2010
Մայրեր և դուստրեր
Մայիս 2010


Մայրեր և դուստրեր

Այս վերջին օրերում կարևոր է, նույնիսկ վճռորոշ, որ ծնողները և երեխաները լսեն և սովորեն միմյանցից:

Elder M. Russell Ballard

Եղբայրներ և քույրեր, վեց ամիս առաջ ես քահանայության նիստում իմ խոսքն ուղղեցի հայրերին և որդիներին: Ինչպես հավանաբար ենթադրում եք, իմ 5 դուստրերը, 24 թոռնուհիները և անընդհատ մեծացող ծոռնուհիների թիվը պահանջում են հավասար ուշադրություն: Այսպիսով, այսօր ես կուղղեմ իմ խոսքը հիմնականում Եկեղեցու մայրերին և դուստրերին:

Իմ սիրելի կինը՝ Բարբարան, հավերժական կարևորության ազդեցություն է ունեցել մեր դուստրերի և թոռնուհիների վրա, իսկ նրանք էլ, իրենց հերթին, նրա վրա: Մայրերն ու դուստրերը վճռորոշ դեր են խաղում՝ օգնելով միմյանց գործադրել իրենց անսահման հնարավորությունները, չնայած աշխարհի կործանարար ազդեցություններին, որոնցով կանացի սեռը և մայրությունը այլասերվում է և նենգափոխվում:

Մոտավորապես մեկ դար առաջ իր խոսքն ուղղելով Եկեղեցու կանանց, Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Աշխարհիկ կանանց կողմից առաջնորդվելը ձեզ համար չէ, ձեզ համար է … առաջնորդել աշխարհի կանանց այն ամենում, ինչն արժանի է գովասանքի, ինչն Աստվածահաճո է, ինչ վեհացնող է և … մարդկանց զավակներին սրբագործող» (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 184):

Քույրեր, մենք՝ ձեր եղբայրները, չենք կարող անել այն, ինչ աստվածայնորեն նշանակված է անել ձեզ աշխարհի հիմնադրումից առաջ: Մենք կարող ենք փորձել, բայց մենք չենք կարող երբևէ հուսալ կրկնօրինակել ձեր անզուգական պարգևները: Այս աշխարհում չկա ոչ մի բան այնքան անձնական, այնքան դաստիարակչական կամ այնքան կյանքը փոխող, որքան արդարակյաց կնոջ ազդեցությունն է:

Ես հասկանում եմ, որ ձեզանից ոմանք՝ երիտասարդ կանայք, չունեն մայրեր, ում հետ կկարողանային քննարկել այս հարցերը: Եվ ձեզանից շատերը, կանայք, ներկայումս չունեն դուստրեր: Բայց քանի որ բոլոր կանայք իրենց աստվածային էությամբ ունեն ինչպես բնածին տաղանդ, այնպես էլ մայր լինելու պարտավորություն, իմ խոքերի մեծ մասը վերաբերվում է հավասարապես տատիկներին, հորաքույրներին, քույրերին, խորթ մայրերին, զոքանչներին, ղեկավարներին և այլ դաստիարակներին, ովքեր մայր-դուստր այս կարևոր հարաբերություններում երբեմն լցնում են ճեղքվածքները:

Երիտասարդ կանայք, ձեր մայրերը պաշտում են ձեզ: Նրանք տեսնում են ձեր մեջ ապագա սերունդների խոստումը: Ամենը, ինչ դուք իրագործում եք, ամեն մարտահրավեր, որ դուք հաղթահարում եք, բերում է նրանց ջինջ ուրախություն: Եվ նմանապես ձեր մտահոգություններն ու դառնությունները նրանց մտահոգություններն են ու դառնությունները:

Այսօր երիտասարդ կանայք, ես ցանկանում եմ տալ մի քանի առաջարկ, թե ինչպես ձեր մոր հետ ձեր փոխհարաբերությունից լիովին օգուտ քաղեք: Իսկ այնուհետև ես ունեմ մի քանի խոսք կիսելու մայրերիի հետ, թե ինչպես նրանք կարող են առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը՝ իրենց դուստրերի և իրենց ընտանիքների մյուս անդամների վրա:

Դժբախտաբար շատ հեշտ է բացատրել կանացի սեռի այդ ողջ խառնաշփոթությունն ու աղավաղումը ժամանակակից հասարակության մեջ: Անհամեստ, անբարոյական, անզուսպ կանայք, որոնք լցնում են ռադիո և հեռուստատեսային ալիքները, մենաշնորհացման են ենթարկում ամսագրերը և հայտնվում կինոէկրաններին, ողջ ժամանակ փառավորվելով աշխարհի կողմից: Պողոս Առաքյալը խոսել է մարգարեաբար «վտանգավոր ժամանակների» մասին, որոնք կգան վերջին օրերում և առանձնապես ակնարկում մի բանի մասին, որը հատկապես վտանգավոր էր թվացել նրան. «տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկություններով վարուած են» (Բ Տիմոթեոս Գ.1,6): Այսօրվա հանրահայտ մշակույթը հաճախ ստիպում է կանանց երևալ հիմար, աննպատակային, անմիտ և անզոր: Այն մարմնավորում է նրանց և պատվազրկում, իսկ հետո ենթադրում, որ նրանք կարող են թողնել իրենց հետքը մարդկության վրա միայն հրապուրանքի միջոցով՝ այլասերվածության ամենավտանգավոր ուղերձ, որը հակառակորդն ուղարկում է կանանց՝ իրենց վերաբերյալ:

Եվ այսպես, իմ սիրելի երիտասարդ կանայք, ողջ իմ սրտով ես հորդորում եմ ձեզ չնայել ժամանակակից մշակույթին՝ ձեզ համար ընդօրինակման մոդել կամ դաստիարակներ գտնելու նպատակով: Խնդրում եմ նայեք ձեր հավատարիմ մայրերի օրինակին՝ նրանց հետևելու համար: Ձևավորեք ձեզ նրանց նմանությամբ, ոչ թե հռչակավորների օրինակով, որոնց չափանիշները և արժեքները հավանաբար չեն արտահայտում հավերժական հեռանկարը: Նայեք ձեր մայրիկին: Սովորեք նրա ուժից, նրա քաջությունից և նրա հավատարմությունից: Լսեք նրան: Նա կարող է վարպետ չլինել ուղերձներ գրելիս, նա գուցեև նույնիսկ էջ չունենա Facebook-ում: Բայց ինչ վերաբերվում է սրտի և Տիրոջ բաներին, նա ունի գիտության հարստություն: Երբ մոտենում եք ամուսնությանը և երիտասարդ մայր դառնալուն, նա կլինի ձեր մեծագույն իմաստության աղբյուրը: Աշխարհում ոչ մի ուրիշ մարդ չի սիրում ձեզ այն նույն ձևով կամ կամենում զոհաբերել այնքան շատ՝ ձեզ քաջալերելու և օգնելու երջանկություն գտնել այս կյանքում և հավիտենականության մեջ:

Սիրեք ձեր մորը, իմ երիտասարդ քույրեր: Հարգեք նրան: Լսեք նրան: Վստահեք նրան: Նրա սրտին մոտ են բոլոր ձեր հետաքրքրությունները: Նա հոգ է տանում ձեր հավերժական ապահովության և երջանկության համար: Այսպիսով, բարի եղեք նրա հանդեպ: Եղեք համբերատար նրա թերությունների նկատմամբ, քանի որ նա ունի դրանք: Մենք բոլորս ունենք :

Այժմ, մայրեր, կարո՞ղ եմ կիսվել ձեզ հետ մի քանի մտքերով այն հատուկ դերի մասին, որ դուք եք խաղում ձեր դուստրերի կյանքում: Մենք ունենք մի ընտանիքի բարեկամ, որը հաճախ ճանապարհորդում է իր հեռու ազգականների հետ: Նրա հիմնական դիտարկումը յուրաքանչյուր ուղևորությունից հետո այն է, թե որքան են երիտասարդ կանայք վարվելակերպով նման իրենց մայրերին: Եթե մայրերը տնտեսող են, այդպիսին են նրանց դուստրերը: Եթե մայրերը համեստ են, այդպիսին են նրանց աղջիկները: Եթե մայրերը կրում են անփույթ հագուստներ հաղորդության ժողովին, այդպես են անում նաև նրանց դուստրերը: Մայրեր, ձեր օրինակը չափազանց կարևոր է ձեր դուստրերի համար, նույնիսկ եթե նրանք դա չեն ընդունում:

Աշխարհի պատմության ընթացքում կանայք միշտ բարոյական արժեքների ուսուցիչներ են եղել: Այդ ուսուցումը սկսվում է օրորոցից և շարունակվում նրանց երեխաների կյանքի ընթացքում: Այսօր մեր կյանքը ռմբակոծվում է կանանց սեռի և մայրության վերաբերյալ ուղերձներով, որոնք սպառնալի են և չարամտորեն սխալ: Այդ ուղերձներին հետևելը կարող է ձեր դուստրերի ոտքը դնել մեղքի և ինքնակործամնման ուղու վրա: Ձեր դուստրերը գուցե չհասկանան այդ, մինչև դուք նրանց չասեք, կամ ավելի լավ է, մինչև դուք ցույց չտաք նրանց, թե ինչպես կատարել լավ ընտրություններ: Որպես մայրեր Իսրայելում, դուք ձեր դուստրերի պաշտպանության առաջին գիծն եք աշխարհի խաբեությունների դեմ:

Այսպիսով, մայրեր, ես հասկանում եմ, որ երբեմն թվում է, որ մեր երեխաներն ուշադրություն չեն դարձնում այն դասերին, որոնք մենք փորձում ենք ուսուցանել նրանց: Հավատացեք ինձ, ես տեսել եմ այդ ապակիացած հայացքը, որը հայտնվում է դեռահասների աչքերում, հենց այն պահին, երբ դուք սկսում եք ասել այն, ինչը ձեր ուսուցման ամենակարևոր մասն է: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ նույնիսկ, երբ մտածում եք, թե ձեր դուստրը չի լսում ձեր ասած ոչ մի խոսքին, նա միևնույն է սովորում է ձեզանից, երբ հետևում է ձեզ՝ տեսնելու, թե ձեր գործողությունները համապատասխանո՞ւմ են ձեր խոսքերին: Ինչպես Ռալֆ Վալդո Էմերսոնն է ասել. «Այն, ինչ դուք անում եք, այնքան բարձր է խոսում, որ ես չեմ կարողանում լսել, այն ինչ դուք ասում եք» (տես Ralph Keyes, The Quote Verifier [2006], 56):

Սովորեցրեք ձեր դուստրերին ուրախություն գտնել երեխաներ խնամելիս: Սա է այն տեղը, որտեղ նրանց սերը և տաղանդները կարող են ունենալ մեծագույն հավերժական նշանակություն: Մտածեք այս ենթատեքստում Նախագահ Հարոլդ Բ. Լիի պատգամի մասին. «Ամենակարևոր … աշխատանքը, որ երբևէ կանեք, կլինի ձեր իսկ տան պատերի ներսում» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 134): Սա ճշմարիտ է բոլորիս համար, իհարկե, բայց հատկապես զորեղ է, երբ մտածում ենք մայրերի և դուստրերի փոխհարաբերության մասին:

Մայրեր, սովորեցրեք ձեր դուստրերին, որ Աստծո հավատարիմ դուստրը խուսափում է մեկմեկու բամբասելու կամ դատելու գայթակղությունից: Նավույում Սփոփող Միության մի քարոզում Ջոզեֆ Սմիթը խորհուրդ տվեց քույրերին, որ «լեզուն անկառավարելի անդամ է, զսպեք ձեր լեզուները անպատեհ բաների մասին խոսելուց» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 455):

Վերջին տարիներին, թողարկվել է հոդվածների, գրքերի և կինոֆիլմերի մի շարք, որոնք գրվել են կանանց և աղջիկների մասին, ովքեր բամաբասում են և ովքեր «ստոր» են: Սատանան միշտ փորձում է քայքայել կնոջ աստվածային էության ամենակարևոր տարրը՝ խնամք տանելու էությունը:

Մայր-դուստր փոխհարաբերությունն այն դեպքն է, երբ դուստրը սովորում է, թե ինչպես խնամի՝ լինելով խնամքի տակ: Նա սիրված է: Նա սովորում է և զգում իր փորձառությամբ, թե ինչ է նշանակում ունենալ մեկին, որը բավականաչափ հոգ է տանում ուղղելու իրեն, միևնույն ժամանակ շարունակելով քաջալերել և հավատալ իրեն:

Հիշեք, քույրեր, Աստված է ողջ բարոյական և հոգևոր ուժի աղբյուրը: Մեզ մատչելի է այդ ուժը, երբ մտնում ենք ուխտերի մեջ Նրա հետ և պահում ենք այդ ուխտերը: Մայրեր, ուսուցանեք ձեր դուստրերին ուխտեր կապելու կարևորությունը, իսկ հետո ցույց տվեք, թե ինչպես պահել այդ ուխտերը այնպես, որ նրանք կամենան արժանի ապրել տաճար գնալուն:

Այսօրվա աշխարհում դա նշանակում է խոսել ձեր դուստրերի հետ սեռական հարցերի շուրջ: Ձեր դուստրերը, ինչպես նաև ձեր որդիները հասունանում են մի աշխարհում, որը բացեիբաց ընդունում է վաղ, անփույթ և անմիտ անառակությունը: Անհամեստ, անմաքուր կանայք ներկայացվում են որպես հմայիչ և շատ հաճախ հռչակավոր և օրինակելի: Չնայած կան քայլեր, որոնք մենք կարող ենք անել մեր տներում և ընտանիքներում նվազեցնելու մեր խոցելիությունը ժամանակակից ապրելակերպի այդ նողկալի տարրի դեմ, ձեր դուստրերը չեն կարող ամբողջապես խուսափել այդ գռեհիկ սեռական ուղերձներից և հրապուրանքներից, որոնք շրջապատում են նրանց: Դուք պետք է հաճախ բաց քննարկումներ ունենաք, որոնց ընթացքում դուք պետք է սովորեցնեք ձեր դուստրերին ճշմարտությունը այս հարցերի վերաբերյալ:

Օրինակ, նրանք պետք է հասկանան, որ երբ նրանք կրում են խիստ նեղ, շատ կարճ, կամ շատ բաց հագուստ, նրանք ոչ միայն սխալ ուղերձներ են ուղարկում երիտասարդ տղամարդկանց, որոնց հետ նրանք հաղորդակցվում են, այլ նաև հավերժացնում են իրենց իսկ մտքերում այն սխալմունքը, որ կնոջ արժեքը կախված է միմիայն նրա զգայական գրավչությունից: Սա երբեք չի եղել, ոչ էլ երբեևէ կլինի Աստծո հավատարիմ դստեր արդար սահմանման մասը: Նրանք պետք է լսեն դա հստակ և պարբերաբար ձեր շուրթերից և նրանք պետք է տեսնեն դա ճշտորեն ձևավորված և հագուստի, հարդարանքի և համեստ ապրելակերպի ձեր սեփական հետևողական չափանիշներում:

Բոլոր երիտասարդները հավանաբար ավելի շատ ուխտեր կկապեն և կպահեն, եթե նրանք սովորեն ճանաչել Հոգու ներկայությունն ու ձայնը: Ուսուցանեք ձեր դուստրերին Հոգու բաները: Նրանց ուշադրությունը հրավիրեք սուրբ գրությունների վրա: Տվեք նրանց փորձառություններ, որոնք կօգնեն նրանց փայփայել իրենց կյանքում քահանյության զորության օրհնությունը: Ուխտերը պահելու միջոցով, նրանք կսովորեն լսել Տիրոջ ձայնը և ստանալ անձնական հայտնություններ: Աստված իսկապես կլսի և կպատասխանի նրանց աղոթքներին: 2010 թվականի Միացյալ ժամի թեման վերաբերվում է ոչ միայն մեր երիտասարդներին, այլ նաև մեզ բոլորին. «Զորացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տեր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Յեսու Ա.9): Սա կտանի նրանց անվտանգ դեպի Տիրոջ տան օրհնությունները:

Հավաստիացեք, թե նրանք արդյոք գիտե՞ն, որ ուխտերը պահելը հավերժական երջանկության հասնելու ամենաապահով ճանապարհն է: Եվ անհրաժեշտության դեպքում սովորեցրեք նրանց, թե ինչպես ապաշխարել և ինչպես մնալ անբիծ և արժանի:

Այսպիսով, եթե սա ծանոթ է հնչում, եղբայրներ և քույրեր, դա այն պատճառով է, որ ես խոսում եմ ծնողների և երեխաների հետ երեք միմյանց հաջորդող գերագույն համաժողովների ընթացքում: Անցած ապրիլին ես քաջալերեցի երիտասարդներին «սովորել անցյալի դասերը»: Այդ ելույթից ես մեջբերում եմ. «Երբ կամենում եք լսել և սովորել կյանքի ամենաիմաստալի ուսմունքներից մի քանիսը, սկսեք նրանցից, ովքեր ձեզանից առաջ են գնացել:… Որքան ավելի լավ կլինի ձեր կյանքը, եթե դուք հետևեք Քրիստոսի հավատարիմ հետևորդների ազնիվ օրինակին» (“Learning the Lessons of the Past,” Liahona, May 2009, 31, 33).

Անցած հոկտեմբերի քահանայության ժողովին իմ խոսքն ուղղված էր հայրերին և որդիներին, իսկ այսօր ես մեծամասամբ խոսեցի մայրերի և դուստրերի հետ: Յուրաքանչյուր դեպքում իմ ուղերձը տարբեր է եղել, բայց նմանատիպ: Հուսով եմ, դուք ականջ եք դնում և տեսնում օրինակ ու լսում հաստատուն, հետևողական ուղերձ, որ այս վերջին օրերում կարևոր է, նույնիսկ վճռորոշ, որ ծնողները և երեխաները լսեն և սովորեն միմյանցից: Սրանք ուղղակի տեսական սկզբունքներ չեն, որոնց մասին ես խոսում եմ: Սրանք են Աստծո ծրագրի էությունը, մեր հավերժական երջանկության և խաղաղության կենտրոնը:

Եկեղեցին կօգնի, որտեղ կկարողանա: Մենք այստեղ ենք՝ աջակցելու և հաստատելու ձեզ որպես ծնողներ և որպես զավակներ: Բայց այսօր տունն ամենակարևոր վայրն է՝ երիտասարդությանը պատրաստելու վաղն առաջնորդել ընտանիքներն ու Եկեղեցին: Մեզանից յուրաքանչյուրիս վրա է դրված որպես մայրեր և հայրեր անել այն ամենը, ինչ մենք կարող ենք, որ պատրաստենք մեր երիտասարդությանը լինել հավատարիմ, արդար տղամարդիկ և կանայք: Տունն է այն տեղը, որտեղ մենք պետք է ուսուցանենք ավետարանը պատվիրանով և օրինակով:

Ես եզրափակում եմ իմ խորհուրդը Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի այս մարգարեական ամփոփումով. «Մեր [ընտանեական] հարաբերությունները նախատեսված չեն բացառապես այս կյանքի համար, ժամանակի համար, որը մենք տարբերակում ենք հավերժությունից: Մենք ապրում ենք ժամանակի և հավերժության համար: Մենք մտերմություններ և հարաբերություններ ենք ստեղծում ժամանակի և ողջ հավերժության համար…: Ովքե՞ր են, բացի Վերջին Օրերի Սրբերից, որ խորհում են այն միտքը, որ գերեզմանից այն կողմ, մենք կշարունակենք ընտանեկան կազմով՝ հայր, մայր, երեխաներ ճանաչելով մեկը մյուսին, … ընտանիք, որն Աստծո աշխատանքի մեծ և կատարյալ կազմակերպության մի միավոր է և նախասահմանված է շարունակվելու ժամանակի և հավերժության ամբողջ ընթացքում» (Teachings: Joseph F. Smith, 385, 386):

Թող Աստված օրհնի մեզ, որ ուսուցանենք, խնամենք և պատրաստենք մեկս մյուսին մեր տան պատերի ներսում՝ այն մեծ աշխատանքի համար, որ պետք է արվի մեր բոլորի կողմից այժմ և ապագայում, սա է իմ աղոթքը, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: