Գլուխ 11
Պատվել Ջոզեֆ Սմիթի կողմից վերականգված Քահանայության բանալիները
«Այժմ կկամենայի ասել՝ շատ հստակորեն և շատ շեշտակի, որ մենք ունենք սուրբ քահանայությունը, և որ Աստծո թագավորության բանալիներն այստեղ են: Դրանք գտնվում են միայն Հիսուս Քրիստոսի Եկեղեցում»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը հայտարարել է. «Ես կատարյալ գիտելիք ունեմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության վերաբերյալ: Իմ մտքում չկա ոչ մի կասկած, որ Տերը մեծացրեց նրան և տվեց հայտնություն, պատվիրան, բացեց երկինքները նրա համար և կանչեց նրան կանգնելու այս փառահեղ տնտեսության գլխին»:1 Նախագահ Սմիթը զուգորդում էր այս «կատարյալ գիտելիքը» հարգալիր ակնածանքով քահանայության այն բանալիների հանդեպ, որոնք վերականգվել էին Մարգարե Ջոզեֆի միջոցով: Նա միշտ հարգում էր և աջակցում նրանց, ովքեր կրում էին բանալիները և նա խորհուրդ էր տալիս բոլոր Եկեղեցու անդամներին ունենալ այդ նույն հարգանքը: Նա ասել է. «Յուրաքանչյուր մարդ, ով պատշաճորեն ընտրվում է նախագահելու Եկեղեցու որևէ պաշտոնում, պետք է հարգվի իր կոչումում»:2
Մի առիթով, որպես Առաքյալ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ծառայության ընթացքում, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը զբաղված էին մի դժվար հարցի շարունակական քննարկմամբ: Երեց Սմիթը մի հիմնավոր կարծիք արտահայտեց այդ հարցի կապակցությամբ: Օրեր անց Նախագահ Հեբեր Ջ. Գրանթը, որն այդ ժամանակ Եկեղեցու Նախագահն էր, եկավ Երեց Սմիթի գրասենյակ: Նախագահ Գրանթը բացատրեց, որ աղոթքով մտածելով քննարկված հարցի մասին, նա տպավորություն էր զգացել առաջարկել մի գործողություն, որը տարբերվում էր Երեց Սմիթի տեսակետից: Երեց Սմիթն անմիջապես հայտնեց իր աջակցությունը Նախագահ Գրանթի որոշմանը: Նա հետագայում հայտարարեց. «Ինչ վերաբերում է ինձ, երբ Եկեղեցու Նախագահն ասում է՝ Տերը ցույց է տվել իրեն կամ ոգեշնչել է իրեն անել որևէ բան, ես լիովին կաջակցեմ նրան այդ քայլում»:3
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը այդպիսի աջակցություն ցույց տվեց բոլոր իր քահանայության առաջնորդներին, ոչ միայն Եկեղեցու Նախագահին: Օրինակ՝ Նաթան Էլդոն Թանները կանչվեց ծառայելու որպես Տասներկուսի Քվորումի անդամ 1962թ. հոկտեմբերին: Մեկ տարի անց նա կանչվեց որպես Խորհրդական Առաջին Նախագահությունում, այսպիսով դնելով նրան նախագահող դիրքում Նախագահ Սմիթի վրա, որը Տասներկուսի Քվորումի Նախագահն էր: Հետագայում Նախագահ Թանները արտահայտեց իր երախտագիտությունը Նախագահ Սմիթի աջակցության համար: «Երբ ես կանչվեցի Առաջին Նախագահություն, չնայած նա Տասներկուսի ավագ անդամն էր և այդ պաշտոնում էր հիսուն տարուց ավելի, նա ցույց տվեց մեծ հարգանք իմ հանդեպ այդ պաշտոնում և լիակատար աջակցություն հանդես բերեց և վստահություն:4
