Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)
Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ
Դաս 12․ Դասարանի նախապատրաստական նյութ
Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները
Երբ տեսել եք ամուր, երջանիկ ամուսնական զույգ, մտածել ե՞ք, թե որն է նրանց հաջողության բանալին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Լավ ամուսնությունը ժամանակ է պահանջում»: Այն պահանջում է անխոնջ ջանքեր: Դուք պետք է աշխատեք դրա վրա: Դուք պետք է մշակեք այն» (“Life’s Obligations,” Ensign, Feb. 1999, 4): Այս դասի վարդապետությունն ու սկզբունքներն ուսումնասիրելիս հաշվի առեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի նախապատրաստվեք երջանիկ ամուսնության կամ ավելի լավ պահպանեք և զարգացնեք ձեր ամուսնությունը:
Բաժին 1
Ես և կողակիցս ինչպե՞ս կարող ենք ստեղծել ուրախ, հավերժական ամուսնություն
Աշխարհում, որտեղ շատ ամուսնություններ, կարծես, մաքառումների մեջ են կամ ավարտվում են ամուսնալուծությամբ, ոմանք կարող են մտածել՝ արդյոք ամուսնական երջանկությունը հնարավոր իրականություն է իրենց համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը առաջարկում է հետևյալ հույսի ուղերձը.
Թույլ տվեք միանշանակ, բացարձակ և հաստատակամ հայտարարել, որ երջանիկ ամուսնությունը ոչ միայն գոյություն ունի, այլև երջանիկ ամուսնությունները կանոն են, այլ ոչ թե բացառություն:
Ես և քույր Հոլլանդը կենդանի ապացույցն ենք այն բանի, որ դուք կարող եք ոչ միայն երջանիկ լինել, այլև անսահման երջանիկ լինել:
Դուք պետք է ջանքեր գործադրեք երջանիկ ամուսնություն ունենալու համար: Ամեն լավ բան, որ ես գիտեմ այս աշխարհում, պահանջում է, որ աշխատեն իր վրա:
Աստված կօգնի ձեզ: Այս աշխարհում գոյություն ունեցող բոլոր բաներում Նա առաջինը կօգնի ձեզ ձեր ամուսնությունների և ձեր ընտանիքների հարցում, քանի որ դա Նրա համար կարևոր է առնվազն այնքան, որքան ձեզ համար: (“You Asked—They Answered: Marriage and Family,” New Era, Aug. 2016, 3)
Կարդացեք Յոթանասունի նախկին անդամ երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի հետևյալ հայտարարությունն այն մասին, թե ինչն է նպաստում երջանիկ և հավերժական ամուսնությանը: Կարող եք ընդգծել ձեր գտած սկզբունքները:
Ես նկատել եմ, որ ամենաերջանիկ ամուսնությունների դեպքում և՛ ամուսինը, և՛ կինը իրենց հարաբերությունները համարում են թանկագին մարգարիտ, անչափելի մեծ գանձ: … Նրանք գիտեն, որ ոչ մի այլ տեսակի փոխհարաբերություն չի կարող բերել այդչափ ուրախություն, առաջացնել այդքան բարիք, կամ առաջ բերել այդքան անձնական հղկվածություն: …
… Հաջողակ հավերժական ամուսնությունները կառուցվում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և Նրա ուսմունքներին հավատարիմ մնալու վրա [ տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org]. …
… Երջանիկ ամուսնությունները ապավինում են ապաշխարության պարգևին: …
Խոնարհությունը ապաշխարության էությունն է: Խոնարհությունը անձնուրաց է, եսասեր չէ: … Խոնարհությունը նշանակում է, որ և՛ ամուսինը, և՛ կինը ձգտում են օրհնել, օգնել և բարձրացնել միմյանց՝ կողակցին առաջին տեղում դնելով յուրաքանչյուր որոշման մեջ: …
… Ամենաերջանիկ ամուսնությունները, որ ես տեսել եմ, ճառագում են հնազանդությամբ՝ ամենաերջանիկ պատվիրաններից մեկի հանդեպ, որ մենք «ապրե[ն]ք միասին սիրով» [Վարդապետություն և Ուխտեր 42.45]: («Ամուսնություն. Նայիր և սովորիր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 83, 84, 85)
Բաժին 2
Հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ինչպե՞ս կարող եմ պահպանել և զարգացնել իմ ամուսնությունը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է ամուսնության պահպանման և զարգացման կարևորության մասին.
Ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է բերում երջանկության համար, քան որևէ այլ մարդկային փոխհարաբերություն: Սակայն որոշ ամուսնացած զույգեր չեն հասնում իրենց լրիվ ներուժին: Նրանք թույլ են տալիս, որ իրենց սիրավեպը անուշադրության մատնվի, միմյանց ըստ արժանվույն չեն գնահատում, թույլ են տալիս, որ այլ հետաքրքրությունները կամ անտեսման ամպերը մշուշապատեն տեսադաշտը, որը ցույց կտար, թե իրենց ամուսնությունն իրականում ինչ կարող էր լինել: Ամուսնություններն ավելի երջանիկ կլինեին, եթե ավելի խնամքով փայփայվեին»։ (“Nurturing Marriage,” Ensign or Liahona, May 2006, 36)
Եփեսոսի Եկեղեցու անդամներին տված Պողոս առաքյալի հրահանգների թվում էր նաև ամուսնության վերաբերյալ խորհուրդը:
Հետևելով Փրկիչի օրինակին՝ ամուսինն ու կինը կարող են կատարել «միմյանց սիրելու և միմյանց մասին հոգալու իրենց հանդիսավոր պարտականությունը» («Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Ամուսնությունը զարգացնելու որոշ ջանքեր կարող են մեծ լինել, բայց ամենից արդյունավետ և իմաստալի գործողությունները «փոքր և հասարակ» բաներն են (Ալմա 37.6): Ինչպես սովորեցրել է Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, ով այն ժամանակ Առաջին Նախագահության նախագահ էր. «Փառահեղ ամուսնությունները կառուցվում են քարը քարին դնելով, օր-օրի՝ ողջ կյանքի ընթացքում» («Գովք փրկարարներին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 78):
Սփոփող միության նախկին գերագույն նախագահը տվել է մի քանի պարզ հարցեր, որոնցով մենք կարող ենք գնահատել մեր ամուսնությունը պահպանելու և զարգացնելու մեր ջանքերը.
Մի փոքր փոփոխելուց հետո այս հարցերը կարող են կիրառելի լինել մեզանից շատերի համար, անկախ այն բանից՝ մենք ամուսնացած ենք, թե ամուրի, կամ ինչպիսին է մեր տան իրավիճակը։
Ե՞րբ եմ ես վերջին անգամ գովեստի խոսքեր ասել իմ կողակցին՝ լինի դա առանձին կամ մեր երեխաների ներկայությամբ։
Ե՞րբ եմ վերջին անգամ շնորհակալություն հայտնել, իմ սերն արտահայտել կամ ջերմեռանդորեն ու հավատքով աղոթել նրա համար։
Ե՞րբ եմ ես վերջին անգամ կանգ առել և չեմ ասել մի բան, ինչը գիտեի, որ կարող էր ցավ պատճառել։
Ե՞րբ եմ վերջին անգամ ներողություն խնդրել և խոնարհաբար ներում հայցել, առանց՝ «բայց եթե դու այսպես անեիր» կամ «բայց եթե դու դա չանեիր» բառերն ավելացնելու։
Ե՞րբ եմ վերջին անգամ որոշել երջանիկ լինել, և ոչ թե պահանջել, որ «ճիշտ» լինեմ: …
Դուք կմիանա՞ք ինձ՝ փնտրելով Սուրբ Հոգու օգնությունը, որ սովորեցնի մեզ, թե ինչպես կարող ենք ավելի լավ բարձրացնել միմյանց՝ մեկմեկու լրացնող դերերում, որպես մեր սիրառատ երկնային ծնողների ուխտյալ որդիներ և դուստրեր։ («Մենք միասին կբարձրանանք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 31–32)
Բաժին 3
Ես ինչպե՞ս եմ «հարում» իմ կողակցին
1831 թվականին տրված հայտնության մեջ Տերը ընդհանուր վարքագծի որոշ օրենքներ տվեց Եկեղեցու անդամների համար: Սրանում ներառված էր հետևյալ պատվիրանը՝ «սիրիր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկի»: (Վարդապետություն և Ուխտեր 42․22, տես նաև Ծննդոց 2.24, Մատթեոս 19.5):
Սուրբ գրություններում հարել բառը նշանակում է կառչել, կպչել, սոսնձել կամ միանալ: «Այսպիսով, սուրբ գրությունների սահմանմամբ մենք գտնում ենք, որ Աստված ակնկալում է, որ մենք «կառչենք» մեր կողակցից կամ «կպչենք» նրան (Matthew O. Richardson, “Three Principles of Marriage,” Ensign, Apr. 2005, 22):
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը հետևյալն է ուսուցանել «ուրիշ ոչ մեկի» արտահայտության մասին (Վարդապետություն և Ուխտեր 42.22):
«Ուրիշ ոչ մեկի» խոսքերը բացառում են ամեն մեկին և ամեն ինչ: Այդ ժամանակ կողակիցը դառնում է առաջնահերթ ամուսնու կամ կնոջ կյանքում, այլ ոչ թե հասարակական կյանքը, մասնագիտական կյանքը, քաղաքական կյանքը, կամ որևէ այլ հետաքրաքրություն, ոչ էլ անձնավորություն կամ որևէ բան չպիտի երբևէ գերակայություն ներկայացնի կողակից զուգընկերոջ համեմատությամբ»: (The Miracle of Forgiveness [1969], 250)
Երեց Քլեյթոնը բացատրել է, թե ինչպես է կիրառվում մեր կողակցին «հարելը», երբ մենք օգտագործում ենք սոցիալական լրատվամիջոցները.
Մարգարեներն ուսուցանում են, որ հաջողակ ամուսնական զուգընկերները «սաստիկ հավատարիմ» են միմյանց [Տես Թոմաս Ս. Մոնսոն, «Քահանայության զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 68, Gordon B. Hinckley, “Life’s Obligations,” 4]: Նրանք միշտ արժանավոր են մնում՝ իրենց սոցիալական լրատվամիջոցներն օգտագործելիս: Նրանք իրենց թույլ չեն տալիս համացանցային գաղտնի փորձառություններ ունենալ: Նրանք միմյանց հետ կիսում են իրենց սոցիալական ցանցի գաղտնաբառերը: Նրանք չեն նայում ուրիշ մարդկանց վիրտուալ էջերն այնպիսի ձևով, որը կարող է դավաճանել իրենց կողակցի սուրբ վստահությանը: Նրանք երբեք չեն անում կամ ասում այնպիսի բան, որը մոտենում է անպատշաճության սահմանին՝ վիրտուալ աշխարհում կամ ֆիզիկապես: (“Marriage: Watch and Learn,” 84)
Ձեր կողակցին ձեր գերակա առաջնահերթությունը դարձնելու կարևորության վերաբերյալ նախագահ Նելսոնը գերագույն համաժողովի քահանայության նիստին ուսուցանել է հետևյալը։ Չնայած այս խորհուրդն ուղղված էր ամուսիններին, այն հավասարապես կիրառելի է երկու ամուսինների համար:
Սիրեք և հոգ տարեք ձեր կնոջ մասին: Նրա հետ եղեք մեկ։ Եղեք նրա զուգընկերը։… Կյանքում այլ հետաքրքրություն չպետք է առաջնահերթ լինի՝ նրա հետ հավերժական հարաբերություններ կառուցելուց առավել: Հեռուստացույցի, բջջային սարքերի կամ համակարգչի մեջ ոչինչ ավելի կարևոր չէ, քան նրա բարեկեցությունը: Վերանայեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը, և որտեղ եք ներդնում ձեր եռանդը։ Դա կհուշի ձեզ, թե որտեղ է ձեր սիրտը։ Աղոթեք, որ ձեր սիրտը միավորված լինի ձեր կնոջ սրտին։ Ձգտեք ուրախություն պարգևել նրան։ («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 68–69)