2010
Միսիոների աստվածային կոչումը
Մայիս 2010


Միսիոների աստվածային կոչումը

Տերը կարիք ունի յուրաքանչյուր ունակ երիտասարդ տղամարդու, որը այս երեկոյից սկսած կարող է պատրաստվել և պարտավորվել արժանի լինելու Աստծո մարգարեի կողմից տրված միսիայում ծառայելու կոչմանը:

Նկար
Elder Ronald A. Rasband

Բարի երեկո սիրելի քահանայության եղբայրներ: Այսօր ես կուզենայի խոսել միսիոներական ծառայության մասին: Ես իմ խոսքերը ուղղում եմ Ահարոնյան Քահանայություն կրող երիտասարդ տղամարդկանց մեծ բանակին, որոնք այսօր հավաքվել են ողջ աշխարհում, և նրանց հայրերին, պապերին և քահանայության ղեկավարներին, որ հոգում են նրանց համար:

Միսիոներական աշխատանքը իմ սրտին շատ մոտ գործ է, ինչպեսև Յոթանասունի ութ Քվորումներից յուրաքանչյուր անդամի համար, ում Տերը հանձնարարել է գնալ իր «երեսի առաջին … այն բոլոր քաղաքներն և տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր»:1 Միսիոներական աշխատանքը Եկեղեցու արյունն է և կյանք փրկող օրհնություն բոլորի համար, ովքեր ընդունում են դրա ուղերձը:

Երբ Վարդապետը ծառայում էր մարդկանց մեջ, Նա կոչ արեց ձկնորսներին Գալիլեայից թողնել իրենց ուռկանները և հետևել Իրեն, հայտարարելով. «Ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ»:2 Տերը այդ կոչերը տալիս է խոնարհ տղամարդկանց, որպեսզի նրանց միջոցով ուրիշները կարողանան լսել Իր ավետարանի ճշմարտությունները և գան դեպի Նա:

1837թ. հունիսին Մարգարե Ջոզեֆ Սմիթը կանչեց Հեբեր Ս. Քիմբալին, Առաքյալին, գնալ միսիայի Անգլիա: Երեց Քիմբալի կոչը տրվեց, երբ երկուսով նստած էին Կիրթլենդ Տաճարում և Ջոզեֆը խոսեց աստվածային լիազորությամբ. «Եղբայր Հեբեր, Տիրոջ Հոգին հուշեց ինձ. «Թող իմ ծառա Հեբերը գնա Անգլիա և հռչակի իմ ավետարանը և բացի այդ ազգի փրկության դուռը»»: 3

Հոգու այդ հուշումը մի օրինակ է, թե ինչպես է տրվում կոչումը Տիրոջ ծառաներին, ուղարկելով միսիոներներին իրենց աշխատանքի դաշտ:

Այսօր միսիոներները Տիրոջ կողմից նշանակված զույգերով գնում են միսիայի, կրելով նույն ուղերձը, ծառայելու նույն կոչումն ունենալով Աստծո մարգարեի կողմից: Մեր մարգարեն, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է նրանց մասին, ովքեր կանչվել են ծառայելու. «Միսիոներական հնարավորությունը կյանքի ընթացքում ձերն է: Հավերժության օրհնությունները սպասում են ձեզ: Ձերն է արտոնությունը լինելու ոչ թե հանդիսատես, այլ մասնակից քահանայության ծառայության բեմի վրա»:4

Բեմը ձերն է, Ահարոնյան Քահանայության իմ հարգելի տղաներ: Դուք պատրա՞ստ եք և ցանկանում եք խաղալ ձեր դերը: Տերը կարիք ունի յուրաքանչյուր ունակ երիտասարդ տղամարդու, որը այս երեկոյից սկսած կարող է պատրաստվել և պարտավորվել արժանի լինելու Աստծո մարգարեի կողմից տրված միսիայում ծառայելու կոչմանը:

Ես սիրով հիշում եմ մեր ողջ ընտանիքի մեծ ուրախությունը, երբ մեր երեխաներից երկուսը ստացան լիաժամկետ միսիոներների իրենց կոչումները: Ոգևորությունը և սպասելիքները լցրեցին մեր սրտերը, երբ նրանցից ամեն մեկը բացեց իր հատուկ նամակը Աստծո մարգարեից: Մեր դուստրը` Ջենեսան, կանչվել էր Միչիգան Դեթրոյտ Միսիա, մեր որդին` Քրիսչենը, կանչվել էր Ռուսաստան Մոսկվա Հարավային Միսիա: Ինչպիսի խոնարհեցնող և հուզիչ փորձառություն, այդ ամենը միևնույն ժամանակ:

Երբ Քույր Ռասբենդը և ես մի քանի տարի առաջ պատիվ ունեինք նախագահելու Նյու Յորք Նյու Յորք Հյուսիսային Միսիայում, ես զարմացած էի, երբ միսիոներները ժամանեցին Նյու Յորք Սիթի:

Երբ ես հարցազրույց էի անցկացնում նրանց հետ միսիայի նրանց առաջին օրը, ես երախտագիտության խորը զգացում ունեի յուրաքանչյուր առանձին միսիոների համար: Ես զգում էի, որ նրանց մեր միսիա կանչելը աստվածային նպատակ ուներ իրենց համար, և ինձ համար, որպես իրենց միսիայի նախագահ:

Մեր միսիայի հանձնարարությունն ավարտելուց հետո ես կանչվեցի Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից ծառայելու որպես Եկեղեցու Յոթանասունական: Որպես նոր Գերագույն Իշխանություն իմ ուսուցման մի մասը ներառում էր Տասներկուսի անդամների հետ նստելու հնարավորությունը, երբ նրանք նշանակում էին միսիոներներին ծառայելու այս մեծ Եկեղեցու ավելի քան 300 միսիաներից որևէ մեկում:

Նախագահ Հենրի Բ. Այրինգի քաջալերմամբ և թույլտվությամբ ես կցանկանայի պատմել մի փորձառության մասին, որը հատուկ է ինձ համար, և որը տեղի է ունեցել նրա հետ մի քանի տարի առաջ, երբ նա Տասներկուսի Քվորումի անդամ էր: Յուրաքանչյուր Առաքյալ կրում է արքայության բանալիները և գործածում դրանք Եկեղեցու Նախագահի ղեկավարության և հանձնարարության ներքո: Երեց Այրինգը նշանակում էր միսիոներներին իրենց աշխատանքի վայրեր և որպես իմ ուսուցման մաս ես հրավիրվել էի որպես դիտորդ:

Ես միացա Երեց Այրինգին վաղ առավոտյան մի սենյակում, որտեղ նիստի համար պատրաստված էին մի քանի մեծ համակարգչային մոնիտորներ: Այնտեղ էր նաև Միսիոներական Բաժանմունքի մի աշխատող, որին հանձնարարված էր օգնել այդ օրը:

Նախ մենք միասին ծնկի իջանք աղոթելու: Ես հիշում եմ, որ Երեց Այրինգն օգտագործում էր շատ անկեղծ բառեր, խնդրելով Տիրոջն օրհնել իրեն, որ «կատարելապես» իմանար, թե ուր նշանակեր միսիոներներին: «Կատարելապես» բառը լավ է նկարագրում այն հավատքը, որ Երեց Այրինգը դրսևորեց այդ օրը:

Երբ գործընթացը սկսեց, միսիոների նկարը հայտնվեց համակարգչի էկրանին: Երբ նկարը հայտնվում էր, ինձ թվում էր միսիոները մեզ հետ սենյակում էր: Երեց Այրինգը ողջունում էր միսիոներին իր բարի և հմայիչ ձայնով. «Բարի առավոտ, Երեց Ռեյեր կամ Քույր Յանգ:

Ինչպե՞ս եք այսօր»:

Նա ինձ ասաց, որ իր մտքում նա սիրում է մտածել այն մասին, թե որտեղ միսիոներները կավարտեն իրենց միսիան: Դա նրան օգնում էր իմանալ, թե ուր նրանց նշանակել: Երեց Այրինգը ապա ուսումնասիրում էր յուրաքանչյուր միսիոներին վերաբերող եպիսկոպոսների և ցցերի նախագահների դիտողությունները, բժշկական գրառումները և այլ հարցեր:

Այնուհետև նա անցնում էր մյուս էկրանին, որը ցույց էր տալիս ողջ աշխարհում տարածքները և միսիաները: Վերջապես, հուշում ստանալով Հոգու կողմից, նա նշանակում էր միսիոներին իր գործունեության վայր:

Տասներկուսի մյուս անդամներից ես սովորեցի, որ այս ընդհանուր եղանակը ընդունված ձև է ամեն շաբաթ, երբ Տիրոջ Առաքյալները բազմաթիվ միսիոներների ծառայության են նշանակում աշխարհով մեկ:

Տարիներ առաջ ծառայած լինելով որպես միսիոներ իմ երկրի Արևելյան Նահանգների Միսիայում, ինձ տպավորեց այս փորձառությունը: Նաև ծառայած լինելով որպես միսիայի նախագահ, ես շնորհակալ եմ իմ սրտում այն լրացուցիչ վկայության համար, որ միսիոներները, որոնց ես դիմավորեցի Նյու Յորք Սիթիում, ուղարկվել էին ինձ հայտնությամբ:

Մի քանի միսիոներների նշանակումներ անելուց հետո Երեց Այրինգը շրջվեց դեպի ինձ, և մի միսիոների մասին մտածելով, ասաց. «Դե, Եղբայր Ռասբենդ, ի՞նչ եք կարծում, ուր պետք է գնա այս միսիոները»: Ես ցնցված էի: Ցածր ձայնով ես ասացի Երեց Այրինգին, որ չգիտեի, նաև որ չգիտեի, որ կարող էի իմանալ: Նա նայեց ուղիղ ինձ և պարզապես ասաց. «Եղբայր Ռասբենդ, ուշադիր նայեք և դուք էլ կարող եք իմանալ»: Ես իմ աթոռը մի փոքր մոտեցրեցի Երեց Այրինգին և էկրանին: Ես ավելի ուշադիր նայեցի:

Աշխատանքի ընթացքում մի քանի անգամ Երեց Այրինգը շրջվում էր դեպի ինձ և ասում. «Դե, Եղբայր Ռասբենդ, ի՞նչ եք զգում, ուր պետք է գնա այս միսիոները»: Ես տալիս էի որոշակի միսիայի անուն, իսկ Երեց Այրինգը մտախոհ նայում էր ինձ վրա և ասում. «Չէ, դա չէ»: Այնուհետև նա շարունակում էր նշանակել միսիոներներին այնտեղ, ուր զգում էր հուշումով:

Մենք արդեն ավարտում էինք այդ աշխատանքային հանդիպումը, երբ մի միսիոների նկար հայտնվեց էկրանին: Ես ուժեղ հուշում զգացի, ամենաուժեղն այդ առավոտ, որ մեր առաջ հայտնված միսիոները պետք է նշանակվեր Ճապոնիա: Ես չգիտեի, թե կհարցնի Երեց Այրինգն ինձ այս մեկի մասին, բայց, զարմանալիորեն, նա հարցրեց: Ես փոքր ինչ վարանելով և խոնարհությամբ ասացի. «Ճապո՞նիա»: Երեց Այրինգը պատասխանեց անմիջապես. «Այո, գնանք այնտեղ»: Համակարգչի էկրանին հայտնվեցին Ճապոնիայի միսիաները: Ես մի ակնթարթում հասկացա, որ միսիոները պետք է գնար Ճապոնիա Սապորո Միսիա:

Երեց Այրինգը ինձ չհարցրեց միսիայի ճշգրիտ անունը, սակայն նշանակեց այդ միսիոներին Ճապոնիա Սապորո Միսիա:

Սրտումս ես խորապես հուզված և անկեղծորեն շնորհակալ էի Տիրոջը, որ Նա թույլ տվեց ինձ զգալ հուշումը` իմանալու համար, թե ուր պետք է գնար միսիոները:

Հանդիպման վերջում Երեց Այրինգը ինձ բերեց իր վկայությունը այն սիրո մասին, որ Փրկիչն ունի յուրաքանչյուր միսիոների հանդեպ, որին հանձնարարվեց գնալու աշխարհ և քարոզելու վերականգնված ավետարանը: Նա ասաց, որ Փրկի մեր սիրո շնորհիվ է, որ Նրա ծառաները գիտեն, թե որտեղ պետք է ծառայեն այդ հիանալի երիտասարդ տղամարդիկ և կանայք, տարեց միսիոներները և տարեց միսիոներական զույգերը: Ես այդ առավոտ ավելի մեծ վկայություն ստացա, որ այս Եկեղեցում ցանկացած միսիոներ, որոշակի միսիայի նշանակված կամ վերանշանակված, կանչվում է Ամենազոր Տեր Աստծո հայտնությամբ Նրա ծառաներից մեկի միջոցով:

Ես ավարտում եմ Ուիթմեր եղբայրներին ուղղված Տիրոջ խոսքերով, ովքեր մեծ դեր են խաղացել Վերականգնման վաղ շրջանում: Նրանք եղել են ոսկե թիթեղների ականատեսը և նրանց ստորագրված վկայությունները ներառված են Մորմոնի Գրքի առջևում: Նրանք միսիոներների այն առաջին խմբի մեջ էին, որոնց Աստծո մարգարեն 1829թ. կանչեց քարոզելու Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Վարդապետություն և Ուխտերի բաժին 14-ի նախաբանում գրված է. «Ուիթմեր որդիներից երեքը, յուրաքանչյուրը վկայություն ստանալով աշխատանքի իսկության վերաբերյալ, խորապես մտահոգված էին իրենց անհատական պարտկանությունների հարցում»:

Ջոն և Պիտեր Ուիթմեր Կրտսերին Տերն ասաց. «Քանզի դու բազմիցս փափագել ես ինձանից իմանալ այն, ինչն ամենաարժեքավորը կլիներ քեզ համար»:5

Երիտասարդ տղամարդիկ, կարծում եմ շատերդ ձեզ նույն հարցն եք տվել: Ահա Տիրոջ պատասխանը. «Եվ արդ, ահա, ես ասում եմ քեզ, որ այն, ինչն ամենաարժեքավորը կլինի քեզ համար, այս ժողովրդին ապաշխարություն հայտարարելն է, որ կարողանաս հոգիներ բերել ինձ մոտ, որ կարողանաս նրանց հետ հանգստանալ իմ Հոր արքայությունում»:6

Իմ երիտասարդ ընկերներ, կյանքի այս շրջանում Տիրոջից ստացված միսիայի կանչը ամենակարևոր աշխատանքն է, որը դուք կարող եք անել: Պատրաստվեք այժմ, ապրեք արդար, սովորեք ձեր ընտանիքից և Եկեղեցու ղեկավարներից: Եկեք և միացեք մեզ երկրի վրա Աստծո արքայության կառուցման գործին, ընդունեք «այս մեծ գործի» ձեր աստվածային հանձնարարությունը:7 Սա իմ խոնարհ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Ղուկաս Ժ.1:

  2. Մատթեոս Դ.19:

  3. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 327.

  4. Thomas S. Monson, “That All May Hear,” Ensign, May 1995, 49.

  5. Վարդապետություն և Ուխտեր 15.4; 16.4:

  6. Վարդապետություն և Ուխտեր 15.6; 16.6:

  7. Վարդապետություն և Ուխտեր 128.22:

Տպել