Նախագահ Սմիթը նաև հարգում էր քահանայության առաջնորդներին իր ծխում: Երբ նա ծառայում էր Տասներկու Առաքյալների Քվորումում, նա ասել է. «Ես իրավունք չունեմ… մկրտել իմ սեփական երեխաներից որևէ մեկին առանց առաջինը գնալու եպիսկոպոսի մոտ ծխում, որտեղ ես ապրում եմ և ստանամ նրա համաձայնությունը, որովհետև նա է կրում բանալիները այդ ծխի համար, որին պատկանում եմ ես, որպես անդամ: Ես երբեք չեմ մկրտել իմ երեխաներից որևէ մեկին… մինչև չեմ գնացել եպիսկոպոսի մոտ և ստացել նրա թույլտվությունը կատարելու այդ արարողությունը և հաստատելու նրանց որպես Եկեղեցու անդամ:5
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Քահանայության բանալիները Տիրոջ աշխատանքը երկրի վրա ղեկավարելու զորությունն են և իշխանությունը:
Տարբերություն կա քահանայության պաշտոն ստանալու և քահանայության բանալիները ստանալու միջև: Սա մենք պետք է հստակորեն հասկանանք: …
… Չնայած բոլոր տղամարդիկ կրում են քահանայություն, ովքեր կարգվում են որևէ պաշտոնի, սակայն կան հատուկ, կամ ղեկավարող լիազորություններ, որոնք շնորհվում են նրանց վրա, ովքեր կանչվում են նախագահելու: Այդ լիազորությունները կոչվում են բանալիներ:6
[Քահանայության] բանալիները նախագահության իրավունքն է, դրանք Տիրոջ բոլոր գործերը կառավարելու և ղեկավարելու զորությունն է և իշխանությունը երկրի վրա: Նրանք, ովքեր կրում են դրանք, զորություն ունեն կառավարելու և վերահսկելու այն ձևով, որ մյուս բոլորը կարողանան ծառայել քահանայությունում:7
Երբ մարդիկ նշանակվում են մեկի կողմից, ով կրում է այս բանալիները, ապա նրանց գործողությունները օրինական են: Այն, ինչ նրանք անում են, կնքվում է և վավերացվում Եկեղեցում՝ ինչպես երկրի վրա, այնպես էլ երկինքներում:8
2
Տերն ուղարկել է սուրբ սուրհանդակներ Իր ներկայությունից վերականգնելու քահանայության բանալիները:
Մենք հավատում ենք, որ խավարի, անհավատության և կատարյալ Քրիստոնեության մաքուր ճշմարտություններից հեռանալու երկար գիշերից հետո, Տերը Իր անսահման իմաստությամբ կրկին վերականգնել է երկրի վրա հավիտենական ավետարանի լրիվությունը:
Մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, որ Հայրը և Որդին հայտնվեցին նրան 1820թ. գարնանը՝ ավետարանի այս վերջին տնտեսությունը մուտք գործելու համար, որ նա թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով ու զորությամբ, որ նա ստացավ բանալիներն ու իշխանությունը հենց այս նպատակի համար ուղարկված հրեշտակներից, և որ Տերը հայտնեց նրան փրկության վարդապետությունները:9
Տերը չի ճանաչում, որևէ արարողություն կամ ծիսակատարություն, եթե նույնիսկ այն արվի կամ կատարվի Իր անունով, մինչև այն համաձայն չլինի իր կամքին և արվի մեկի կողմից, որը ճանաչվել է որպես Իր լիազորված ծառա: Այդ պատճառով էր, որ Նա ուղարկեց Իր ներկայությունից սուրբ սուրհանդակներ Ջոզեֆ Սմիթին և մյուսներին, վերականգնելու այն, ինչ վերցվել էր երկրից, այսինքն՝ ավետարանի լրիվությունը և քահանայության բանալիների լրիվությունը:10
Քահանայության բանալիները պետք է վերականգվեին: Բավական չէր, որ Հովհաննես Մկրտիչը եկավ Ահարոնայն Քահանայության բանալիներով և Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Մելքիսեդեկյան Քահանայության բանալիներով, որոնց շնորհիվ կազմակերպվեց Եկեղեցին, բայց պետք է լիներ երկինքների բացում և բանալիների վերականգնում, որոնք կրել էին բոլոր մարգարեները, ովքեր գլխավորել էին Ադամի օրերից սկսած տնտեսությունները ընդհուպ մինչև Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի օրերը: Այս մարգարեները եկան իրենց հերթին և յուրաքանչյուրը շնորհեց այն իշխանությունը, որն ինքն էր կրում:11
Բոլոր տնտեսությունների բոլոր բանալիները պետք է կարգի բերվեին իրականացնելու մարգարեների խոսքերը և Տիրոջ նպատակները՝ իրագործելով բոլոր բաների վերականգնումը: Հետևաբար, մարդկության ընտանիքի հայրը, առաջին մարդը երկրի վրա՝ Ադամը պետք է գար և նա եկավ իր իշխանությամբ: Մովսեսը եկավ և մյուսները: Բոլորը, ովքեր ունեին բանալիներ, եկան շնորհելով իրենց իշխանությունները… Մենք չունենք տարեթվերը, երբ այս իշխանավորներից մի քանիսը հայտնվեցին, բայց Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրելով Նավույի Սրբերին մեռելների փրկության կապակցությամբ, հայտարարեց, ինչպես մենք ունենք այն գրանցված Վարդապետություն և Ուխտերի 128 բաժնում [հատվածներ 17–21], որ բոլոր այս մարգարեները եկան իրենց բանալիներով այն տնտեսությունը, որում ապրում ենք մենք:12
Եկեղեցին կազմավորելուց հետո, Տերը պատվիրեց Իր Սրբերին, որ նրանք Իր անունով մի տուն կառուցեն: Սրբերը հազիվ թե գիտակցեցին դրա կարևորությունը և նրանք չգնացին աշխատելու միանգամից այդ տունը կառուցելու համար, այսպիսով Տերը նախատեց նրանց [տես ՎևՈՒ 95.1–4]: Նախատվելուց հետո նրանք գնացին իրենց զորությամբ և իրենց աղքատության մեջ կառուցեցին Կիրթլենդի Տաճարը: Ինո՞ւ այն կառուցվեց: Որպես մի սրբազան սրբավայր, որտեղ Հիսուս Քրիստոսը կկարողանար գալ, ուր կկարողանար ուղարկել Իր ծառաներին՝ մարգարեներին, իրենց իշխանության բանալիներով… Մենք գիտենք, որ երեք հնադարյան մեծ մարգարեներ, ովքեր կրում էին կարևոր բանալիներ, եկան իսկապես 1836թ. ապրիլի 3–րդ օրը:
Առաջինը եկավ Մովսեսը [տես ՎևՈՒ 110.11]: Նա տվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Իսրայելը հավաքելու բանալիները… Նա հավաքեց Իսրայելը և չնայած նա արտոնություն չունեցավ նրանց տեր դարձնել հողին, այնուամենայնիվ, հավաքելու բանալիները նրա ձեռքում էին: Նա եկավ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի մոտ, երբ նրանք փոխակերպության սարի վրա էին և այնտեղ շնորհեց նրանց նույն բանալիները Իսրայելի հավաքման համար՝ այն օրերում, երբ նրանք ապրում էին: Նա ուղարկվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի մոտ՝ շնորհելու բանալիները Իսրայելի հավաքման համար ժամանակների լրիվության տնտեսությունում: …
Նրանից հետո, երբ Մովսեսը շնորհեց իր բանալիները, եկավ Եղիասը և բերեց այն տնտեսության ավետարանը, երբ Աբրահամն էր ապրել [տես ՎևՈՒ 110.12]: Այն ամենը, ինչ վերաբերում էր այդ տնտեսությանը, օրհնությունները, որոնք շնորհվել էին Աբրահամին, խոստումները, որոնք տրվել էին նրա սերդին, բոլորը պիտի վերականգվեր և Եղիասը, ով կրում էր այդ տնտեսության բանալիները, եկավ:
Ապա Եղիան, մարգարեներից վերջինը, ով կրում էր հնադարյան Իսրայելի կնքող զորության բանալիները, եկավ և շնորհեց այդ իշխանությունը, կնքելու իշխանությունը [տես ՎևՈՒ 110.13–16]: Եկեղեցու որոշ անդամներ շփոթվում են մտածելով, որ Եղիան եկավ մեռելների մկրտության կամ մեռելների փրկության բանալիներով: Եղիայի բանալիներն ավելի մեծ էին քան դա: Դրանք կնքման բանալիներ էին, և այդ կնքման բանալիները վերաբերում են ապրողներին և ընդգրկում մահացածներին, ովքեր հոժար են ապաշխարել:13
Եղիա մարգարեն… շնորհեց նրանց [Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին] կնքելու իշխանությունը՝ քահանայությունը գործածելու զորությունը՝ կապելու երկրի վրա և կնքելու երկնքում:14
Կնքման իշխանությունը դնում է վավերացնող կնիք յուրաքանչյուր արարողության վրա, որը կատարվում է այս Եկեղեցում և ավելի մասնավորապես նրանց, որոնք կատարվում են Տիրոջ տաճարներում:15
Եղբայրներ և քույրեր, սա փառահեղ տնտեսություն է: Բոլոր մյուս տնտեսությունները հոսում են դեպի այն: Բոլոր իշխանությունները, բոլոր զորությունները կենտրոնանում են այս տնտեսությունում, որում ապրում ենք մենք: Մենք արտոնված ենք ճաշակել այս օրհնություններից մեր հավատարմության միջոցով:16
Այժմ կկամենայի ասել՝ շատ հստակորեն և շատ շեշտակի, որ մենք ունենք սուրբ քահանայությունը, և որ Աստծո թագավորության բանալիներն այստեղ են: Դրանք գտնվում են միայն Հիսուս Քրիստոսի Եկեղեցում:17
3
Եկեղեցու Նախագահը կրում է բանալիները ողջ Եկեղեցու վրա:
Իր նահատակությունից կարճ ժամանակ առաջ Մարգարե [Ջոզեֆ Սմիթը] Տասներկու Առաքյալներին, ովքեր կազմում են Եկեղեցու երկրորդ քվորումը, շնորհեց բոլոր բանալիները և բոլոր արարողությունները և քահանայությունը, որոնք անհրաժեշտ են նրանց համար կրել, որպեսզի շարունակեն համամարդկային փրկության այս մեծ և փառահեղ աշխատանքը:18
Այս քահանայությունը և այս բանալիները… տրվել են յուրաքանչյուր տղամարդու, որը ի սպաս է դրվել որպես Տասներկուսի Խորհրդի անդամ: Բայց, քանի որ դրանք նախագահության իրավունքն են, դրանք կարող են լիովին գործադրվել միայն Աստծո ավագ առաքյալի կողմից, որը Եկեղեցու նախագահն է:19
Եկեղեցու Նախագահը կրում է բանալիները ողջ Եկեղեցու վրա… Նրանում է կենտրոնացած Քահանայության իշխանությունը: Նա է կրում Ժամանակների Լրության տնտեսությանը վերաբերող բոլոր տեսակի բանալիները: Նախորդ տնտեսությունների բոլոր բանալիները, որոնք հայտնի են դարձվել, վստահված են նրան:20
4
Մենք պետք է պատվենք նրանց, ում Եկեղեցու Նախագահությունը պատվիրակել է իշխանության բանալիներ:
[Եկեղեցու Նախագահը] իրավունք ունի իշխանությունը պատվիրակել և իշխանությունը ետ վերցնել, երբ հարմար է տեսնում և ոգեշնչում է ստանում այդպես վարվելու:21
Հիշեք կա միայն մեկը երկրի երեսին, ով կրում է քահանայության կնքող զորությունը. և նա կարող է պատվիրակել այդ իշխանությունը մյուսներին, որպեսզի նրանք կարողանան գործել և կարողանան կնքել երկրի վրա և այն վավերական է, այն կապող է, եթե լիազորությունը նրա կողմից է. եթե նա ետ է վերցնում այն, ոչ ոք չի կարող գործադրել այդ իշխանությունը:22
Ոչ մի մարդ չի կարող պաշտոնավարել և շնորհել տաճարային օրհնությունները, եթե այդ անելու իշխանությունը նրան պատվիրակված չէ Եկեղեցու Նախագահի կողմից… Ոչ մի մարդ չի կարող պաշտոնավարել որևէ կոչումում այս Եկեղեցում, առանց այդ գործում նրան ուղեկցող իշխանության, և այն ձեռք է բերվում իշխանությամբ և բանալիներով, որոնք կրում է Եկեղեցու Նախագահը… Եթե իր իշխանության բանալիներով նա ասի, որ որոշ արտոնություններ պիտի ետ վերցվեն մարդկանցից, ապա ոչ մի մարդ իշխանություն չունի շնորհելու նրանց այդ որոշակի արտոնությունները: Եթե որևէ մեկը փորձի դա անել, այդ գործողությունը կհամարվի անվավեր և անձը, որը փորձում է պաշտոնավարել, ստիպված կլինի պատասխան տալ Աստծո դատարանի առջև, եթե ոչ Եկեղեցու առջև, և կգտնվի օրինազանցության մեջ: …
… Երբ առաքյալները և այլ եղբայրներ այցելում են Սիոնի ցցերը և հանձնարարվում կարգի բերել որևէ բան, որն ուշադրության է արժանի այնտեղ, նրանք դա անում են լիազորության միջոցով կամ իշխանությամբ, որը նրանց պատվիրակվել է Եկեղեցու Նախագահի կողմից: Այդ նույն սկզբունքը վերաբերում է ավելի ցածր աստիճաններին՝ ցցերում և ծխերում:23
Յուրաքանչյուր մարդ, որը պատշաճորեն ընտրվում է Եկեղեցում նախագահելու որևէ կոչումում, պետք է հարգվի իր կոչումում: Երբ մարդ կարգվում է եպիսկոպոսի պաշտոնի, նրան տրվում է իր բնակության ծխի վրա նախագահելու բանալիները, և ծխի յուրաքանչյուր անդամ, անկախ իր կոչումից, պետք է հարգի նրան: Նույնը ճիշտ է ցցի նախագահի համար, քվորումի նախագահի համար կամ ինչ նախագահ էլ որ լինի: Օրինակի համար թե ինչ է սա նշանակում, մեզ ուսուցանվել է, որ ոչ մի հայր, թեև կարող է ունենալ Մելքիսեդեկյան Քահանայություն, իրավունք չունի մկրտել իր սեփական երեխաներից որևէ մեկին, առանց առաջինը թույլտվություն վերցնելու իր եպիսկոպոսից: Երբ թույլտվությունը ձեռք է բերվում, հայրը լիազորվում է կատարել այդ արարողությունը իր երեխայի համար: Եթե որևէ հայր իր վրա լիազորություն վերցնի մկրտություն կատարել կամ իր որդուն կարգել, առանց տվյալ դեպքի համար պահանջվող իշխանության բանալիներ կրող ծխի կամ ցցի նախագահող պաշտոնյայից նախապես լիազորություն ստանալունա օրինազանցության մեջ կլինի: Սա վերաբերում է թե՛ առաքյալին, թե՛ ծխի որևէ երեցի: Նույնիսկ Եկեղեցու Նախագահը երբեք չի մտածի գործել այս տիպի որևէ հարցում առանց առաջինը ընդունելու իր ծխի եպիսկոպոսին կամ ցցի նախագահին և իշխանությունը, որով պատվիրակվել է եպիկոպոսը կամ ցցի նախագահը:24
5
Արքայության բանալիները կրողների միացյալ ձայնը մեզ միշտ կառաջնորդի լինել այնտեղ, որտեղ Տերն է ուզում, որ լինենք:
Կարծում եմ կա մի բան, որը մենք չափազանց հստակորեն պետք է պահենք մեր մտքում: Ո՛չ Եկեղեցու Նախագահը, ո՛չ Առաջին Նախագահությունը, ոչ էլ Առաջին Նախագահության և Տասներկուսի միացյալ ձայնը երբևէ չի շեղի Սրբերին կամ խորհուրդ ուղարկի աշխարհին, որը հակառակ լինի Տիրոջ կամքին:
Անհատը կարող է շեղվել ճշմարտությունից կամ ունենալ տեսակետներ կամ անհամապատասխան խորհուրդ տալ, որը Տերը չի նախատեսել: Բայց Առաջին Նախագահության ձայնը և մյուս նրանց միացյալ ձայնը, ովքեր կրում են նրանց հետ արքայության բանալիները, միշտ կառաջնորդի Սրբերին և աշխարհը այն ուղիներով, որտեղ Տերն է կամենում, որ նրանք լինեն: …
Ես վկայում եմ, որ եթե մենք նայենք դեպի Առաջին Նախագահությունը և հետևենք նրանց խորհրդին և ուղղորդմանը, ոչ մի ուժ երկրի վրա չի կարող կանգնեցնել կամ փոխել մեր ուղղությունը որպես եկեղեցի, և որպես անհատներ մենք ձեռք կբերենք խաղաղություն այս կյանքում և կլինենք հավերժական փառքի ժառանգներ գալիք աշխարհում [տես ՎևՈՒ 59.23]:25
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ի՞նչ ուղիներով մենք կարող ենք հետևել Նախագահ Սմիթի օրինակին, երբ հաստատում ենք նրանց, ովքեր կրում են քահանայության բանալիները (տես «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը):
-
Ինչպե՞ս է 1-ին բաժինը օգնում ձեզ հասկանալ տարբերությունը քահանայությունում պաշտոն կրելու և քահանայության բանալիները կրելու միջև: Ինչո՞ւ եք կարծում, որ դա կարևոր տարբերություն է:
-
Ի՞նչ ուղիներով եք օրհնվել, քահանայության բանալիները երկրի վրա վերականգվելու շնորհիվ (տես բաժին 2):
-
Ձեր կարծիքով ինչպե՞ս է Եկեղեցին զորացվում այն կազմակերպության միջոցով, որը նկարագրվում է բաժին 3-ում և 4-ում: Ինչպե՞ս են զորացվում Եկեղեցու անդամները:
-
Ի՞նչ զգացումներ են առաջանում, երբ մտածում եք Նախագահ Սմիթի խոսքերի մասին Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միջև միաբանության վերաբերյալ: Ե՞րբ եք առաջնորդություն ստացել նրանց «միաբան» ձայնի միջոցով:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս ԺԶ.13–19; Գործք Գ.21, ՎևՈՒ 21.4–6, 27.5–13, 65.2; 128.8–21, 132.7
Օգնություն ուսուցչին
«Կարող են… լինել դեպքեր, երբ դուք չեք իմանա որևէ հարցի պատասխանը: Եթե այդպես պատահի, ուղղակի ասեք, որ դուք չգիտեք: Գուցե ասեք, որ դուք կփորձեք գտնել պատասխանը: Կամ գուցե հրավիրեք ուսանողներին պատասխանը գտնել՝ տալով նրանց ժամանակ մեկ այլ դասի ընթացքում հաղորդել, թե ինչ են նրանք սովորե» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 64):