հաջորդող տարիներին նրանք սիրով էին ապրում իրենց ընտանիքի հանդեպ, ծառայում էին Եկեղեցում, և, հիմնականում, նրանք պարզապես վայելում էին իրենց համատեղ կյանքը: Նրանք երբեք չեն ցանկացել առանձին լինել և անգամ խոսում էին, որ եթե իրենցից մեկը ավելի շուտ մահանա, մի միջոց գտնի իրենց վերամիավորվելու համար: Իրենց 90 ամյակի նախաշեմին 65 տարի ամուսիններ լինելուց հետո նրանք իրենց բնական մահով մահացան` միմյանցից սոսկ ժամերի տարբերությամբ: Լինելով նրանց եպիսկոպոսը ես վարեցի երկու թաղման արարողություն:

Արթ պապիկի և Լու տատիկի հավատարմությունը հատկապես դժվարության պահին, իր ազդեցությունն է թողել իրենց այժմ արդեն չորս սերունդների վրա: Ուղղակիորեն և խորապես այն ազդել է իրենց որդու (հայրիկիս) և մայրիկիս վրա, երբ ծնողներիս դուստրը, իրենց ամենափոքր դուստրը, մահացավ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքով: 34 տարեկանում, ծննդաբերությունից 10 օր անց, նա մահացավ թողնելով իր 10 օրականից մինչև 8 տարեկան չորս երեխաներին: Իրենց նախորդ սերնդի օրինակն աչքի առաջ, իմ ծնողներն առանց տատանվելու սփոփանք փնտրեցին Տիրոջից:

Ողջ աշխարհում և Եկեղեցում անդամ լինելը և մեծ ուրախություն է և մեծ ցավ: Երկուսն էլ ծրագրի մաս են: Առանց մեկի մենք չենք կարող իմանալ մյուսի մասին: «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25) և «քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի ամեն ինչում» (2 Նեփի 2.11) չեն հակասում, այլ լրացնում են իրար: Նկարագրելով իր դարձը դեպի Տերը Ալմա կրտսերն ասաց. «Իմ հոգին լցվեց ուրախությամբ` նույնքան սաստիկ, ինչպիսին իմ ցավն էր» (Ալմա 36.20):

Ոմանք հաղթահարում են մեծ խնդիրներ, մյուսները թույլ են տալիս, որ փոքր հարցերը մեծանան: Սայմոնդս Ռայդերը Քամբելիտ կրոնի ղեկավար էր, որը լսեց Եկեղեցու մասին և հանդիպեց Ջոզեֆ Սմիթին: Այդ հանդիպումից ոգեշնչված նա միացավ Եկեղեցուն 1831թ. հունիսին: Դրանից անմիջապես հետո նա կարգվեց երեց և կանչվեց միսիա ծառայելու: Սակայն Առաջին Նախագահության կողմից կանչվելու նամակում և իր պաշտոնապես քարոզելու նշանակման մեջ նրա անվան մեկ տառասխալ էր արվել: Նրա ազգանունը գրվել էր Ռիդեր, և ոչ թե` Ռայդեր, որը ճիշտ ձևն էր: Դա նրա մոտ կասկած հարուցեց իր կոչման և նրանց հանդեպ, ում կողմից եկել էր այդ նամակը: Նա որոշեց միսիայի չգնալ և հեռացավ, որն ատելություն ծնեց նրա մեջ, և նա դարձավ Ջոզեֆի և Եկեղեցու ընդդիմադիրը: 1832թ. մարտին, երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տնից գիշերը դաժանաբար դուրս էին տարվել և ձյութով ու փետուրներով պատվել, մի ձայն էր լսվել, որը գոռացել էր. «Սայմոնդս, Սայմոնդս, որտե՞ղ է ձյութով դույլը» (History of the Church, 1:262–263): 10 ամսից էլ քիչ ժամանակահատվածում Սայմոնդս Ռայդերը փափագող նորադարձից դարձավ ամբոխի ղեկավար, նա հոգևոր անկում ապրեց, որի համար սկիզբ հանդիսացավ վիրավորանքը, երբ իր անունը տառասխալով էր տպվել: Խնդրի մեծությունը չէ կարևոր, այլ դրա հանդեպ մեր արձագանքը, որը կարող է փոխել մեր կյանքի ընթացքը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը անձնական ողբերգությունը և ընդդիմությունը հաղթահարելու օրինակ է ծառայել: Լիբերթի Բանտի անմարդկային շրջապատում նրան հայտնվեց այս աստվածային հրահանգը (որը մասնավորապես տալիս էր մինչ այդ Ջոզեֆի կյանքի նկարագիրը և նաև նախազգուշացում): Եթե «հիմարները ծաղրեն քեզ, … եթե դու կանչվես անցնելու նեղության միջով. եթե դու վտանգի մեջ լինես կեղծ եղբայրների մեջ … Եթե դու մեղադրվես ամեն տեսակ կեղծ մեղադրանքներով. եթե քո թշնամիները հարձակվեն քո վրա, … եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը … և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդի՛ս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (ՎևՈւ 122.1, 5–7): Ապա հետևում է հիմնական խոսքը. «Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա» (հատված 8): Դրանից հետո տրվում են ստույգ հրահանգը և մեծ խոստումները: «Հետևաբար, շարունակիր ճանապարհդ, և … մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից» (հատված 9):

Հաջորդող տարիներին Ջոզեֆ Սմիթը շարունակեց արդարակեցորեն տոկալ նեղություններով լի կյանքում: Նա տվեց այս հավատքով լի հեռանկարը. «Ինչ վերաբերում է վտանգներին, որոնց միջով ես կանչված եմ անցնելու, դրանք ինձ չնչին բան են թվում … խորը ջրերում լողալն ինձ համար սովորական է դարձել … ես … նեղության մեջ փառք եմ տալիս … քանզի … Աստված … ինձ այդ ամենից ազատել է և կազատի նաև սրանից հետո» (ՎևՈւ 127.2): Մշտական հակառակությունը հաղթահարելու Ջոզեֆի վստահությունը պայմանավորված էր մշտապես Տիրոջը դառնալու նրա ունակությամբ:

Եթե զգում եք, որ ճիշտ վերաբերմունքի չեք արժանացել ինչ-որ մեկի կողմից (կլինի ընտանիքի անդամ, ընկեր, Եկեղեցու անդամ, Եկեղեցու ղեկավար, թե գործընկեր), կամ սխալ բան է տեղի ունեցել (լինի դա սիրելիի մահ, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, բռնություն, թե հակումներ), խնդրին նայեք ուղիղ և ձեր ողջ ուժով: «Շարունակիր ճանապարհդ» (ՎևՈւ 122.9), անձնատուր լինելն ընտրություն չէ: Եվ առանց հապաղելու դարձեք դեպի Տերը: Գործադրեք Նրա հանդեպ ձեր ողջ հավատքը: Թույլ տվեք, որ Նա կրի ձեր բեռը: Թույլ տվեք, որ Նրա շնորհը թեթևացնի ձեր բեռը: Մեզ խոստում է տրվել, որ «չենք տանի ոչ մի ձևի չարչարանքներ, այլ դրանք կուլ կգնան ուրախությանը Քրիստոսի» (Ալմա 31.38): Երբեք թույլ մի տվեք աշխարհի հանգամանքները ձեզ հոգևոր վնաս պատճառեն:

Իր ամենակարևոր գործը` Քավությունը կատարելիս պահանջվում էր, որ Հիսուսն իջներ «բոլոր բաներից ցած» (ՎևՈւ 88.6) և կրեր «բոլոր մարդկանց ցավերը» (2 Նեփի 9.21): Ուստի, մենք հասկանում ենք, որ Քավությունն ավելի մեծ նպատակ ուներ, քան մեղքը հաղթահարող միջոց լինելը: Ողջ աշխարհում նվաճումներից այս մեծագույնը Փրկչին զորություն է տալիս կատարելու այս խոստումը. «Եթե դուք սրտի ողջ նվիրվածությամբ դառնաք դեպի Տերը, և դնեք ձեր վստահությունը նրա վրա, և ծառայեք նրան մտքի ողջ ջանասիրությամբ, եթե դուք անեք այս … նա կազատի ձեզ ճորտությունից» (Մոսիա 7.33):

Այս առավոտ Զատիկը տոնելիս եկեք դառնանք դեպի Տերը, մեր «առավոտյան պայծառ Աստղը» (Հայտնություն ԻԲ.16): Ես վկայում եմ, որ Նա հավետ կլուսավորի մեր ճանապարհը, մեր ճշմարտությունը և մեր կյանքը (տես Հովհաննես ԺԴ.6), Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: