2010
Համբերությամբ շարունակենք
Մայիս 2010


Համբերությամբ շարունակենք

Համբերությունից քաղած դասերը կհղկեն մեր բնավորությունը, կբարձրացնեն մեր կյանքը և կմեծացնեն երջանկությունը:

President Dieter F. Uchtdorf

1960-ականներին Սթենֆորդ Համալսարանի մի պրոֆեսոր մի պարզունակ փորձ սկսեց, ստուգելով չորս տարեկան երեխաների կամքի ուժը: Նա նրանց առաջ մի մեծ կոնֆետ դրեց և ասաց, որ կարող են ուտել այն հենց այդ պահին, կամ 15 րոպե սպասելու դեպքում փոխարենը կստանան երկու կոնֆետ:

Այնուհետև նա դուրս եկավ սենյակից, երեխաներին թողնելով մենակ և երկու հայելիների միջոցով հետևում էր, թե ինչ է տեղի ունենում սենյակում: Երեխաներից մի քանիսն անմիջապես կերան կոնֆետը, մի քանիսը միայն մի քանի րոպե սպասեցին, ապա տեղի տվեցին գայթակղությանը: Եվ միայն 30 տոկոսը կարողացավ սպասել:

Դա հետաքրքիր փորձարկում էր և պրոֆեսորն անցավ հետազոտության այլ փուլերին, քանզի նրա խոսքերով, «այնքան շատ բաներ կան անելու այն երեխաների հետ, ովքեր փորձում են չուտել կոնֆետը»: Եվ ժամանակի հետ նա հետևեց երեխաներին և սկսեց նկատել հետաքրքիր կապ. այն երեխաները, ովքեր չէին կարողացել սպասել, մաքառել էին կյանքում և ավելի շատ վարքի հետ կապված խնդիրներ էին ունեցել, մինչդեռ նրանք, ովքեր սպասել էին, հակված են եղել լինելու ավելի ինքնավստահ և ավելի նպատակասլաց, ստանալով բարձր թվանշաններ և ունենալով ավելի բարձր եկամուտ և ավելի առողջ հարաբերություններ:

Այդ ամենը սկսվեց երեխաների հետ մի պարզ փորձարկմամբ և վերածվեց նշանակալից ուսումնասիրության, որը եզրահանգեց, որ սպասելու ունակությունը, այսինքն` համբերատարությունը այն կարևոր գիծն է, որ կարող է կանխագուշակել կյանքի հետագա հաջողությունը:1

Սպասելը կարող է դժվար լինել

Սպասելը կարող է դժվար լինել: Երեխաները գիտեն դա, մեծահասակներն էլ գիտեն: Մենք ապրում ենք արագ ուտելիքի ռեստորաններով, պատվերով կինոնկարների և ամենասովորական կամ կարևոր հարցերին տրվող անհապաղ պատասխաններով աշխարհում: Մենք չենք սիրում սպասել: Ոմանց անգամ թվում է, իրենց արյան ճնշումը բարձրանում է, երբ մթերային խանութում կողքի մյուս հերթերի համեմատ իրենց հերթն ավելի դանդաղ է առաջ շարժվում:

Համբերությունը, որը մեր ցանկությունները որոշ ժամանակով պահ տալու ունակություն է, թանկ և հազվադեպ արժանիք է: Այն, ինչ մենք ուզում ենք, ուզում ենք այժմ: Ուստի, համբերության բուն գաղափարը կարող է տհաճ և, երբեմն, դաժան թվալ:

Սական, առանց համբերության, մենք չենք կարող գոհացնել Աստծուն, չենք կարող կատարյալ դառնալ: Իսկապես, համբերությունը մաքրագործող ընթացք է, որը խորացնում է հասկացողությունը, ավելացնում է երջանկությունը, կենտրոնացնում է գործողությունը և խաղաղության հույս է պարգևում:

Որպես ծնողներ, մենք գիտենք, որ խելամիտ չէ կատարել մեր երեխաների ամեն ցանկությունը: Սակայն միայն երեխաները չեն, որ փչանում են, երբ ցանկություններն անմիջապես կատարվում են: Մեր Երկնային Հայրը գիտե, թե ինչ են լավ ծնողները հասկանում ժամանակի ընթացքում` որպեսզի երեխաները հասունանան և հասնեն իրենց ներուժին, նրանք պետք է սովորեն սպասել:

Համբերությունը լոկ սպասել չէ

Երբ ես 10 տարեկան էի, մեր ընտանիքը գաղթում է նոր երկիր: Մինչև Արևմտյան Գերմանիա տեղափոխվելը ես միշտ լավ էի սովորում դպրոցում: Այնտեղ կրթությունը նշանակալիորեն տարբեր էր: Աշխարհագրությունը, որ անցնում էինք իմ դպրոցում, նոր էր ինձ համար: Պատմությունը, որ սովորում էինք, նույնպես շատ էր տարբերվում: Նախկինում որպես երկրորդ լեզու ես անցնում էի ռուսերեն, այժմ անգլերենն էր: Դա դժվար էր ինձ համար: Իսկապես, եղել են պահեր, երբ ես համոզված եմ եղել, որ իմ լեզուն պարզապես անգլերեն խոսելու համար չէ:

Քանի որ դասացուցակը նոր էր և ինձ համար տարօրինակ, ես ետ ընկա: Իմ կյանքում առաջին անգամ ես սկսեցի մտածել, որ գուցե ես պարզապես բավականաչափ խելացի չեմ դպրոցի համար:

Բարեբախտաբար, ես ունեի մի ուսուցիչ, որը ինձ սովորեցրեց համբերատար լինել: Նա սովորեցրեց ինձ, որ հաստատուն և հետևողական աշխատանքը, համբերատար հաստատակամությունը, կօգնի ինձ սովորել:

Ժամանակի ընթացքում դժվար առարկաները պարզ դարձան, նույնիսկ` անգլերենը: Դանդաղ, ես սկսեցի նկատել, որ հետևողական լինելով կարող եմ սովորել: Դա արագ ձեռք չի բերվում, սակայն համբերությամբ տեղի է ունենում:

Այդ փորձառությունից ես սովորեցի, որ համբերությունը ամենևին էլ սպասելը չէ, որ ինչ-որ բան տեղի ունենա. պահանջվում է համբերություն, ակտիվորեն աշխատելով արժեքավոր նպատակներին ընդառաջ, և չպետք է հիասթափվել, երբ արդյունքները ի հայտ չեն գալիս անմիջապես կամ առանց ջանք գործադրելու:

Կարևոր գաղափար կա այստեղ` համբերությունը ճակատագրին պասսիվորեն հնազանդվելը կամ մեր վախերի պատճառով չգործելը չէ: Համբերություն նշանակում է ակտիվ սպասել կամ տոկալ: Դա նշանակում է համառորեն դիմանալ և մեր ուժերի սահմանում անել ամեն ինչ` աշխատել, հույս տածել և հավատք գործադրել, տոկալով կրել դժվարությունները, անգամ երբ մեր սրտի ցանկությունները ձգձգվում են: Համբերությունը պարզապես դիմանալը չէ. դա լավ դիմանալն է:

Մյուս կողմից անհամբերությունը եսասիրության նշան է: Դա ինքնագոհության հատկանիշ է: Դա տարածված վիճակ է և այդ ախտանիշը կոչվում է «տիեզերքի կենտրոն», որի առկայության ժամանակ մարդը հակված է լինում հավատալ, որ աշխարհը պտտվում է իր շուրջը, իսկ մյուսները պարզապես աջակցող անձնակազմն են մահկանացու կյանքի այս մեծ թատրոնում, որում միայն իրենք են կատարում գլխավոր դերը:

Իմ եղբայրներ, որքան տարբեր է սա մեր` քահանայություն կրողների համար Տիրոջ կողմից սահմանված չափանիշից:

Համբերություն` Քահանայության սկզբունք

Որպես քահանայության կրողներ և Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ մենք պետք է ծառայենք մյուսներին Նրա օրինակին համապատասխան: Տրամաբանություն կա այն բանում, որ քահանայության ղեկավարության վերաբերյալ գրեթե ամեն մի դաս ի վերջո հանգում է Վարդապետություն և Ուխտերի 121-րդ բաժնին: Մի քանի հատվածներում Տերը տալիս է քահանայության ղեկավարության վերաբերյալ հիմնական ուղղությունը. «Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով»:2

Այս հատվածներում նկարագրված բնավորության գծերն ու վարվելակերպը աստվածային համբերության հիմքն են և անքակտելիորեն կապված են արդյունավետ քահանայության և հայրապետական ծառայության հետ: Այդ հատկանիշները ձեզ ուժ ու իմաստություն կտան մեծարելու ձեր կոչումները, քարոզելու ավետարանը, ընկերակցելու քվորումի անդամներին և կատարելու քահանայության ամենակարևոր ծառայությունը, որն իսկապես սիրո ծառայություն է, մատուցվում է ձեր տան պատերի ներսում:

Եկեք միշտ հիշենք, որ Աստծո կողմից քահանայությունը մեզ վստահելու պատճառներից մեկն է` օգնել մեզ պատրաստվել հավերժական օրհնություններին զարգացնելով մեր էությունը` քահանայության ծառայության մեջ պահանջվող համբերատարության միջոցով:

Քանի որ Տերը համբերատար է մեզ հետ, եկեք մենք էլ համբերատար լինենք նրանց հետ, ում ծառայում ենք: Հասկանալ, որ նրանք մեզ նման անկատար են: Նրանք մեզ նման սխալներ են գործում: Նրանք մեզ նման ցանկանում են, որ մյուսները իրենց մասին լավ մտածեն, չնայած հնարավոր է հանգամանքները հակառակն ասեն:

Երբեք ոչ մեկից հույսը մի կտրեք: Դա նշանակում է նաև, որ երբեք ինքներդ անձնատուր չլինեք:

Ես հավատում եմ, որ մեզանից ամեն մեկն էլ ինչ-որ ժամանակ կարող է նմանվել Քրիստոսի առակի այն ծառային, որը թագավորին փող էր պարտք և աղերսեց թագավորին ասելով. «Տեր, համբերիր ինձ համար»:3

Տիրոջ ուղին և ժամանակը

Իսրայելի զավակները անապատում սպասեցին 40 տարի, մինչև կարողացան մտնել խոստացված երկիր: Հակոբը 7 երկար տարիներ սպասեց Ռաքելին: Հրեաները Բաբելոնում 70 տարի սպասեցին, մինչև կարողացան վերադառնալ վերակառուցելու տաճարը: Նեփիացիները սպասեցին Քրիստոսի ծննդյան նշանին, նույնիսկ իմանալով, որ եթե նշան չլիներ, նրանք կմեռնեին: Ջոզեֆ Սմիթի տառապանքները Լիբերթի Բանտում ստիպեցին անգամ Աստծո մարգարեին հարցնել. «Որքա՞ն»:4

Ամեն դեպքում, Երկնային Հայրը նպատակ ուներ, որը պահանջում էր, որ Իր զավակները սպասեին:

Մեզանից յուրաքանչյուրը կանչված է սպասելու մեր կերպով: Մենք սպասում ենք աղոթքների պատասխաններին: Մենք սպասում ենք որոշ բաների, որոնք այդ պահին կարող է թվալ այնքան ճիշտ և այնքան լավ մեզ համար, որ մենք չպատկերացնենք, թե ինչու է Երկնային Հայրը հետաձգում պատասխանը:

Ես հիշում եմ, երբ պատրաստվում էի կործանիչ ինքնաթիռի օդաչուական իմ դասընթացին: Մենք զինվորական նախապատրաստական դասերի հիմնական ժամանակը տրամադրվում էր ֆիզիկական վարժություններին: Ես մինչ այժմ համոզված չեմ, թե ինչու էին անվերջ վազքի պարապմունքները համարվում օդաչու դառնալու համար հիմնական նախապատրաստական մասը: Այնուամենայնիվ, մենք վազում ու վազում էինք, և էլի էինք վազում:

Վազելիս ես սկսեցի նկատել մի բան, որ, ճիշտն ասեմ, անհանգստացրեց ինձ: Կրկին ու կրկին ինձանից առաջ էին անցնում մարդիկ, ովքեր ծխում էին, խմում և անում այնպիսի բաներ, որոնք ավետարանին դեմ էին, և հատկապես Իմաստության Խոսքին:

Ես հիշում եմ, որ մտածում էի. «Սպասիր մի րոպե, արդյո՞ք ես չպետք է վազեի և չհոգնեի»: Սակայն ես հոգնում էի, և ինձանից անցնում էին մարդիկ, ովքեր հաստատ չէին հետևում Իմաստության Խոսքին: Ես խոստովանում եմ, այդ ժամանակ այդ փաստն անհանգստացրեց ինձ: Ես ինքս ինձ հարց տվեցի. «Այդ խոստումը ճի՞շտ էր, թե ոչ»:

Պատասխանը չեկավ անմիջապես: Սակայն ի վերջո, ես սովորեցի, որ Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, որ մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Իր ժամանակին և Իր ձևով: Տարիներ անց, ես պարզորոշ տեսա ապացույցը այն աշխարհիկ օրհնությունների, որոնք գալիս էին նրանց, ովքեր հնազանդվում էին Իմաստության Խոսքին` ի լրումն հոգևոր օրհնություններին, որոնք գալիս են անմիջապես Աստծո օրենքներին հնազանդվելուց: Ետ նայելով, ես գիտեմ հաստատ, որ Տիրոջ խոստումները, եթե գուցե միշտ չեն արագ կատարվում, սակայն անտարակուսելի են:

Համբերությունը հավատք է պահանջում

Բրիգամ Յանգն ուսուցանել է, որ երբ խնդիրներ էին ծագում, որոնք նա չէր կարողանում լիովին ըմբռնել, նա աղոթում էր Տիրոջը. «Ինձ համբերություն տուր, մինչև որ ինքս կհասկանամ դա»:5 Եվ ապա Բրիգամը շարունակում էր աղոթել մինչև որ կարողանում էր ընկալել դա:

Մենք պետք է իմանանք, որ Տիրոջ ծրագրում մեր հասկացողությունն աստիճանաբար է գալիս` «տող առ տող, ցուցում առ ցուցում»:6 Այսինքն, գիտելիքն ու հասկացողությունը համբերության գնով են գալիս:

Հաճախ մեր ներկայի խորը հովիտները կարող են հասկացվել միայն, երբ ետ նայենք դրանց մեր ապագա փորձառության լեռներից: Երբեմն մեր կյանքում չենք կարողանում տեսնել Տիրոջ ձեռքը, մինչև որ փորձություններից արդեն բավականին ժամանակ անցած է լինում: Հաճախ մեր կյանքի ամենադժվարին ժամանակները լինում են այն հիմնական քարերը, որոնք ձևավորում են մեր բնավորության հիմքը և ճանապարհ են հարթում դեպի ապագա հնարավորություններ, հասկացողություն և երջանկություն:

Համբերություն` Հոգու պտուղ7

Համբերությունը աստվածային հատկանիշ է, որ մենք կարողանանք բժշկել հոգիներ, բացել գիտելիքի և հասկացողության գանձեր, և սովորական տղամարդկանց և կանանց վերափոխելով դարձնել սրբեր և հրեշտակներ: Համբերությունը իսկապես Հոգու պտուղ է:

Համբերություն նշանակում է մնալ ինչ-որ բանի հետ մինչև վերջ: Դա նշանակում է հետաձգել վարձատրությունը ապագայի օրհնությունների համար: Դա նշանակում է զսպել զայրույթը և չասել անբարյացակամ խոսքը: Դա նշանակում է ընդդիմանալ չարին, երբ պարզվում է, որ այն հարստացնում է ուրիշներին:

Համբերություն նշանակում է ընդունել այն, ինչ չի կարող փոխվել, ընդունելով այն քաջությամբ, շնորհով և հավատքով: Դա նշանակում է լինել հոժարաբար ենթարկվել «բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:8 Ի վերջո, համբերություն նշանակում է լինել «կայուն ու հաստատուն, անխախտ` Տիրոջ պատվիրանները պահելիս»,9 ամեն օր ու ամեն ժամ, երբ անգամ դժվար է դա անել: Հովհաննես Հայտնիչի խոսքերով. «Այստեղ է սուրբերի համբերությունը. այստեղ են Աստուծո պատվիրանները և Հիսուսի հավատքը պահողները»:10

Համբերությունը կատարելության ընթացք է: Փրկիչն Ինքն է ասել, որ ձեր համբերությամբ կշահեք ձեր հոգիները:11 Կամ օգտագործելով հունական մեկ այլ թարգմանություն, «ձեր հավատքով դուք տեր կկանգնեք ձեր հոգիներին»:12 Համբերություն նշանակում է մնալ հավատքի մեջ, իմանալով, որ երբեմն ոչ թե ստանալու, այլ սպասելու ընթացքում ենք առավել աճում: Դա այդպես էր Փրկչի ժամանակ: Դա այդպես է մեր ժամանակ նաև, քանզի այս վերջին օրերին մեզ պատվիրվել է` «Համբերությամբ շարունակեք, մինչև որ կատարյալ դարձվեք»:13

Տերն օրհնում է մեզ մեր համբերության համար

Հին Սաղմոսողին մեջբերելով, եթե մենք սպասենք համբերությամբ Տիրոջը, նա կլսի մեզ: Նա կլսի մեր աղաղակը: Նա մեզ դուրս կբերի սոսկալի հորից և մեր ոտքերը կդնի ամուր վեմի վրա: Նա մեր բերանում նոր երգ կդնի, և մենք կգովաբանենք մեր Աստծուն: Շատերը մեր շուրջը կտեսնեն դա, և նրանք կվստահեն Տիրոջը:14

Իմ սիրելի եղբայրներ, համբերության աշխատանքը հիմնականում կայանում է սրանում` պահեք պատվիրանները, վստահեք Աստծուն` մեր Երկնային Հորը, ծառայեք Նրան հեզությամբ և Քրիստոսանման սիրով, հավատք գործադրեք և հուսացեք Փրկչին, և երբեք անձնատուր մի եղեք: Համբերությունից քաղած դասերը կհղկեն մեր բնավորությունը, կբարձրացնեն մեր կյանքը, և կմեծացնեն երջանկությունը: Դրանք կօգնեն մեզ դառնալ քահանայության արժանի կրողներ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ:

Իմ աղոթքն է, որ համբերությունը լինի բնորոշող գիծը մեր, որ Ամենազոր Աստծո քահանայությունն ենք կրում, որ մենք արիաբար վստահենք Տիրոջ խոստումներին և Նրա ժամանակին, որ մենք վերաբերվենք մյուսներին համբերությամբ և կարեկցանքով, ինչին ինքներս ենք ձգտում, և որ մենք համբերությամբ շարունակենք, մինչև կատարյալ կդառնանք, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Sես Jonah Lehrer, “Don’t! The Secret of Self-Control,” New Yorker, May 18, 2009, 26–27:

  2. Վարդապետություն և Ուխտեր 121.41; տես նաև հատվածներ 39–45:

  3. Մատթեոս ԺԸ.26:

  4. Վարդապետություն և Ուխտեր 121:2:

  5. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 75.

  6. Վարդապետություն և Ուխտեր 98.12:

  7. Տես Գաղատացիս Ե.22, 23:

  8. Մոսիա 3.19:

  9. 1 Նեփի 2.10:

  10. Հայտնություն ԺԴ.12:

  11. Տես Ղուկաս ԻԱ.19:

  12. Տես Ղուկաս ԻԱ.19, տողատակի ծանուցում բ:

  13. Վարդապետություն և Ուխտեր 67.13:

  14. Տես Սաղմոս Խ.1–3: