«Եվ աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին»
Մենք գիտենք, որ հաջողակ ենք, եթե ապրում ենք այնպես, որ արժանանում և ստանում ենք Սուրբ Հոգին և իմանում, ինչպես հետևել Նրան:
![Julie B. Beck](https://www.lds.org/bc/content/shared/content/images/gospel-library/magazine/BeckJB_03.jpg)
Անցյալ տարի տարբեր երկրներում ես հանդիպել եմ հազարավոր Վերջին Օրերի Սուրբ կանանց: Դժվարությունների ցուցակը, որոնց այդ քույրերը դիմակայում են, երկար է և սթափեցնող: Այդ թվում են ընտանեկան դժվարությունները, տնտեսական փորձությունները, աղետները, վթարներն ու հիվանդություները: Անհանգստությունը շատ է, իսկ խաղաղությունն ու ուրախությունը` ոչ բավարար: Չնայած հանրահայտ լրատվամիջոցների ուղերձները հակառակն են ասում, ոչ ոք այնքան հարուստ, գեղեցիկ կամ խելացի չէ` մահկանացու կյանքի դժվարություններից խույս տալու համար:
Քույրերի տված հարցերը լուրջ էին և խորաթափանց: Դրանք արտահայտում էին անհույս ապագա, անկատար ակնկալիքների ցավ, որոշ անորոշություն և նվաստացած արժանապատվություն: Դրանք նաև արտացոլում էին ճիշտ գործելու մեծ ցանկություն:
Իմ մեջ անհաղթահարելի վկայություն է աճել Աստծո դուստրերի արժեքի մասին: Այնքան շատ բան է կախված նրանցից: Քույրերին այցելելիս զգացել եմ, որ երբեք հավատքի և անձնական արդարակեցության ավելի մեծ կարիք չի եղել: Երբեք ամուր ընտանիքների և տների ավելի մեծ կարիք չի եղել: Երբեք կարիքավորներին օգնելը բավարար չի եղել: Ինչպե՞ս կարելի է ավելացնել հավատքը, ամրապնդել ընտանիքը և օգնություն տրամադրել:1 Ինչպե՞ս կարող է կինը մեր օրերում իր անձնական հարցերի պատասխանները գտնել և ամուր ու անսասան կանգնել հզոր դիմադրության և դժվարության դեմ:
Անձնական հայտնություն
Լավ կինը գիտի, որ ինքը բավականաչափ եռանդ, ժամանակ կամ հնարավորություն չունի բոլոր մարդկանց համար հոգալու և անելու իր սրտից բխող ամեն արժանի բան: Շատ կանանց կյանքը հանգիստ չի ընթանում և ամեն օր, կարծես, պահանջվում են միլիոնավոր գործեր, որոնց մեծ մասը կարևոր է: Լավ կինը պետք է մշտապես դիմակայի հրապուրիչ և խաբուսիկ ուղերձներին, որոնք գալիս են տարբեր աղբյուրներից և ասում, որ ինքն իրավունք ունի ավելի շատ ժամանակ անցկացնել իր պատասխանատվություններից հեռու, և որ ինքն արժանի է ավելի հեշտ կյանքի և անկախության: Սակայն անձնական հայտնությամբ նա կարող է ճիշտ առաջնահերթություններ դնել և այս կյանքում վստահորեն առաջ գնալ:
Անձնական հայտնության համար որակվելու, այն ստանալու և ըստ դրա գործելու ունակությունը այն եզակի ամենակարևոր ունակությունն է, որ կարող է ձեռք բերվել այս կյանքում: Տիրոջ Հոգուն արժանանալու համար պետք է փափագել Հոգին և ունենալ որոշակի չափի արժանավորություն: Պատվիրանները պահելը, ապաշխարությունը և մկրտության ժամանակ կապած ուխտերի նորոգումը բերում է Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ ունենալու օրհնությունը:2 Տաճարային ուխտեր կապելն ու պահելը ևս հոգևոր ուժ և զորություն են ավելացնում կնոջ կյանքում: Դժվար հարցերի շատ պատասխաններ են ստացվում սուրբ գրություններն ընթերցելիս, քանի որ սուրբ գրությունները նպաստում են հայտնության:3 Սուրբ գրություններում գտնվող ներըմբռնումը ժամանակի ընթացքում ավելանում է, այնպես որ կարևոր է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել սուրբ գրություններին: Ամենօրյա աղոթքը ևս կարևոր է Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալու համար:4 Նրանք, ովքեր լրջորեն օգնություն են փնտրում աղոթքի և սուրբ գրությունները ուսումնասիրելու միջոցով, հաճախ թուղթ ու մատիտ են պահում իրենց մոտ, որպեսզի գրեն հարցերը և գրանցեն իրենց տպավորություններն ու մտքերը:
Հայտնությունը կարող է գալ ժամ առ ժամ և ժամանակ առ ժամանակ, երբ մենք ճիշտ ձևով ենք գործում: Երբ կանայք հոգ են տանում, ինչպես Քրիստոսն էր հոգ տանում, զորություն և խաղաղություն կարող է իջնել` առաջնորդելով այն ժամանակ, երբ օգնության կարիք կա: Օրինակ, մայրերը կարող են Հոգու օգնությունը զգալ նույնիսկ, երբ հոգնած աղմկոտ երեխաները ուշադրություն են պահանջում, սակայն նրանք կարող են հեռու լինել Հոգուց, եթե կորցնելով իրենց համբերությունը, բարկանան երեխաների վրա: Ճիշտ տեղում լինելը մեզ առաջնորդություն ստանալու հնարավորություն է տալիս: Դա պահանջում է գիտակից ջանքեր` նվազեցնելու համար ցրվածությունը, սակայն Հոգու հայտնությունն ունենալով հնարավոր է հաղթահարել հակառակությունը և հավատքով շարունակել դժվար օրերին և հատկապես հիմնական խնդիրները լուծելիս: Անձնական հայտնությունը մեզ օգնում է հասկանալ, թե ինչ է պետք անել ամեն օր, որպեսզի ավելացնենք մեր հավատքը և անձնական արդարակեցությունը, ամրացնենք ընտանիքները և տները, և փնտրենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն: Քանի որ անձնական հայտնությունը ուժի մշտապես թարմացող աղբյուր է, հնարավոր է, անգամ անհանգիստ ժամանակ օգնությամբ պատված լինելու զգացում ունենանք:
Մեզ ասել են, որ մեր հույսը դնենք Հոգու վրա, որն առաջնորդում է մեզ «արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել»:5 Մեզ նաև ասել են, որ այդ Հոգին կլուսավորի մեր միտքը, կլցնի մեր հոգին ուրախությամբ, և կօգնի իմանալ մեզ համար անհրաժեշտ ամեն ինչ:6 Խոստացված անձնական հայտնությունը գալիս է, երբ մենք խնդրում ենք այն, պատրաստվում դրան և առաջ գնում հավատքով, վստահ լինելով, որ այն կհեղվի մեզ վրա:
Սփոփող Միություն—ուսուցում, ոգեշնչում և ամրապնդում
Տերն Իր իմաստությունն է տվել Սփոփող Միությանը` օգնելու Իր դուստրերին այս վերջին օրերին: Երբ Սփոփող Միությունը ոգեշնչված է գործում, այն բարձրացնում է կանանց անհանգիստ աշխարհից վեր և դնում այն ապրելակերպի մեջ, որը պատրաստում է նրանց հավերժական կյանքի օրհնություններին: Այս կազմակերպության առանցքային պատասխանատվությունն է` օգնել քույրերին ավելացնել հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքը և տունը և գտնել ու օգնել կարիքավորներին: Սփոփող Միության շնորհիվ քույրերը կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները և օրհնվել բոլոր քույրերի միասնական հոգևոր ուժով: Սփոփող Միությունը հաստատում է Աստծո դուստրերի ճշմարիտ և հավերժական բնույթը: Դա սուրբ վստահություն է, ուղեկցող լույս և հսկող համակարգ, որն ուսուցանում և ոգեշնչում է կանանց լինելու ամուր ու անսասան: Բոլոր լավ կանայք մարմնավորում են դրա նշանաբանը, որն է` «Սերը երբեք չի վերջանում»:7
Երբ աղջիկը Սփոփող Միություն է գալիս կամ երբ կինը մկրտվում է Եկեղեցում, նա դառնում է քույրության մի մասը, որն ամրացնում է նրան հավերժական կյանքին պատրաստվելիս: Սփոփող Միություն մուտք գործելը նշան է, որ կնոջը կարող է վստահվել և հավատ ընծայվել, որ նա նշանակալից ավանդ կներդնի Եկեղեցում: Նա շարունակում է առաջադիմել որպես անհատ` առանց ակնհայտորեն գնահատանքի կամ գովասանքի արժանանալու:
Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահ Էլզա Ռ. Սնոուն ասել է քույրերին. «Մենք ցանկանում ենք լինել կանայք ամեն գործում, ոչ թե բառի աշխարհի հասկացողությամբ, այլ համապատասխան գործընկերներ Աստծո և Միակ Սրբի: Կազմակերպված լինելով, մենք կկարողանանք աջակցել միմյանց ոչ միայն լավ գործեր կատարելով, այլ զարգանալով, և եթե մի քանիսը կամ շատերը առաջ գան և օգնեն կատարելու այս մեծ աշխատանքը, նրանք Աստծո Արքայությունում պատվավոր պաշտոններ կզբաղեցնեն … Կանայք պետք է լինեն կանայք, և ոչ թե երեխաներ, որոնց պետք է ամեն րոպե փայփայել և ուղղել: Ես գիտեմ, որ մենք ուզում ենք գնահատվել, սակայն, եթե չենք ստանում ողջ գնահատանքը, որին արժանի ենք, ի՞նչ կարևոր է: Մենք գիտենք, որ Տերը մեծ պատասխանատվություն է տվել մեզ, և ամեն ցանկություն կամ իղձ, որ Տերը դրել է մեր սրտերում արդարակեցության մեջ, կկատարվի, իսկ մեծագույն բարիքը, որ կարող ենք անել մեր և միմյանց համար, դա` զարգանալն ու հղկվելն է այն ամենում, ինչը բարի է և ազնվացնող, որպեսզի որակվենք այդ պատասխանատվությունների համար»:8
Գնահատել հաջողությունը
Լավ կանայք միշտ ցանկանում են իմանալ, թե արդյոք իրենք հաջողակ են: Աշխարհում, որտեղ հաջողության չափանիշները հաճախ աղավաղված են, կարևոր է գնահատանք և հաստատում փնտրել ճիշտ աղբյուրներից: Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում տրված է` մենք լավ ենք գործում, երբ զարգացնում ենք Քրիստոսի հատկանիշները և ձգտում ենք լիովին հնազանդվել Նրա ավետարանին: Մենք ճիշտ ենք գործում, երբ ձգտում ենք բարելավել մեզ և մեր ուժերի չափով լավագույնը անել: Մենք լավ ենք գործում, երբ զարգացնում ենք մեր հավատքը, ավելացնում անձնական արդարակեցությունը, ամրապնդնում ընտանիքը և տունը, գտնում և օգնում կարիքավորներին: Մենք գիտենք, որ հաջողակ ենք, եթե ապրում ենք այնպես, որ արժանանում և ստանում ենք Սուրբ Հոգին, և իմանում, ինչպես հետևել Նրան: «Երբ մեր ուժերի սահմանում անում ենք, ինչ կարող ենք, դեռևս հնարավոր է հիասթափության պահեր ապրենք, սակայն մենք չենք հիասթափվի ինքներս մեզանից: Կարող ենք համոզված լինել, որ Տերը գոհանում է, երբ մենք զգում ենք, թե ինչպես է Հոգին աշխատում մեր միջոցով»:9 Խաղաղություն, ուրախություն և հույս կա նրանց համար, ովքեր ճիշտ ձևով են գնահատում հաջողությունը:
Հովելի գրքում հայտնությունն ասում է, որ վերջին օրերին Աստծո որդիներն ու դուստրերը կմարգարեանան և Տերը Իր Հոգին կթափի Իր ծառաների և Իր աղախինների վրա: 10 Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն արձագանքել է այդ մարգարեությանը, ասելով.
«Վերջին օրերին Եկեղեցու աննախադեպ աճը պայմանավորված կլինի նրանով, որ աշխարհի բազմաթիվ լավ կանայք (որոնց մեջ հաճախ կա ներքին հոգևոր զգացում) կգան Եկեղեցի: Դա տեղի կունենա այնպիսի չափերով, որ Եկեղեցու կանայք իրենց կյանքով արդարակեցություն և պարզություն կարտացոլեն, և դա այնքան վառ կարտահայտվի, որ Եկեղեցու կանայք առանձնահատուկ ձևով կտարբերվեն աշխարհի կանանցից …
Կլինի այնպես, որ վերջին օրերին Եկեղեցու օրինակելի կանայք վիթխարի ուժ կներկայացնեն, ինչ վերաբերում է Եկեղեցու թվական և հոգևոր աճին»:11
Ես իմ վկայությունն եմ բերում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Տերը ապավինում է իր դուստրերին, որ նրանք կատարեն իրենց մասը, ամրապնդելով Սիոնի տները և կառուցելով Նրա արքայությունը երկրի վրա: Երբ նրանք փնտրեն անձնական հայտնություն և որակվեն դրան, Տերը դուրս կթափի Իր Հոգին Իր աղախինների վրա այս վերջին օրերին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: