2010
Ապրում է Նա, Փառք Նրա Անվան
Մայիս 2010


Ապրում է Նա, Փառք Նրա Անվան

Հիսուս Քրիստոսի Քավությունը հասկանալը և դրան հավատալը ուժ և ունակություն կպարգևեն մեզ հաջողակ կյանքի համար:

Elder Richard G. Scott

Այսօր Զատկի առավոտ է, այս սուրբ օրը ողջ քրիստոնեական աշխարհը տոնում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ: Նրա Հարությունը քանդեց այն, ինչ այդ ժամանակ համարվում էր մահվան անկոտրում շղթա: Նա բացեց ուղին, որով երկրի վրա ծնված Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում մահից վեր բարձրանալ և կրկին ապրել:

Մեր Երկնային Հայրը, հավանաբար, հրճվում էր այդ սուրբ օրը, երբ Նրա լիովին հնազանդ, ամբողջովին արժանի Որդին փշրեց մահվան կապանքները: Ի՞նչ հավերժական նպատակ կունենար մեր Հոր երջանկության ծրագիրը, եթե այն կյանքի չկոչվեր Նրա փառավոր և հնազանդ Որդու անսահման և հավերժական Քավության միջոցով: Ի՞նչ հավերժական նպատակ կունենար երկրագնդի Ստեղծումը, որտեղ բանական էակները հոգու հետ միասին մարմին պիտի ստանային, եթե մահը լինելու էր գոյության վերջնակետը և ոչ ոք հարություն չէր առնելու: Ինչպիսի փառավոր պահ էր այդ առավոտ բոլոր նրանց համար, ովքեր հասկանում էին դրա նշանակալիությունը:

Զատիկը այն սուրբ ժամանակն է, երբ ցանկացած նվիրյալ քրիստոնյայի սիրտը խոնարհ երախտագիտությամբ դառնում է դեպի մեր սիրելի Փրկիչը: Դա այն ժամանակն է, որը պետք է խաղաղություն և ուրախություն բերի բոլոր նրանց, ովքեր սիրում են Նրան և ապացուցում են դա, պահելով Նրա պատվիրանները: Զատիկը բերում է մտքեր Հիսուսի, Նրա կյանքի, Նրա Քավության, Նրա Հարության, Նրա սիրո մասին: Նա բարձրացավ մահից վեր` «իր թևերի մեջ ունենալով բժշկություն» (Մաղաքիա 4.2; 3 Նեփի 25.2): Օ՜, որքան մենք բոլորս ունենք այդ ապաքինման կարիքը, որը կարող է տալ Քավիչը: Իմ ուղերձը հույսի ուղերձ է, հիմնված այն սկզբունքների վրա, որոնք մարմնավորված են Վարդապետ և Ուսուցիչ, Հիսուս Քրիստոսի ուսմունքներում:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կարող են ավելի լիարժեք հասկանալ ապաքինման շունչը և խորությունը, որը տալիս է Նրա Քավությունը, որովհետև մենք ունենք Նրա վարդապետության լրիվությունը: Մենք հասկանում ենք, որ այն, ինչ Նա կամավոր արեց, անցնելով սաստիկ տառապանքների և զոհաբերության միջով, կազդի մեզ վրա ոչ միայն այս կյանքում, այլ հավերժության մեջ ևս:

Այս Զատկին, հիշելով Հարությունը, վճարված գինը և Քավության շնորհիվ տրված պարգևը, խորհեք այն մասին, ինչ սուրբ գրությունները ուսուցանում են այդ սուրբ երևույթների մասին: Դրանց իրականության մասին ձեր անձնական վկայությունը կամրանա: Դրանք պետք է լինեն ավելին, քան սկզբունքներ հիշելու համար: Դրանք պետք է հյուսվեն ձեր էության հյուսվածքի մեջ որպես զորեղ պաշտպանություն պղծության այն աճող ալիքի դեմ, որը վարակում է մեր աշխարհը:

Լեքի մարգարեն խոր ճշմարտություն է հայտարարել, երբ ասել է. «Ուստի փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով. Քանզի նա լի է շնորհով և ճշմարտությամբ: Ահա, նա իրեն զոհ է մատուցում մեղքի համար՝ բավարարելու օրենքի պահանջները բոլոր նրանց համար, ովքեր ունեն կոտրված սիրտ ու փշրված հոգի. և ուրիշ ոչ մեկի համար օրենքի պահանջները չեն կարող բավարարվել» (2 Նեփի 2.6–7): Այդ սուրբ գրությունը նշում է, որ հպարտների և մեծամիտների համար կարծես երբեք Քավություն չի եղել:

Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա մեր Փրկիչն է, մեր Քավիչը: Նա փառավոր, հարություն առած էակ է: Նա ունակություն ունի հաղորդելու սեր, որն այնքան հզոր է, այնքան ցնցող, որ գերազանցում է դա պատշաճ արտաբերելու մարդու լեզվի ունակությունը: Նա տվեց Իր կյանքը՝ կոտրելու համար մահվա կապանքները: Նրա Քավությունը լիովին գործող դարձրեց Նրա Երկնային Հոր երջանկության ծրագիրը:

Հիսուսը կառավարում է արդարադատության և ողորմության միջև հավասարակշռությունը, որը պայմանավորված է Իր ավետարանին մեր հնազանդությամբ: Նա ողջ մարդկության լույսն է: Նա ողջ ճշմարտության աղբյուրն է: Բոլոր նրանք, ովքեր հնազանդվում են Նրա պատվիրաններին, կվաստակեն առավել փառավոր օրհնություններ, որ կարելի է պատկերացնել:

Առանց Քավության, Երկնային Հոր երջանկության ծրագիրը չէր կարող լիովին արդյունավետ դառնալ: Քավությունը բոլորին հնարավորություն է տալիս հաղթահարել կյանքում կատարած սխալների հետևանքները: Երբ մենք հնազանդվում ենք օրենքին, մենք ստանում ենք օրհնություն: Երբ մենք խախտում ենք օրենքը, նախկին հնազանդությունից ոչ մի մնացորդ չի մնում, որ բավարարի այդ խախտված օրենքի արդարադատության պահանջները: Փրկչի Քավությունը թույլ է տալիս մեզ ապաշխարել անհնազանդությունից և դրանով խուսափել այդ արդարադատության պատժից:

Իմ պատկառանքը և երախտագիտությունը Իսրայելի Սուրբի, Խաղաղության Իշխանի և մեր Քավիչի Քավության հանդեպ շարունակ մեծանում է, երբ ես աշխատում եմ ավելի շատ հասկանալ այդ մասին: Ես հասկանում եմ, որ ոչ մի մահկանացու միտք չի կարող պատշաճ ըմբռնել, ոչ էլ մարդու լեզուն կարող է պատշաճ արտահայտել այն ամենի նշանակությունը, ինչ Հիսուս Քրիստոսն արեց մեր Երկնային Հոր զավակների համար Իր Քավության միջոցով: Ինչևէ, կարևոր է, որ յուրաքանչյուրս սովորի այդ մասին, որքան կարող է: Քավությունը էական բաղադրիչն է մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի, առանց որի այդ ծրագիրը չէր կարող գործել: Հասկանալով Քավությունը և ներշնչումը, որ այն տալիս է ձեր կյանքին, դուք ավելի արդյունավետ կօգտագործեք այն ողջ գիտելիքը, փորձը և ունակությունները, որ ձեռք եք բերում մահկանացու կյանքում:

Ես հավատացած եմ, որ օգտակար է փորձել պատկերացնել, թե ինչ էր Քավությունը պահանջում և Հորից և Նրա պատրաստակամ Որդուց: Փրկչի հանդիպած երեք խնդիրներն էին.

Առաջինը, պատասխանատվության ահռելի զգացում, քանզի Նա հասկանում էր, որ եթե դա կատարյալ չարվեր, Իր Հոր զավակներից ոչ մեկը չէր կարող վերադառնալ Նրա մոտ: Նրանք ընդմիշտ կզրկվեին Նրա ներկայությունից, քանի որ ճանապարհ չէր լինի ապաշխարելու խախտված օրենքների համար, իսկ ոչ մի անմաքուր բան չի կարող գոյություն ունենալ Աստծո ներկայության մեջ: Նրա Հոր ծրագիրը կտապալվեր և յուրաքանչյուր հոգևոր զավակ կլիներ Սատանայի հավերժական վերահսկողության և տանջանքների տակ:

Երկրորդ, Իր բացարձակորեն մաքուր մտքով և սրտով Նա անձամբ պետք է զգար այն հետևանքները, որ ողջ մարդկությունը երբևէ կունենար, անգամ ամենաթշվառ, ամենապիղծ մեղքրց:

Երրորդ, Նա պետք է դիմակայեր Սատանայի բանակի կատաղի գրոհներին, մինչդեռ ֆիզիկապես և հոգեպես սեղմ սահմանների մեջ էր: Ապա, մեզ համար ոչ լիովին պարզ պատճառներով, թեև Իր ունակության գագաթնակետին, երբ Փրկիչը առավել շատ աջակցության կարիք ուներ, Նրա Հայրը թույլ տվեց, որ Նա կրեր ծայրահեղ ծանր պատասխանատվությունը միայն Իր սեփական ուժով և ունակությամբ:

Ես փորձում եմ պատկերացնել, թե ինչպիսի վշտալի պահ պետք է որ լիներ մեր Երկնային Հոր համար, երբ Փրկիչը բացականչեց խաչի վրայից. «Իմ Աստուած` իմ Աստուած, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթեոս ԲԷ.46; Մարկոս ԻԵ.34): Ես չեմ հավատում, որ Երկնային Հայրը մոռացել էր Իր Որդուն խաչի վրա: Ես հավատում եմ, որ այդ կանչը պայմանավորված էր այն մշտական օգնության բացակայությամբ, որը Նա միշտ վայելել էր Իր Հոր կողմից: Նրա Հայրը հասկանում էր, որ Փրկիչը պետք է կատարեր Քավությունը լիովին և ամբողջովին ինքնուրույն, առանց արտաքին օգնության: Հայրը չէր լքել Իր Որդուն: Նա հնարավություն տվեց Իր կատարյալ Որդուն վաստակել Քավության հավերժական պտուղները:

Մահկանացու կյանքում մեզանից ոչ ոք չի կարող երբևէ ըստ պատշաճի գնահատել Քավության լիարժեք բարերար հետևանքերը:

Մեր բոլորի համար ծայրահեղ կարևոր է ամրացնել մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության մասին, այնպես որ այն դառնա անսասան հիմք, որի վրա մենք կկառուցենք մեր կյանքը: Մինչ աշխարհը ավելի է հեռանում հիմնարար չափանիշներից, և մինչ հարգանքը, առաքինությունը և մաքրությունը մի կողմ են նետվում շահի որոնումների պայմաններում, Հիսուս Քրիստոսի Քավությունը հասկանալը և դրան հավատալը ուժ և ունակություն կպարգևեն մեզ հաջողակ կյանքի համար: Դա նաև վստահություն կբերի փորձության պահին և խաղաղություն խառնաշփոթ ժամանակ:

Ես մեծապես խրախուսում եմ ձեզ ստեղծել անձնական ուսումնասիրության ծրագիր, որպեսզի ավելի լավ հասկանանք և գնահատենք Հիսուս Քրիստոսի կողմից որպես մեր Փրկիչ և Քավիչ Իր աստվածային կոչումը կատարյալ իրականացնելու անհամեմատելի, հավերժական, անսահման հետևանքները: Սուրբ գրությունների խորը անձնական ուսումնասիրությունը և դրանց մասին խորհելը, սրտագին աղոթքը կամրացնեն Նրա անգին Քավության ձեր հասկացողությունը և գնահատումը: Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին սովորելու մեկ այլ զորեղ եղանակ է հաստատուն ձևով տաճար այցելելը:

Թող մեզանից յուրաքանչյուրը թարմացնի մեր տանը ճշմարիտ սկզբունքները սրբությամբ ուսուցանելու իր վճռականությունը: Այդպես մենք երջանկության մեծագույն հնարավորություն կտանք այն հոգիներին, որոնք վստահված են մեզ: Օգտագործեք Եկեղեցին որպես արդար գործիք տունը ամրացնելու համար, բայց հասկացեք, որ որպես ծնողներ մենք հիմնարար պարտականություն և արտոնություն ունենք` առաջնորդվելու Տիրոջով մեր խնամքին վստահված Նրա հոգևոր զավակներին մեծացնելիս:

Տանը ճշմարտությունն ուսուցանելու կենսական կարևորությունը հիմնարար է: Եկեղեցին կարևոր է, սակայն տներում է, որ ծնողները տալիս են պահանջվող հասկացողություն և ուղղություն երեխաներին: Ճիշտ է ասված, որ ժամանակի և հավերժության մեջ առավել կարևոր կոչումները հոր և մոր կոչումներն են: Կգա ժամանակ, երբ մենք կազատվենք մեր ստացած բոլոր հանձնարարություններից, բայց ոչ հոր և մոր պարտականությունից:

Երբ դուք խորհեք, ոչ թե միայն կարդաք, այլ խորհեք և մտորեք սուրբ գրությունների հատվածների շուրջ, Սուրբ Հոգու զորությունը կներարկի ճշմարտությունները ձեր մտքի և սրտի մեջ որպես ապահով հիմք այս անորոշ ժամանակներում, որոնցում մենք ապրում ենք: Որպես ծնողներ պատրաստեք ձեր երեխաներին այն մարտահրավերներին, որոնց նրանք կհանդիպեն: Ուսուցանեք նրանց ճշմարտությունը, խրախուսեք նրանց ապրել ըստ դրա և նրանց հետ ամեն -ինչ լավ կլինի, անկախ նրանից, թե որքան ուժգին կցնցի նրանց աշխարհը:

Այս Զատկին վճռեք Տեր Հիսուս Քրիստոսին դարձնել ձեր տան կենդանի առանցքը: Հետևեք, որ ձեր յուրաքանչյուր որոշում, լինի դա հոգևոր, թե ֆիզիկական բնույթի, առաջնորդվի այս մտքով. «Ի՞նչ կուզենար Տեր Հիսուս Քրիստոսը, որ ես անեի»: Երբ Փրկիչը ձեր տան կենտրոնն է, տունը լցվում է խաղաղությամբ և հանգստությամբ: Խաղաղ վստահության ոգի է ներխուժում այն տուն, որտեղ երեխաները և չափահասները նույն մտածելակերպն են կրում:

Դեպի լավը մշտական փոփոխություն կատարելու լավագույն ճանապարհը Հիսուս Քրիստոսին ձեր օրինակը, իսկ Նրա ուսմունքները` ձեր կյանքի ուղեցույցը դարձնելն է:

Եթե դուք անհնազանդ եք եղել Նրա պատվիրաններին և անարժան եք ձեզ զգում գալու, հասկացեք, որ այդ պատճառով է Տերը, Հիսուս Քրիստոսը, տվել Իր կյանքը: Իր Քավության միջոցով Նա ընդմիշտ բացել է նման սխալները հաղթահարելու, սխալ ընտրություններից ապաշխարելու և Նրա ուսմունքներին հակառակ կյանքով ապրելու բացասական հետևանքները վերացնելու հնարավորությունը:

Փրկիչը սիրում է մեզանից յուրաքանչյուրին և կբավարարի ցանկացած կարիք, եթե մենք հնազանդությամբ արժանի լինենք բոլոր օրհնություններին, որոնք Նա ցանկանում է, որ մենք ունենանք այս երկրագնդի վրա: Ես սիրում եմ Նրան և հիանում եմ Նրանով: Որպես Նրա լիազորված ծառա ես հանդիսավորությամբ վկայում եմ իմ էության ողջ ունակությամբ, որ Նա ապրում է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: