Գլուխ 22
Աղոթք՝ պատվիրան և օրհնություն
«Քիչ բաներ են կյանքում այնքան կարևոր, որքան Աստվածության հետ աղոթքով հաղորդակցվելը»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ուսուցանել է, որ մենք պետք է դարձնենք աղոթքի հոգին «մեր իսկ գոյության մասը»:1 Նա այս սկզբունքի օրինակ է եղել իր ապրելաձևով և այն ձևով, որ նա աղոթել է՝ միայնակ, ընտանիքի անդամների հետ և հասարակության մեջ:
Իր առաջին կնոջ՝ Լյուիի մահից հետո, նա գրել է այս քնքուշ աղաչանքն իր օրագրում՝ ներկայացնելով իր անձնական աղոթքների մի ակնարկ. «Օ՜ Հայր իմ, որ երկնքում ես, օգնիր ինձ, ես Քեզ եմ աղոթում, որ այնպես ապրեմ, որ ես արժանի լինեմ հանդիպելու նրան հավերժական փառքում, նրա հետ միավորվելու կրկին, երբեք այլևս չբաժանվելու հավերժության անհաշվելի դարերի ընթացքում: Օգնիր ինձ խոնարհ լինել, վստահել Քեզ: Տուր ինձ իմաստություն և երկնային բաների մասին գիտելիք, որպեսզի ես կարողանամ ուժ ունենալ դիմադրելու ամեն չարի և մնալու անսասան Քո ճշմարտությանը: Ո՜վ Տեր, օգնիր ինձ, շնորհիր ինձ հավերժական կյանք Քո Թագավորությունում: Առաջնորդիր իմ քայլերը արդարակեցության մեջ, տուր ինձ Քո Ողջ Հոգին: Օգնիր ինձ խնամել իմ թանկագին երեխաներին, որ նրանք մնան մաքուր և անբիծ իրենց կյանքի ընթացքում, և երբ մենք վերջացնենք մեր ուղին, տար մեզ Քո Սելեստիալ Արքայությունը, մենք աղաչում ենք Քեզ մեր Քավիչի անունով, թող դա լինի, ամեն»:2
Նախագահ Սմիթի որդին՝ Ջոզեֆ կրտսերը, պատմել է Նախագահ Սմիթի կողմից ասված մի հիշարժան աղոթքի մասին, երբ իրենք երկուսով գտնվում էին դեպի տուն՝ Սոլթ Լեյք Սիթի տանող ճանապարհին: Նրանք «ընկան ուժեղ անձրևով ուղեկցվող մի փոթորիկի մեջ և սխալ տեղից թեքվեցին», ի վերջո հասնելով մի տեղ, որը կոչվում էր Հնդկացիների Կիրճ: «Փոթորիկն ավելի ուժեղացավ, իսկ ճանապարհը շատ ցեխոտ և սայթաքուն էր, այնքան վատ, որ այն ոչ միայն վտանգավոր էր, այլ անհնարին էր շարունակել ճանապարհը: Խիտ մառախուղը պատել էր խորը անդունդի կողքով ձգվող միակողմանի հողաշեն ճանապարհը և պատանի Ջոզեֆ կրտսերը և դոկտոր Դեյվիդ Ի. Սմիթը, ովքեր ուղևորներ էին, փորձում էին հրել և մեքենան հաստատուն պահել, վախենալով, որ այն կսահի խորն անդունդը: Անիվները սկսեցին պտտվել ցեխի մեջ և ի վերջո ավտոմեքենան անշարժացավ… Ջոզեֆը հիշում էր, որ իր հայրն ասաց. «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Մենք կկանչենք առ Տերը» Նա խոնարհեց գլուխն աղոթքով՝ կանչելով առ Տերը, որ պատրաստեր ճանապարհը, որպեսզի նա ուղղեր իր սխալը և դուրս գար վտանագավոր կիրճից և շարունակեր ուղևորությունը դեպի տուն: Նա ասաց Տիրոջը, որ նա կարևոր պարտականություններ ուներ, որոնք իր ուշադրության կարիքն ունեին հաջորդ օրը, և որ խիստ անհրաժեշտ էր, որ վերադառնար Սոլթ Լեյք Սիթի: Հրաշքով փոթորիկը հանդարտվեց, քամի փչեց, ճանապարհը բավականաչափ չորացնելով, այնպես որ նրանք վերջապես կարողացան ետ դառնալ մայրուղի: Հազիվ էին հասել ցածրադիր վայրեր, փոթորիկը կրկին սկսեց, կանգնեցնելով երթևեկությունը մերձակա տարածքում մի քանի ժամով: Երբ նրանք հասան Պրովոյի Կիրճը և շարժվեցին դեպի Սոլթ Լեյք Սիթի, շատ ժամեր տևած ավելորդ ճամփորդությունից, նրանց կանգնեցրեց ճանապարհային մի ոստիկան և հարցրեց, թե որտեղից էին գալիս: Երբ պատասխանեցին, որ Հնդկացիների Կիրճով են եկել, սպան ասաց. «Անհնարին է: Մենք տեղեկացվել ենք, որ բոլոր կամուրջներն այդ տարածքում հեղեղաջրերն ավերել են»: Ի զարմանս նրանց հաջորդ առավոտ բոլոր թերթերի վերնագրերը ազդարարում էին, որ 200 ավտոմեքենա խրվել մնացել էին այդ տարածքում, որից նրանք խույս էին տվել:3
Նախագահ Սմիթի 62–ամյա առաքելական ծառայության ընթացքում, նրա քարոզներից շատերը ներառում էին հասարակության առջև աղոթքներ, որոնցում նա երկնքի օրհնություններն էր խնդրում Եկեղեցու անդամների և ժողովրդի համար ողջ աշխարհում: Օրինակ իր առաջին գերագույն համաժողովում որպես Եկեղեցու Նախագահ, նա խնդրեց. «Ես աղոթում եմ, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը բացի երկնքի պատուհանները և դուրս թափի իր զավակների վրա այն մեծ և հավերժական օրհնությունները, որոնք կլավացնեն նրանց ճակատագիրը ֆիզիկապես և հոգեպես»:4
Նախագահ Սմիթի աղոթքները բացահայտում էին նրա վկայության խորությունը և սերը իր Երկնային Հոր և իր Փրկչի հանդեպ: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը, որը կանչվել էր ծառայելու Տասներկու Առաքյալների Քվորում, երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն էր Եկեղեցու Նախագահ, ասել է. «Դա մի փորձառություն էր, լսել Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթին աղոթելիս: Նույնիսկ երբ նա անցել էր իննսուն տարեկանը, նա աղոթում էր, որ «պահեր իր ուխտերը և պարտականությունները և համբերեր մինչև վերջ»:5
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Մեզ պատվիրված է մոտ գալ Երկնային Հորը աղոթքով:
Սա պատվիրան է Տիրոջից, որ մենք Նրան որոնենք շարունակ խոնարհ աղոթքով: Երբ Փրկիչը Իր աշակերտների հետ էր, նա նրանց սովորեցրեց աղոթել, և նա օրինակ ծառայեց նրանց առջև հաճախակի աղոթելով Իր Հորը: Մենք կարող ենք համոզված լինել, քանի որ դա պատվիրան է Տիրոջից, որ առաքինություն կա աղոթքի մեջ, և երբ մենք որոնում ենք Տիրոջը, դա պետք է լինի համեստության և ակնածանքի ոգով: …
… Ծնողների պարտականությունն է իրենց երեխաներին աղոթել սովորեցնել, հենց որ նրանք սկսում են հասկանալ: Թույլ տվեք, որ նրանք իրենց Երկնային Հորը մոտենալու սովորույթ ձևավորեն և հասկանան աղոթելու նպատակը: Եթե այս սովորույթը ձևավորվել է մանկությունում, այն կարող է մնալ հասուն տարիներին, և տղամարդը կամ կինը, ով լրջորեն որոնել է Տիրոջը և շնորհակալություն հայտնել Նրան օրհնությունների համար, կարող է սպասել, որ Տերը չի լքի նրանց կարիքի ժամին:6
Զարմանում եմ, թե երբևէ մենք կանգ առնո՞ւմ ենք և մտածում, թե ինչու է Տերը խնդրել մեզ աղոթել: Միթե՞ Նա խնդրել է մեզ աղոթել, որովհետև նա ուզում է, որ մենք խոնարհվենք և երկրպագենք Նրան: Դա՞ է հիմնական պատճառը: Չեմ կարծում, որ դա է: Նա մեր Երկնային Հայրն է և մեզ պատվիրված է երկրպագել Նրան և աղոթել Նրան Իր Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով: Բայց Տերը կարող է հաջողություն ունենալ առանց մեր աղոթքների: Նրա աշխատանքը նույն ձևով կընթանա, մենք աղոթենք, թե չաղոթենք… Աղոթքը մի բան է, որի կարիքը մենք ունենք, ոչ թե որ Տերն ունի դրա կարիքը: Նա գիտի, թե ինչպես վարի Իր գործերը և ինչպես հոգ տանի դրանց մասին առանց մեր օգնության: Մեր աղոթքները այն նպատակով չեն, որ մենք ասենք Նրան, թե ինչպես վարի Իր գործերը: Եթե մենք ունենք այդպիսի ինչ-որ գաղափար, ապա իհարկե դա սխալ գաղափար է: Մեր աղոթքներն ասվում են ավելի շատ մեր օգտի համար, մեզ շենացնելու և մեզ ուժ տալու և քաջություն ու մեր հավատքը Նրա հանդեպ մեծացնելու համար:
Աղոթքը մի բան է, որ խոնահեցնում է հոգին: Այն մեծացնում է մեր հասկացողությունը, այն աշխուժացնում է միտքը: Այն մոտեցնում է մեզ մեր Հորը, որ երկնքում է: Մենք Նրա օգնության կարիքն ունենք, դրանում կասկած չկա: Մենք Նրա Սուրբ Հոգու առաջնորդության կարիքն ունենք: Մենք պետք է իմանանք, թե ինչ սկզբունքներ են մեզ տրվել, որոնց միջոցով մենք կարող ենք ետ վերադառնալ Նրա ներկայություն: Մենք պետք է մեր մտքով աշխուժացվենք այն ոգեշնչմամբ, որը գալիս է Նրանից, և այդ պատճառներով մենք աղոթում ենք Նրան, որ Նա մեզ օգնի ապրել այնպես, որ մենք իմանանք Նրա ճշմարտությունը և կարողանանք քայլել դրա լույսով, որ մենք մեր հավատարմության միջոցով, նորից վերադառնանք Նրա ներկայությունը:7
Քիչ բաներ կան կյանքում, որ այնքան կարևոր լինեն, որքան աղոթքով Աստվածության հետ հաղորդակցվելը: Տերը մեր մտքերի վրա մոռացության վարագույրն է քաշել, որպեսզի մենք չհիշենք Նրան և մեր կապը Նրա հետ որպես իր ընտանիքի անդամներ նախամահկանացու կյանքում: Աղոթքը հաղորդակցության մայրուղին է, որը Նա տվել է մեզ Իր հետ կրկին հաղորդակցվելու համար: Այսպիսով, մեր մահկանացու փորձարկման ամենագլխավոր պատճառներից մեկը պարզելն է, թե մենք արդյոք կարող ենք սովորել աղոթքի ոգին միշտ մեր սրտերում, այնպես որ, երբ Տերն ընտրի խոսել, մենք լսենք Նրա ձայնը մեր հոգիներում:8
2
Աղոթքի համար ժամանակը միշտ պատշաճ է:
«Եվ մի պատվիրան եմ տալիս ես նրանց, (այսինքն՝ Սիոնի ծնողներին), որ նա, ով չի պահպանում իր աղոթքները Տիրոջ առաջ, իր ժամանակին, թող հիշողության մեջ պահվի իմ ժողովրդի դատավորի առաջ» [ՎևՈւ 68.33]:
Ես չեմ կարծում, որ մենք այդ հատվածը այդքան շատ կարդացած լինենք այդ բաժնում, և երբեմն զարմանում եմ, թե արդյոք հասկանո՞ւմ ենք, թե որքան իրականում կարևոր է այդ պատվիրանը: Ոչ մի մարդ չի կարող պահել Տիրոջ Հոգին, մինչև չաղոթի: Ոչ մի մարդ չի կարող ունենալ Սուրբ Հոգու ոգեշնչումը, մինչև նրա սրտում չգտնվի աղոթքի ոգին: …
Այժմ կկամենայի կանգ առնել այս հատվածի վրա մեկ կամ երկու րոպե: Ի՞նչ է նշանակում ժամանակին աղոթել:
Մեզանից ոմանք գուցե կարծում են, որ ժամանակին աղոթքն այն ժամն է, երբ մենք առավոտյան վեր ենք կենում, և երբ մենք գնում ենք քնելու, երբ մեր աշխատանքն ավարտված է, և որ չկա աղոթքի համար ուրիշ ժամանակ: Բայց ես ասում եմ ձեզ, և ես լավ հիմնավորում ունեմ դրա համար, որ աղոթքի համար ժամանակը միշտ պատշաճ է: Թույլ տվեք կարդալ ձեզ համար: Դուք գիտեք, որ ես սիրում եմ ապացուցել այն, ինչ ասում եմ, ես սիրում եմ բերել վկայություններ այն բանի վերաբերյալ, ինչ ասում եմ և ես չեմ խնդրում մարդկանց ընդունել այն, ինչ ասում եմ, մինչև դա բացարձակապես ներդաշնակության մեջ չլինի նրա հետ, ինչ Տերն է ասել, լինի դա ուղղակիորեն, թե Իր մարգարեների միջոցով: Մենք կարդում ենք Մորմոնի Գրքում [Ամուղեկի խոսքերը] աղքատ Զորամացիներին, ովքեր հեռացել էին ճշմարտությունից, և դուրս գցված լինելով իրենց ժողովատներից, իրենց աղքատության պատճառով և զգալով, որ նրանք կարող էին միայն աղոթել ամեն անգամ մեկը, երբ բարձրանում էին ռամեումփթոմի վրա, ինչպես կոչում էին այն [տես Ալմա 31.12–23], նրանք չգիտեին թե ինչ անեն: Ամուղեկը սովորեցրեց նրանց հետևյալը.
«Այո, կանչեք առ նա ողորմածության համար քանզի նա հզոր է փրկելիս: Այո, խոնարհեցրեք ձեզ, և շարունակեք աղոթքի մեջ առ նա: Կանչեք առ նա, երբ դուք ձեր դաշտերում եք, այո, բոլոր ձեր հոտերի համար: Կանչեք առ նա ձեր տներում, այո, ողջ ձեր գերդաստանի համար՝ և՛ առավոտյան, և՛ կեսօրին, և՛ երեկոյան: Այո, կանչեք առ նա ձեր թշնամիների զորության դեմ: Այո, կանչեք առ նա դևի դեմ, որը թշնամի է ամենայն արդարության: Կանչեք առ նա ձեր դաշտերի բերքի համար, որպեսզի դուք կարողանաք բարգավաճել դրանով: Կանչեք ձեր դաշտերի հոտերի համար, որպեսզի դրանք կարողանան ավելանալ: Բայց այս բոլորը չէ, դուք պիտի դուրս թափեք ձեր հոգիները ձեր սենյակներում և ձեր գաղտնի տեղերում և ձեր անապատում: Այո, և երբ դուք չեք կանչում առ Տերը, թող ձեր սրտերը լցված լինեն՝ ուղղված նրան, շարունակ աղոթքով՝ ձեր բարօրության համար և նաև նրանց բարօրության համար, ովքեր ձեր շրջապատում են: Եվ այժմ, ահա, իմ սիրելի եղբայրներ, ես ասում եմ ձեզ, մի կարծեք, որ սա բոլորն է, քանզի այս բոլոր բաներն անելուց հետո, եթե դուք երես դարձնեք կարիքավորից ու մերկից, և չայցելեք հիվանդին ու չարչարվածին, և բաժին չհանեք ձեր ստացվածքից, եթե դուք ունեք, նրանց համար, ովքեր կարիքի մեջ են, ես ասում եմ ձեզ, եթե դուք այս բաներից որևէ մեկը չեք անում, ահա, ձեր աղոթքը զուր է, և ձեզ ոչնչով օգտակար չէ, և դուք նման եք կեղծավորների, ովքեր ուրանում են հավատքը [Ալմա 34. 18–28:]
Կարծում եմ դա գերազանց վարդապետություն է, և ես կարդում եմ այն՝ «ժամանակին աղոթելը» ձեր մտքում տպավորելու համար: Աղոթքը ժամանակին է, երբ ասվում է առավոտյան, նախքան ընտանիքի անդամների առանձնանալը: Լավ ժամանակ է աղոթքի համար, երբ դուք հավաքվում եք սեղանի շուրջը նախքան առավոտյան նախաճաշը ուտելը և թույլ տալիս, որ ընտանիքի անդամներից ամեն անգամ մեկն աղոթի: Դա ժամանակին աղոթք է: Աղոթքը ժամանակին է առևտրականի համար առավոտյան, երբ նա գնում է իր գործատեղը և նախքան իր օրվա աշխատանքը սկսելը աղոթում է՝ իր առևտրի համար: Հովվի համար աղոթքը ժամանակին է, երբ նա դրսում է իր հոտերի հետ, նրանց հսկելիս: Հողագործի համար ժամանակին աղոթելն այն ժամանակ է, երբ գութանով մտնում է դաշտ, երբ նա գնում է ցանելու իր հացահատիկը, և երբ նա գնում է հավաքելու իր բերքը: Եվ եթե որևէ մարդ աղոթում է, ինչպես իրեն պատվիրվել է անել սուրբ գրքի այս հատվածի համաձայն, որը ես կարդացի, ապա նա ավելի քան հավանական է, որ բոլոր բաներում կգտնվի Տիրոջ պատվիրանները արդարակյաց պահելիս:9
3
Մեր բոլոր արածները պետք է ներդաշնակության մեջ լինեն մեր արտասանած աղոթքների հետ:
Մենք չպետք է միայն մեր շրթունքներով աղոթենք, բայց ամեն մի քայլում, մեր խոսակցությունում, բոլոր բաներում, որ մենք նախաձեռնում ենք անել, մենք պետք է գործենք մեր արտասանած աղոթքների համաձայն, և լինենք ներդաշնակության մեջ այն մտքերի հետ, որ մենք հայտարարում ենք Տիրոջը մեր ամենօրյա խնդրանքներում:10
Մենք արդյոք աղոթքի հոգու տիրապետության տակ ենք: Արդյոք մենք դա դարձրե՞լ ենք մեր էության մասը: Արդյոք մենք կապի մե՞ջ ենք Երկնային Հոր հետ Սուրբ Հոգու միջոցով, թե՞ ոչ:11
4
Մեր աղոթքներում մենք պետք է լցնենք մեր հոգիները երախտագիտությամբ:
Որքան ուշադիր մենք պետք է լինենք՝ մշակելու աղոթքով լի կյանքի միջոցով երախտապարտ վերաբերմունք: Ես հավատում եմ, որ այսօրվա մեծագույն մեղքերից մեկը, որի համար մեղավոր են երկրի բնակիչները, երախտամոռության մեղքն է, երախտագիտության պակասը [կամ բացակայությունը] նրանց կողմից Տիրոջ հանդեպ և նրա կառավարելու և վերահսկելու իրավունքի հանդեպ:12
Մեր աղոթքներում մենք պետք է լցնենք մեր հոգիները շնորհակալությամբ կյանքի և գոյության համար, Աստծո Որդու փրկագնող զոհաբերության համար, փրկության ավետարանի համար, Ջոզեֆ Սմիթի համար և նրա միջոցով վերականգման հզոր աշխատանքի իրականացման համար: Մենք երախտապարտ պիտի լինենք Տիրոջ ձեռքը բոլոր բաներում տեսնելով և շնորհակալ լինենք բոլոր բաների համար՝ ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր:13
5
Մենք պետք է աղերսենք Երկնային Հորը մեր բոլոր արդար ցանկությունների համար:
Մենք պետք է աղերսենք [Երկնային Հորը] հավատքի և ազնվության և ամեն բարեպաշտ հատկանիշի համար, Նրա աշխատանքի հաղթանակի և հաջողության, Նրա Սուրբ Հոգու առաջնորդության և Նրա արքայությունում փրկության համար: Մենք պետք է աղոթենք մեր ընտանիքների համար, մեր կանանց և երեխաների համար, ուտելիքի և ապաստանի ու հագուստի համար, մեր գործնական խնդիրների և բոլոր մեր արդար ցանկությունների համար:14
Ես աղոթում եմ, որ երկնքի օրհնությունները լինեն և մնան մեզ հետ և բոլոր մարդկանց հետ:
Թող որ երկինքները վար թափեն արդարակեցություն և ճշմարտություն ողջ աշխարհի վրա:
Թող որ բոլոր մարդիկ ամենուրեք կարողանան ունենալ լսող ականջ, և որ նրանք կարողանան ուշադրություն դարձնել ճշմարտության խոսքերին և լույսին, որը գալիս Տիրոջ ծառաներից:
Թող որ Տիրոջ նպատակները բոլոր մարդկանց մեջ ամեն մի երկրում շուտափույթ իրականանան:
Ես աղոթում եմ Եկեղեցու անդամների համար, ովքեր Ամենաբարձրյալի սրբերն են, որ նրանք կարողանան զորացվել իրենց հավատքում, և որ արդարակեցության համար ցանկություններն աճեն նրանց սրտերում, և որ նրանք գործեն իրենց փրկությունը ահով ու դողալով Տիրոջ առաջին [տես Փիլ Բ.12, Մորմոն 9.27]:
Ես աղոթում եմ բարիների և ուղղամիտների համար բոլոր մարդկանց մեջ, որպեսզի նրանք առաջնորդվեն որոնելու ճշմարտություն, աջակցեն ամեն ճշմարիտ սկզբունքի և առաջ տանեն ազատության և արդարության գործը:
Այս անհանգիստ և դժվարին ժամանակներում ես աղոթում եմ, որ բոլոր մարդիկ կարողանան առաջնորդվել այն լույսի կողմից, որը լուսավորում է ամեն մի մարդու, ով գալիս է աշխարհ [տես Հովհ. Ա.9, ՎևՈՒ 93.2], և որ նրանք կարողանան ձեռք բերել դրա միջոցով իմաստություն՝ լուծելու խնդիրները, որոնցով պատված է մարդկությունը:
Ես աղոթում եմ ողորմած Հորը՝ դուրս թափել Իր օրհնությունները բոլոր մարդկանց վրա, երիտասարդների և ծերերի, նրանց վրա, ովքեր սգալու պատճառ ունեն, քաղցածների և կարիքավորների, նրանց վրա, ովքեր թակարդվել են դժբախտ հանգամանքների մեջ և անառողջ միջավայրերում և բոլոր նրանց վրա լինի, ովքեր օգնության և աջակցության ու իմաստության և բոլոր բարի և մեծ բաների կարիքն ունեն, որը միայն Նա կարող է տալ:
Ձեզ բոլորիդ հետ միասին ես սեր և մտահոգություն և կարեկցանք ունեմ մեր Հոր զավակների հանդեպ ողջ երկրագնդի վրա և աղոթում եմ, որ նրանց պայմաննրը բարելավվեն՝ ինչպես նյութապես, այնպես էլ հոգեպես. ես աղոթում եմ, որ նրանք կարողանան գալ դեպի Քրիստոս և սովորեն Նրանից, և վերցնեն Նրա լուծը իրենց վրա, որ նրանք կարողանան հանգստություն գտնել իրենց հոգիներին, քանզի նրա լուծը քաղցր է և բեռը թեթև [տես Մատթեոս ԺԱ.29–30]:
Ես աղոթում եմ, որ Վերջին Օրերի Սրբերը և բոլորը, ովքեր կմիանան նրանց մեր բոլորիս Հոր պատվիրանները պահելիս, այնպես ապրեն, որպեսզի ձեռք բերեն խաղաղություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում [տես ՎևՈՒ 59.23]: Այս բոլոր բաները ես խնդրում եմ խոնարհաբար և շնորհակալությամբ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն:15
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
«Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժինը պարունակում է աղոթքների չորս օրինակ, որոնք ասվել են Նախագահ Սմիթի կողմից: Ի՞նչ կարող ենք սովորել այդ օրինակներից յուրաքանչյուրից:
-
Մտածեք աղոթքի հանդեպ ձեր անձնական մոտեցման մասին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր աղոթքներն օգնեն մեզ գալ «ավելի մոտ մեր Հորը, որ երկնքում է» (տես բաժին 1):
-
Նախագահ Սմիթն ուսուցանել է. «Աղոթքի համար ժամանակը միշտ պատշաճ է» (բաժին 2): Ի՞նչ ուղիներով կարող ենք մենք հետևել միշտ աղոթելու խորհրդին:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար «գործենք մեր արտասանած աղոթքների» համաձայն (տես բաժին 3): Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք բարելավվել այս ասպարեզում:
-
Ինչպե՞ ս է փոխվում մեր վերաբերմունքը, երբ մենք «լցնում ենք մեր հոգիները երախտագիտությամբ» մեր Երկնային Հոր հանդեպ (տես բաժին 4):
-
Երբ դուք ուսումնասիրեք Նախագահ Սմիթի աղոթքը բաժին 5-ում, մտածեք ձեր իսկ աղոթքների մասին: Լուռ խորհեք այս հարցի շուրջ. Ի՞նչ մարդկանց կամ հարցեր ավելի հաճախ դուք կներառեիք ձեր աղոթքներում:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս Է.7–8, Փիլիպպեցիս Դ.6, Ա Թեսաղոնիկեցիս Ե.17–18, Հակոբոս Ա.5–6, 2 Նեփի 32.8–9, Ալմա 34.38–39, 3 Նեփի 18.18–21, ՎևՈՒ 10.5
Օգնություն ուսուցչին
Քննարկում ծավալելու համար, օգտագործեք յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող հարցերը: Դուք կարող եք նաև կազմել ձեր իսկ հարցերը, հատուկ նրանց համար, ում դուք ուսուցանում եք:» (այս գրքի IX էջից):