Բաժին 68
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերին, ի պատասխան Օրսոն Հայդի, Լյուկ Ս. Ջոնսոնի, Լայման Ի. Ջոնսոնի և Վիլյամ Ի. Մակլելլինի խնդրանքի (History of the Church, 1.227–229): Թեև այս հայտնությունը տրվել էր ի պատասխան աղաչանքի, որ Տիրոջ միտքը հայտնի դարձվի նշված երեցների վերաբերյալ, բովանդակության մեծ մասը վերաբերում է ողջ Եկեղեցուն:
1–5՝ Երեցների խոսքերը, Սուրբ Հոգով շարժված, սուրբ գրություն են. 6–12՝ Երեցները պետք է քարոզեն և մկրտեն, և նշաններ կուղեկցեն ճշմարիտ հավատացյալներին. 13–24՝ Ահարոնի որդիներից անդրանիկը կարող է ծառայել որպես Նախագահող Եպիսկոպոս (այսինքն՝ կրել նախագահության բանալիները, որպես եպիսկոպոս), Առաջին Նախագահության ներքո. 25–28՝ Ծնողներին պատվիրվում է ուսուցանել ավետարանն իրենց երեխաներին. 29–35՝ Սրբերը պետք է պահեն Հանգստության օրը, աշխատեն ջանասիրաբար, և աղոթեն:
1 Իմ ծառան՝ Օրսոն Հայդը, իր կարգումով կանչվել է՝ կենդանի Աստծո Հոգով հռչակելու հավիտենական ավետարանը ժողովրդից ժողովուրդ, հողից հող, ամբարիշտների ժողովքներում, նրանց ժողովարաններում, տրամաբանելով նրանց հետ և նրանց համար մեկնաբանելով բոլոր սուրբ գրքերը:
2 Եվ ահա, տե՛ս, սա օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր կարգվել են այս քահանայությանը, ում նշանակված առաքելությունն է՝ առաջ գնալ,–
3 Եվ սա է օրինակը նրանց համար, որ նրանք պետք է խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով:
4 Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, պիտի լինի Տիրոջ կամքը, պիտի լինի Տիրոջ միտքը, պիտի լինի Տիրոջ խոսքը, պիտի լինի Տիրոջ ձայնը, և Աստծո զորությունը ի փրկություն:
5 Ահա, սա Տիրոջ խոստումն է ձեզ, ո՜վ դուք, իմ ծառանե՛ր:
6 Ուստի, ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ, ես, որ էի՛, որ ե՛մ, և որ գալու եմ:
7 Սա Տիրոջ խոսքն է ուղղված քեզ, իմ ծառա՛ Օրսոն Հայդ, և նաև իմ ծառա Լյուկ Ջոնսոնին, և իմ ծառա Լայման Ջոնսոնին, և իմ ծառա Վիլյամ Ի. Մակլելլինին, և իմ եկեղեցու բոլոր հավատարիմ երեցներին,–
8 Գնացեք աշխարհով մեկ, քարոզեք իմ ավետարանն ամեն արարածի, գործելով այն իշխանությամբ, որը ես տվել եմ ձեզ՝ մկրտելով անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
9 Եվ նա, ով կհավատա և կմկրտվի, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատա, պիտի նզովվի:
10 Եվ նա, ով կհավատա, պիտի օրհնվի ուղեկցվող նշաններով, ճիշտ ինչպես գրված է:
11 Եվ ձեզ պիտի տրվի՝ իմանալ նշանները ժամանակների, և նշանները Մարդու Որդու գալստյան.
12 Եվ բոլոր նրանց, ում մասին Հայրը վկայություն կբերի, ձեզ զորություն պիտի տրվի կնքելու նրանց՝ հավերժական կյանքի համար: Ամեն:
13 Իսկ այժմ, բացի ուխտերից և պատվիրաններից, մյուս հարցերի մասին. դրանք հետևյալն են,–
14 Այսուհետև մնում է, Տիրոջը հարմար ժամանակ, ուրիշ եպիսկոպոսներ ի սպաս դրվեն եկեղեցու համար՝ ծառայելու ճիշտ ինչպես առաջինը.
15 Ուստի նրանք պետք է լինեն արժանի քահանայապետեր, և նրանք պիտի նշանակվեն Մելքիսեդեկյան Քահանայության Առաջին Նախագահության կողմից, բացառությամբ, եթե նրանք Ահարոնի անմիջական հետնորդներն են:
16 Եվ եթե նրանք լինեն Ահարոնի անմիջական հետնորդները, նրանք օրինական իրավունք ունեն եպիսկոպոսության, եթե նրանք անդրանիկներն են Ահարոնի որդիների միջից.
17 Քանզի անդրանիկն է կրում նախագահության իրավունքն այս քահանայության վրա և դրա բանալիները, կամ իշխանությունը:
18 Ոչ մի տղամարդ չունի այս պաշտոնի՝ այս քահանայության բանալիները կրելու օրինական իրավունքը, եթե նա Ահարոնի անմիջական հետնորդը և անդրանիկը չէ:
19 Բայց, քանի որ Մելքիսեդեկյան Քահանայության քահանայապետն իշխանություն ունի պաշտոնավարելու մյուս բոլոր փոքր պաշտոններում, նա կարող է պաշտոնավարել եպիսկոպոսի պաշտոնում, երբ հնարավոր չէ գտնել Ահարոնի անմիջական հետնորդ, պայմանով, որ նա կկանչվի և ի սպաս կդրվի և կկարգվի այդ զորությանը Մելքիսեդեկյան Քահանայության Առաջին Նախագահության ձեռքերի ներքո:
20 Եվ Ահարոնի անմիջական հետնորդը ևս պետք է նշանակվի այս Նախագահության կողմից, և արժանի գտնվի, և օծվի, և կարգվի այս Նախագահության ձեռքերի ներքո, այլապես նրանք օրինապես լիազորված չեն՝ պաշտոնավարելու իրենց քահանայության մեջ:
21 Սակայն, այն հրամանագրի հիման վրա, որը վերաբերում է քահանայությունը հորից որդուն անցնելու նրանց իրավունքներին, նրանք կարող են պահանջել իրենց օծումը, եթե երբևիցե կարողանան պարզել իրենց ազգատոհմը, կամ հաստատեն այն հայտնությամբ, Տիրոջ կողմից, վերոհիշյալ Նախագահության ձեռքերի ներքո:
22 Եվ բացի այդ, ոչ մի եպիսկոպոս կամ քահանայապետ, որն ի սպաս կդրվի այս ծառայության, չպետք է դատվի կամ դատապարտվի որևէ հանցանքի համար, բացի միայն եկեղեցու Առաջին Նախագահության առաջ.
23 Եվ եթե նա մեղավոր ճանաչվի այդ Նախագահության առաջ, վկայությամբ, որը հնարավոր չի լինի հերքել, նա պիտի դատապարտվի.
24 Եվ եթե նա ապաշխարի, նա պիտի ներվի՝ եկեղեցու ուխտերի և պատվիրանների համաձայն:
25 Եվ բացի այդ, որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված ցցերում, որոնց չեն ուսուցանում, որպեսզի մինչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, մեղքը լինի ծնողների գլխին:
26 Քանզի դա օրենք կլինի Սիոնի բնակիչների և նրա կազմակերպված ցցերի համար:
27 Եվ նրանց երեխաները պիտի մկրտվեն իրենց մեղքերի թողության համար, երբ ութ տարեկան են, և ձեռնադրվեն:
28 Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին ուսուցանեն աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ:
29 Եվ Սիոնի բնակիչները նաև պետք է հետևեն, որ սուրբ պահեն Հանգստության օրը:
30 Եվ Սիոնի բնակիչները նաև պետք է հիշեն իրենց աշխատանքները, որքանով որ նշանակված են աշխատելու, ողջ հավատարմությամբ. քանի որ ծույլը հիշողության մեջ պիտի պահվի Տիրոջ առաջ:
31 Արդ, ես՝ Տերս, չեմ հավանում Սիոնի բնակիչներին, քանի որ նրանց մեջ կան ծույլեր. և նրանց զավակները նույնպես աճում են ամբարշտության մեջ. նաև նրանք լրջորեն չեն փնտրում հավերժության հարստությունները, այլ նրանց աչքերը լի են ժլատությամբ:
32 Այդ բաները չպիտի լինեն, և պետք է հեռացվեն նրանց միջից. ուստի թող իմ ծառա Օլիվեր Քաուդերին այս ասածները տանի Սիոնի հող:
33 Եվ մի պատվիրան եմ տալիս ես նրանց,– որ նա, ով չի պահպանում իր աղոթքները Տիրոջ առաջ, իր ժամանակին, թող հիշողության մեջ պահվի իմ ժողովրդի դատավորի առաջ:
34 Այս ասածները ճշմարիտ են և հավատարիմ. ուստի, զանց մի առնիր դրանք, ոչ էլ պակասեցրու դրանցից: