«Դուք եք Իմ ձեռքերը»
Որպես մեր Վարդապետ՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք կանչված ենք աջակցելու և բժշկելու, և ոչ թե դատապարտելու:
Մի պատմություն կա այն մասին, ինչպես էր Երկրորդ Համաշխարհային պատերազմին մի քաղաքի ռմբակոծման ժամանակ մեծապես վնասվել Հիսուս Քրիստոսի արձանը: Երբ քաղաքի մարդիկ գտան արձանը քարերի կույտի մեջ, նրանք վշտացան, որովհետև դա իրենց հավատքի և իրենց կյանքում Աստծո ներկայության սիրելի խորհրդանիշն էր:
Մասնագետ վարպետները կարողացան վերականգնել արձանը, սակայն նրա ձեռքերն այնքան շատ էին վնասվել, որ հնարավոր չեղավ ձեռքերը վերականգնել: Ոմանք առաջարկեցին քանդակագործ վարձել, որը նոր ձեռքեր կքանդակեր, սակայն մյուսները ցանկացան թողնել դա ինչպես կա, որպես պատերազմի ողբերգության մշտական հիշեցում: Ի վերջո, արձանը մնաց առանց ձեռքերի: Ինչևէ, քաղաքի մարդիկ Հիսուս Քրիստոսի արձանի պատվանդանին մի հուշագիր ավելացրեցին հետևյալ խոսքերով. «Դուք եք իմ ձեռքերը»:
Մենք Քրիստոսի ձեռքերն ենք
Խորիմաստ դաս է պարունակում այս պատմությունը: Երբ մտածում եմ Փրկչի մասին, հաճախ պատկերացնում եմ Նրան ձեռքերը մեկնած` հասնելու սփոփելու, բժշկելու, օրհնելու և սիրելու համար: Եվ Նա միշտ բարեհաճորեն էր խոսում մարդկանց հետ: Նա սիրում էր խոնարհներին և հեզերին, Նա քայլում էր նրանց մեջ, ծառայելով նրանց և հույս ու փրկություն բերելով:
Այդպես Նա ապրեց Իր մահկանացու կյանքը, այդպես կվարվեր Նա, եթե մեր մեջ ապրեր այսօր, այդպես մենք պետք է ապրենք որպես Նրա աշակերտներ և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ:
Զատկի այս սքանչելի առավոտյան, մեր մտքերն ու սրտերը ուղվված են դեպի Նա` Իսրայելի Հույսը և Աշխարհի Լույսը:
Ընդօրինակելով Նրա կատարյալ օրինակը, մեր ձեռքերը կարող են դառնալ Նրա ձեռքերը, մեր աչքերը` Նրա աչքերը, մեր սիրտը` Նրա սիրտը:
Մեր ձեռքերը կարող են գրկել
Ես խորապես տպավորված եմ` տեսնելով ինչպես են մեր Եկեղեցու անդամները հասնում մյուսներին: Լսելով ձեր անձնուրաց զոհաբերության և անհամար կարեկցանքի մասին, մեր սրտերը լցվում են երախտագիտությամբ և երջանկությամբ: Դուք պայծառ լույս եք այս աշխարհում և հայտնի եք ողջ աշխարհում ձեր մեծահոգությամբ ու կարեկցանքով:
Դժբախտաբար, երբեմն մենք նաև լսում ենք Եկեղեցու անդամների մասին, ովքեր հիասթափվում են, ապա հեռանում, չմասնակցելով մեր Եկեղեցու ժողովներին, որովհետև մտածում են, որ դա իրենց տեղը չէ:
Երբ ես փոքր տղա էի, Երկրորդ Համաշխարհայինին հաջորդող տարիներին Գերմանիան կործանված և ավերված էր: Շատերը քաղցած էին, հիվանդ և մահամերձ: Ես լավ եմ հիշում Սոլթ Լեյք Սիթիից Եկեղեցու սննդի և հագուստի մարդասիրական առաքումները: Առ այսօր, ես դեռևս հիշում եմ հագուստի հոտը և զգում եմ դեղձի պահածոների քաղցր համը:
Կային մարդիկ, որ միացան Եկեղեցուն այն ապրանքների համար, որ ստանում էին այդ ժամանակ: Որոշ անդամներ արհամարանքով էին նայում այդ նորադարձներին: Նրանց անգամ անվանում էին Büchsen Mormonen կամ «Պահածո-Մորմոններ»: Նրանք վիրավորում էին այդ նոր անդամներին, քանի որ հավատում էին, որ նրանք կհեռանան, երբ այլևս նյութական կարիքներ չունենան:
Եթե մի քանիսը հեռացան, շատերը մնացին, նրանք գալիս էին եկեղեցի, ճաշակում ավետարանի քաղցրությունը և զգում հոգացող եղբայրների և քույրերի քնքուշ գրկախառնությունը: Նրանք «տուն» հայտնագործեցին: Եվ այժմ, երեք-չորս սերունդ անց, Եկեղեցու շատ անդամ ընտանիքներ են սերվում այդ անդամներից:
Հուսով եմ, մենք ողջունում և սիրում ենք Աստծո բոլոր զավակներին, ներառյալ նրանց, ում հագուստը, տեսքը, լեզուն տարբեր է կամ պարզապես այլ կերպ են գործում: Լավ չէ, երբ ուրիշներին ցույց ես տալիս, թե որքան անկատար են նրանք: Եկեք բարձրացնենք մեջ շուրջը գտնվողներին: Եկեք ողջունող ձեռք մեկնենք: Եկեք Եկեղեցու մեր եղբայրներին և քույրերին հատկապես մարդասիրաբար, կարեկցանքով և գթասրտորեն մոտենանք, որ նրանք վերջապես զգան, որ տուն են գտել:
Երբ գայթակղվում ենք դատապարտելու, եկեք մտածենք Փրկչի մասին, որը «սիրում է աշխարհը՝ այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ:
… [Եվ] նա ասում է. Եկե՛ք ինձ մոտ, բոլո՛րդ, դուք աշխարհի ծայրե՛ր … [քանզի] բոլոր մարդիկ արտոնյալ են մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված չէ»:1
Կարդալով սուրբ գրությունները, պարզ է դառնում, որ Փրկչի խիստ հանդիմանությանը հաճախ արժանանում էին նրանք, ովքեր իրենց բարձր էին պահում իրենց հարստության, ազդեցության պատճառով, կամ համոզված էին իրենց արդարակեցության մեջ:
Մի առիթով Փրկիչը մի առակ ուսուցանեց երկու մարդկանց մասին, ովքեր մտել էին տաճար աղոթելու: Նրանցից մեկը, լինելով հարգված Փարիսեցի, աղոթել էր. «Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկը` հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը. Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս»:
Մյուս մարդը, ատելի մաքսավորը, «հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինքը բարձրացնել. այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղավորիս»:
Եվ Հիսուսն ասաց. «Ասում եմ ձեզ, թե սա արդարացած իջավ իր տունը քան թե նա»:2
Իրականում, «ամենքը մեղանչեցին, և Աստուծո փառքիցը պակասուած են»:3 Մենք բոլորս ողորմածության կարիք ունենք: Վերջին օրը, երբ մենք կկանչվենք Աստծո դատարանի առջև, արդյո՞ք հույս ունենք, որ մեր բազմաթիվ անկատարությունները կներվեն: Արդյոք չե՞նք փափագում Փրկչի գրկախառնումը զգալ:
Ճշմարիտ և ճիշտ է, որ մենք մյուսների համար անենք այն, ինչը այնքան սրտանց փափագում ենք մենք:
Ես չեմ առաջարկում, որ մենք ընդունենք մեղքը կամ աչքաթող անենք չարին, մեր անձնական կյանքում կամ աշխարհում: Այնուամենայնիվ, մեր փութաջանության մեջ, մենք երբեմն խառնում ենք մեղքը մեղավորի հետ և շատ արագ դատապարտում առանց կարեկցանքի նշույլի իսկ: Մենք գիտենք ժամանակակից հայտնությունից, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»:4 Մենք չենք կարող որոշել մեկ այլ հոգու արժեքը, ինչպես չենք կարող չափել տիեզերքի մեծությունը: Ամեն մեկը, որին հանդիպում ենք, կարևոր անձ է մեր Երկնային Հոր համար: Գիտակցելով դա, մենք կսկսենք հասկանալ, թե ինչպես պետք է վերաբերվել մեր մերձավորներին:
Մի կին, որը տարիներ շարունակ եղել էր փորձության և վշտի մեջ, արցունքների միջից ասել է. «Ես հասկացա, որ նման եմ հին 20 դոլլարանոցի, ճմրթված, մաշված, կեղտոտ, գործածված և սպիներով պատված: Սակայն ես դեռևս 20 դոլլարանոց եմ, ես ինչ-որ բան արժեմ: Թեպետ ես լավ տեսք չունեմ, տրորվել եմ և գործածվել, սակայն դեռևս լիովին 20 դոլլարի արժեք ունեմ»:
Մեր ձեռքերը կարող են սփոփել
Պահելով դա մեր մտքում, թող մեր սրտերն ու ձեռքերը կարեկցանքով հասնեն մյուսներին, քանզի ամեն ոք քայլում է իր դժվարին ճանապարհով: Որպես մեր Վարդապետ Հիսուս Քրիստոսի աշակերտ, մենք կանչված ենք աջակցելու և բժշկելու, և ոչ թե դատապարտելու: Մեզ պատվիրվել է սգալ նրանց հետ, ովքեր սգում են, և սփոփել նրանց, ովքեր սփոփանքի կարոտ են:5
Մեզ՝ Քրիստոնյաներիս, համար վայել չէ մտածել, որ նրանք, ովքեր տառապում են, արժանի են իրենց տառապանքին: Զատկի Կիրակին լավ օր է հիշելու, որ մեր Փրկիչը պատրատակամորեն Իր վրա վերցրեց ցավը, հիվանդությունն ու տառապանքը մեր բոլորի, անգամ նրանց, ովքեր, թվում է, թե արժանի են իրենց տառապանքին:6
Առակաց գրքում մենք կարդում ենք, որ «ամեն ժամանակ սիրող է բարեկամը, երբ եղբայրը նեղ օրվան համար է ծնուած»:7 Եկեք սիրենք ամեն ժամանակ: Եվ եկեք հատկապես հասնենք մեր եղբայրներին և քույրերին իրենց նեղության ժամանակ:
Մեր ձեռքերը կարող են ծառայել
Հին հրեական առասպելը պատմում է երկու եղբայրների` Աբրամի և Զիմրիի մասին: Նրանք դաշտ ունեին և միասին աշխատում էին այնտեղ: Նրանք համաձայնել էին հավասար կիսել աշխատանքն ու բերքը: Մի գիշեր, երբ բերքահավաքն ավարտին էր մոտենում, Զիմրին չէր կարողանում քնել, քանի որ նրա կարծիքով ճիշտ չէր, որ Աբրամը, որը կին և յոթ որդի ուներ կերակրելու, պետք է ստանար բերքի կեսը, մինչդեռ ինքը, միայնակ լինելով, այդքան շատ ուներ:
Այսպիսով, Զիմրին հագավ և դուրս եկավ դաշտ, իր հավաքած բերքի մեկ երրորդը վերցրեց և դրեց իր եղբոր բաժնի վրա: Այնուհետև բավարարված վերադարձավ քնելու, իմանալով, որ ճիշտ է վարվել:
Միևնույն ժամանակ, Աբրամը չէր կարողանում քնել: Նա մտածում էր իր խեղճ եղբոր մասին, որը միայնակ էր, ոչ մի որդի չուներ աշխատանքում իրեն օգնող: Նրա կարծիքով, ճիշտ չէր, որ Զիմրին, որը տքնաջան աշխատում էր, պետք է բերքի միայն կեսը վերցներ: Անշուշտ, դա Աստծուն չէր գոհացնի: Աբրամն էլ կամացուկ գնաց դաշտ և իր բերքի մեկ երրորդը վերցնելով դրեց իր սիրելի եղբոր բաժնի վրա:
Հաջորդ առավոտ, եղբայրները գնացին դաշտ և երկուսն էլ զարմացան, տեսնելով, որ իրենց հավաքած բերքը միևնույն չափի էր: Այդ գիշեր եղբայրները գաղտագողի դուրս եկան իրենց տներից, որպեսզի նախորդ գիշերվա պես նույնը կրկնեն: Սակայն այս անգամ իրար հանդիպեցին, և, հանդիպելով միմյանց, նրանք գրկախառնվեցին և արտասվեցին: Նրանցից ոչ մեկը չէր կարողանում խոսել, նրանց սիրտը լի էր սիրով ու երախտագիտությամբ:8
Դա է կարեկցանքի հոգին` որ մենք սիրենք մյուսներին, ինչպես մեզ,9 ցանկանանք նրանց երջանկությունը, և այնպես վարվենք նրանց հետ, ինչպես կուզենայինք իրենք վարվեին մեզ հետ:10
Ճշմարիտ սերը գործեր է պահանջում
Ճշմարիտ սերը գործով է արտահայտվում: Մենք կարող ենք սիրո մասին ողջ օրը խոսել, դրան նվիրված գրություններ կամ պոեմներ գրել, այն գովաբանող երգեր երգել և դա խրախուսող քարոզներ ասել, սակայն մինչև մենք գործով ցույց չտանք այդ սերը, մեր խոսքերը ոչ այլ ինչ են, քան «ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ»:11
Քրիստոսը պարզապես չէր խոսում սիրո մասին, Նա ամեն օր ցույց էր տալիս դա Իր կյանքի ընթացքում: Նա Իրեն չէր առանձնացնում մարդկանց բազմությունից: Լինելով մարդկանց մեջ, Հիսուսը հասնում էր անհատներին: Նա փրկում էր կորածին: Նա պարզապես դասարանում չէր ուսուցանում մյուսներին սիրով հասնելու մասին, իսկ ապա իրական աշխատանքը հանձնարարում ուրիշներին: Նա ոչ միայն ուսուցանում էր, այլև ցույց էր տալիս, թե ինչպես պետք է «սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները»:12
Քրիստոսը գիտի, ինչպես պետք է կատարյալ ձևով ծառայել մյուսներին: Երբ Փրկիչը մեկնում է Իր ձեռքերը, նրանք, ում Նա դիպչում է, բարձրանում են և արդյունքում դառնում ավելի մեծ, ավելի ամուր և ավելի լավ մարդիկ:
Եթե մենք Նրա ձեռքերն են, արդյո՞ք նույնկերպ չպետք է վարվենք:
Մենք կարող ենք սիրել, ինչպես Նա
Փրկիչը կատարյալ առաջնահերթություններ է հայտնել մեր կյանքի, մեր տների, մեր ծխերի, մեր համայնքների և մեր ազգերի համար, երբ խոսել է սիրո մասին որպես մեծ պատվիրանի, որից «կախված են բոլոր օրենքը և մարգարեքը»:13 Մենք կարող ենք օրեր շարունակ համակվել, դիտարկելով կյանքի հրաշալի մանրամասները, օրենքը, կազմելով երկար ցուցակn այն ամենի, ինչ պետք է անել, սակայն, եթե անտեսենք այդ մեծ պատվիրանները, մենք կկորցնենք հիմնական իմաստը և կնմանվենք առանց ջրի ամպերի, որոնք քշվում են քամուց, և առանց պտղի ծառերի: 14
Առանց Հայր Աստծո և մեր մերձավորների հանդեպ այդ սիրո, մենք սոսկ Նրա Եկեղեցու ձևն ենք`առանց նյութի: Ի՞նչ օգուտ կա, երբ առանց սիրո ենք ուսուցանում: Ի՞նչ օգուտ ունի միսիոները, տաճարը կամ բարեգործական աշխատանքը առանց սիրո:
Սերն է ոգեշնչել մեր Երկնային Հորը ստեղծել մեր հոգիները, դա դրդեց մեր Փրկչին Գեթսեմանի այգում Ինքն Իրեն փրկագին տալ մեր մեղքերի համար: Սերը փրկության ծրագրի մեծագույն շարժիչ ուժն է, դա երջանկության, բժշկության մշտապես նորացող աղբյուր է` հույսի թանկագին ակնաղբյուր:
Երբ մեկնում ենք մեր ձեռքերը և սիրտը դեպի մյուսները Քրիստոսանման սիրով, ինչ-որ հրաշալի բան է տեղի ունենում մեզ հետ: Մեր հոգիներն ապաքինվում են, զարգանում և ամրանում: Մենք ավելի երջանիկ ենք դառնում, ավելի խաղաղ և ավելի ընկալունակ Սուրբ Հոգու հուշումների հանդեպ:
Իմ ողջ սրտով և հոգով ես շնորհակալություն եմ հայտնում մեր Երկնային Հորը մեր հանդեպ Իր սիրո համար, Իր Որդու պարգևի համար, Հիսուս Քրիստոսի կյանքի, օրինակի և Նրա անմեղ ու անձնուրաց զոհաբերության համար: Ես բերկրանք եմ ապրում այն փաստով, որ Քրիստոսը չի մահացել, այլ բարձրացել է գերեզմանից: Նա ապրում է և երկիր է վերադարձել` վերականգնելու Իր իշխանությունը և ավետարանը մարդու համար: Նա մեզ համար եղել է կատարյալ օրինակ, թե ինչպիսի տղամարդիկ և կանայք մենք պետք է լինենք: Այս Զատկի կիրակի, և ամեն օր երբ ակնածանքով և պատկառանքով խորհենք, թե ինչպես է մեր Փրկիչը գրկում, սփոփում ու բժշկում մեզ, եկեք պարտավորվենք դառնալ Նրա ձեռքերը, որպեսզի մեր միջոցով մյուսները զգան Նրա սիրալիր գրկախառնումը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: